Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8342-26.04.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին կետը «դրամական միջոցները,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները,» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 143.1-րդ հոդվածով.

«Հոդված 143.1. Կրիպտոակտիվը

1. Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, եւ որը կարող է փոխանցվել եւ պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով:

2. Սույն հոդվածի իմաստով ապակենտրոնացված գրանցամատյանը էլեկտրոնային գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները եւ դրանց մասին տվյալները, եւ որը սինխրոնիզացվում է եւ պահպանվելուն զուգընթաց հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ:

3. Սույն հոդվածի իմաստով փոխհամաձայնության մեխանիզմը կանոնների եւ գործընթացների ամբողջություն է, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման եւ գրանցման պայմանների վերաբերյալ:

4. Սույն հոդվածի իմաստով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցը սարքավորումների կամ գործընթացների ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակի պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները եւ դրանց մասին տվյալները:

5. Օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումը առոչինչ է:»:

Հոդված 3. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում՝

1) ապակենտրոնացված գրանցամատյանում դրա կանոնների համաձայն կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա կողմից նշված անձն օրինական տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցը.

2) օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվը ստացող անձի անունով գրանցման պահից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 470-րդ հոդվածի 2-րդ մասում «արժեթղթերի» բառից հետո լրացնել «,կրիպտոակտիվների» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 589-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք): Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առոչինչ է:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: