Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8356-26.04.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Փոստային կապի օբյեկտների մուտքերը եւ շինության բոլոր կողմերը պետք է ապահովված լինեն անընդմեջ եւ բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենքի (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները)՝ 2 մետր լայնությամբ, իսկ պարսպի բացակայության դեպքում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն տնտեսվարողի սեփականություն հանդիսացող տարածքի ողջ երկայնքով՝ 2 մետր լայնությամբ՝ ապահովելով տեսահսկումը տնտեսվարողի սեփականություն հանդիսացող ողջ տարածքով: Պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը նշված պարտադիր տեսահսկման համակարգերին:  Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից»  բովանդակությամբ հայտարարություններ:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

2. Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնութամսյա ժամկետում:

3. Տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: