Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 06-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.3 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 24-րդ եւ 25-րդ մասերով.
«24. Բժշկական հաստատության դեղատնից դեղերի բացթողնման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
25. Պիտանիության ժամկետը լրացած կամ չգրանցված կամ կեղծ կամ օգտագործման համար ոչ պիտանի կամ օրենքի խախտմամբ ներմուծված կամ անորակ կամ չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի կամ դեղանյութերի կամ դեղաբուսական հումքի կամ հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ոչնչացման վերաբերյալ տեղեկություն չտրամադրելը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների, վարչական վարույթների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման, իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կանոնակարգելով Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի եւ հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները՝ 3-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետով նախատեսել է, թե ինչ է բժշկական հաստատության դեղատունը, սակայն Օրենքը որեւէ կանոնակարգում չի նախատեսել, որով կամ կսահմանվի ինչ կարգով է իրականացվում բժշկական հաստատության դեղատնից դեղերի բացթողնումը, նախատեսված չէ նաեւ վերոնշյալ կարգը սահմանելու համար լիազորող նորմ: Արդյունքում, բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման գործընթացը գրեթե մնացել է անվերահսկելի, մինչդեռ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում հաճախ քաղաքացիներից, կազմակերպություններից ստացվում են տեղեկատվություններ բժշկական հաստատությունում չգրանցված, ժամկետնանց, որակի պահանջներին չհամապատասխանող դեղերի կիրառման մասին: Հարուցված վարչական վարույթների ընթացքում արձանագրել նման դեպքերի առկայություն չի հաջողվում՝ բացի բուժառուի համար վարվող պատմագրից այլ փաստաթղթերի բացակայության պատճառով:
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կանոնակարգելով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացման հետ կապված իրավահարաբերությունները՝ 26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել է, որ.
«Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նաեւ կեղծ եւ օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը եւ հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան՝ լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից»:
Թեեւ Օրենքը նախատեսել է իրավակարգավորում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնելու վերաբերյալ, սակայն չի նախատեսել որեւէ օրենսդրական գործիքակազմ կամ մեխանիզ, որը վերահսկելի կդարձներ վերոնշյալ գործընթացը:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության լիցենզիաներ ունեցող ընկերությունների կողմից մեկ տարվա ընթացքում ոչնչացման են ներկայացվել օրենքի խախտմամբ ներմուծված, կամ չգրանցված մի քանի տասնյակ միլիոնը գերազանցող դեղեր, վտանգավոր թափոնների ոչնչացում իրականացնող կազմակերպությունները տվել են ոչնչացումը հավաստող փաստաթղթեր եւ դրանք ներկայացվել են Տեսչական մարմնին: Մյուս կողմից, վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս Տեսչական մարմնին հավաստիանալու՝ դեղերն իրապես ոչնչացվում են, թե՝ ոչնչացումը ստանում է փաստաթղթային ձեւակերպում, սակայն իրականում դրանք իրացվում են:
Նշված խնդրի լուծման հրատապությունը հաշվի առնելով առաջարկվում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ, որով կնախատեսվի ներքոշարադրյալը.
«Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առձեռն կամ փոստով (միաժամանակ նաեւ էլեկտրոնային փոստով) դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին առնվազն 3 աշխատանքային օր առաջ տրամադրում է ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն՝ ոչնչացման ենթակա դեղի անվանման, քանակի (դեղահատ, դեղապատիճ, ամպուլա, տուփ, բլիստեր, սրվակ, փամփուշտ, գրիչ-ներարկիչ, փաթեթիկ եւ այլն), սերիայի, պիտանիության ժամկետի, ոչնչացման վայրի, ժամի, ոչնչացում իրականացնելու համար դիմողի(ների) տվյալների վերաբերյալ: Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից ոչնչացման գործընթացի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն՝ ներառյալ ոչնչացման գործընթացին անմիջական մասնակցությամբ: Ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկության չտրամադրումը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:»:
Առաջարկվում է նաեւ վարչական պատասխանատվություն նախատեսել օրենքի վերոնշյալ պահանջի խախտման համար, ինչը կարծում ենք վերահսկելի կդարձնի նաեւ վտանգավոր թափոնների ոչնչացում իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակ ունի սահմանելու եւ հստակեցնելու բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից հնարավոր բաշխման դեպքերի նվազեցմանը կամ բացառմանը, բացի դրանից, նշված գործառույթների վերահսկողությունը կդարձնի առավել համապարփակ ու արդյունավետ:
Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ոչնչացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տեսչական մարմնին սահմանված ժամկետում տրամադրելը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել ոչնչացման գործընթացը, կապահովի գործընթացի իրականացման թափանցիկությունը, կկանխի հնարավոր ոչ օրինաչափ գործողությունների իրականացումը:
4.Ակնկալվող արդյունք
Դեղերի շրջանառության ոլորտում առավել արդյունավետ վերահսկողության իրականացում, հնարավոր խախտումների կանխարգելում եւ բացահայտում:
5.Իրավական ակտի նախագծերը մշակող պատասխանատու մարմինը.
Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից եւ քննարկվել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՌԱՋԱՆՈՒՄ:
Միաժամանակ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ իրականացնել ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 121-Ն որոշման եւ Առողջապահության նախարարի 2008թ. մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի մեջ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Մեծարգո պարոն Սիմոնյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Համաձայն Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի՝ գրությանը կցվում են.
ա) նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Լուսինե Բադալյան),
բ) նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը,
դ) նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ