Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետից հանել «եւ նոտարների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 3-րդ մասի 2-րդ կետում, 4-րդ մասի 4-րդ կետում, 5-րդ մասում, 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 5-րդ մասի 1-ին կետում «շրջանառության հարկի եւ արտոնագրային հարկի համակարգերում» բառերը փոխարինել «շրջանառության հարկի համակարգում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռերի միջեւ տարբերության կրճատման, տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչպես նաեւ ՓՄՁ համար նախատեսված երկու հարկման համակարգերն ավելի հասցեական դարձնելու նպատակադրումներից:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ինչպես հայտնի է, շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման հիմնական համակարգին այլընտրանքային համակարգի, հիմնական նպատակը տնտեսավարող սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառման եւ մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորության ապահովումն է: Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես, տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ եւ շահութահարկ) եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում (բացառություն են կազմում այն ոլորտները, որոնցում կատարվող հիմնական գործարքները ազատված են ԱԱՀ-ից) հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Այսպես, մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի եւ շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առեւտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության եւ հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում՝ 2.1 անգամ, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության բնագավառում՝ 2.8 անգամ:
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, շրջանառության հարկի համակարգում գործունեության տարբեր տեսակների համար սահմանված առանձին դրույքաչափերի պայմաններում առեւտրական (առք ու վաճառքի) եւ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունների համար սահմանված է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն: Ընդ որում, բացի այն հանգամանքից, որ նման հնարավորություն սահմանված է գործունեության միայն վերոնշյալ երկու տեսակների համար, այդ երկու գործունեության տեսակների համար ծախսերի միջոցով շրջանառության հարկի գումարի նվազեցման համար սահմանված են տարբերակված մոտեցումներ: Վերոնշյալ հանգամանքները մի կողմից անհարկի բարդացնում են շրջանառության հարկի համակարգն առհասարակ, մյուս կողմից չեն նպաստում այլ գործունեության տեսակների մասով կատարվող ձեռքբերումները փաստաթղթավորելու գործընթացին:
Բացի այդ, շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են այնպիսի գործունեության տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում գործունեություն իրականացնելու արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են նաեւ այլ գործունեության տեսակներով, որոնք չենք կարող հարկվել հարկման այս համակարգերում (օրինակ՝ Երեւան քաղաքում առեւտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեությունը, որի շրջանակներում շատ հաճախ տեղի է ունենում նաեւ ապրանքների (պահեստամասերի) վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում):
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է.
1) վերանայել գործունեության հիմնական տեսակների (առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն, այլ գործունեություն) համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն: Ընդ որում, առաջարկվում է սահմանել ներկայումս գործող նվազագույն կամ հաստատուն դրույքաչափերից ցածր դրույքաչափեր, որոնց պարագայում փաստաթղթավորման պատշաճ մակարդակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային բեռը կարող է նվազել,
2) գործունեության վերոնշյալ տեսակների համար սահմանել փաստաթղթավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորության միասնական մոտեցում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված մի շարք ծախսերի, ինչպես նաեւ ներմուծված ապրանքների արժեքի, հարկերի եւ մաքսատուրքի գծով ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն,
3) ընդլայնել միկրոձեռնարկատիրության եւ շրջանառության հարկով հարկման համակարգերում հարկվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել՝
ա. շրջանառության հարկի համակարգում նոտարական, փաստաբանական եւ վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը,
բ. միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում անշարժ գույքի առքուվաճառքի եւ (կամ) վարձակալությամբ տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման եւ շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման եւ չափագրման, սաունաների, բաղնիքների եւ շոգեբաղնիքների կազմակերպման գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների գործունեությունը,
4) սահմանել խթանող հարկային կարգավորումներ, որոնց միջոցով կապահովվի հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ հարկ վճարողների սահուն տեղափոխությունը,
5) Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում կատարել խմբագրական նշանակության որոշ փոփոխություններ եւ լրացումներ:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու առումով սահմանափակված գործունեության տեսակների շրջանակը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը, սահմանել փաստաթղթավորված ծախսերի հիման վրա հարկի նվազեցման միասնական մոտեցում, բարձրացնել հարկման տարբեր համակարգերում գործարքների փաստաթղթավորման մակարդակը, ինչպես նաեւ սահմանափակել գործունեության որոշ տեսակների հարկումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգերում:
Միաժամանակ, նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկման համակարգում հարկային բեռի արդարացի եւ հավասար բաշխումն ապահովելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջեւ սահմանվելու է համադրելի եւ արդարացի հարկային բեռ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման չի հանգեցնի: Ավելին, նախագծերի ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների տարեկան աճը շրջանառության հարկի գծով գնահատվում է շուրջ 17.8 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ, հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում