Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8404-03.05.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքով» բառից հետո լրացնել «եւ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող օրենքներով» բառերը:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ հոդվածով.

«Հոդված 5.2. Ոստիկանության կողմից հարկադրանք կիրառելու սկզբունքները

1. Հարկադրանքի կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն օրենքով նախատեսված` ոստիկանության պարտականությունների պատշաճ կատարումը:

2. Անձի նկատմամբ հարկադրանքը կարող է կիրառվել միայն նրա իրավունքների եւ ազատությունների երաշխավորման վրա հիմնված կառուցակարգերի ու ընթացակարգերի շրջանակներում:

3. Կիրառման ենթակա հարկադրանքի միջոցը պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինի օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար: Հարկադրանքի կիրառումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահի պաշտպանության նպատակին:

4. Հարկադրանքի միջոց ընտրելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով: Արգելվում է անձի նկատմամբ կիրառել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով հնարավոր է ապահովել սույն օրենքով նախատեսված պարտականության պատշաճ կատարումը:

5. Անձի անձնական անձեռնմխելիությանը միջամտող ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա կամավոր չի կատարում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջը:

6. Հարկադրանքի կիրառումը պետք է անհապաղ դադարացվի, եթե վերացել են դրա կիրառման՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը:

7. Անձի նկատմամբ հարկադրանքի կիրառումը չպետք է պատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառելու տարրեր պարունակի:

8. Հարկադրանքի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իր անմիջական վերադասին (հրամանատարին), իսկ վերջինս նույն ժամկետում եւ նույն կարգով՝ ոստիկանության պետին:

9. Հարկադրանքի ոչ իրավաչափ կիրառումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

10. Ոստիկանության կողմից կիրառվող հարկադրանքի միջոցները կարող են սահմանվել միայն սույն օրենքով եւ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող օրենքներով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրում «, վերապատրաստում անցնող անձանց եւ ոստիկանության զորքերի ծառայողներին» բառերը փոխարինել «եւ վերապատրաստում անցնող անձանց» բառերով, իսկ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ IV

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՒԺԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ: ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ


Հոդված 29. Ուժային միջոցները

1. Ոստիկանության ծառայողն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու է գործադրել հետեւյալ ուժային միջոցները.

1) ֆիզիկական ուժ,

2) հատուկ միջոցներ,

3) հրազեն:

Հոդված 30. Ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները

1. Ուժային միջոցը կարող է գործադրվել միայն այն ժամանակ, երբ առանց դրա սույն օրենքով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարումը եւ հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն անհնար է:

2. Ոստիկանության ծառայողն իրավասու է հատուկ միջոց եւ հրազեն կրել ու գործադրել միայն դրանց կիրառման հմտություններին տիրապետելու հատուկ պատրաստություն անցնելուց հետո: Հատուկ պատրաստություն անցած ոստիկանության ծառայողի՝ հատուկ միջոց եւ հրազեն կիրառելու հմտությունները հետագայում ստուգվում են պարբերական վերապատրաստումների արդյունքներով: Հատուկ միջոց եւ հրազեն կրելու ու գործադրելու իրավասությունը պահպանում է միայն համապատասխան պարբերական վերապատրաստում անցած ծառայողը:

3. Ուժային միջոց գործադրելուց ոստիկանության ծառայողը գործում է ինքնուրույն՝ ղեկավարվելով օրենքով, իսկ ստորաբաժանման կազմում՝ նաեւ տվյալ ստորաբաժանման հրամանատարի հրամանով: Ուժային միջոցի գործադրման վերաբերյալ ակնհայտ անօրինական կամ ակնհայտ անհիմն հրամանը ենթակա չէ կատարման:

4. Ոստիկանության ծառայողն ուժային միջոց գործադրելուց առաջ պարտավոր է անձին հայտնել, որ ոստիկանության ծառայող է, նախազգուշացնել իր մտադրության մասին եւ նրան բավարար ժամանակ տրամադրել իր իրավաչափ պահանջը կատարելու համար, բացառությամբ, երբ դա կարող է վտանգել անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքը կամ առողջությունը կամ ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն անհնար է անել: Ստորաբաժանման կազմում ուժային միջոց գործադրելուց առաջ նշված գործողությունները կատարում է ոստիկանության տվյալ ստորաբաժանման ծառայողներից մեկը:

5. Ոստիկանության ծառայողն ուժային միջոցի ընտրությունը կատարում է հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավախախտման բնույթը, ինչպես նաեւ իրավախախտի գործողությունների վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ նրա ցուցաբերած դիմադրության բնույթը եւ ուժգնությունը:

6. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության ծառայողը պետք է նպատակ հետապնդի իրավախախտին պատճառվող հնարավոր վնասը հասցնել նվազագույնի:

Հոդված 31. Ֆիզիկական ուժ գործադրելը

1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում` պայքարի մարտական հնարքներ), եթե դա անհրաժեշտ է.

1) հանցանքի կամ վարչական իրավախախտման կատարումը կանխելու կամ խափանելու համար,

2) սույն օրենքով նախատեսված հիմքերից որեւէ մեկով անձին ձերբակալելու եւ նրան իրավասու մարմին բերելու կամ հոգեբուժական կազմակերպություն կամ համապատասխան բժշկական հաստատություն տեղափոխելու համար,

3) ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջի կատարումն ապահովելու համար:

2. Ոստիկանությւան ծառայողն իրավասու է ֆիզիկական ուժ գործադրել նաեւ այն դեպքում, երբ սույն օրենքով հատուկ միջոցի կամ հրազենի գործադրումն իրավաչափ է համարվում:

Հոդված 32. Հատուկ միջոցներ գործադրելը

1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատուկ միջոցները, եթե դա անհրաժեշտ է.

1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելու կամ դրա իրական սպառնալիքը չեզոքացնելու համար,

2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող դիմադրությունը ճնշելու համար,

3) զանգվածային անկարգությունները, ինչպես նաեւ հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու համար,

4) պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաեւ հատուկ բեռների վրա կատարվող հարձակումը խափանելու համար,

5) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար,

6) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե այն վարող անձը դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին:

2. Որպես հատուկ միջոցներ կարող են գործադրվել՝

1) ձեռնաշղթաներ, կապող ցանցեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

2) մահակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ապակողմնորոշող լուսային եւ ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ եւ արկեր, ձեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ եւ արկեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային)՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) եւ տեխնիկա՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

7) մարդկանց եւ տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ եւ փշալարեր ` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

8) ջրանետեր, այդ թվում՝ հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, զրահամեքենաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված դեպքերում,

9) արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակներ, կրակոցներ եւ արկեր, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

10) նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված հատուկ միջոցները գործադրվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման հրամանատարի հրամանով, իսկ նույն մասի 3-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով սահմանված հատուկ միջոցները՝ միայն ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հրամանով:

4. Հատուկ միջոցի գործադրումն իրավաչափ է, եթե ֆիզիկական ուժի գործադրումն ակնհայտ անբավարար է սույն օրենքով նախատեսված պարտականությունները պատշաճ կատարելու կամ հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն ապահովելու համար:

5. Ոստիկանությւան ծառայողն իրավասու է հատուկ միջոց գործադրել նաեւ այն դեպքում, երբ սույն օրենքով հրազենի գործադրումն իրավաչափ է համարվում:

6. Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները պահպանման ժամկետները, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը սահմանում է կառավարությունը:

7. Հատուկ միջոցները ոստիկանության ծառայողներին հատկացնելու, պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Հոդված 33. Հրազեն գործադրելը

1. Ոստիկանության ծառայողն իրավասու է գործադրել հրազեն, եթե դա որպես կյանքի պաշտպանության վերջին միջոց բացարձակապես անհրաժեշտ է.

1) անձի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ եւ ակնհայտ ոտնձգությունը, ներառյալ՝ զինված հարձակումը խափանելու համար,

2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող զինված դիմադրությունը ճնշելու, ինչպես նաեւ նրա զենքին տիրելու փորձը խափանելու համար,

3) պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաեւ հատուկ բեռների վրա կատարվող զինված հարձակումը խափանելու համար,

4) զինված անձին վնասազերծելու համար, եթե նա հրաժարվում է կատարել հակաիրավական գործողությունները դադարեցնելու եւ իր մոտ եղած զենքը հանձնելու, ապօրինի պահվող անձանց ազատելու, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու կամ կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանության ծառայողի իրավաչափ պահանջները:

2. Ոստիկանության ծառայողն իրավասու է մարդուն չխոցելու նպատակով հրազեն գործադրել հետեւյալ դեպքերում՝

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե այն վարող անձը ռազմական դրության իրավական ռեժիմի կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին,

2) բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելուն խոչընդոտող ֆիզիկական արգելքները վերացնելիս,

3) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնության կանչելիս:

3. Ոստիկանության ծառայողն իրավասու է մերկացնելու հրազենը եւ այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող է առաջանալ սույն հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու անհրաժեշտություն:

4. Սույն հոդվածի իմաստով հարձակումը կամ դիմադրությունը համարվում է զինված, եթե այն կատարվել է ցանկացած տեսակի հրազենով կամ զենքով կամ դրանց ակնհայտ նմանվող առարկայով կամ կյանքից զրկելու կամ առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի կամ նյութի գործադրմամբ:

Հոդված 34. Ուժային միջոցների գործադրման տիրույթում գտնվող անձանց իրավունքների եւ իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները

1. Արգելվում է ուժային միջոցներ գործադրել՝

1) հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ եւ ակնհայտ ոտնձգություն կատարելու, զինված հարձակում գործելու, ինչպես նաեւ զինված դիմադրության ցույց տալու դեպքերի),

2) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների տարածքներում (բացառությամբ, երբ ուժային միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով):

2. Հրազենի գործադրումն արգելվում է մարդկանց զգալի կուտակումների վայրերում, եթե առկա է այլ անձանց վնաս պատճառելու իրական վտանգ:

3. Պայթյունավտանգ հատուկ միջոցները եւ հրազենը չեն կարող գործադրվել այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

4. Արգելվում է ջրանետի գործադրումը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

5. Ուղեւորների առկայության դեպքում ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցները չեն կարող հարկադրաբար կանգնեցվել (արգելափակվել):

6. Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հրազենի կամ դրա ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ այնպիսի հատուկ միջոցներ կամ դրանց տեսակներ ընդգրկելը, որոնք ըստ իրենց տեխնիկական բնութագրերի՝ կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը` ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերի հիման վրա:

7. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության ծառայողը պարտավոր է մարմնական վնասվածք ստացած անձին ցուցաբերել առաջին բուժօգնություն կամ միջոցներ ձեռնարկել այն ապահովելու համար` բժշկական հաստատությանն անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքի ու մահվան բոլոր դեպքերի մասին:

8. Ուժային միջոց գործադրած ոստիկանության ծառայողի անմիջական վերադասը (հրամանատարը) սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի մասին պարտավոր է անմիջապես, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

9. Ուժային միջոցի գործադրման կամ հրազենի օգտագործման հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության ծառայողն անհապաղ գրավոր տեղեկացնում է իր անմիջական վերադասին (հրամանատարին), իսկ ոստիկանության պետը նույն կարգով՝ լիազոր մարմնի ղեկավարին եւ իրավասու դատախազին՝ նշելով գործադրված ուժային միջոցի տեսակը եւ քանակը, գործադրման նպատակը, ժամանակը, պայմանները, անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները եւ իրավական հիմքերը, այն անձին, որի նկատմամբ այն գործադրվել է, մարմնական վնասվածք ստացած անձին առաջին բուժօգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցները, մարմնական վնասվածք ստացած անձին կամ մահացածին տեղափոխելու վայրը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության ծառայողները:

Հոդված 34.1. Ոստիկանության ծառայողի անհատական պաշտպանության միջոցները

1. Անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման համար ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ՝ սաղավարտ, վահան, զրահաբաճկոն եւ հակագազ: Անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցները հատուկ միջոցներ չեն համարվում:

2. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, ինչպես նաեւ անձին ձերբակալելիս, հատուկ միջոցի եւ հրազենի բացակայության դեպքում, ոստիկանության ծառայողն իրավասու է օգտագործել հասանելի ցանկացած համարժեք միջոց, այդ թվում՝ անհատական պաշտպանության միջոցներ:

3. Անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը փոխարինել «օրենքին, իսկ ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական ապահովության հարցերը՝ նաեւ զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության գվարդիայի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփախություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում չի նախատեսվում փոփոխություն:

ՀՀ 2025 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի համապատասխան տարվա պետական բյուջեի պլանավորման ընթացքում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն