Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8422-08.05.2024-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.4-րդ հոդվածում՝

1) վերնագրում «հյուսվածքների» բառից հետո լրացնել հետեւյալ «կամ սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորության, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4.Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորությանը կամ փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող գովազդին ներկայացվող պահանջների խախտումով գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

5. Կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման եւ ներմուծման կարգի եւ պայմանների խախտումն՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության եւ ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում: Մասնավորապես, պտղաբերության ցածր (1.6) մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2,1 գործակից:

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ գործող օրենքի կիրարկման ընթացքում առաջացել են հարցեր, որոնք տարընթերցումների հիմքեր են առաջացրել: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել մի շարք կարգավորումներ համապատասխանեցնել ներկայիս գործող օրենսդրական դաշտին, ինչպես նաեւ միջազգայինորեն ընդունված մոտեցումներին:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

1. Գործող օրենքում անչափահասների հղիության ընդհատման որոշումը կայացվում էր օրինական ներկայացուցչի կողմից, մինչդեռ, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքի համաձայն, 16 տարին լրացած անձը տալիս է իր համաձայնությունը կամ կարող է հրաժարվել բժշկական միջամտությունից, ինչը նախատեսվել է նաեւ առաջարկվող նախագծով:

2. Գործող օրենքով հղիության արհեստական ընդհատումը կատարվում է միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում, մինչդեռ, համաձայն ԱՀԿ-ի վերջին առաջարկների, մինչեւ 12 շաբաթական ժամկետը դեղորայքային եղանակով ընդհատումը կարող է կատարվել նաեւ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում:

3. Նախագծով կանոնակարգվել է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվել է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ), ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ: Վերանայվել է փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը, սահմանվել են լրացուցիչ պահանջներ՝ փոխնակ մայր հանդիսացող կնոջ առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով, ինչպես նաեւ նախատեսվել է վերարտադրողականության դոնորության եւ փոխնակ մոր հետ առնչվող գովազդի արգելում, եթե այն չի իրականացվում գինեկոլոգիական եւ վերարտադրողական ծառայությունների լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից:

4. Նախագծով բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը, դարձնելով այն 55 տարեկան, ինչպես նաեւ սահմանվել է ավելի բարձր տարիքային շեմ՝ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ծնողների համար:

Վերը նշվածի հիմնավորումն այն է, որ ըստ վերարտադրողական բժշկության ամերիկյան ասոցիացիայի, կանանց տարիքը հղիության եւ ծննդաբերության հակացուցումների բացակայության դեպքում, կարող է ավելացվել մինչեւ 54 տարեկան: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ձվաբջջի դոնորի կիրառմամբ կանանց տարիքը սահմանափակել մինչեւ 53 տարեկանը, ինչը թույլ կտա խուսափել ավելի բարձր տարիքի կանանց մոտ հղիության հետ կապված հավանական ռիսկերից, նկատի ունենալով, որ տարիքի հետ զուգահեռ բարձրանում է կնոջ առողջության եւ կյանքի համար վտանգ ներկայացնող թե մանկաբարձական, թե ուղեկցող ախտաբանությունների առաջացման հավանականությունը, որոնք կարող են հանգեցնել հղիության անբարենպաստ, ընդհուպ մինչեւ մահացու ելքի:

5. Սահմանվել է պարտադիր պահանջ՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպության կողմից բուժման արդյունքում, հղիությունը արձանագրելուց անմիջապես հետո պացիենտին՝ կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով ԴՆԹ-ի որոշման հնարավորության վերաբերյալ գրավոր տեղեկատվություն տրամադրելու մասին:

3. Կարգավորման նպատակը.

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է՝ կարգավորել հղիության արհեստական ընդհատման, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների (այսուհետ, ՎՕՏ) կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերությունները՝ դրանք համահունչ դարձնելով արդի մոտեցումներին:

նախագծի նպատակն է՝ կարգավորել վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները եւ բավարարել երեխա ունենալու նրանց պահանջմունքները, կանխարգելել անպտուղ միայնակ անձանց սոցիալական մեկուսացումը եւ բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

4.Ակնկալվող արդյունքը.

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ հստակեցնել 16 տարեկանը լրացած երեխաների՝ հղիության արհեստական ընդհատման հետ կապված իրավունքները, բարելավել հղիության արհեստական ընդհատման մատչելիությունը՝ իրավունք վերապահելով դեղորայքային աբորտը սահմանված ժամկետներում իրականացնելու մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում, կանոնակարգել փոխնակ մորը ներկայացվող պահանջները եւ նրանց ծառայություններից օգտվելու հետ կապված իրավունքները, հստակեցնել տարընթերցումներ առաջացնող դրույթները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, քննարկելով այն ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության հետ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ նոր օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա: Անհրաժեշտություն կլինի փոփոխության ենթարկել՝ Կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն «ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշումը, ինչպես նաեւ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի թիվ 335-Ն որոշումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Մեծարգո պարոն Սիմոնյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) օրենքների նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան).

բ) օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը.

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները.

դ) օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով օրենքի նախագծերի փաթեթը դնել շրջանառության մեջ:



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ