Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-843-10.05.2024-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «անգործունակ ճանաչված անձի,» բառերից հետո լրացնել «մինչեւ 16 տարեկան» բառերը:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի՝մարդու գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լիազոր մարմնի սահմանած դեպքերում, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Միաժամանակ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված են կարգավորումներ, որոնց համաձայն 16 տարին լրացած երեխաները իրավունք ունեն տալու գրավոր իրազեկված համաձայնություն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Սակայն նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը լրացուցիչ պայմաններ են սահմանում անգործունակ ճանաչված անձի եւ երեխայի համար, առանց տարիքային հստակեցման? Նկատի ունենալով որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երեխա է համարվում մինչեւ 18 տարեկան անձը, ի տարբերություն նույն օրենքով սահմանված բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնություն տալու դրույթի, 16 տարին լրացած երեխային (պացիենտին) իր առողջության վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են, եթե միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները.

1) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձը, երեխան ի վիճակի են գնահատել իրենց առողջական վիճակը.

2) այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին, երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը?

Թեեւ ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 74-Ն հրամանի հավելված 11-ով սահմանվում է հիվանդանոցային պայմաններում երեխաների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման եւ իրականացման գործընթացին առնչվող առանձին բժշկական փաստաթղթերի լրացման եւ շրջանառության կարգը, որի 4-րդ կետով անդրադարձ է կատարվում 16 տարին լրացած երեխայի առողջության պահպանման իրավունքը ինքնուրույն, առանց ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության իրացնելու հնարավորությանը, մասնավորապես՝ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալուն, սեփական առողջության մասին տեղեկություն ստանալու իրավունքը 16 տարին լրացած անձանց համար օրենքով կարգավորելու կարիք կա?

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ 16 տարին լրացած անձը բազմաթիվ իրավասություններ ունի աշխատանքային հարաբերությունների, սոցիալական ծառայություններից օգտվելու, ինքնուրույն ապրելու, զինվորական հաշվառման անցնելու, առանձին դեպքերում ամուսնանալու հարցում, անհրաժեշտ է վերանայել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթը, որով սահմանված է իր առողջական վիճակին եւ բժշկական օգնության եւ սպասարկման վերաբերյալ մատչելի ձեւով տեղեկություն ստանալու իրավունքը?

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է վերանայել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես սահմանել, որ 16 տարին լրացած անձը (պացիենտը) իրավունք ունի մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվեն օրենսդրական հիմքեր, ըստ որի 16 տարին լրացած անձը (պացիենտը) իրավունք կունենա մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ:

                    Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀՀ ԱԺ նախագահ
պարոն Ալեն Սիմոնյանին
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը:

Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով՝                        Զարուհի Բաթոյան