Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-844-14.05.2024-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել նոր՝ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ եւ միջին բուժաշխատողները, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնում են շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող իրենց կողմից ընտրված միջոցառումներին եւ Կառավարության կողմից հաստատված պարտադիր շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների ցանկում ներառված միջոցառումներին մասնակցելով:

4.2. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին առցանց մասնակցության դեպքում դրանց համար նախատեսված վճարի փոխհատուցման կարգը եւ դեպքերը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն  ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական եւ կարեւոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ: Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Նշված ՇՄԶ կրեդիտնեը բուժաշխատողները ձեռք են բերում իրենց ցանկությամբ տարբեր ՇՄԶ միջոցառումներին մասնակցելով, գիտական աշխատանքների/աշխատությունների հրատարակման միջոցով, արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների մասնակցության միջոցով եւ այլն: Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, եւ բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը, կամ հարակից համարվող միջոցառմանը մասնակցի: Սակայն, ներկայումս, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ նոր ձեւավորվող մշակույթները (օրինակ՝ վերջերս ընդունված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները), անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ:

Նախագծով նախատեսվում է նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների (բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների/գիտահետազոտական կենտրոնների) կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից:  Որպես, օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները: Պարտադիր համարվող դասընթացների սահմանումը վերապահվել է Կառավարությանը, որը, կախված կոնկրետ ժամանակահատվածից եւ իրադրությունից՝ կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ: Հարկ է նշել, որ նշված ցանկում ներառված դասընթացները կարող են կազմակերպվել ինչպես պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով:

Նախագծով առաջարկվում է նաեւ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների (բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների/գիտահետազոտական կենտրոնների) կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ եւ  փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է Կառավարությանը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առանձին կարեւորություն պահանջող, տվյալ ժամանակահատվածի համար արդիական դիտարկվող, առողջապահական կարիքներին համապատասխան դասընթացներին բուժաշխատողների ընդգրկվածություն եւ մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների ձեռք բերում, դրանց զարգացում եւ ցանկացած իրավիճակում բարձր պատրաստվածության ապահովում: Արդյունքում, բուժաշխատողները օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների քանակը պետք է լրացնեն իրենց կողմից ընտրված տարբեր միջոցառումներին մասնակցելով եւ Կառավարության կողմից ցանկում ներառված միջոցառումներին մասնակցելով:

Բացի այդ, բուժաշխատողների գիտելիքների զարգացման համար կարեւոր խթան կհանդիսանա նաեւ արտերկրի բժշկական կրթական հաստատությունների, համալսարանական կլինիկաների/գիտահետազոտական կենտրոնների կողմից կազմակերպվող դասընթացներին առցանց մասնակցելու համար, քանի դրանց մասնակցության վճարը, (օրինակ, ավարտական փաստաթղթի վճարը) Կառավարության կողմից սահմանված կարգով եւ դեպքերում կփոխհատուցվի:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: Նշված դասընթացներին առցանց մասնակցության համար փոխհատուցումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում, այն իրականացվել է առողջապահության նախարարությանը տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն