Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-846-23.05.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ստեղծումը» բառից հետո լրացնել «, ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեության խթանումը, բարենպաստ միջավայրի ձեւավորումը» բառերով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «ստեղծագործական աշխատող» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ինքնազբաղ/անկախ ստեղծագործող՝ որեւէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ.

մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ստեղծագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ.»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն» հասկացությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում՝ մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների համար ունի ազգային նշանակություն.»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2) մշակույթի պահպանման, հանրահռչակման եւ զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ եւ հաստատում դրա կանոնադրությունը.».

2. 1-ին մասի 5-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

3. 1-ին մասը լրացնել նոր՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) սահմանում է պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները.

7) հաստատում է պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման կարգերը.

8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների եւ մրցանակաբաշխությունների մասնակցած եւ մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը եւ չափերը.

9) հաստատում է մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական անձնակազմի ատեստավորման եւ ելույթավճարների տրամադրման, ինչպես նաեւ սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերը:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասի 11-րդ կետի «Ազգային» բառը փոխարինել «Պետական» բառով:»:

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը:»:

Հոդված 9. Օրենքի 26.1-ին հոդվածի՝

1. 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «Ազգային» բառը փոխարինել «Պետական» բառով.

2. 1-ին մասում «ֆիլմարվեստի» բառը փոխարինել «կինոարվեստի» բառով.

3. 2-րդ մասում 1-ին կետի «տարածմանը» բառը փոխարինել «տարածումը» բառով.

4. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքը լրացնել նոր՝ 26.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 26.2. Մշակույթի զարգացման հիմնադրամի գործառույթները

Մշակույթի զարգացման հիմնադրամը ներդնում է թանգարանների արդյունավետ կառավարման, թատերահամերգային եւ այլ մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների հետագա զարգացման մեխանիզմներ, իրականացնում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման եւ Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ:»:

Հոդված 11. Ուժի կորցրած ճանաչել օրենքի 31-րդ հոդվածը:

Հոդված 12. Օրենքի 32-րդ հորդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 32. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

2. Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո:

3. Մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները ավարտվում են մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ, որի հիման վրա, հետագայում մշակվել եւ ընդունվել են նեղոլորտային՝ առավել մասնագիտական դաշտը կարգավորող օրենքները, մասնավորապես՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը, «Գրադարանների մասին» ՀՀ օրենքը, «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը եւ այլն:

Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի զարգացման արդյունքում, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում պարբերաբար (2011 եւ 2018 թթ.) կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ:

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման,  անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը եւ ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը: Այն համահունչ է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը», Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 եւ 41-րդ կետերին:

Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաեւ ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման եւ ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտությամբ: Բարենպաստ միջավայրի ձեւավորումը ենթադրում է հավասար մրցակցային դաշտի ապահովում, օրենսդրական դաշտի կատարելագործում, հեղինակային իրավունքների պաշտպանություն, ստեղծած մշակութային բարիքների ներկայացում Հայաստանում եւ ատրերկրում եւ այլն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ, 21-րդ, 22-րդ, 25-րդ, 26-րդ, 26.1-ին եւ 32-րդ հոդվածներում, ինչպես նաեւ լրացնել նոր 26.2-րդ հոդվածով: Այդ փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժեւորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման եւ զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը:

Աշխարհում եւ Հայաստանում մասնավորապես մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված առանցքային է Օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է: «Ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» ասելով հասկանում ենք որեւէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, ով գրանցված է հարկային դաշտում եւ ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը:

Օրենքով առաջարկվում է սահմանել նաեւ «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է որեւէ մշակույթի ոլորտում գործունեություն  իրականացնող կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ: Տվյալ կազմակերպությունների ոչ ստեղծագործական անձնակազմը՝ տնօրեններ, տեխնիակական սպասարկողներ, հսկիչներ, հաշվապահներ, ադմինիստրատորներ, չեն հանդիսանում մշակութային գործունեությամբ զբաղվող անձինք:

Օրենքի 4-րդ հոդվածի վերոնշյալ լրացումները միտված են խթանելու ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեությունը, որն իրականացվում է Նախարարության կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերի, Նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների կողմից կազմակերպվող միջոցառումներում վերոնշյալ ստեղծագործողներին ընդգրկելու, ինչպես նաեւ ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի, հավասար մրցակցային դաշտի ձեւավորման միջոցով:

Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հրամայականով պայմանավորված, ինչը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից եւ պետք է ամրագրվի նաեւ օրենքով, խմբագրվել է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաեւ ավելացվել է նոր ՝ 26.2 հոդվածը: Կատարվող լրացումը ամրագրում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը կոչված է ներդնելու թանգարանների արդյունավետ կառավարման, թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմներ, իրականացնելու լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման եւ Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ: Այդ նպատակով, նշյալ հիմնադրամը իրականացնելու է գովազդատեղեկատվական աշխատանքներ, ներգրավելու է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իրականացնելու է դաշտի մշտադիտարկում եւ վերլուծություն, որի հիման վրա առաջարկելու է զարգացման հեռանկարային ծրագրեր, կազմակերպելու եւ համակարգելու է արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործընթաց, Հայաստանի Հանրապետությունում եւ միջազգային այլ հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված այլ աշխատանքներ:

Նույն 21-րդ հոդվածը լրացվել է չորս նոր կետերով, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման եւ ելույթավճարների տրամադրման, ինչպես նաեւ սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերը հաստատման, մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների եւ մրցանակաբաշխությունների մասնակցած եւ մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը եւ չափերը հաստատելու սկզբունքները: Ներկայում գործում է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների եւ մրցանակաբաշխությունների մասնակցած եւ մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու» ՀՀ կառավարության ծրագիրը, համաձայն որի ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի գործիչներ, արվեստագետներ, ովքեր որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոների ու մրցանակաբաշխությունների եւ արժանացել մրցանակի, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 2024 թվականից կստանան անվանական թոշակ՝ ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով: Վերոնշյալ ծրագրով 2024 թվականին դրամական խրախուսումը կհատկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջոցների հաշվին, իսկ 2025 թվականի համար՝ նշյալ գումարը ներառված է միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում:

Օրենքի լրացումները ընդունվելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը կներկայացվի նաեւ «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների եւ մրցանակաբաշխությունների մասնակցած եւ մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը եւ չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Այս կարգի ընդունումը ոչ միայն նպատակ ունի խրախուսելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցույթներին եւ փառատոներին, որն իր հերթին կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, այլեւ  միտված է պետության կողմից արվեստագետների կատարած աշխատանքի եւ ձեռքբերումների արժեւորմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով չեղարկվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները, ուժը կորցրած է ճանաչվել օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել «Պետություն», «Պետական» եւ «Պետականություն» բառերի ավելի արժեւորման նպատակով կանոնակարգելու «Պետական» բառի օգտագործումը: Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կազմակերպությունները, որոնք կրում են «Պետական» անվանումը ներկայում ունեն եւ՛ համապետական, եւ՛ մարզային, եւ՛ համայնքային նշանակություն, մինչդեռ «Պետական անվանումը» պետք է շնորհվի համապետական նշանակության կազմակերպություններին: Հետեւաբար, պետք է կիրառվի տարբերակված մոտեցում:

Առաջարկվում է «Պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը՝ մարզային նշանակություն եւ գործառույթներ իրականացնող կազմակերպություններին եւ, համապատասխանաբար, «Համայնքային» անվանումը շնորհել համայնքային գործունություն ծավալող եւ նշանակություն ունեցող կազմակերպություններին:

Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 16.11.2023թ. N 2377-Ա/2 հրամանով արդեն իսկ հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը, որով ոչ միայն սահմանվում են կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորում անցկացնելու իրավահարաբերությունները, այլեւ վերջիններիս վարձատրության մեխանիզմը: Ընդ որում, աշխատողի վարձատրությունը ձեւավորվում է Կազմակերպության հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի դրույքաչափից եւ ելույթավճարից: Նման սկզբունքը հնարավորություն է ընձեռում կազմակերպության տնօրեններին կիրառել վարձատրության ավելի ճկուն համակարգ:

Այդ համատեքստում, առաջարկվում է լրացում կատարել նաեւ Օրենքի 26-րդ հոդվածում՝ մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների սակագների հաստատումը (լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքականությանը համապատասխան) եւ աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացի իրականացումը վերապահելով նշյալ կազմակերպություններին:

Շրջանառվող նախագծով, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 2-րդ հոդվածը, 25-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, 26.1-րդ հոդվածի 4-րդ կետը եւ օրենքի 31-րդ հոդվածը, որոնք վերաբերում են պետական ծրագրերի ներկայացման գործընթացին եւ ժամանակացույցին:

Խմբագրական փոփոխություն է կատարվել Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին կետում. «ֆիլմարվեստի» բառը փոխարինվել է «կինոարվեստի» բառով եւ 2-րդ կետի 1-ին ենթակետում «տարածմանը» բառը փոխարինվել է «տարածումը» բառով:

Օրենքի անցուցամային դրույթներով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը եւ ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո ընդունվում եմ Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգեր, այդ թվում՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, սահմանվում են պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման եւ ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձեւավորման կարգերը, պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը:

Անցումային դրույթներով նաեւ սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները կավարտվեն 2025 թվականի դեկտեմբերի 25-ին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը եւ կբարձրանա ֆինանսական, գույքային եւ կադրային կառավարման արդյունավետությունը:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» Գործողությունների ծրագրի մասնավոր նպատակ 2.1-ի «Մշակութային եւ ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում» գործողություն 2-ից (Օրենսդրական դաշտի բարելավում, այդ թվում՝ միջազգային օրենսդրության հետ ներդաշնակեցում) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների (իրավական ակտերի մշակում) հրամայականից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն