Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ստեղծումը» բառից հետո լրացնել «, ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեության խթանումը, բարենպաստ միջավայրի ձեւավորումը» բառերով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «ստեղծագործական աշխատող» հասկացությունից հետո լրացնել նոր պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ինքնազբաղ/անկախ ստեղծագործող՝ որեւէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ.
մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ստեղծագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ.»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն» հասկացությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում՝ մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների համար ունի ազգային նշանակություն.»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2) մշակույթի պահպանման, հանրահռչակման եւ զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ եւ հաստատում դրա կանոնադրությունը.».
2. 1-ին մասի 5-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.
3. 1-ին մասը լրացնել նոր՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6) սահմանում է պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները.
7) հաստատում է պետական ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման կարգերը.
8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների եւ մրցանակաբաշխությունների մասնակցած եւ մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու վճարման կարգը եւ չափերը.
9) հաստատում է մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական անձնակազմի ատեստավորման եւ ելույթավճարների տրամադրման, ինչպես նաեւ սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերը:»:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
2. 2-րդ մասի 11-րդ կետի «Ազգային» բառը փոխարինել «Պետական» բառով:»:
Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը:»:
Հոդված 9. Օրենքի 26.1-ին հոդվածի՝
1. 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «Ազգային» բառը փոխարինել «Պետական» բառով.
2. 1-ին մասում «ֆիլմարվեստի» բառը փոխարինել «կինոարվեստի» բառով.
3. 2-րդ մասում 1-ին կետի «տարածմանը» բառը փոխարինել «տարածումը» բառով.
4. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքը լրացնել նոր՝ 26.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 26.2. Մշակույթի զարգացման հիմնադրամի գործառույթները
Մշակույթի զարգացման հիմնադրամը ներդնում է թանգարանների արդյունավետ կառավարման, թատերահամերգային եւ այլ մշակութային ոչ առեւտրային կազմակերպությունների հետագա զարգացման մեխանիզմներ, իրականացնում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման եւ Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ:»:
Հոդված 11. Ուժի կորցրած ճանաչել օրենքի 31-րդ հոդվածը:
Հոդված 12. Օրենքի 32-րդ հորդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 32. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
2. Օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ու կանոնակարգերը ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո:
3. Մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները ավարտվում են մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:»: