Հոդված 1. «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-75-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ հոդվածով.
«Հոդված 8.1. Կենսաթոշակային խնայողությունների տեղափոխումը Հայաստանի Հանրապետությունում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդեր
1. Անձը (այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձը), ում համար (օգտին) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներդրումային ֆոնդում (այսուհետ՝ այլ ներդրումային ֆոնդ), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, կատարվել են կուտակային հատկացումներ, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանելուց (նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց) հետո երեք ամսվա ընթացքում կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ տեղափոխելու համար: Այս դեպքում տվյալ ներդրումային ֆոնդի՝ անձին պատկանող փայերը մարվում են եւ դրա արդյունքում ստացված գումարը փոխանցվում է նրա կողմից ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում անձի կողմից կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար դիմում չներկայացվելու դեպքում այլ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետում մարում է անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդի փայերը եւ դրա արդյունքում ստացված գումարը փոխանցում է այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, որն իր ակտիվների կառուցվածքով ամենամոտն է տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը յուրաքանչյուր անձի համար կատարված փոխանցման դիմաց տվյալ անձի անվամբ բացված կենսաթոշակային հաշվին է փոխանցում համապատասխան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի՝ փոխանցված գումարին համարժեք քանակով փայեր՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:
4. Կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման դիմումի հիման վրա կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը անձի համար բացում է կենսաթոշակային հաշիվ, եթե նրա համար արդեն իսկ առկա չէ կենսաթոշակային հաշիվ:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով պարտադիր կենսաթոշակային ֆոնդին միջոցների փոխանցումը չի համարվում անձի կողմից (համար) կենսաթոշակային ֆոնդի ընտրություն:
6. Մահացած անձի կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգ սույն հոդվածի 2-ից 4-րդ մասերով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը եւ գործում է մինչեւ անձին պատկանող՝ այլ ներդրումային ֆոնդում փայերի մարման արդյունքում ստացված գումարը պարտադիր կենսաթոշակային ֆոնդ փոխանցելու՝ ներդրումային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի համար սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող օրը:
2. Սույն օրենքից բխող՝ կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման հետ կապված ընթացակարգերը սահմանող նորմատիվ իրավական ակտը կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: