Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «17» թիվը փոխարինել «18» թվով, իսկ «շրջանակներում» բառից հետո լրացնել «կամ համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար եւ զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1) 8-րդ մասում՝ «հանձնաժողովի (այսուհետ` կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով)» բառերը փոխարինել «փորձաքննական կենտրոնի (այսուհետ` կենտրոնական փորձաքննական մարմին)» բառերով.
2) 9-րդ մասում «ոչ պիտանի» բառերից հետո լրացնել «կամ ժամանակավորապես ոչ պիտանի» բառերով, իսկ «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը փոխարինել «փորձաքննական մարմնի» բառերով.
3) 11-րդ մասում «ռազմաբժշկական հանձնաժողովի» եւ «ռազմաբժշկական հանձնաժողովը» բառերը համապատասխանաբար փոխարինել «փորձաքննական մարմնի» եւ «փորձաքննական մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունում «ընթացքում» բառից հետո լրացնել «ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետեւանքով» բառերը, իսկ «ոչ պիտանի ճանաչվելու եւ (կամ)» բառերը փոխարինել «ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք ձեռք բերելու կամ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերում «ռազմաբժշկական հանձնաժողովի» բառերը եւ դրա հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «փորձաքննական մարմնի» բառերով ու դրա հոլովաձեւերով:
Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասում «ոչ պիտանի» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի» բառերը:
Հոդված 6. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված պայմաններում եւ վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ Օրենքով սահմանված հետեւանքի կիրառման պայմանները հստակեցնելու, Օրենքում մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2023թ. ապրիլի 13-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ օրենք) անցումային դրույթներով սահմանված չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող եղբայրների կամ ծառայության մեջ եղբոր գտնվելու դեպքում մյուս եղբոր զորակոչի դեպքում նույն զորամասում ծառայելու պայմանները, որոնց համաձայն՝ զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակներում այդ զորամասը ենթակա է համալրման: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ծառայության վերջին 6 ամսվա (18+) համեմատությամբ, առավել մեծ թիվ են կազմում եղբոր 17-ից մինչեւ 18 ամսվա ծառայության միջակայքում մյուս եղբոր զորակոչի դեպքերը, որոնց պարագայում հնարավոր չի լինում բավարարել եղբոր ծառայության վայրում ծառայելու վերաբերյալ դիմումները, ինչն առաջին հերթին առաջացնում է զինծառայողների ծնողների դժգոհությունը: Միաժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ զորակոչվող անձի եղբոր զորամասում նախատեսված է եղել համալրում՝ սակայն միայն մասնագիտական պաշտոններում (վարորդ) նշանակելու համար, սակայն զորակոչվող անձը չի ունեցել նման մասնագիտացում (վարորդական իրավունք), որի պարագայում առաջացել է կազուս. Օրենքով եղբոր ծառայության զորամասում նշանակվելու սահմանափակում առկա չէ, քանի որ տվյալ զորամասում նախատեսված է համալրում, սակայն փաստացի հնարավոր չէ զորակոչվողին ուղարկել այդ զորամաս, քանի որ համալրումը նախատեսված է միայն կոնկրետ մասնագիտացման շրջանակներում: Առաջացած խնդիրները լուծելու նպատակով, նպատակահարմար է գտնվել 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս, ինչպես նաեւ եղբոր ծառայության վայր ուղարկելու վերաբերյալ զորակոչվողի դիմումը մերժել նաեւ այն դեպքերում, երբ տվյալ զորամասում համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար եւ զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում:
2022 թվականին Օրենքի 21-րդ հոդվածում կատարված փոփոխությունների համաձայն նախատեսվել է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, իսկ Օրենքի 65-րդ հոդվածում լրացված 2.1-ին մասի համաձայն սահմանվել է համապատասխան սպաների իրավունքը՝ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված ծառայողական բնակարանը զինվորական ծառայության պայմանագրի գործողության ընթացքում զինծառայողի՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը ստանալու անհատույց սեփականության իրավունքով: Միաժամանակ, Օրենքում 2023 թվականին կատարված փոփոխությունների շրջանակներում սահմանվել է նաեւ զինծառայողների առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի եզրակացությունը: Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված պայմաններում եւ վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հետեւանքը չի կարող ծագել պայմանագրի գործողության ընթացքում քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու եւ (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում: Հաշվի առնելով, որ արդեն իսկ առկա են դեպքեր, երբ նման պայմանագիր կնքած եւ ուսումնառություն անցնող քաղաքացիների մոտ ուսումնառության ընթացքում ծագել է համապատասխան ընտանեկան պայմանը, կամ փորձաքննության արդյունքներով ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, որի արդյունքում փաստացի նրանց հնարավոր չէ զորակոչել պարտադիր զինվորական ծառայության, նպատակահարմար է գտնվել Օրենքով սահմանված հետեւանքը չկիրառելու պայմաններում ներառել նաեւ այդ քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ընտանիքի համապատասխան անդամ ունենալու կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերը, քանի որ դրանք փաստացի ծագել են տվյալ քաղաքացու կամքից անկախ հանգամանքներում: Նույն տրամաբանությամբ, առաջարկվում է հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն ընձեռել նաեւ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաներին:
Բացի այդ, 2023 թվականին Պաշտպանության նախարարության կառուցվածքում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովն անվանափոխվել է կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել Օրենքում վերջինիս իրավասություններին վերապահված հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2023թ. ապրիլի 13-ի ՀՕ-126-Ն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերում սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաեւ այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար հատուցման տրամադրումը, իսկ օրենքի եզրափակիչ եւ անցումային դրույթները սահմանող՝ 34-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվել է այդ կարգավորումների տարածումը 2017թ. դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա (հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 10.07.2018թ. թիվ ՍԴՈ-1424 որոշումը)՝ դրա շրջանակներում նախկին զինծառայողների կողմից ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգը սահմանելով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարի 17.07.2023թ. N 983-Լ հրամանով սահմանվել է համապատասխան վարչարարության կարգը, սակայն նկատվում է զինվորական ծառայությունից զորացրվողների աճի միտում` զորացրման շրջանակներում չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում ստանալու նկատառումներից ելնելով, միաժամանակ շատ կարճ ժամանակահատվածում ներկայացված դիմումների քանակը (5 հազարից ավելի) հնարավորություն չեն տալիս պատշաճ ժամկետում եւ կարգով իրականացնել անհրաժեշտ վարչարարությունը: Ընդ որում, վարչարարության իրականացման ժամկետային խնդիրը կայանում է նրանում, որ ստացված դիմումների շրջանակներում կարիք է առաջանում հարցումներ ուղարկել տարբեր զորամասեր եւ արխիվ, որի պատճառով հնարավոր չի լինում պահպանել վարչարարության առավելագույն 30 օրացուցային ժամկետը, ինչն էլ դժգոհություններ է առաջացնում դիմումատուների շրջանում: Այդ կապակցությամբ, առաջարկվում է համապատասխան վարչարարությունն իրականացնել մինչեւ 90-օրյա ժամկետում, քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից ավելի երկար ժամկետներ, հստակեցնել դիմումների քննարկման սկզբունքը՝ այն նախատեսելով ըստ դիմումատու զինծառայողների զորացրման տարիների հերթականության, ինչպես նաեւ սահմանել, որ հատուցումները վճարվում են ՀՀ պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների շրջանակներում:
Հաշվի առնելով նաեւ օրենքների նախագծերով կարգավորվող հարաբերությունների կարեւորությունը, առաջիկա զորակոչը, գործող ենթաօրենսդրական ակտի օրենսդրական հիմք ստեղծելու եւ համապատասխան վարչարարության պատշաճ ապահովման նկատառումները, անհրաժեշտություն է առաջացել օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն իրականացնել անհետաձգելի ռեժիմով:
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն, 27.10.2022թ. N 1665-Ն, որոշումներում, ՀՀ պաշտպանության նախարարի 25.07.2018թ. N 8-Ն (զորակոչվածներին ծառայության վայր նշանակելու կարգ) եւ 17.07.2023թ. N 983-Լ հրամաններում:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում եւ վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետեւանքի կիրառման պայմանները, հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն է ընձեռվում նաեւ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաների համար, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչպես նաեւ հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Օրենքների նախագծերի փաթեթը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը 2024 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչեւ 8,5 մլրդ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի կանխատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում