Armenian ARMSCII Armenian
Կ-857-05.06.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «123-131» թվերը փոխարինել «123-131.1» թվերով:

Հոդված  2.  Օրենսգրքի 131-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:».

2) 6-րդ  մասի «առաջինից հինգերորդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» բառերով.

3) 6.1-ին մասի «1-5-րդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» բառերով:

Հոդված 3.   Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 131.1-ին հոդվածով.

«Հոդված 131.1.  Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելը

1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները (կանոնները) խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով  նախատեսված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

3. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) եւ ֆիզիկական անձանց կողմից  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղեւոր կամ բեռ տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական  շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

Հոդված 4.   Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը «173» թվից առաջ լրացնել «131.1 հոդվածի 3-րդ մասով,» բառերով, իսկ նույն մասը «մինչեւ գործի քննությունը վերցնել» բառերից հետո՝ «անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը,» բառերով:

Հոդված 5.  Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 302-րդ հոդվածի 1-ին,   305-րդ հոդվածի 2-րդ եւ 307-րդ հոդվածի 3-րդ մասերը «131-րդ» եւ «131» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «131.1-ին» եւ «131.1» բառերով:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 131.1-ին հոդվածի 3-րդ մասի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 131.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: