Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8622-11.06.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետում «իրականացնելու» բառից հետո լրացնել «ինժեներական» բառը:

Հոդված 2. Օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության շարունակական մասնագիտական զարգացման համապատասխան հավաստագիր եւ գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ), բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնց որակավորման պահանջները սահմանվում են «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 11.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրում ընդգրկված անձը, որն ունի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր եւ գրանցված է մասնագետների գրանցամատյանում, բացառությամբ ինժեներական գեոդեզիական ծառայություններ մատուցող անձանց, որոնք կարող են հանդիսանալ պատասխանատու մասնագետ բացառապես «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ունենալու պարագայում:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի «բ» ենթակետում «գեոդեզիա» բառից առաջ լրացնել «ինժեներական» բառը:

Հոդված 5. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

1.1. Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները ներկայումս կարգավորման են ենթարկվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, որի 16-րդ հոդվածը սահմանում է, թե ով իրավունք ունի զբաղվելու համապատասխան գործունեությամբ, որոնք են որակավորման վկայականների գործողության կասեցման եւ դադարեցման հիմքերը, վկայականի կրկնօրինակ տրամադրելու դեպքերը եւ այլն: Միեւնույն ժամանակ, նույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի կարգավորման ոլորտը ընդգրկում է գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների (այսուհետ` սահմանափակումներ) պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, գրանցում իրականացնող մարմնի իրավունքների եւ պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները: Այսինքն՝ կարելի է եզրահանգել, որ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները որպես այդպիսին դուրս են իրավական ակտի կարգավորման ոլորտից:

Ավելին, 2023 թվականի հունվարի 1-ին ընդունված «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն.

«1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական եւ գեոդեզիական աշխատանքներն իրականացվում են սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Սույն օրենքի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեությունը, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար:»:

Այսինքն՝ քննարկման առարկա իրավահարաբերությունները ներառված են «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի կարգավորման ոլորտում, մինչդեռ գործող կարգավորումների համատեքստում իրականում կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով: Ներկայացվող նախագծերի փաթեթով առաջնահերթ թիրախավորվում է այս խնդրի լուծումը:

1.2. ««Քաղաքաշինության մասին» օրենքի 7.1-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանվում է, որ քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը ի թիվս այլնի իրավունք ունի նաեւ իրականացնելու գեոդեզիական ծառայություններ: Միեւնույն ժամանակ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունները դասվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքին:

««Քաղաքաշինության մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք են, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության շարունակական մասնագիտական զարգացման համապատասխան հավաստագիր եւ գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող՝ մասնագետների գրանցամատյանում (այսուհետ՝ հավաստագրված մասնագետ):

Փաստորեն ստացվում է հետեւյալ իրավիճակը. գեոդեզիական ցանկացած գործունեության իրականացնելու համար մի դեպքում սահմանվում է, որ անձը պետք է ստանա համապատասխան որակավորման վկայական, լիազոր մարմինը՝ Կադաստրի կոմիտե, մյուս դեպքում՝ հավաստագիր, լիազոր մարմինը՝ Քաղաքաշինության կոմիտե, ավելին, եթե ֆիզիկական անձը հանդիսանա անհատ ձեռնարկատեր եւ արդեն իսկ ունենա որակավորման վկայական, որով գործող օրենսդրության համաձայն իրավունք ունի իրականացնելու գեոդեզիական գործունեություն, ապա «Քաղաքաշինության մասին» օրենքի տրամաբանության ներքո ստացվում է, որ պետք է նաեւ հավաստագրվի եւ լիցենզավորվի:

 1.3. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համատեքստում որակավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը տրամադրվում է մեկ միասնական՝ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականով, այնինչ գործնականում տարբեր մասնագիտական հմտություններ են պահանջվում գեոդեզիայի ոլորտում կամ քարտեզագրության, չափագրման, հաշվառման, հողաշինարարության ոլորտում գործունեություն իրականացնելու համար: Ներկայումս գործող կարգավորումների ներքո իրականացվող որակավորման ընթացակարգերով հնարավոր չի լինում որպես նշանակետ ընդունել անձանց նեղ մասնագիտական հմտությունները:

1.4. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են որակավորման վկայականների կասեցման եւ դադարեցման հիմքերը, որոնք գործնականում ի հայտ եկող խնդիրները ամբողջապես չեն կարգավորում, ուստի անհրաժեշտություն է առաջանում իրավակարգավորող նորմերը համապատասխանեցնել պրակտիկայում հայտնաբերված խնդիրներին՝ լիարժեք լուծումներ ապահովելով եւ պաշտպանելով ինչպես որակավորված անձանց, այնպես էլ որակավորման ենթակա գործունեության արդյունք հայցող անձանց իրավունքները:

1.5. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի համատեքստում առկա չեն այնպիսի իրավանորմեր, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել մասնագիտական համապատասխան գործունեության տեսակների զարգացումը եւ ՀՀ-ում այդ գործունեությունների համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին:

1.6. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է որակավորման վկայականների վերաձեւակերպման եւ կրկնօրինակների տրամադրման հնարավորություն, սակայն չի նախատեսվում համապատասխան պետական տուրքի վճարում՝ նոր վկայականների կամ կրկնօրինակների տրամադրման համար:

2. Առկա իրավիճակը

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ կարող են զբաղվել պետական լիազոր մարմնից որակավորման վկայական ստացած անձինք: Այսինքն՝ ներկայումս գեոդեզիայի, քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությունները տարանջատված չեն՝ ըստ ոլորտների, եւ որակավորման մեկ վկայական ունենալու պարագայում անձը կարող է զբաղվել թվարկված բոլոր տեսակի գործունեություններով: Այնուամենայնիվ, թվարկված գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը մեկ միասնական վկայականով ձեւակերպելը գործնականում արդարացված չէ, քանի որ դրանք պահանջում են տարբեր մասնագիտական հմտություններ, սակայն որակավորված անձինք աշխատանքային գործունեությունը իրականացնում են եւ՛ գեոդեզիայի, եւ՛ քարտեզագրության, եւ՛ չափագրման, հաշվառման եւ՛ հողաշինարարության ոլորտներում, ընդ որում՝ մարկշեյդերական գործունեությունը գործող իրավակարգավորումների համատեքստում դուրս է մնում կարգավորման ոլորտից: Բազմաթիվ դեպքերում կադաստրի կոմիտեի գործառույթներին չառնչվող ոլորտային աշխատանքները իրականացնում են լիազոր մարմնի կողմից որակավորում չստացած մասնագետները, այդ թվում՝ կառուցապատման, հանքարդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ ոլորտներում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-433-Ն օրենքի ընդունման կապակցությամբ: Ինչպես նշվեց նախորդիվ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ գործող կարգավորումները սահմանում են, որ գեոդեզիական ցանկացած գործունեություն իրականացնելու համար անձը պետք է ունենա Կադաստրի կոմիտեից ստացած որակավորման վկայական: Միեւնույն ժամանակ, «Քաղաքաշինության մասին» օրենքում օգտագործվում է ընդհանրական «գեոդեզիական ծառայություններ» եզրույթը՝ որպես հավաստագրման ենթակա գործունեության տեսակ, սակայն իրավական ակտի տրամաբանության վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ խոսքը քաղաքաշինական բնագավառում գեոդեզիական ծառայությունների մասին է: Անվիճելի է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում նման ձեւակերպման առկայությունը հակասություն է առաջացնում գործող երկու իրավական ակտերի միջեւ եւ կարող է գործնականում լուրջ խնդիրներ առաջացնել ոլորտում գործունեություն իրականացնող անձանց համար: Այդ իսկ պատճառաբանությամբ որոշակի հստակեցման կարիք ունի արդեն իսկ որակավորված անձանց իրավական վիճակը՝ օրենսդրական նման փոփոխությունների համատեքստում, ինչպես նաեւ քաղաքաշինական ոլորտում գեոդեզիական ծառայությունների հստակ սահմանազատումը:

Հավելենք, որ ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով նախատեսում ենք պետական տուրք սահմանել նաեւ որակավորման վկայականի վերաձեւակերպման կամ կրկնօրինակի տրամադրման ժամանակ, այնինչ ներկայումս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում պետական տուրքի վճարում այդ գործողությունների համար սահմանված չէ, որպիսի հանգամանքով պայմանավորված նաեւ անհրաժեշտություն է առաջանում կատարելու լրացում այդ իրավական ակտում եւս:

3. Ակնկալվող արդյունքը

3.1. Ոլորտում առկա վերը հիշատակված խնդիրների համատեքստում իրավական որոշակիություն ապահովելու նպատակով ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է՝ «ինժեներական գեոդեզիա» հասկացության սահմանումը՝ քաղաքաշինական ոլորտում գեոդեզիական ծառայություններ մատուցող որակավորված անձանց այլ տեսակի գեոդեզիական գործունեություն իրականացնող որակավորված անձանցից տարանջատելու նպատակով, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելով սահմանել, որ Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը ի թիվս այլի իրավունք ունի իրականացնելու ծառայություններ բացառապես ինժեներական գեոդեզիայի ոլորտում:

3.2. Ոլորտների զարգացումն ապահովելու նպատակով նախատեսվում է տարանջատել գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեություն իրականացնողներին քարտեզագրական, հողաշինարարական եւ չափագրման, հաշվառման գործունեություն իրականացնող անձանցից՝ ներդնելով որակավորման տարբեր չափանիշներ եւ տրամադրելով որակավորման առանձին վկայականներ: Այս կապակցությամբ ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներով սահմանվում է, որ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականները օրենքի ուժի մեջ մտնելուց հետո համարվելու են միայն քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության որակավորման վկայականներ: Սույն նորմով որակավորված անձի իրավական վիճակը փաստացի որեւէ դրվագով չի վատթարանում: Նախագծով նախատեսվում է գեոդեզիական գործունեության տարատեսակ համարվող նոր՝ մարկշեյդերական գործունեությամբ զբաղվելու իրավունքի տրամադրում՝ որակավորման միջոցով: Այսինքն, այն անձինք, որոնք մինչեւ նախագծի ընդունումը ստացել են որակավորման վկայականներ, ի սկզբանե չեն ունեցել այդ հմտությունները (ինժեներական ենթակառուցվածքի, մասսայական տարածքների հանութագրում) հավաստող որակավորման վկայական եւ ներկայումս համապատասխան գործունեություն իրականացնելու համար մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց համար սահմանվում են նոր չափանիշներ՝ անհրաժեշտ գիտելիքների ստուգում իրականացնելու նպատակով:

Բացի այդ, մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը լիազոր մարմինը առնվազն երեք անգամ պետք է անցկացնի Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման քննություններ, որոնց արդյունքում տրամադրված եւ գործող գեոդեզիական եւ մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական ստացած անձինք կհամարվեն ««Քաղաքաշինության մասին» օրենքի իմաստով հավաստագրված մասնագետներ եւ հավաստագրման, այդ թվում՝ շարունակական մասնագիտական զարգացման համապատասխան հավաստագրման ոչ ենթակա:

3.3. Լիազոր մարմնի կողմից հաշվառման միջոցով նախատեսվում է սկիզբ դնել մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առեւտրային կազմակերպության ինստիտուտին, որը կնպաստի ոչ միայն գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրական, չափագրողական, հաշվառողական եւ հողաշինարարական ոլորտների կայացմանը եւ ընդլայնմանը, այլեւ կապահովի ոլորտների միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն եւ փորձի փոխանակում, որակավորված անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանություն, վերջիններիս մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման հնարավորություն: Էական է շեշտադրել, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությունը հիմնված կլինի գործունեության հնգամյա ծրագրի վրա, որը պետք է հավանության արժանացած լինի լիազոր մարմնի կողմից եւ կառուցված լինի ՀՀ կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր մարմնի սահմանած ռազմավարությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Ավելին, իմպերատիվ պահանջ կնախատեսվի որակավորված անձանց վերապատրաստում անցնելու վերաբերյալ, ինչը կնպաստի ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական զարգացմանը: Հարկ ենք համարում ընդգծել, որ Նախագծով նախատեսվում է նաեւ հաշվառման ենթակա կազմակերպությունների առավելագույն թիվը՝ 5: Ինքնակարգավորվող կազմակերպությունների առավելագույն քանակի սահմանումը հիմնված է որակավորված մասնագետների քանակի վրա եւ նպատակ է հետապնդում բացառելու ոլորտում մենաշնորհային դիրք ստեղծելու հնարավորությունը եւ մրցակցության միջոցով ապահովելու ոլորտների զարգացման համար լավագույն արդյունք:

Նախագծով սահմանվում են նաեւ ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների համար անդամավճար վճարելու, ինչպես նաեւ վերապատրաստման դասընթացների համար վճար վճարելու կարգավորումներ: Հարկ է նկատել, որ վճարները վճարվելու են ուղղակիորեն ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ վերջինիս անդամների կողմից, հետեւաբար՝ պետական բյուջեից ծախսերի կատարման անհրաժեշտությունը բացակայում է:

3.4. Որակավորման վկայականների գործողության կասեցման եւ դադարման հիմքերը կվերանայվեն, ինչի արդյունքում առավել կհստակեցվեն համապատասխան հասկացությունները եւ ընթացակարգերը, կպաշտպանվեն որակավորված, ինչպես նաեւ շահագրգիռ անձանց շահերը՝ կոնկրետ դեպքերում սահմանելով, որ կասեցման/դադարման վարույթի հարուցման հիմքում պետք է դրվի շահագրգիռ անձի կամ ոլորտում լիազորված տեսչական մարմնի դիմումը:

Այսպիսով, Նախագծերի փաթեթով ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, իսկ դրանով նախատեսվող կարգավորումը սահմանվում է «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքով: Միեւնույն ժամանակ, «Գեոդեզիական եւ քարտեզագրության գործունեության մասին» ՀՀ օրենքը լրացվում է «ինժեներական գեոդեզիա» հասկացությամբ, իսկ «Քաղաքաշինության մասին» օրենքում սահմանվում է, որ լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը ի թիվս այլնի իրավունք ունի նաեւ իրականացնելու ինժեներական գեոդեզիական ծառայություններ: Սահմանազատվում են գեոդեզաիական եւ մարկշեյդերական գործունեությունը եւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության ոլորտներում իրականացվող գործունեությունը՝ նպատակով ունենալով նաեւ տարանջատել դրանց որակավորման ընթացակարգերը եւ տարբեր պահանջներ սահմանել որակավորման գործընթացների համար: Վերոգրյալով պայմանավորված «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքը լրացվում է նոր 16.1-16.5-րդ հոդվածներով, որոնք մասնավորապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեության իրականացմանը, գեոդեզիական եւ մարկշեյդերական, ինչպես նաեւ քարտեզագրության, չափագրման, հաշվառման եւ հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձանց ինքնակարգավորվող կազմակերպությանը, ինքնակարգավորվող կազմակերպության գույքին եւ կառավարման մարմիններին, ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստմանը, ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությանը:

Նախագծի անցումային դրույթներով սահմանվում են, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն