Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-866-17.06.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ եւ շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի համաձայնեցման, նախապատրաստման եւ իրականացման գործընթացներում, ինչը պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական եւ այլ ոլորտներում պետության շահերով: Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ շրջանակներում 2011թ. հոկտեմբերի 18-ին ստորագրել է «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը:

«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը (այսուհետ՝ Համաձայնագիր) միտված է 2011թ. հոկտեմբերի 18-ի վերոնշյալ պայմանագրով նախատեսված կարգավորումների կիրառման շրջանակի ընդլայնմանը՝ տարածելով այն նաեւ ծառայությունների վրա: Համաձայնագրի ստորագրումը նաեւ կնպաստի նշյալ ոլորտում ԱՊՀ ձեւաչափում ծավալվող փոխգործակցության հետագա զարգացմանը:

Կողմերի ընդհանուր պարտավորություններից եւ եզրափակիչ դրույթներից բացի Համաձայնագրով կարգավորվում են ծառայությունների անդրսահմանային առեւտուրը, ընկերությունների ստեղծման եւ գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի եւ ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի ողջ շրջանակը, ինչպես նաեւ ներդրումային գործունեությունը:

Համաձայնագրում ներդրումների, ինչպես նաեւ ընկերությունների ստեղծման եւ գործունեության ոլորտները կարգավորող դրույթների առկայությունը նպատակ ունի նպաստել Համաձայնագրի մասնակից պետություններում գործարար միջավայրի բարելավմանը եւ խթանել ներդրումային հոսքերը:

Վերոնշյալ Համաձայնագրը ենթադրում է, ընդհանուր առմամբ, ներդրումային գործունեության պայմանների ազատականացում:

Բացի այդ, նշյալ Համաձայնագրի մաս հանդիսացող առանձին հավելվածներով կարգավորվում են ֆինանսական, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ոլորտներում ծառայությունների առեւտրի առանձնահատկությունների հետ կապված հարցերը:

Միաժամանակ, համաձայնագրի վավերացումով ազդեցությունը բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, քանի որ Նախագծի մի շարք հոդվածներով սահմանված են լիցենզիաներ, թույլտվություններ կամ որակավորման պահանջներ չկիրառելու դրույթներ (Նախագծի Հավելված Ե-ի «Ֆինանսական ծառայությունների առեւտուրը» դրույթը), ինչպես նաեւ առավել բարենպաստության ռեժիմներ կիրառելու սկզբունքներ (մասնավորապես՝ 14-րդ «Առավել բարենպաստության ռեժիմը» հոդված):

Սույն Համաձայնագրի նախագծի դրույթները չեն հակասում նշված ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին:

Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը եւ կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակվելու է կարեւորվել նաեւ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Բելառուսի Հանրապետությունը եւ Ղրղզական Հանրապետությունն արդեն իսկ վավերացրել են Համաձայնագիրը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում Համաձայնագրի վավերացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է  2023 թվականի հունիսի 8-ին:

Համաձայնագրի նպատակն է  ստեղծել պայմաններ ծառայությունների փոխադարձ առեւտրի ընդլայնման եւ դրա ազատականացման մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ մի Կողմի անձանց կողմից մյուս Կողմերի տարածքներում ներդրումների իրականացման համար:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո: Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:

2023թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել:

2023թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ Համաձայնագիրը ստորագրած Կողմերի կողմից չեն իրականացվել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր:

Հաշվի առնելով վերոգրյալը 2023 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ)  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ անձնական տվյալներ պարունակելու դեպքում ՀՀ լիազոր մարմնի կողմից ԱՊՀ մասնակից այլ պետությունների լիազոր մարմնին տեղեկությունների փոխանցումը պետք է իրականացվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝      ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒՅՈՒՆ

«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի նախագծում՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) առկա են դրույթներ (մասնավորապես, 32-րդ հոդված), որոնցով սահմանված պայմանների ի հայտ գալը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտության:

Միաժամանակ Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, քանի որ վերջինիս մի շարք հոդվածներով սահմանված են լիցենզիաներ, թույլտվություններ կամ որակավորման պահանջներ չկիրառելու դրույթներ, ինչպես նաեւ առավել բարենպաստ ռեժիմներ կիրառելու սկզբունքներ:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Քերոբյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

(Կողմերի ցանկ)

1. Հայաստանի Հանրապետություն

2. Բելառուսի Հանրապետություն

3. Ղազախստանի Հանրապետություն

4. Ղրղզստանի Հանրապետություն

5. Ռուսաստանի Դաշնություն

6. Տաջիկստանի Հանրապետություն

7. Ուզբեկստանի Հանրապետություն

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ, ՀԻՄՆԱԴՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում Արդարադատության նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը եւ Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն