Հոդված 1. Վավերացնել «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (CMR) e-CMR ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականի հունիսի 9-ին միացել է «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիային (CMR):
2008 թվականին վերը նշված կոնվենցիան լրացվեց e-CMR լրացուցիչ արձանագրությամբ, որը բեռնափոխադրման ապրանքատրանսպորտային բեռնագրի էլեկտրոնային եղանակով կառավարման հնարավորություն է տալիս:
e-CMR արձանագրությունը ուժի մեջ է մտել 2011 թվականի հունիսի 5-ին: Արձանագրությանը միացել են 34 երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Թուրքիան, Թուրքմենիստանը, Իսպանիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Կիրգիզիան, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան, Մոլդովան, Նորվեգիան, Շվեդիան, Շվեցարիան, Չեխիայի Հանրապետությունը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Սլովակիան, Սլովենիան, Տաջիկստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը, Օմանը, Ֆրանսիան, Ֆինլանդիան:
Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը (e-CMR) դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը, ապահովում է էլեկտրոնային եղանակով մաքսային ընթացակարգերի իրականացումը, նպաստում է լոգիստիկ ծառայությունների էֆեկտիվության եւ մրցակցության բարձրացմանը: Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագրի կիրառումը նվազեցնում է տրանսպորտային կազմակերպությունների ծախսերը, արագացնում է վարչարարությունը, նվազեցնում է բեռնափոխադրումների ընթացքում հնարավոր անճշտությունները, դյուրացնում է վերահսկողությունը:
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին:
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR) e-CMR լրացուցիչ արձանագրության վավերացումը:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար |
Գ. Սանոսյան |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (CMR)՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԵՌՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 20-ին:
Արձանագրությունը տրամադրում է իրավական շրջանակ եւ չափորոշիչներ՝ «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայով (CMR) սահմանված բեռնագրերի էլեկտրոնային կառավարման համար: Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006թ. սեպտեմբերի 7-ին:
Վերոնշյալ արձանագրությամբ նախատեսված բեռնագրերի էլեկտրոնային կառավարումը հնարավորություն կտա՝ նվազեցնելու տրանսպորտային ծառայությունների ծախսերը, արդիականացնելու ապրանքատրանսպորտային ծառայությունները, դյուրացնելու տեղեկատվության հասանելիությունը, բարձրացնելու բեռնափոխադրումների ծառայությունների թափանցիկությունը, բարելավելու դրանց կառավարումն ու հսկողությունը՝ խթանելով տնտեսական մրցունակությունը:
Արձանագրությանը միանալը կնպաստի բեռնափոխադրումների ծառայությունների թվայնացմանը, ինչն էլ բխում է Հայաստանի թվայնացման 2021-2025թթ ռազմավարությունից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2008 թվականի փետրվարի 20-ին ստորագրված «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ |
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (CMR)՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԵՌՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2008 թվականի փետրվարի 20-ին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Արձանագրության 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պետություններից հինգի կողմից վավերացման կամ դրան միանալու մասին իրենց փաստաթղթերն ի պահ հանձնվելուց հետո իննսուներորդ օրը:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2011թ. հունիսի 5-ին:
Արձանագրության 12-րդ հոդվածի համաձայն ցանկացած պետություն կարող է Արձանագրությունը ստորագրելիս, վավերացնելիս կամ դրան միանալիս Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հայտարարել, որ չի համարում, որ արձանագրության 11-րդ հոդվածն իր համար պարտադիր ուժ ունի (վերապահում անելու նպատակահարմարության դեպքում ներկայացնել նաեւ վերապահման տեքստի նախագիծ):
2024թ. մարտի 1-ի դրությամբ Արձանագրությունը ստորագրել է 8 պետություն, վավերացրել է 7 պետություն, միացել է 27 պետություն (
ցանկը
կից ներկայացվում է):
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ |
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (CMR) E-CMR ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ |
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR) e-CMR լրացուցիչ արձանագրությունով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR) e-CMR լրացուցիչ արձանագրության 11-րդ հոդվածով («Վեճը») սահմանվում է, որ սույն արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի կողմերի միջեւ ծագած ցանկացած վեճ, որը կողմերը չեն կարողանում կարգավորել բանակցությունների կամ այլ միջոցներով, տվյալ կողմերից որեւէ մեկի խնդրանքով կարգավորման համար կարող է փոխանցվել Արդարադատության միջազգային դատարան:
Պայմանավորված այդ հանգամանքով՝ նշված հոդվածին համապատասխան պայմանների ի հայտ գալը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սանոսյան,
Ի կատարումն Ձեր հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR) e-CMR լրացուցիչ արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ
«Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության կատարման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում՝
-ՀՀ պետական եկամուտների կոմիտեն
-ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում