Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-871-20.06.2024-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «հինգ տարվա ընթացքում,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում.

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո զինծառայողի հաշմանդամության խումբը փոխվում է առաջինից երկրորդ կամ երրորդ, երկրորդից երրորդ կամ տեղի է ունենում զինծառայողի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխություն` խորը աստիճանից ծանր, միջին կամ թեթեւ, ծանր աստիճանից` միջին կամ թեթեւ կամ զինծառայողը հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվում, ապա մինչ փոփոխությունը նշանակված հատուցման գումարները (այդ թվում` ամսական հավասար վճարների չափերը), ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20-ամյա ժամկետը վերանայման ենթակա չեն:».

2) 7-րդ մասի 1-ին կետից հանել «ժամկետում եւ» բառերը.

3) 7-րդ մասի 3-րդ կետը «փոփոխությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

1. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած` Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասում նշված դեպքերի վրա: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքերում.

1) հատուցման գումարների չափը հաշվարկվում է (վերահաշվարկվում է) Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասի դրույթների հաշվառմամբ` հաշմանդամության ժամկետը լրանալու կապակցությամբ ամսական հավասար վճարը դադարեցնելու կամ ամսական հավասար վճարը երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի համար հաշվարկված չափով վճարելու ամսվա 1-ից,

2) որպես երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի` Հիմնադրամի կողմից փաստացի վճարված դրամական աջակցության գումարները, նույն ժամանակահատվածում պետական բյուջեից վճարված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» պարբերության հիման վրա վճարված պարգեւավճարի գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ եւ նվազեցվում են Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից,

3) սույն մասի 2-րդ կետում նշված` Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից նվազեցվող գումարի ամսական չափը չի կարող գերազանցել Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասի դրույթների հաշվառմամբ վճարման ենթակա ամսական հավասար վճարի չափը,

4) չվճարված հատուցման գումարները վճարվում են միանվագ` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում,

5) Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով շահառուին (շահառուներին) վճարվում է չվճարված հատուցման գումարները` հատուցման գումարների չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) ժամկետից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածում վճարման ենթակա եւ փաստացի վճարված (այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված` փաստացի վճարված հատուցման գումարներ համարվող) հատուցման գումարների տարբերությունը: Սույն կետում նշված` չվճարված հատուցման գումարները շահառուին (շահառուներին) վճարելու կարգը Հիմնադրամի խորհուրդը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է Օրենքի հիման վրա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից դրամական աջակցության վճարումը եւ նրանք համարվում են Հիմնադրամի շահառու:

3. Զինծառայողներին վճարված՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված զինվորական կենսաթոշակի եւ պարգեւավճարի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը Հիմնադրամին է տրամադրում Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ հիմք ընդունելով Հիմնադրամից ստացված` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում զինծառայողների տվյալները:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Ներկայացվող նախագծերի նպատակը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում 22.12.2023 թ. անցկացված խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի 2.4-րդ կետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելն է եւ Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) շահառու հանդիսացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները:

Համաձայն Օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի` Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե՝ զինծառայողը զոհվել (մահացել) մարտական գործողությունների ավարտի օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքի պատճառով:

Հարկ է նկատի ունենալ, որ դրույթը օրենքում ներառվել է` հաշվի առնելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի դրույթները, որի 20-րդ հոդվածի համաձայն, Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ էր նշանակվում նաեւ այն դեպքում, իրավասու մարմինը զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ է սահմանել զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում:

ՀՀ ՍԴ 2019 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-1475 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ «հինգ տարվա ընթացքում» արտահայտության մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

Հետագայում, հաշվի առնելով վերը նշված որոշմամբ արտահայտված իրավայան դիրքորոշումները` հանվել է նաեւ զոհված զինծառայողների համար սահմանված համանման հինգամյա ժամկետը, որը գործել է մինչեւ 10.02.2021թ., ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման շրջանակներում:Հաշվի առնելով վերը նշվածը, այդ թվում` ՀՀ ՍԴ 2019 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-1475 որոշմամբ արտահայտված իրավայան դիրքորոշումները, առաջարկվում է ժամկետային սահմանափակումը հանել նաեւ Օրենքից:

Միաժամանակ, համաձայն Օրենքի գործող կարգավորումների` 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողներին հատուցման գումարները վճարվում են զինծառայողի համար սահմանված հաշմանդամության խմբին կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին համապատասխան: Ըստ այդմ, հաշմանդամության խմբի կամ սահմանափակման աստիճանի յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերահաշվարկվում են նաեւ հատուցման գումարները:

Իսկ եթե հիմնադրամի շահառուն ճանաչվում է 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին կամ թեթեւ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, ապա հատուցման գումարների վճարումը դադարեցվում է, իսկ զինծառայողը սկսում է պետական բյուջեից ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ եւ համապատասխան պարգեւավճար:

Այս դեպքում, հիմնադրամը մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը շարունակում է զինծառայողին վճարել դրամական աջակցություն՝

1) սպայական կազմի զինծառայողին՝ ամսական 75 000 դրամի չափով.

2) պայմանագրային եւ զորահավաքային կազմերի շարքային զինծառայողին եւ կամավորականին` ամսական 50 000 դրամի չափով.

3) պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողին՝ ամսական 25 000 դրամի չափով:

Վերը նշվածը մի կողմից դժվարացնում է համապատասխան վարչարարության իրականացումը, իսկ մյուս կողմից` առաջացնում է շահառուների դժգոհությունը, ինչը անհրաժեշտ է դարձնում խնդրի կարգավորման նպատակով Օրենքում փոփոխություններ կատարելը:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում եւ սահմանել, որ Հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու) դեպքում հիմնադրամը հատուցման գումարները շարունակում են վճարվել նախկին չափով` մինչեւ 20-ամյա ժամկետը լրանալը:

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ եթե բարելավվում է զինծառայողի հաշմանդամության խումբը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը), ապա դա չի հանգեցնում նշանակված հատուցման գումարի վերանայմանը:

Հստակեցվում է նաեւ, որ հիմնադրամի խորհուրդը կարող է աջակցության ծրագրեր իրականացնել նաեւ հիմնադրամի նախկին շահառուների համար:

Լուծումներ են առաջարկվում նաեւ անցումային շրջանի խնդիրներին` սահմանելով, որ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթեւ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից վճարվող դրամական աջակցությունը եւ նրանք համարվում են Հիմնադրամի շահառու, հստակեցվում է նախորդ ժամանակահատվածի համար չվճարված ամսական հավասար վճարների վճարման կարգը: Ըստ այդ կարգի՝ չվճարված ամսական հավասար վճարների գումարները վճարվում են օրենքի ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում եւ հաշվարկվում է վճարման ենթակա ամսական հավասար վճարների հանրագումարը նվազեցնելով դրամական աջակցության փաստացի վճարված գումարների, պետական բյուջեից վճարված գումարների (կենսաթոշակի եւ պարգեւավճարի) հանրագումարով:

Հարկ է նկատի ունենալ, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները եւ ժամկետը սահմանող 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամություն ունեցող է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք: Այսինքն, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք չունենալը (շահառու չհանդիսանալը) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայման է: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում:

Նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են պարգեւավճարների համար՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով եւ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման 2-րդ կետով, հավելվածի 22-րդ կետի 4-րդ ենթակետով:

Ըստ այդմ, նախագիծն ընդունվելու դեպքում 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթեւ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող եւ Հիմնադրամի կողմից դրամական ստացող աջակցություն զինծառայողների՝ կրկին Հիմնադրամի շահառու դառնալու հիմքով կդադարի նրանց՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ եւ պարգեւավճար ստանալու իրավունքը:

Բացի այդ, Պաշտպանության նախարարության առաջարկով Օրենքից հանվում է հատուցման հիմք հանդիսացող՝ մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքի պատճառով զինծառայողի զոհվելու՝ հինգ տարվա ժամկետային սահմանափակումը:

Նախագիծը մշակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի մասնագետների աջակցությամբ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կկատարվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում 22.12.2023 թ. անցկացված խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի 2.4-րդ կետով տրված հանձնարարականը եւ կբարելավվի Հիմնադրամի շահառու հանդիսացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետությունը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ կետից՝ Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել եւ լինելու է զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա կամ նվազի, իսկ ծախսերը կնվազեն՝ ի հաշիվ ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան ունեցող զինծառայողների՝ հիմնադրամի շահառու հանդիսանալու հիմքով կենսաթոշակ եւ պարգեւավճար ստանալու իրավունքը դադարեցնելու: Հաշվարկները հնարավոր կլինի ներկայացնել համապատասխան տվյալների առկայությամբ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն