Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետից հանել «հինգ տարվա ընթացքում,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում.
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Եթե հատուցման վճարը նշանակելուց հետո զինծառայողի հաշմանդամության խումբը փոխվում է առաջինից երկրորդ կամ երրորդ, երկրորդից երրորդ կամ տեղի է ունենում զինծառայողի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի փոփոխություն` խորը աստիճանից ծանր, միջին կամ թեթեւ, ծանր աստիճանից` միջին կամ թեթեւ կամ զինծառայողը հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվում, ապա մինչ փոփոխությունը նշանակված հատուցման գումարները (այդ թվում` ամսական հավասար վճարների չափերը), ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված 20-ամյա ժամկետը վերանայման ենթակա չեն:».
2) 7-րդ մասի 1-ին կետից հանել «ժամկետում եւ» բառերը.
3) 7-րդ մասի 3-րդ կետը «փոփոխությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6.1-ին մասում նշված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած` Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասում նշված դեպքերի վրա: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքերում.
1) հատուցման գումարների չափը հաշվարկվում է (վերահաշվարկվում է) Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասի դրույթների հաշվառմամբ` հաշմանդամության ժամկետը լրանալու կապակցությամբ ամսական հավասար վճարը դադարեցնելու կամ ամսական հավասար վճարը երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի համար հաշվարկված չափով վճարելու ամսվա 1-ից,
2) որպես երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողի` Հիմնադրամի կողմից փաստացի վճարված դրամական աջակցության գումարները, նույն ժամանակահատվածում պետական բյուջեից վճարված հաշմանդամության զինվորական կենսաթոշակի եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» պարբերության հիման վրա վճարված պարգեւավճարի գումարները համարվում են փաստացի վճարված հատուցման գումարներ եւ նվազեցվում են Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից,
3) սույն մասի 2-րդ կետում նշված` Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուցման գումարներից նվազեցվող գումարի ամսական չափը չի կարող գերազանցել Օրենքի 4-րդ հոդվածի 6.1-րդ մասի դրույթների հաշվառմամբ վճարման ենթակա ամսական հավասար վճարի չափը,
4) չվճարված հատուցման գումարները վճարվում են միանվագ` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում,
5) Հիմնադրամի խորհրդի սահմանած կարգով շահառուին (շահառուներին) վճարվում է չվճարված հատուցման գումարները` հատուցման գումարների չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) ժամկետից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածում վճարման ենթակա եւ փաստացի վճարված (այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված` փաստացի վճարված հատուցման գումարներ համարվող) հատուցման գումարների տարբերությունը: Սույն կետում նշված` չվճարված հատուցման գումարները շահառուին (շահառուներին) վճարելու կարգը Հիմնադրամի խորհուրդը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է Օրենքի հիման վրա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից դրամական աջակցության վճարումը եւ նրանք համարվում են Հիմնադրամի շահառու:
3. Զինծառայողներին վճարված՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված զինվորական կենսաթոշակի եւ պարգեւավճարի գումարների վերաբերյալ տեղեկատվությունը Հիմնադրամին է տրամադրում Կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ հիմք ընդունելով Հիմնադրամից ստացված` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում զինծառայողների տվյալները: