Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8741-25.06.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունում «123-131» թվերը փոխարինել «123.131.1» թվերով:

Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 5.1-ին մասով.

 «5.1. Ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն  առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:»,

2) 6-րդ  մասում «առաջինից հինգերորդ» բառերը փոխարինել «1-5.1-ին» թվերով,

3) 6.1-ին մասում «1-5-րդ» թվերը փոխարինել «1-5.1-ին» թվերով:

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ գլուխը լրացնել նոր 131.1-ին հոդվածով հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 131.1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելը

1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը  ներկայացվող պահանջները (կանոնները) խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով  նախատեսված դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով ՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:

3. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) եւ ֆիզիկական անձանց կողմից  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղեւոր կամ բեռ տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական  շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հոդված 4. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասում «173» թվից առաջ լրացնել «131.1-ին հոդվածի 3-րդ մասով,» բառերը, իսկ նույն մասի «մինչեւ գործի քննությունը վերցնել» բառերից հետո լրացնել «անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը,» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին, 287-րդ հոդվածի 2-րդ, 302-րդ հոդվածի 1-ին, 305-րդ հոդվածի 2-րդ եւ 307-րդ հոդվածի 3-րդ մասերում «131» թվից հետո համապատասխան գրելաձեւով լրացնել «131.1» թիվը:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես Երեւան քաղաքում մեծ տարածում են գտել չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների եւ այլ նմանատիպ սարքավորումների (այսուհետ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց) օգտագործումը:

Ժամանակակից աշխարհում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները հետիոտների տեղաշարժման արագության համեմատությամբ արդյունավետ միջոց են հանդիսանում մարդու արագ տեղաշարժն ապահովելու համար, սակայն դրանց օգտագործման դյուրինության եւ հանրային հասանելիության պատճառով սարքավորումներն օգտագործվում են տարիքային տարբեր խմբերի անձանց, այդ թվում՝ անչափահասների կողմից:

Ներկայումս որեւէ իրավական ակտով կանոնակարգված չեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկության կանոնները, ինչի արդյունքում վարչարարություն չի իրականացվում:

Վերոգրյալի հաշվառմամբ, հաշվի առնելով նաեւ նմանատիպ սարքավորումների երթեւեկության կարգավորման միջազգային փորձը, անհրաժեշտություն է առաջացել օրենսդրությամբ սահմանելու դրանց երթեւեկության կանոնները, ինչպես նաեւ դրանք խախտելու համար իրավական հետեւանքը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) տրվել է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, ըստ որի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ եւ այլ նմանատիպ միջոցներ): Նախագծով սահմանվել են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող հետեւյալ պահանջները.

1. 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաեւ 16 տարին լրացած եւ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկությունը թույլատրվում է՝

1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.

2) մայթով կամ հետիոտնային արահետով հետեւյալ դեպքերում, եթե բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթեւեկելն անհնար է,

3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթեւեկելն անհնար է.

4) երթեւեկելի մասի աջ եզրով հետեւյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը կամ դրանցով երթեւեկելն անհնար է,

բ. անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջեւում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետեւում՝ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով, առջեւում՝ սպիտակ լուսարձակով (լապտեր), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում:

2.  Երթեւեկելի մասում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությունը թույլատրվում է մեկ շարքով:

3. Մինչեւ 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթեւեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ 16 տարին լրացած եւ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց:

4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը:

5. Հետիոտների եւ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների համատեղ երթեւեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն:

6.  Եթե մայթով, հետիոտնային արահետով կամ երթեւեկելի մասի եզրով շարժվելու համար անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներ օգտագործող անձի շարժումը վտանգում կամ խանգարում է հետիոտների շարժին, ապա անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել դրա օգտագործումը կամ իջեցնել արագությունը եւ այն օգտագործել հետիոտների երթեւեկության արագությունը չգերազանցող արագությամբ:

7. Արգելվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով տեղափոխել ուղեւոր կամ  բեռ (բացառությամբ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող (մեկ ամբողջություն հանդիսացող) ուղեբեռի), այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց (միջոցներ),

8. Արգելվում է մեկ սռնու (առանցքի) վրա գտնվող՝ առանց ղեկային կառավարման համակարգի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը երթեւեկելի մասի վրա եւ հեծանվորդների համար գոտիով,

9. Արգելվում է ղեկ ունեցող անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործել առանց ղեկը բռնելու,

10. Արգելվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելով հատել ճանապարհը հետիոտնային անցումներով,

11. Արգելվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին,

12. Արգելվում է օդերեւութաբանական կամ այլ պատճառով թաց (այդ թվում՝ ձյան) ծածկույթ ունեցող մակերեւույթով՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների՝ երթեւեկության համար թույլատրված վայրերում շահագործումը,

13. Արգելվում է ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց հեծանվորդների համար նախատեսված սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով,

14. Արգելվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի, ինչպես նաեւ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով քարշակումը,

15. Արգելվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը վարել համայնքի ավագանու կողմից արգելված վայրերում եւ թունելներում:

Նախագծով սահմանվել է, որ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները կազմակերպությունների (անձանց) կողմից կարող են շահագործման հանձնվել, իսկ ֆիզիկական անձանց կողմից շահագործվել բացառապես արագություն չափող սարքավորումով կահավորված լինելու դեպքում:

Նախագծով սահմանվել է, որ օրենքով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկության արգելված վայրերը սահմանվում են համայքի ավագանու կողմից:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.

1) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

2) ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն  առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով,

3) ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով օգտագործելու համար՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով,

4) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) եւ ֆիզիկական անձանց կողմից  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար՝ տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

5) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղեւոր կամ բեռ տեղափոխելու համար՝ տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

6) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական  շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելու համար՝ տուգանքի նշանակում՝ կազմակերպությունների (անձանց) նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանինապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

7) վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվեն անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցի հասկացությունը, դրանց երթեւեկությանը ներկայացվող պահանջները, իսկ երթեւեկությանը ներկայացվող պահանջները  խախտելու համար կնախատեսվեն պատասխանատվության միջոցներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն