Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-875-25.06.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.33-րդ հոդվածով.

«Հոդված 169.33. Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ առանց համապատասխան թույլտվության ապրանքների արտահանումը

1. Կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների (որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ հսկվող ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանումը (այդ թվում՝ արտահանմանն ուղղված գործողությունների կատարումը)՝ առանց այդպիսի ապրանքների արտահանման համար օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով նախատեսված թույլտվությունների առաջացնում է՝

տուգանքի նշանակում՝արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 234-րդ հոդվածում «տեղեկատվության մասով» բառերից հետո լրացնել «, 169.33-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածում «16915 » թիվը փոխարինել «16915 , 169.33» թվերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման  դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքով Կառավարությանը վերապահված է լիազորող նորմեր սահմանելու այն զգայուն ապրանքատեսակների ցանկը,  որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ այդ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ: Ընդ որում, զգայուն համարվող այդ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից կամ դրանց տարանցիկ փոխադրումը, անկախ այն հանգամանքից տվյալ պահին հանդիսանում են հսկվող ապրանքներ թե ոչ, պետք է իրականացվեն օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրված թույլտվության հիման վրա:

ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N808-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ:

Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետությունների օդային տրանսպորտով ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների արտահանման դեպքում մաքսային որեւէ ընթացակարգով ձեւակերպումներ չեն կատարվում, եւ Կառավարության սահմանած զգայուն ապրանքատեսակների ցանկում ընդգրկված ապրանքների արտահանումների մասով հսկողական միջոցառումների իրականացման շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում սահմանելու պատասխանատվության դրույթներ առանց համապատասխան թույլատվական փաստաթղթերի այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետության տարածք արտահանելու համար:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) Կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով եւ դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի (այդ թվում՝ արգելքների եւ սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների շրջանցմամբ), Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու (այդ թվում՝ արտահանմանն ուղղված գործողությունների կատարելու)  դեպքերի համար կիրառել վարչական պատասխանատվություն,

2) տուգանքի նշանակում՝ ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ,

3) նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում են մաքսային եւ հարկային մարմինների կողմից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման  դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.   Նախագծի ընդունման արդյունքում սահմանվում են պատասխանատվության նորմեր Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանում դեպքերի համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն