Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-877-01.07.2024-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածի 1.1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց վճարվում է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողը ինն ամսից պակաս է աշխատել՝ այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաեւ նախկինում եւ հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում «հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը,» բառերը փոխարինել «վճարել սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հատուցում» բառերով:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ ընդունված հայցադիմումների քննության արդյունքում կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ուժով ծագած հարկադիր պարապուրդի հատուցման պարտականությունների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) գործող իրավակարգավորումները ենթադրում են, որ աշխատանքից ազատելու վերաբերյալ անհատական իրավական ակտը դատական կարգով վիճարկվելու եւ այն անվավեր ճանաչվելու արդյունքում որպես հետեւանք աշխատողին (այդ թվում նաեւ՝ հանրային ծառայողին) հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարում է կատարվում (աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար), սակայն վերջինս այդ ընթացքում այլ աշխատանք կատարած եւ դրա համար վարձատրված է լինում: Այլ կերպ ասած՝ չնայած նրան, որ տվյալ գործատուի մոտ աշխատակիցն ազատվել է աշխատանքից, ընդունվել է աշխատանքի այլ գործատուի մոտ, կատարել է այլ աշխատանք, որի արդյունքում, ըստ էության, հարկադիր պարապուրդում չի գտնվել (լինում են նաեւ դեպքեր, երբ նոր աշխատանքը շատ ավելի բարձր վարձատրվող է լինում): Մինչդեռ, նման մոտեցումն արդարացված չէ՝ հաշվի առնելով այն, որ հարկադիր պարապուրդը տվյալ գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների դադարման ուժով աշխատանքային հարաբերությունների դադարման օրվանից մինչեւ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը զրկված է եղել իր աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, ոչ իր մեղքով եւ դրա համար չի վարձատրվում: Իսկ նշված ժամանակահատվածում այլ աշխատանքի անցնելիս աշխատողը փաստացի կատարում է իր աշխատանքային պարտականությունները՝ արդեն այլ գործատուի մոտ, որի համար վարձատրվում է:

Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որով լուծում կտրվի այս հարցին, եւ հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու դեպքերի համար կսահմանվի հարկադիր պարապուրդի համար վճարի հաշվարկման առանձին կարգ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նշվածի համատեքստում հարկ է անդրադառնալ Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի գործող խմբագրությանը, համաձայն որի՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Վճռաբեկ դատարանը թիվ ՍԴ2/0208/02/16 քաղաքացիական գործով  11.03.2022թ.-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ « (...) հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաեւ, որ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն ընդգրկում է այն ամբողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ոչ աշխատողի մեղքով առաջացել է իրավիճակ, երբ աշխատողի համար չի ապահովվել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարումը: Եվ անկախ նրանից՝ աշխատողը հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ընթացքում այլ գործատուի մոտ ընդունվել է աշխատանքի, թե՝ ոչ, միեւնույն է, իր նախկին գործատուի մոտ նա գտնվում է հարկադիր պարապուրդի մեջ, քանի որ տվյալ հարկադիր պարապուրդն առաջացել է այն գործատուի մեղքով, որի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենքի պահանջների խախտմամբ: Հետեւաբար նման դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Հակառակ մեկնաբանության պարագայում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ գործատուն կարող է ազատվել հարկադիր պարապուրդ վճարելու պարտականությունից, եթե աշխատողն այլ գործատուի մոտ անցել է նախկին աշխատանքին հավասար վարձատրվող աշխատանքի եւ նույնիսկ կարող է պահանջել աշխատավարձերի տարբերության գումարը այն դեպքում, եթե աշխատողն այլ գործատուի մոտ անցել է նախկին աշխատանքից ավելի բարձր վարձատրվող աշխատանքի:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված՝ առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հարկադիր պարապուրդ վճարելու գործատուի պարտականությունը վերաբերում է տվյալ գործատուի եւ տվյալ աշխատողի միջեւ ծագած աշխատանքային իրավահարաբերություններին, եւ հարկադիր պարապուրդի օրենքով որոշված չափը չի կարող նվազեցվել՝ տվյալ աշխատողի եւ այլ գործատուի միջեւ ծագած աշխատանքային իրավահարաբերություններով պայմանավորված:»:

Հիմք ընդունելով Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը, ակնհայտ է, որ քննարկվող հոդվածի գործող խմբագրության պայմաններում հնարավորություն է ստեղծվել, որպեսզի զարգանա այնպիսի պրակտիկա, որ յուրաքանչյուր անձ, անկախ հարկադիր պարապուրդի ընթացքում այլ աշխատանքի անցած լինելու փաստից, նախկին գործատուից լիարժեք հատուցում ստանա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Սակայն պետք է նշել, որ այն պարագայում, երբ աշխատողը նախկին աշխատանքից ազատվելուց հետո անցնում է այլ աշխատանքի (որը երբեմն կարող է լինել անգամ ավելի բարձր վարձատրվող), չի կարելի հստակ ասել, որ անձը գտնվում է հարկադիր պարապուրդում, քանի որ նա փաստացի կատարում է իր աշխատանքային պարտականությունները այլ գործատուի մոտ եւ վարձատրվում է դրա համար: Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաեւ այն, որ որոշ դեպքերում անձին աշխատանքից անօրինական ազատելուց հետո վերջինս ստիպված անցնում է ավելի ցածր վարձատրվող աշխատանքի եւ փաստացի նախկին գործատուի մեղքով ունենում է ավելի ցածր եկամուտ՝ սույն նախագծով առաջարկվում է համապատասխան լուծում, որով կկարգավորվեն վերոգրյալ երկու իրավիճակներն էլ: Մասնավորապես, աշխատողը չի ունենա անսահմանափակ հնարավորություններ, անկախ այլ բարձր վարձատրվող աշխատանքի անցած լինելու փաստից, գործատուից ստանալ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում միջին աշխատավարձի չափով, միեւնույն ժամանակ, հարկադիր պարապուրդի ընթացքում ավելի ցածր վարձատրվող աշխատանքի անցած լինելու պարագայում աշխատողը հնարավորություն կունենա նախկին գործատուից ստանալու նախկին եւ ներկա աշխատավարձների միջեւ եղած դրական տարբերությունը, այսինքն՝աշխատողի կողմից նոր աշխատանքի անցնելու դեպքում ստացված աշխատավարձի հետ համեմատության արդյունքում այն գումարը, որը ձեւավորվում է, եթե նոր աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը նախկին աշխատանքի դիմաց ստացված վարձատրության համեմատ ավելի ցածր է: Բացի այդ, հարկ է նշել, որ նման կարգավորումների պայմաններում գործնականում գործատուի կողմից աշխատողներին կամայական աշխատանքից ազատելու եւ արդյունքում պատասխանատվությունից խուսափելու դեպքերը բացառելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Օրենսգրքի 265-րդ հոդվածի համատեքստում աշխատանքային իրավահարաբերության անբարեխիղճ եւ անօրինական գործած կողմը, ում մեղքով առաջացել է հարկադիր պարապուրդը, գործատուն է, սույն նախագծով գործատուի համար՝ որպես աշխատողին անօրինական հիմքով ազատելու անբարենպաստ հետեւանք, նախատեսվել է կարգավորում, համաձայն որի՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի համար հատուցման կարգով վճարվում է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողը ինն ամսից պակաս է աշխատել՝ այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար: Արդյունքում՝ սույն նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝

«Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց վճարվում է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար, իսկ եթե աշխատողը ինն ամսից պակաս է աշխատել՝ այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաեւ նախկինում եւ հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը:»:

Ինչպես նաեւ առաջարկվում է Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում «հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը,» բառերը փոխարինել «վճարել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հատուցում» բառերով:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

Նախագծի նպատակն է լուծում տալ առաջացած խնդրին եւ գործնականում ունենալ գործատուի մեղքով աշխատակցի աշխատանքից ազատման հետեւանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար հատուցում ստանալու ավելի արդարացված եւ գործուն կարգավորումներ:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարությունների հետ: Այն բխում է Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 02/10.20/42071-2022 հանձնարարականից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ  
 
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն