Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-878-02.07.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1)  8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2)  լրացնել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«9) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների անդամ հանդիսանալու դեպքում ապահովել ներկայություն հանձանժողովների նիստերին:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի.

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ եւ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող՝ ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովում գնահատող անդամների քանակը չպետք է պակաս լինի երեքից: Որակավորման հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը երեքից պակաս լինելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների:»:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2)  լրացնել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«9) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների նիստերին երկու անգամ անհարգելի պատճառով ներկայություն չապահովելու դեպքում: Որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների նիստերին ներկայություն չապահովելը համարվում է հարգելի, եթե գնահատողը հիմնավորում է, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, զինվորական ծառայության մեջ, ստացիոնար բուժման մեջ, ինչպես նաեւ համապատասխան հանձնաժողովների նիստերին ներկայությունը չի կարողացել ապահովել իրենից անկախ այլ անհաղթահարելի պատճառներով:»:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ստեղծում է մասնագիտական հանձնաժողով եւ հաստատում է դրա անհատական կազմը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ եւ նվազագույնը երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող հինգ գնահատող՝ ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով պարտավոր է առաջարկել մեկական գնահատողի թեկնածություն, որոնք սույն մասի պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում են մասնագիտական հանձնաժողովում: Մասնագիտական հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը հինգից պակաս լինելու կամ գնահատողներին սույն մասով ներկայացված պահանջները չբավարարելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների: Մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը եւ գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.»:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում.

1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառվելու պահից: Լիազոր մարմնում կարող են հաշվառվել առավելագույնը հինգ ինքնակարգավորվող կազմակերպություններ:»,

3)  5-րդ մասում «30» թիվը փոխարինել «10» թվով:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 24.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 24.1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման կարգը

1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը լիազոր մարմնում հաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանած կարգով ներկայացնում է դիմում՝ կից ներկայացնելով սահմանված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքերը եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների, բացառությամբ գործունեության հնգամյա ծրագրի եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցի, փոփոխության դեպքում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ քան տվյալների փոփոխությունից հետո եռօրյա ժամկետում լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով հայտնում է լիազոր մարմնին:

2. Լիազոր մարմինն ուսումնասիրում է ներկայացված հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը, որոնց հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է դրանք եւ կայացնում որոշում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ հավանության են արժանանում միաժամանակ հինգից ավելի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ներկայացված հնգամյա ծրագրեր եւ այդ ծրագրերի ժամանակացույցեր, ապա լիազոր մարմնում հաշվառվում են առավել վաղ դիմում ներկայացրած կազմակերպությունները: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի Կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր եւ այլ պետական մարմինների կողմից սահմանած, գնահատման գործունեության ոլորտին առնչվող ռազմավարությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Սույն մասով նախատեսված հնգամյա ծրագիրը կամ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող է փոփոխվել՝ նախապես՝ 1 տարի առաջ ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը եւ դրանց հիմնավորումը լիազոր մարմին՝ հաստատման: Լիազոր մարմինը, ներկայացված հնգամյա ծրագրի կամ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում լիազոր մարմինը վերադարձնում է ներկայացված փաստաթղթերը՝ սահմանելով առկա թերությունները վերացնելու եւ փաստաթղթերը կրկին ներկայացնելու մինչեւ 15-օրյա ժամկետ: Լիազոր մարմնի կողմից մատնանշված թերությունները չվերացնելուց հետո հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը կրկին ներակայացնելը հանդիսանում է հաշվառման մերժման, ինչպես նաեւ հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հիմք: Լիազոր մարմնում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի իրավական ակտով:

3.Հաշվառում ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:»:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 13-րդ կետում «:» կետադրանական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել նոր 14-16-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«14) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով առաջարկել գնահատողի թեկնածություն.

15) կատարել հաշվառման համար իր կողմից ներկայացված ծրագրի առնվազն 80 տոկոսը.

16) ներկայացնել ամենամյա հաշվետվություններ:»:

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետում «30» թիվը փոխարինել «10» թվով,

2) 2-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

3) լրացնել նոր 3-6-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«3) եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը չի կատարում հաշվառման ներկայացված իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակացույցով սահմանված ժամկետների երկու եւ ավել անգամ խախտումներով.

4) չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները, կամ երկու եւ ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.

5) հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում.

6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով գնահատողի թեկնածություն չառաջարկելու դեպքում:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լիազոր մարմինը ընդունում է սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազոր մարմնում հաշվառված գնահատման ինքակարգավորվող կազմակերպությունները սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում վերահաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով համապատասխան դիմումը եւ կից փաստաթղթերը ներկայցնում են լիազոր մարմին:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտի հիմքով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների առաջին հաշվառումը իրականացվում է առանց անդամների ցանկ ներկայացնելու: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտով սահմանված կարգով հաշվառվելուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց անդամների ցանկը: Հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները, որոնք սահմանված եռամսյա ժամկետում լիազոր մարմին չեն ներկայացնում Օրենքով նախատեսված լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների առնվազն 10 տոկոսի անդամակցության վերաբերյալ տեղեկատվություն, հանվում են հաշվառումից:

5. ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողները սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում շարունակում են հաշվառված լինել կամ կարող են հաշվառվել լիազոր մարմնում՝ առանց որեւէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Առկա իրավիճակը.

Ներկայումս «Գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)
20-րդ հոդվածով սահմանվում է Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ստեղծվող որակավորման հանձնաժողովում ընդգրկվող մասնագետների շրջանակը, որում, ի թիվս Կոմիտեի աշխատակիցների, ընդգրկվում են նաեւ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող՝ իրենց համաձայնությամբ, ռոտացիոն կարգով, առնվազն մեկ տարի ժամկետով:

Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ գնահատաման որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որեւէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի եւ ստացել համապատասխան հավաստագիր:

Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառվում է որպես գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն միայն այն դեպքում, երբ այդ կազմակերպությանն անդամակցում է լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30 տոկոսը:

Գործնականում օրենքի կիրարկման տեսանկյունից ներկայումս հաճախ են դժվարություններ առաջանում հանձնաժողովում գնահատողների ներգրավման տեսանկյունից՝ հաշվի առնելով սահմանված մասնագիտական աշխատանքային փորձի բարձր շեմը: Բացի այդ, որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս նաեւ այն հանգամանքը, որ որակավորման քննություններին մասնակցելու համար պարտադիր պահանջ ներկայացված է վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որեւէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի մասնակցության եւ համապատասխան հավաստագիր ունենալու վերաբերյալ, քանի որ հնարավոր են դեպքերը, երբ լիազոր մարմնի կողմից հայտարարված լինի որակավորման քննություն, սակայն ինքնակարգավորվող կազմակերպությունը համապատասխան դասընթաց անցկացրած չլինի եւ անձի կողմից որակավորում ստանալը դառնա գործնականում այդ փուլում անհնար եւ ժամանակավրեպ:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ինքնակարգավորվող կազմակերպության համար լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների քանակի առնվազն 30 տոկոսի անդամակցություն ունենալու պահանջը՝ նպատակ ունենալով զարգացնելու ինքնակարգավորվող կազմակերպությունների ինստիտուտը եւ բացառելու ոլորտում մենաշնորհային դիրք ստեղծելու հնարավորությունը:

Ներկայիս կարգավորումներով գնահատողների թե՛ որակավորման, թե՛ մասնագիտական հանձնաժողովի համար անդամ առաջարկելը ինքնակարգավորվող կազմակերպության համար սահմանված է որպես իրավունք: Ավելին, գնահատողների կողմից համապատասխան հանձնաժողովներում նիստերի մասնակցությունը նույնպես իմպերատիվ չէ, ինչը հանձնաժողովի գործունեության իրականացման համար խնդիրների կարող է բերել՝ անդամների ոչ հարգելի պատճառներով չներկայանալու պարագայում:

Գործող կարգավորումներով ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար որեւէ բովանդակային պահանջներ ներկայացված չեն եւ ոլորտի զարգացումն իրապես ապահովելու նպատակով էական է սահմանել լրացուցիչ պահանջներ:

2. Ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվում է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գործող գնահատողների առավել լայն շրջանակ:

Նախագծով նախատեսվում է նաեւ գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու համար Օրենքով սահմանված վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որեւէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացին մասնակցելու եւ համապատասխան հավաստագիր ստանալու պահանջը վերացնել, որը թույլ կտա խուսափել ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից դասընթացների ընթացքում հնարավոր սուբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերելու ռիսկերից: Հավելենք, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պահանջը հանվում է միայն սկզբնական փուլի համար՝ որակավորման քննությանը մասնակցելու համար որպես պարտադիր պահանջ, սակայն օրենսդրական կարգավորումներից ամբողջապես դուրս չի մնալու, քանի որ Կոմիտեի կողմից ներկայումս մշակվում է գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրության ծավալուն փոփոխությունների փաթեթ: Վերջինովս կսահմանվեն արդեն իսկ որակավորված գնահատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների ստուգման եւ կատարելագործման համար պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պահանջները, գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացների ընթացակարգերն ու պայմանները, ինչպես նաեւ վերապատրաստումն անցած լինելու վերաբերյալ համապատասխան հավաստագիրը Կոմիտե ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները:

Ինքնակարգավորվող կազմակերպությունների առավելագույն քանակի սահմանումը հիմնված է որակավորված մասնագետների քանակի վրա եւ նպատակ է հետապնդում բացառելու ոլորտում մենաշնորհային դիրք ստեղծելու հնարավորությունը եւ մրցակցության միջոցով ապահովելու ոլորտների զարգացման համար լավագույն արդյունք:

Կոմիտեում նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար սահմանվում է նոր ընթացակարգ՝ նպատակ ունենալով առավելագույնս արդյունավետ դարձնելու ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեությունը: Էական է շեշտադրել, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությունը հիմնված կլինի գործունեության հնգամյա ծրագրի վրա, որը պետք է հավանության արժանացած լինի լիազոր մարմնի կողմից եւ կառուցված լինի ՀՀ կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր եւ այլ պետական մարմինների կողմից սահմանած եւ ոլորտին վերաբերելի ռազմավարությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա:

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն նաեւ ինքնակարգավորվող կազմակերպությունները հաշվառումից հանելու վերաբերյալ կարգավորումները:

Նախագծով գնահատողների համար սահմանվում է պարտականություն՝ նախատեսված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների անդամ հանդիսանալու դեպքում ապահովելու ներկայություն հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ ինքնակարգավորվող կազմակերպությունների համար՝ առաջարկելու հանձնաժողովների անդամների թեկնածուներ: Թվարկվում են նաեւ այն դեպքերը, երբ գնահատողի կողմից հանձնաժողովի նիստին մասնակցություն չապահովելը հարգելի կարող է համարվել եւ որակավորման վկայականի դադարեցման համար հիմք չհանդիսանալ:

Հաշվի առնելով, որ Նախագծով փոփոխվում են ինքնակարգավորվող կազմակերպությունների հաշվառման համար սահմանված ընթացակարգերը՝ Նախագիծը անցումային դրույթներով կարգավորում է արդեն իսկ հաշվառված կազմակերպությունների վերահաշվառման կարգը, այդ թվում՝ լրացուցիչ ժամկետներ սահմանելով անդամակցության՝ օրենքով նախատեսված սահմանաչափն ապահովելու համար, ինչպես նաեւ հնարավորություն տալով գնահատողներին օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում շարունակել հաշվառված լինել կամ հաշվառվել լիազոր մարմնում՝ առանց որեւէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու:

3.Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

4.Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը սահմանելու մասին» N 872-Ն եւ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշումներում:

5.Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն