Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«9) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին կետով նախատեսված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների անդամ հանդիսանալու դեպքում ապահովել ներկայություն հանձանժողովների նիստերին:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի.
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ եւ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող՝ ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովում գնահատող անդամների քանակը չպետք է պակաս լինի երեքից: Որակավորման հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը երեքից պակաս լինելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների:»:
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել նոր 9-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«9) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին կետով նախատեսված որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների նիստերին երկու անգամ անհարգելի պատճառով ներկայություն չապահովելու դեպքում: Որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովների նիստերին ներկայություն չապահովելը համարվում է հարգելի, եթե գնահատողը հիմնավորում է, որ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, զինվորական ծառայության մեջ, ստացիոնար բուժման մեջ, ինչպես նաեւ համապատասխան հանձնաժողովների նիստերին ներկայությունը չի կարողացել ապահովել իրենից անկախ այլ անհաղթահարելի պատճառներով:»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ստեղծում է մասնագիտական հանձնաժողով եւ հաստատում է դրա անհատական կազմը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ եւ նվազագույնը երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող հինգ գնահատող՝ ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով պարտավոր է առաջարկել մեկական գնահատողի թեկնածություն, որոնք սույն մասի պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում են մասնագիտական հանձնաժողովում: Մասնագիտական հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը հինգից պակաս լինելու կամ գնահատողներին սույն մասով ներկայացված պահանջները չբավարարելու դեպքում լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների: Մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը եւ գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում.
1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառվելու պահից: Լիազոր մարմնում կարող են հաշվառվել առավելագույնը հինգ ինքնակարգավորվող կազմակերպություններ:»,
3) 5-րդ մասում «30» թիվը փոխարինել «10» թվով:
Հոդված 6. Օրենքը լրացնել նոր 24.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 24.1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման կարգը
1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը լիազոր մարմնում հաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանած կարգով ներկայացնում է դիմում՝ կից ներկայացնելով սահմանված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքերը եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների, բացառությամբ գործունեության հնգամյա ծրագրի եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցի, փոփոխության դեպքում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ քան տվյալների փոփոխությունից հետո եռօրյա ժամկետում լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով հայտնում է լիազոր մարմնին:
2. Լիազոր մարմինն ուսումնասիրում է ներկայացված հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը, որոնց հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է դրանք եւ կայացնում որոշում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ հավանության են արժանանում միաժամանակ հինգից ավելի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ներկայացված հնգամյա ծրագրեր եւ այդ ծրագրերի ժամանակացույցեր, ապա լիազոր մարմնում հաշվառվում են առավել վաղ դիմում ներկայացրած կազմակերպությունները: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի Կառավարության կողմից հաստատված գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր եւ այլ պետական մարմինների կողմից սահմանած, գնահատման գործունեության ոլորտին առնչվող ռազմավարությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Սույն մասով նախատեսված հնգամյա ծրագիրը կամ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող է փոփոխվել՝ նախապես՝ 1 տարի առաջ ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը եւ դրանց հիմնավորումը լիազոր մարմին՝ հաստատման: Լիազոր մարմինը, ներկայացված հնգամյա ծրագրի կամ այդ ծրագրի իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում լիազոր մարմինը վերադարձնում է ներկայացված փաստաթղթերը՝ սահմանելով առկա թերությունները վերացնելու եւ փաստաթղթերը կրկին ներկայացնելու մինչեւ 15-օրյա ժամկետ: Լիազոր մարմնի կողմից մատնանշված թերությունները չվերացնելուց հետո հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը կրկին ներակայացնելը հանդիսանում է հաշվառման մերժման, ինչպես նաեւ հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հիմք: Լիազոր մարմնում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի իրավական ակտով:
3.Հաշվառում ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:»:
Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 13-րդ կետում «:» կետադրանական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել նոր 14-16-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«14) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով առաջարկել գնահատողի թեկնածություն.
15) կատարել հաշվառման համար իր կողմից ներկայացված ծրագրի առնվազն 80 տոկոսը.
16) ներկայացնել ամենամյա հաշվետվություններ:»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետում «30» թիվը փոխարինել «10» թվով,
2) 2-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
3) լրացնել նոր 3-6-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«3) եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը չի կատարում հաշվառման ներկայացված իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակացույցով սահմանված ժամկետների երկու եւ ավել անգամ խախտումներով.
4) չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները, կամ երկու եւ ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.
5) հերթական հնգամյա ծրագիրը եւ այդ ծրագրի իրականցման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում.
6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 23-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին կետով նախատեսված դեպքերում որակավորման եւ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով գնահատողի թեկնածություն չառաջարկելու դեպքում:»:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում լիազոր մարմինը ընդունում է սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտը:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիազոր մարմնում հաշվառված գնահատման ինքակարգավորվող կազմակերպությունները սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում վերահաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով համապատասխան դիմումը եւ կից փաստաթղթերը ներկայցնում են լիազոր մարմին:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտի հիմքով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների առաջին հաշվառումը իրականացվում է առանց անդամների ցանկ ներկայացնելու: Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները սույն օրենքի 6-րդ հոդվածից բխող իրավական ակտով սահմանված կարգով հաշվառվելուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց անդամների ցանկը: Հաշվառված գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունները, որոնք սահմանված եռամսյա ժամկետում լիազոր մարմին չեն ներկայացնում Օրենքով նախատեսված լիազոր մարմնում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող գնահատողների առնվազն 10 տոկոսի անդամակցության վերաբերյալ տեղեկատվություն, հանվում են հաշվառումից:
5. ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողները սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում շարունակում են հաշվառված լինել կամ կարող են հաշվառվել լիազոր մարմնում՝ առանց որեւէ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու: