Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները:
Հոդված 2. Օրենքում կիրառվող հասկացությունները
1. Սույն օրենքոմ հասկացությունները կիրառվում են հետեւյալ իմաստով.
1) զոհված զինծառայող՝ զինծառայող, ով զոհվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի գործողությունների հետեւանքով՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության (այսուհետ՝ մարտական գործողությունների) հետեւանքով կամ մահացել է մարտական գործողություններից հետո՝ մարտական գործողությունների հետեւանքով ստացած վնասվածքներից
2) ընտանիքի անդամ՝ զոհված զինծառայողի ծնողը (հարազատ հայրը եւ մայրը, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից), որդեգրողը, ամուսինը, ինչպես նաեւ զավակը՝ մինչեւ 23 տարին լրանալը, եղբայրը, քույրը՝ մինչեւ 23 տարին լրանալը
3) բնակելի անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող բնակելի անշարժ գույք,
4) սեփականության իրավունք՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող՝ բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունք կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունք, հողի նկատմամբ իրավունք
Հոդված 3. Ընտանիքի անդամների երաշխիքները
1. Սույն օրենքով ընտանիքի անդամների համար սահմանվում են հետեւյալ երաշխիքները.
1) հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամին տրվող պետական աջակցությունը
2) ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը,
3) ընտանիքի անդամի այլ արտոնություններ:
2. Սույն հոդվածով նախատեսված երաշխիքները տրամադրելու դեպքերը, պայմանները, կարգը եւ չափը սահմանում է Կառավարությունը:
3. Սույն օրենքով նախատեսված երաշխիքները չեն բացառում զոհված զինծառայողների ընտանքիների անդամներին այլ իրավական ակտերով երաշխիքների տրամադրումը:
Հոդված 4. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների ֆինանսավորումը
Սույն օրենքով սահմանված երաշխիքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցներից:
Գլուխ 2
Լիազոր մարմին
Հոդված 5. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների ոլորտում լիազոր մարմինը
Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների ոլորտում լիազոր մարմինը (այսուհետ նաեւ՝ Լիազոր մարմին) սահմանում է Կառավարությունը: Զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար սահմանվում է կարգավիճակ:
Հոդված 6. Լիազոր մարմնի լիազորությունները, լիազոր մարմնին տեղեկություններ եւ փաստաթղթեր տրամադրելը
1. Լիազոր մարմինը
1) իրականացնում է զոհված զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամների կենտրոնացված հաշվառում՝ Կառավարության սահմանած կարգով,
2) համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ՝ ապահովելով սույն օրենքով սահմանված երաշխիքների տրամադրումը,
3) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից ստանում է սույն օրենքով սահմանված երաշխիքների տրամադրումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկություններ եւ փաստաթղթեր,
4) իրականացնում է սույն օրենքից բխող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
2. Լիազոր մարմնին, սույն օրենքի համաձայն, տեղեկություններ եւ փաստաթղթեր են տրամադրում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող բանկերը եւ վարկային կազմակերպությունները:
3. Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող բանկերը եւ վարկային կազմակերպությունները Կառավարության սահմանած դեպքերում Լիազոր մարմնին են տրամադրում բացառապես սույն օրենքով նախատեսված երաշխիքների տրամադրումն ապահովող տեղեկություններ սույն օրենքով սահմանված հիփոթեքային վարկերի վերաբերյալ՝ հաշվի առնելով բանկային գաղտնիքի մասին օրենքով սահմանված կարգավորումները
4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված տեղեկությունները եւ փաստաթղթերը Լիազոր մարմնին տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Գլուխ 3
Ֆինանսական փոխհատուցում
Հոդված 7. Հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը
1. Հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը ներառում է.
1) զոհված զինծառայողին տրված հիփոթեքային վարկը (մինչեւ աջակցությունը տրամադրելու օրը ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաեւ աջակցությունը տրամադրելու օրվանից սկսված վճարման ենթակա ձեւավորվելիք՝ հիփոթեքային վարկի մայր գումար, սպասարկման համար հաշվարկված ծառայության վճարներ, հաշվարկվող տոկոսագումարներ), ամբողջությամբ մարվում է պետության կողմից, եթե զոհված զինծառայողի ամուսինը (կինը) դարձել է հիփոթեքով ձեռք բերված բնակարանի միակ սեփականատերը, եւ զոհված զինծառայողի հետ ունի ընդհանուր երեխա(ներ), որոնցից առնվազն մեկին սեփականության իրավունքով պարտադիր պետք է անցնի բնակարանը:
2) զոհված զինծառայողին տրված հիփոթեքային վարկը (մինչեւ աջակցությունը տրամադրելու օրը ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաեւ աջակցությունը տրամադրելու օրվանից սկսված վճարման ենթակա ձեւավորվելիք՝ հիփոթեքային վարկի մայր գումար, սպասարկման համար հաշվարկված ծառայության վճարներ, հաշվարկվող տոկոսագումարներ), ամբողջությամբ մարվում է պետության կողմից, եթե հիփոթեքով ձեռք բերված բնակարանը սեփականության իրավունքով անցնում է զոհված զինծառայողի ծնողներին եւ/կամ երեխաներին:
3) զոհված զինծառայողին տրված հիփոթեքային վարկի՝ զինծառայողի զոհվելու օրվանից սկսած ժամկետանց չմարված պարտավորությունների (հիփոթեքային վարկի մայր գումար, սպասարկման համար հաշվարկված ծառայության վճարներ եւ հաշվարկվող տոկոսագումարներ) ամբողջական միանվագ մարումը, ինչպես նաեւ հիփոթեքային վարկի (մայր գումարի եւ սպասարկման համար վճարվող տոկոսների) ամբողջական մարումները աջակցությունը տրամադրելու օրվան հաջորդող 18 ամիսների համար, կամ վարկառուի ընտրությամբ վերը նշված աջակցության փոխարեն՝ հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար ծառայության վճարների գումարների ուղղությամբ ընտանիքի անդամի կատարած ծախսերի ամբողջական փոխհատուցումը, եթե զոհված զինծառայողը կամ նրա ընտանիքի որեւէ անդամը ունի այդ հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք:
4) զոհված զինծառայողին տրված հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը զինծառայողի ընտանիքի անդամին անցնելու (ընտանիքի անդամի անվամբ գրանցվելու) դեպքում՝
ա. հիփոթեքային վարկի ժամկետանց չմարված պարտավորությունների (մայր գումարի եւ սպասարկման համար ծառայության վճարների) միանվագ մասնակի մարումը,
բ. հիփոթեքային վարկի սպասարկման համար ծառայության վճարների մասնակի վճարումը կամ հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների ուղղությամբ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը,
5) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ ընտանիքի անդամին տրված հիփոթեքային վարկի սպասարկման համար ծառայության վճարների մասնակի վճարումը կամ հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար վճարվող ծառայության վճարների ուղղությամբ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը, եթե զինծառայողի ընտանիքի անդամներից մեկն ունի այդ հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք,
4) զինծառայողի զոհվելուց հետո ընտանիքի անդամին տրված հիփոթեքային վարկի սպասարկման համար ծառայության վճարների մասնակի վճարումը կամ հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար ծառայության վճարների ուղղությամբ կատարված ծախսերի մասնակի փոխհատուցումը, եթե զինծառայողի ընտանիքի անդամներից մեկն ունի այդ հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք:
2. Եթե հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները վճարվել են կամ հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար ծառայության վճարների ուղղությամբ ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցվել են սույն հոդվածով սահմանված կարգով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ տոկոսների գումարները Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերադարձման ենթակա չեն:
3. Եթե հիփոթեքային վարկի սպասարկման համար ծառայության վճարների գումարները Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով վերադարձվել են, ապա հիփոթեքային վարկի մայր գումարի եւ սպասարկման համար ծառայության վճարների ուղղությամբ կատարված ծախսը սույն հոդվածով սահմանված կարգով չի փոխհատուցվում:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գումարները տրամադրելու պայմանները եւ կարգը, 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված՝ մարման, վճարման կամ փոխհատուցման ենթակա գումարների չափերը (առավելագույն չափերը) սահմանում է Կառավարությունը:
5. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անշարժ գույքը զինծառայողին կամ նրա ընտանիքի անդամին պատկանում է ընդհանուր սեփականության իրավունքով, ապա սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա մարումը կատարվում է (գումարը վճարվում կամ ծախսը փոխհատուցվում է) սեփականության իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամ հանդիսացող անձանց թվին համամասնորեն: Սույն մասում նշված համամասնությունը որոշվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամ հանդիսացող անձանց թիվը ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց թվի վրա բաժանելու միջոցով: Ընդ որում, սույն մասում նշված դեպքում զոհված զինծառայողի զավակի հետ համատեղ բնակվող մյուս ծնողը համարվում է ընտանիքի անդամ (անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց թվաքանակում չի հաշվառվում):
6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում փոխհատուցում տրվում է զոհվածի ընտանիքի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անդամներից մեկին, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականության իրավունք ունեցող անդամը դիմում է իր մասնաբաժինը առանձին ստանալու համար:
7. Բնակարան կամ բնա՟կելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի եւ արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկա՟վորման պետական նպատակային ծրագրի շահառու հանդիսացող զինծառայողի զոհվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մարվում է հիփոթեքային վարկի մայր գումարը հետեւյալ չափորոշիչներով՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին՝ դեպքի օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարն ամբողջությամբ.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին՝ դեպքի օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 70 տոկոսը.
3) զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին՝ դեպքի օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 50 տոկոսը.
4) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման, կամ առաջացած հիվանդության պատճառական կապով մահացած զինծառայողի ընտանիքին՝ մահվան օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 70 տոկոսը.
5) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման, կամ առաջացած հիվանդության պատճառական կապով մահացած զինծառայողի ընտանիքին՝ մահվան օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 50 տոկոսը.
6) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման, կամ առաջացած հիվանդության պատճառական կապով մահացած զինծառայողի ընտանիքին՝ մահվան օրվա դրությամբ հիփոթեքային վարկի չմարված գումարի 30 տոկոսը:
8. Հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը տրամադրվում է ընտանիքի բոլոր անդամներին եւ տարածվում է նրանց տրված հիփոթեքային բոլոր վարկերի վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի դրույթները:
9. Առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու կարող են ներել զոհված անձանց, ինչպես նաեւ նրանց ամուսինների, համատեղությամբ ապրող զավակների կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները (ներառյալ՝ տոկոսները, տույժերը եւ (կամ) տուգանքները), եթե դրանք ստացել են մինչեւ զոհվելու օրը:
Հոդված 8. Ընտանիքի անդամների բնակարանային ապահովման երաշխիքներ
1. Զոհված զինծառայողի ծնողները, կինը (ամուսինը), խնամակալը, որոնք զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստիճանի վթարային է եւ քանդման ենթակա, ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի եւ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս, նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ կառավարության սահմանած կարգով եւ չափերով:
1) Սույն մասով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող չեն համարվում այն անձինք, որոնք զինծառայողի զոհվելու օրվանից առաջ՝ հինգ տարվա ընթացքում, օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը:
Հոդված 9. Ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը
1. Ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը ներառում է.
1) զոհված զինծառայողի ընտանիքի անդամների կողմից ջրահեռացման եւ աղբահանության վարձերի 50 տոկոս զեղչով վճարում:
2) զոհված զինծառայողների (կամ նրանց ընտանիքի անդամներին՝ ամուսին, երեխա, ծնող) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը չի հարկվում, մինչեւ հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը:
3) զոհված զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գույքահարկից ամբողջական ազատում, եթե հարկման օբյեկտը անցել է երեխային, ծնողներից որեւէ մեկին, խնամակալին, իսկ քրոջը կամ եղբորն անցնելու դեպքում՝ 50 տոկոսով:
4) զոհված զինծառայողի ծնողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների գույքահարկից ազատում 50 տոկոսի չափով:
5) զոհված զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող եւ այն ծնողներին, խնամակալին կամ երեխային անցած, ինչպես նաեւ զոհված զինծառայողի ծնողներին, խնամակալին կամ երեխաներին պատկանող փոխադրամիջոցների փողոցային կայանատեղիների համար պարտադիր վճարից ամբողջական ազատում:
6) զինծառայողի զոհվելու օրվա դրությամբ սեփականության իրավունքով ընտանիքի անդամին պատկանող, ինչպես նաեւ զոհված զինծառայողին պատկանած եւ ժառանգության իրավունքով ընտանիքի անդամին անցած գյուղատնտեսական նշանակության հողի համար զինծառայողի զոհվելուց հետո փաստացի վճարված անշարժ գույքի հարկի, այդ հողի ոռոգման ջրի վարձավճարի գումարի ամբողջական փոխհատուցում,
5) զոհված զինծառայողի երեխաների, ծնողների, խնամակալի բնակության վայրի հասցեում սպառված էլեկտրաէներգիայի եւ բնական գազի ծախսերի փոխհատուցում 50 տոկոսի չափով, եթե սպառած էլեկրաէներգիայի եւ գազի ծախսը չի գերազանցում կառավարության կողմից սահմանած քանակը:
Գլուխ 4
Կրթության ապահովման մասին
Հոդված 10. Ընտանիքի անդամների կրթության ապահովման երաշխիքներ
1. Զոհված զինծառայողի նախադպրոցական տարիքի զավակը, քույրը եւ եղբայրը արտահերթ ընդունվում է (տեղափոխվում է) զոհված զինծառայողի ընտանիքի չափահաս անդամի նախընտրած՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ):
2. Զոհված զինծառայողի զավակը, քույրը, եղբայրն ընդունվում է (տեղափոխվում է) զոհված զինծառայողի ընտանիքի չափահաս անդամի նախընտրած՝ պետական մարմինների ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություն (դպրոց):
3. Պետությունը երաշխավորում է զոհված զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների, զոհված զինծառայողի ծնողների՝ 23 տարին չլրացած մյուս զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը եւ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով:
1) Պետությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ կառավարության սահմանած կարգով:
4. Աշխարհի լավագույն բարձրագույն օտարերկյա ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում զոհված զինծառայողի 23 տարին չլրացած զավակի առկա ուսուցմամբ սովորելու ուսման վարձի եւ կեցության ծախսերի ամբողջական վճարումը կամ այդ ուղղությամբ կատարված ծախսերի հիսուն տոկոսը փոխհատուցվում է պետական միջոցների հաշվին, Կառավարության սահմանած կարգով:
5. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այդ մարմինների ենթակայությամբ գործող նախադպրոցական, հանրակրթական (բացառությամբ այն դեպքերի, երբ ընդունելությունն իրականացնում են մրցույթային կարգով՝ գիտելիքների հիման վրա), նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող, ինչպես նաեւ բարձրագուն ուսումնական հաստատությունները չեն կարող մերժել սույն հոդվածով նախատեսված արտոնությունների տրամադրումը:
Գլուխ 5
Առողջապահական եւ սոցիալական ոլորտի արտոնություններ եւ երաշխիքներ
Հոդված 11. Ընտանիքի անդամների առողջապահական ապահովություն
1. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամը առողջապահական կազմակերպությունում պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահական ծառայությունները ստանում է արտահերթ (անմիջապես), իսկ սպասարկումն իրականացվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:
1) Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման կամ բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը զոհված զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնություն եւ սպասարկումն իրականացնում է արտահերթ՝ առանց հերթագրման:
2. Զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք է վերապահվում երկու տարի եւ ավելի ժամկետով անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց երկու տարվա սահմանափակման) այն ամուսիններին, որոնք հանդիսանում են զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված որդու ծնողներ:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայո՟ղական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զավակների ծնողներին աջակցություն է տրամադրում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայության եւ դոնորական ձվաբջջի ծախսերը փոխհատուցելու համար: Փոխհատուցման չափը կազմում է՝
1) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,500,000 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) դոնորական ձվաբջջի ձեռք բերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600,000 դրամը:
5. Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն արտահերթ օգտվում են հոգեբանական վերականգնման կենտրոնների ծառայություններից, կառավարության սահմանած կարգով եւ որոշումներով:
Հոդված 12. Ընտանիքի անդամների սոցիալական ոլորտի երաշխիքներ
1. Զոհված զինծառայողի ամուսինը, նրա անչափահաս երեխաները, ծնողներն ունեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների ենթակայությամբ հանգստյան տներում տարին մեկ անգամ տասն օրով անվճար հանգստանալու իրավունք՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով եւ պայմաններով: Հայաստանի Հանրապետության այլ հանգստյան տներում զոհված զինծառայողի ընտանիքի անդամի տարին մեկ անգամ յոթնորյա հանգստի երեսուն տոկոսը վճարվում է պետության կողմից, բայց ոչ ավելի քան 60 հազար դրամը:
2. Զոհված զինծառայողի ընտանիքի անդամը ըստ անհրաժեշտության արտահերթ ընդունվում է բնակչության սոցիալական պաշտպանության եւ խնամքի պետական կազմակերպություններ (տուն-ինտերնատ, մանկատուն, ցերեկային սպասարկման կենտրոն, շուրջօրյա եւ ցերեկային խնամք մատուցող այլ պետական կազմակերպություններ):
3. Զոհված զինծառայողի ծնողները իրավունք են ձեռք բերում որդեգրել երեխա, եթե նրանց գումարային տարիքը չի գերազանցում հարյուրը, ինչպես նաեւ համապատասխանում են որդեգրման համար սահմանված մյուս չափորոշիչներին:
4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են զոհված զինծառայողի ամուսինը, զավակը եւ ծնողը:
5. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այդ մարմինների ենթակայությամբ գործող բնակչության սոցիալական պաշտպանության եւ խնամքի պետական կազմակերպությունները, առողջապահական կազմակերպությունները չեն կարող մերժել սույն հոդվածով նախատեսված արտոնությունների տրամադրումը: Սույն մասից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդ ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ գիտելիքների հիման վրա:
6. Հոդված 10-ով եւ 11-ով սահմանված արտոնությունները տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 13. Ընտանիքի անդամի երաշխիքները տրամադրելը
1. Սույն օրենքով սահմանված՝ ընտանիքի անդամի երաշխիքներից օգտվելու համար ընտանիքի անդամի դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Լիազոր մարմին: Դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի եւ դիմումում ներառվող տեղեկությունների ցանկերը, այդ փաստաթղթերի վավերապայմանները (ներառվող տեղեկությունների կազմն ու բովանդակությունը) սահմանում է Կառավարությունը:
2. Ընտանիքի՝ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի փոխարեն դիմումը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը:
3. Լիազոր մարմինը, ըստ անհրաժեշտության, սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմիններից եւ կազմակերպություններից ստանում է ընտանիքի անդամին համապատասխան երաշխիք տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր) եւ տասն աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) համապատասխան երաշխիքը տրամադրելու մասին,
2) համապատասխան երաշխիք տրամադրելը մերժելու մասին:
4. Սույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածներում նշված երաշխիքները տրամադրելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը համապատասխան գումարները փոխանցում է համապատասխան կազմակերպություններին, բանկերին կամ ընտանիքի անդամներին:
5. Սույն օրենքի 9-րդ հոդվածում նշված արտոնությունները տրամադրելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը միջնորդագիր է ներկայացնում համապատասխան պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարնի ղեկավարին:
6. Երաշխիք տրամադրելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը այդ մասին տեղեկացնում է դիմողին:
7. Համապատասխան կազմակերպություններին, բանկերին կամ ընտանիքի անդամներին գումար փոխանցելու, երաշխիք տրամադրելը մերժելու դեպքերը եւ կարգը, մերժելու մասին որոշում կայացնելու մասին դիմողին տեղեկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 14. Ընտանիքի անդամի երաշխիքների հրապարակայնությունը
1. Լիազոր մարմինն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է այն զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ, ում ընտանիքի անդամին մատուցվել է սույն օրենքով սահմանված երաշխիքը:
2. Լիազոր մարմինը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է ամփոփ հաշվետվություն՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում նշված միջնորդագրերի եւ դրանց արդյունքների վերաբերյալ: Հաշվետվությունը պետք է համապատասխանի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին եւ չպետք է պարունակի գաղտնիք համարվող որեւէ տեղեկություն:
3. Կայքէջում հրապարակվող՝ զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկատվության եւ ամփոփ հաշվետվության կազմն ու բովանդակությունը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 15. Ընտանիքի անդամի երաշխիքները դադարելը, մարվող գումարի (վճարվող կամ փոխհատուցվող գումարի) չափը վերահաշվարկելը
1. Հիփոթեքային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը դադարում է.
1) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալու (զինծառայողի զոհվելու օրվան հաջորդող 18 ամիսների համար մայր գումարը եւ սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները վճարելու) կամ այդ ընթացքում՝ հիփոթեքային վարկի պարտավորությունը մարվելու դեպքում, կամ բնակելի անշարժ գույքի նկատմամբ ընտանիքի բոլոր անդամների (սույն մասի իմաստով՝ նաեւ զոհված զինծառայողի զավակների մոր) սեփականության իրավունքը դադարելու դեպքում,
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում նշված հիփոթեքային վարկի պարտավորությունը մարվելու դեպքում, կամ բնակելի անշարժ գույքի նկատմամբ ընտանիքի բոլոր անդամների (սույն մասի իմաստով՝ նաեւ զոհված զինծառայողի զավակներիների մոր) սեփականության իրավունքը դադարելու դեպքում:
2. Ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցումը դադարեցվում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում նշված հողի կամ 5-րդ կետում նշված բնակելի անշարժ գույքի նկատմամբ ընտանիքի բոլոր անդամների (սույն մասի իմաստով՝ նաեւ զոհված զինծառայողի զավակի հետ համատեղ բնակվող՝ մյուս ծնողի) սեփականության իրավունքը դադարելու դեպքում:
3. Սույն օրենքով սահմանված երաշխիքները դադարում են ընտանիքի անդամի մահվան դեպքում:
4. Սույն օրենքով սահմանված երաշխիքները դադարեցվում են նաեւ Կառավարության սահմանած դեպքերում:
4. Սույն օրենքով սահմանված երաշխիքների շրջանակներում մարվող գումարի (վճարվող կամ փոխհատուցվող գումարի) չափը վերահաշվարկելու դեպքերը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:
Գլուխ 6
Օրենքի կիրարկումը եւ անցումային դրույթներ
Հոդված 16. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում Օրենքով սահմանված կարգով:
Հոդված 17. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրավան հաջորդող 10-րդ օրը:
2. Սույն օրենքով սահմանված երաշխիքները տրամադրվում են, եթե մարտական գործողությունները տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո:
3. Մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին սույն օրենքով սահմանված երաշխիքները տրամադրվում են Կառավարության սահմանած դեպքերում:
4. Սույն օրենքով սահմանված երաշխիքները տրամադրելու համար դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:
5. Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 5-ամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները:
ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ
Մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում ունենք մի պատկեր, որտեղ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմնաված սոցիալական ապահովության երաշխիքները եւ արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, Կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում առկա որոշ հոդվածները, ՀՀ կառավարության տարբեր տարիներին ընդունված մի շարք որոշումները, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում առկա որոշ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, որը նաեւ նախատեսում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զինծառայողների կյանքին պատճառված վնասների հատուցումը, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 245-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետը, «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» օրենքում 2021 թվականի ապրիլի 19-ին ընդունված փոփոխությունները եւ լրացումները թույլ են տալիս լուծել եւ կարգավորել խնդիրների բավական մեծ ցանկ, բայց այս ամենի հետ միաժամանակ առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքները, դրանց տրամադրման պայմաններն ու կարգը իրականացվել են տարբեր որոշումներով, օրենքներում արված փոփոխություններով կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընդունված որոշումներով:
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Անհրաժեշտություն է առաջացել, որ այս ամենը մեկտեղվի մեկ օրենքում, միաժամանակ լրացնելով այն բացը, որն առկա է մինչ այժմ:
Այս քայլով Խորհրդարանը, Կառավարությունը, Պետությունը իր երախտիքը կհայտնի հայրենիքի համար կյանքը տված զինվորներին, զինվորականներին, նրանց ընտանիքի անդամներին:
Այս օրենքը ոչ այնքան նյութական եւ սոցիալական ապահովման խնդիր է լուծում, այլ շատ ավելի կարեւոր մի հարց՝ պետության եւ հանրության վերաբերմունքը հայրենիքի համար կյանքը տված զինվորների, զինվորականների ընտանիքի անդամներին:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մինչ օրս, չնայած բազմաթիվ օրենսդրական կարգավորումներին եւ ընդունված որոշումներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները բախվում են տարատեսակ խնդիրների, որոնք անթույլատրելի են: Վստահաբար, այս օրենքի ընդունումից հետո խնդիրների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը կգնտնեն իրենց լուծումը: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ այսուհետ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները մեկ օրենք ձեռքի տակ ունենալով տեղեկացված կլինեն իրենց իրավունքների եւ արտոնությունների մասին:
Մասնավորապես, այս հարցերով զբաղվող լիազոր մարմնի ստեղծումը հիմք կդնի աշխատանքների արդյունավետ իրականացմանը եւ համակարգմանը: Օրենքը թույլ կտա կարգավորել հիփոթեքային վարկի հետ կապված խնդիրները, բնակարանային ապահովմանն առնչվող հարցերը, երաշխիքներ կտրամադրի կրթության ապահովման հարցերում, կլուծի առողջապահության ապահովվությանն առնչվող խնդիրների մեծ մասը, ինչպես նաեւ երաշիքներ կտրամադրի սոցիալական ապահովության ոլորտում:
Միաժամանակ, հանրության համար տեսանելի կլինի այն վերաբերմունքը, որ պետությունը տածում է դեպի այն ընտանիքները, որոնց ներկայացուցիչներն իրենց կյանքն են տվել Հայրենիքի, Պետության, ՀՀ քաղաքացիների անվտանգության համար:
Օրենքի ընդունմամբ Կառավարության ֆինանսական ծանրաբեռնվածությունը կամ չի ավելանա կամ կավելանա ոչ այն չափով, որը կարող է խնդիրներ առաջացնել պետության գործունեության համար: Փոխարենը դրական արդյունքներն անհամեմատ ավելի շատ են լինելու, սկսած նրանից, որ այս օրենքը նպաստելու է երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի նորմալացմանը:
Գրություն