Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.4-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «հյուսվածքների» բառից հետո լրացնել «կամ սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորության, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորությանը կամ փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող գովազդին ներկայացվող պահանջների խախտումով գովազդ տարածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.35-րդ հոդվածով.
«Հոդված 47.35. Կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման եւ տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով՝ կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի եւ դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման եւ տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում: