Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-882-09.07.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.1. Առեւտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակ:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին, 15.2-րդ եւ 15.3-րդ մասերով.

«15.1. Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացումը ապահովելու նպատակով՝ սպանդանոցային ծագումը հիմնավորող Կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը փակցվում են սպառողներին տեսանելի տեղում:

15.2. Կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) կաթնամթերքի մանրածախ վաճառքին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

15.3. Կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի եւ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով տեղական կաթնամթերք արտադրողները եւ ներմուծողները կամավոր հիմունքով առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի եւ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի նույնականացման նպատակով կարող են կիրառել կանաչ եւ նարնջագույն գունային ինքնակպչուն առնվազն 10X10 մմ չափսի շրջանաձեւ պիտակներ՝ փակցնելու միջոցով:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «եւ 15-րդ մասի «գ» կետի,» բառերը փոխարինել «,15-րդ մասի «գ» կետի եւ 15.1-ին կետի,» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: