Armenian ARMSCII Armenian
Կ-8821-09.07.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածում՝

1) 43-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«43. Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում կանաչ գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով), իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) ապահովված չլինելը կամ կանաչ դարակաշարում «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակը դարակաշարի տեսանելի մասում տեղադրված  չլինելը կամ սխալ պիտակ փակցված լինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝  սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

2) 44-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«44.  Սույն հոդվածի 43-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին  կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝  սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 48-րդ եւ 49-րդ մասերով.

«48. Տեղական արտադրության կամ ներմուծված կենդանուց սպանդանոցային մորթի հետեւանքով ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի նույնականացումն ապահովելու նպատակով սպանդանոցային ծագումը հիմնավորող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը սպառողներին տեսանելի տեղում չփակցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

49. Սույն հոդվածի 48-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից  հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին  կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «37-45-րդ» բառերից հետո լրացնել «, 48-րդ եւ 49-րդ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը «46-րդ» բառից հետո լրացնել «, 48-րդ եւ 49-րդ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի 3-րդ կետով լրացվող Օրենսգրքի 158-րդ հոդվածի 48-րդ եւ 49-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո: