Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-886-16.07.2024-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետում «ընտանեկան» բառը փոխարինել «անապահովության» բառով.

2) 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տարածքային կենտրոնում» բառերը:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 5-9-րդ մասերում «Ընտանեկան նպաստը, սոցիալական» բառերը փոխարինել «Անապահովության» բառով, իսկ 8-րդ մասում «կանխիկ եղանակով վճարելը» բառերից հետո լրացնել «անապահովության» բառով:

Հոդված 5. Օրենքի Գլուխ 3-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ԳԼՈՒԽ 3

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ

Հոդված 13. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը եւ տրամադրման հիմքը

1. Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ընտանիքի անապահովության գնահատման կարգով (այսուհետ՝ Գնահատման կարգ) սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմից եւ ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստի նվազագույն չափից:

2. Ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հաշվարկելու նպատակով ընտանիքի բոլոր անդամների՝ Գնահատման կարգով հաշվարկվող եկամուտների հանրագումարը բաժանվում է ընտանիքի անդամների հաշվարկային թվի վրա:

3. Ընտանիքի անդամների հաշվարկային թիվը ձեւավորվում է սույն մասի 1-4-րդ կետերում նշված գործակիցների հիման վրա ստացված թվերը գումարելով՝

1) 18 եւ ավելի տարեկան անձի գործակիցը 1 է.

2) 15-17 տարեկան անձի գործակիցը 0.7 է.

3) 10-14 տարեկան անձի գործակիցը 0.55 է.

4) 0-9 տարեկան անձի գործակիցը 0.45 է:

4. Անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված եւ հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը:

5. Անապահովության նպաստի նվազագույն չափը չի կարող ցածր լինել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված եւ հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի տասը տոկոսի արժեքից:

6. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը ծագում է անապահովության նպաստ նշանակելու օրվա դրությամբ եւ անապահովության նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսվանից՝ մինչեւ նպաստի իրավունքի դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի քան տասներկու ամիս ժամկետով:

7. Անապահովության նպաստի նշանակումը մերժվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ընտանիքի անդամի կողմից, որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար, դիմում չներկայացնելու դեպքում:

Հոդված 14. Անապահովության նպաստ նշանակելու վարչական վարույթի առանձնահատկությունները

1. Անապահովության նպաստի նշանակման վարչական վարույթը բաղկացած է դիմումի ներկայացման, օրենսդրությամբ սահմանված տվյալների հավաքագրման եւ վարչական ակտի կայացման փուլերից:

2. Անապահովության նպաստ նշանակելու նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը՝ չափահաս մյուս անդամների գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ, անհատական օգտահաշվի միջոցով առցանց ներկայացնում է Գնահատման կարգով հաստատված դիմում: Դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճեններ, որոնք հավաքվում են ընտանիքի սոցիալական էլեկտրոնային գործում:

3. Անապահովության նպաստը նշանակելու կամ մերժելու կամ անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ եղանակով՝ ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում, որի արդյունքում ձեւավորվում է էլեկտրոնային կարգադրություն (այսուհետ՝ Կարգադրություն)՝ վավերականության ստուգման նպատակով համապատասխան ծածկագրով՝ առանց ստորագրության՝ դիմումի ներկայացման պահից 30 օրվա ընթացքում: Դիմումի ներկայացման օր է համարվում օրենսդրությամբ սահմանված դիմումը եւ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրը: Կարգադրության ընդունման համար հիմք են դիմողի առցանց ներկայացրած դիմումը եւ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները, սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին հասանելի այլ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (համաձայնությամբ) տեղեկատվական շտեմարաններում առկա եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալները, ինչպես նաեւ դիմողի կեցության պայմանների ուսումնասիրության նպատակով իրականացվող տնայցի արդյունքները:

4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու հիմքով անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում առանձին կարգադրություն չի ձեւավորվում:

5. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ձեւավորման պահից: Կարգադրությունը դիմողին տրամադրվում է ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում դիմողի անհատական օգտահաշվի միջոցով՝ այն ձեւավորվելու օրվա ընթացքում, իսկ դիմողի ցանկության դեպքում նաեւ՝ էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու կամ տարածքային կենտրոնում առձեռն տրամադրելու միջոցով՝ նման առցանց պահանջ ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Կարգադրության հետ համաձայն չլինելու դեպքում, դիմողը կարող է այն բողոքարկել դատական կամ վարչական կարգով: Դատական կամ վարչական բողոքը կարող է ներկայացվել Կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում: Վարչական կարգով բողոքարկման դեպքում դիմողը ներկայացնում է բողոք Միասնական սոցիալական ծառայությանը՝ առցանց: Վարչական կարգով բողոքարկման արդյունքում վարչական ակտը կայացվում է դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: Վարչական կարգով բողոքարկման հիման վրա Կարգադրություն ընդունվում է՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը (տվյալները), իսկ կայացված համապատասխան վարչական ակտը դիմողին տրամադրվում է սույն մասով սահմանված եղանակով ու ժամկետներում:

6. Վարչական բողոքի արդյունքում կայացվում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) բավարարել բողոքը եւ ձեւավորել նոր Կարգադրություն.

2) մերժել բողոքը՝ Կարգադրությունը թողնելով անփոփոխ:

Հոդված 15. Անապահովության նպաստի չափը որոշելը

1. Անապահովության նպաստի ամսական հիմնական չափը հաշվարկվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա համար սահմանած անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի եւ ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի տարբերությունն ընտանիքի անդամների հաշվարկային թվով բազմապատկելու միջոցով:

2. Ընտանիքին վճարվում է հավելում՝ հիմք ընդունելով ընտանիքի խնամառության խումբը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ չափով:

3. Ընտանիքի խնամառության խումբը որոշվում է՝ հիմք ընդունելով ընտանիքում խնամառուների թվի հարաբերակցությունն աշխատունակ անդամների թվի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընտանիքի խնամառության խումբը որոշելիս,

1) ընտանիքի խնամառու անդամ է համարվում՝ ընտանիքի մինչեւ 18 տարեկան կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ ունեցող կամ 75 եւ ավելի տարեկան անձը.

2) ընտանիքի աշխատունակ անդամ է համարվում՝ 18 տարեկանից մինչեւ 63 տարեկան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ չունեցող անձը:

4. Ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվում է եկամուտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, չափով ու ժամկետներում: Եկամուտի վերագրումն ընտանիքի անդամի համար հաշվարկվող եկամուտ է՝ անկախ այն փաստացի ստանալու հանգամանքից:

Հոդված 15.1. Անապահովության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը

1. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որեւէ մեկի վերացման դեպքում.

2) եթե պարզվում է, որ ընտանիքի որեւէ անդամի համար ներկայացված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունքի որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են.

3) սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու դեպքում.

4) ընտանիքի մինչեւ 18 տարեկան անդամի պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքում.

5) ընտանիքի միակ անդամի մահվան դեպքում.

6) անապահովության նպաստ ստանալու իրավունքից հրաժարվելու դեպքում.

7) ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման դեպքում:

2. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվանից, իսկ անապահովության նպաստի վճարումը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 6. Օրենքի Գլուխ 4-ը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետում եւ 3-րդ մասում «եռամսյակային» բառը փոխարինել «եռամսյա» բառով.

2) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 8. Օրենքի 19-րդ եւ 21-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի

1) 1-ին մասում «ընտանեկան նպաստի» բառերը փոխարինել «անապահովության նպաստ ստանալու» բառերով.

2) 2-րդ մասի «դիմում է տարածքային կենտրոն» բառերը փոխարինել «տարածքային կենտրոն է ներկայացնում առցանց դիմում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.

3) իսկ 3-րդ մասում «ընտանեկան» բառը փոխարինել «անապահովության» բառով:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 22. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը եւ տրամադրման հիմքը

1. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունք ունի Գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված, անապահովության նպաստ ստանալու իրավունք չունեցող այն ընտանիքը, որի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության նպաստ ստանալու իրավունք վերապահող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից:

2. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը ծագում է եռամսյա հրատապ օգնությունը նշանակելու օրվա դրությամբ եւ վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից՝ մինչեւ եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքի առաջացումը, սակայն ոչ ավելի քան երեք ամիս ժամկետով:

3. Եռամսյա հրատապ օգնությունը նշանակվում է անապահովության նպաստ նշանակելու համար սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերով :»:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 23. Եռամսյա հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը

1. Եռամսյա հրատապ օգնության ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որեւէ մեկի վերացման դեպքում.

2) եթե պարզվում է, որ ընտանիքի կողմից ընտանիքի որեւէ անդամի համար ներկայացված՝ եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքի որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են.

3) անապահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում.

4) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալու դեպքում.

5) ընտանիքի միակ անդամի մահվան դեպքում.

6) եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքից հրաժարվելու դեպքում.

7) ընտանիքի մինչեւ 18 տարեկան անդամի պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքում.

8) ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման դեպքում:

2. Եռամսյա հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվանից, իսկ եռամսյա հրատապ օգնության վճարումը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3. Ընտանիքին ընթացիկ տարվա ընթացքում եռամսյա հրատապ օգնություն կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պարբերականությամբ»:

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «Նպաստառուի» բառից հետո լրացնել «կամ անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի» բառերը:

Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ամսից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված նպաստների» բառերը.

2) 2-րդ մասից հանել «, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված» բառերը.

3) 3-րդ մասից հանել «Խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությամբ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված նպաստների ավելի վճարված գումարները կարող են վերադարձվել ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով կամ համարվել մարած` ոչ ավելի ստացած վերջին ամսվա նպաստի եռապատիկը:» բառերը.

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված նպաստների՝ ավելի վճարված գումարների վերադարձման ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածի 14-16-րդ մասերում «ընտանեկան նպաստ, սոցիալական» բառերը փոխարինել «անապահովության» բառով՝ իրենց հոլովաձեւերով:

Հոդված 15. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքով նախատեսվող փոփոխությունները գործելու են անապահովության գնահատման նոր կարգը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված մեկ մարզում, որից հետո մնացած մարզերում եւ Երեւան քաղաքում:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզում կամ Երեւան քաղաքում սույն օրենքի գործողության պահին ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված եւ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքների նպաստի վճարումները շարունակվում են մինչեւ հաջորդ հաշվառման (փաստագրման) ամիսը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

5. Մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը՝

1) անպահովության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու համար դիմող ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի բոլոր անդամների կամ միակ անդամի մահվան դեպքում ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարում է անձի մահվան ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

6. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքները, ինչպես նաեւ ընտանիքների անապահովության գնահատման հիմքով տրամադրվող այլ ծառայություններից օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվող ընտանիքները շարունակում են օգտվել դրանցից նույն չափով՝ մինչեւ սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված նպաստների վճարման դադարեցման ժամկետների լրանալը կամ օրենքով սահմանված այլ հիմքերի առաջացումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» եւ «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հնարավոր ավելացումները կամ նվազեցումները ենթակա են քննարկման յուրաքանչյուր տարի՝ նախագծերից բխող ՀՀ կառավարության համապատասխան որոշումների շրջանակներում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն