Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ, 13-րդ կետերում, 6-րդ, 9-րդ, 16-րդ հոդվածներում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 19-րդ հոդվածում, 20-րդ հոդվածի 12-14-րդ եւ 16-րդ մասերում, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածներում, 24-րդ հոդվածի 4-րդ մասում «լիազորված մարմինը» բառերն իր հոլովաձեւերով փոխարինել «Ծառայությունը» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով, իսկ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «գործատուի լիազորած մարմին» բառերը փոխարինել «գործատուի կողմից Ծառայություն» բառով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմնի» բառը փոխարինել «պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին)» բառերով, իսկ «Միասնական սոցիալական ծառայության» բառերը փոխարինել «Ծառայության» բառով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 1-ին կետից հանել «ուսումնասիրություն,» բառը.
2. 2-րդ, 3-րդ, 8-12-րդ եւ 18-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
3. 5-րդ կետից հանել «եւ իրականացնում» բառերը.
4. 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) ստեղծում եւ տիրապետում է տեղեկատվական շտեմարան՝ աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման եւ փոխանակման ապահովման նպատակով.».
5. 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17) առնվազն ամիսը մեկ անգամ առցանց հրապարակում է նոր ստեղծվող եւ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-ին հոդվածով՝
«Հոդված 11.1 Ծառայության լիազորությունները
1. Ծառայությունը՝
1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում եւ կանխատեսում.
2) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառում, հաշվառումից հանում, գործազուրկի կարգավիճակի տրամադրում, դրա կասեցում, վերականգնում եւ դադարեցում.
3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր եւ կնքում զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագիր.
4) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձեւավորման նպատակով.
5) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի եւ գործատուի միջեւ, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն եւ ուղեգրում գործատուի մոտ.
6) իրականացնում է զբաղվածության պետական ծրագրեր.
7) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
8) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.
9) հաշվառում եւ հաշվառումից հանում է համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.
10) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջը եւ շահագործում է տեղեկատվական շտեմարանը.
11) առնվազն ամիսը մեկ անգամ առցանց հրապարակում է նոր ստեղծվող եւ թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի մասին տեղեկատվություն.
12) տրամադրում է տեղեկատվություն եւ մասնագիտական խորհրդատվություն գործատուներին՝ զբաղվածության բնագավառի ծառայությունների, ինչպես նաեւ աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ.
13) կազմակերպում է աշխատանքային միգրացիային վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում արտագնա աշխատանքների համար աշխատանքային միգրանտների հավաքագրման, վերապատրաստման եւ օտարերկրյա պետությունում աշխատելու գործընթացը.
14) ստորագրված հուշագրերի շրջանակներում մասնակցում է զբաղվածության ծրագրերի եւ միջոցառումների իրականացմանը.
15) լիազորված մարմին առաջարկություններ է ներկայացնում զբաղվածության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, մասնակցում է զբաղվածության ծրագրերի մշակման աշխատանքներին.
16) մասնակցում է նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատությունների կառավարման խորհուրդների աշխատանքներին՝ որպես խորհրդի անդամ.
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ի մասում «Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում համագործակցում է» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական քաղաքականության մշակման եւ իրականացման շրջանակներում՝ լիազորված մարմինը եւ Ծառայությունը համագործակցում են» բառերով:
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ նշված մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով՝
«7) ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում եւ միջոցառումներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, ուղղությամբ եւ կարգով:»:
Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «ձեւավորում եւ» բառերը փոխարինել «ստեղծում է եւ Ծառայությունը» բառերով.
2) 2-րդ մասում «կայքէջում» բառը փոխարինել «եւ Ծառայության կայքէջերում» բառերով:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: