Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8859-16.07.2024-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1 . «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Սոցիալական աջակցության վերաբերյալ համայնքի կամավոր խնդիրները լուծելու նպատակով համայնքի կողմից կարող է

1) տրամադրվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական ծառայությունները, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված նպաստների կամ այլ դրամական օգնությունների տրամադրման.

2) մշակվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով կամ Կառավարության կողմից չսահմանված այլ սոցիալական ծառայությունների տեսակներ՝ սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ.

3) իրականացվել կամավորների հավաքագրում, համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում օրենսդրությամբ սահմանված կարգով կամավորների ընդգրկում եւ նրանց աշխատանքի վերահսկում:»:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները.

1) միջոցներ է ձեռնարկում համայնքում կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող ռիսկերի ու դրանց պատճառների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման, ինչպես նաեւ համայնքում սոցիալական աշխատանքի արդյունավետ մեխանիզմների կիրառման եւ շարունակական զարգացման ուղղությամբ.

2) այլ մարմիններից կամ կազմակերպություններից, ինչպես նաեւ ֆիզիկական անձանցից ստացված կամ իր գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա հայտնաբերում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված հանգամանքներով պայմանավորված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին, ներառյալ՝ տնայցեր իրականացնելու միջոցով եւ օրենսդրության սահմանված դեպքերում ու կարգով ուղղորդում է Միասնական սոցիալական ծառայություն.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում կամ կազմակերպում է սոցիալական աջակցության տրամադրումը՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված եւ սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից հաստատված ուղեցույցի համաձայն մշակված համայնքային սոցիալական ծրագրերի շրջանակում: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին կարող է տրամադրվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված ցանկացած սոցիալական ծառայություն, բացառությամբ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված նպաստների կամ այլ դրամական օգնությունների.

4) կազմակերպում է սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց միջոցով.

5) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում, բացառությամբ անապահովության եւ համալիր գնահատման: Ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի հաստատած կարգերով, իսկ անձի կամ ընտանիքի առանձին կարիքների գնահատման կարգի բացակայության դեպքում դիմում է սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնին.

6) Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնի, համագործակցության ցանցի մասնակիցների, համայնքի բնակչության ներկայացուցիչների եւ շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասնակցությամբ կազմակերպում է համայնքի բնակչության սոցիալական կարիքների գնահատման հիման վրա համայնքային սոցիալական ծրագրերի մշակման եւ դրանց իրականացման գործընթացը.

7) մասնակցում է սոցիալական համագործակցության եւ աջակցող ցանցերի ձեւավորմանը եւ համալրմանը.

8) աջակցում է բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների

9) օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող ու համայնքի հետ համագործակցող կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց փոխանցում կամ նրանցից ստանում է սոցիալական ծառայություն ստացող անձանց անձնական, ընտանիքների նույնականացման կամ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալները: Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր է նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների կիրառումն ու ապահովումը.

10) կնքում է պայմանագրեր կամ հուշագրեր կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հետ՝ սոցիալական աջակցության ծրագրերի կազմակերպման եւ իրականացման նպատակով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին մասով հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունը.

1) իրականացնում է սոցիալական պատրոնաժի տրամադրումը.

2) իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետեւանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատում եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրումը:».

3) 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքի սոցիալական աշխատողի, սոցիալական սատարողի ու սոցիալական պատրոնի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, գործառույթները սահմանված են, եւ այլ հարաբերությունները կարգավորված են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

3. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ համայնքային սոցիալական ծրագրերը մշակվում եւ ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: