Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենգիրք) 191-րդ հոդվածի՝
1) 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից փոխադարձության սկզբունքով կարող են ազատվել Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով, ինչպես նաեւ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները կամ այդ հարկ վճարողների նկատմամբ փոխադարձության սկզբունքով կարող է կիրառվել ճանապարհային հարկի նվազ դրույքաչափ այն դեպքում, երբ Կառավարությունը սահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը, իսկ նվազ դրույքաչափ կիրառելու նպատակով՝ նաեւ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման չափը կամ նվազեցված դրույքաչափը:»,
2) 1-ին մասի 4-րդ կետը եւ 2-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) Սույն հոդվածի 1.1-ին մասում նշված դեպքերում այլ երկրներում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների համար՝ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է: Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ է համարվում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը: Ճանապարհային հարկը գանձում են մաքսային մարմինները՝ հանրապետություն մուտք գործելիս՝ յուրաքանչյուր 15 օրվա համար: Ճանապարհային հարկի մեծությունը կախված է մեքենայի առավելագույն թույլատրելի զանգվածից:
Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի արտոնությունները:
ԻԻՀ-ի հետ ներկայումս քննարկվում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հարցերը, որոնց շրջանակներում կարեւորվում է երկուստեք բեռնափոխադրումների արտոնություններ սահմանելու հարցը:
Բացի այդ՝ Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել, իսկ նույն կարգավորմանը վերաբերող 2-րդ մասի 6-րդ կետը պահպանվել է, ինչը օրենսդրական բաց է եւ ենթակա է կարգավորման:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ հնարավորություն ընձեռնելով սահմանել ճանապրհային հարկ վճարողների նկատմամաբ արտոնություններ այն դեպքերում, եր ՀՀ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը: Կարգավորման նպատակը ճանապարհային հարկի արտոնություններ սահմանելու կամ դրանք վերանայելու գործընթացը դյուրացնելն է, որը հնարավորություն կտա արտոնությունների սահմանման գործընթացը իրականացնել փոխադարձության սկզբունքով մյուս կողմի պետության հետ:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել՝
1. Դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման, ինչպես նաեւ առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած՝ բեռնատար տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) երկրին, տեսակին, քանակին եւ արտոնության չափին համապատասխան:
2. Ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը որեւէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում