Armenian ARMSCII Armenian
Կ-88513-16.07.2024-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.35-րդ եւ 169.36-րդ հոդվածներով.

«Հոդված 169.35. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելը

1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրողի (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) կողմից սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն չափորոշիչները չպահպանելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը վարչական տույժը նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 169.36. Առանց հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելը

1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից սոցիալական ծառայություններ մատուցելն առանց պետական լիազոր մարմնում հավաստագրվելու՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.23-րդ հոդվածով.

«Հոդված 244.23. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

1. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը եւ քննում է սույն օրենսգրքի 169.35-րդ եւ 169.36-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո: