Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 14-րդ կետում «գործընթաց» բառից հետո լրացնել «, որը համարժեք է գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատմանը եւ դրա նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները» բառերով.
2) 15-րդ կետից հետո լրացնել նոր 16-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«16) մենթոր դպրոց՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ընտրված ուսումնական հաստատություն, որը վերապատրաստումների եւ խորհրդատվությունների միջոցով նպաստում է հանրակրթական պետական չափորոշչի եւ հանրակրթության հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը:».
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «նրանց» բառը փոխարինել «որոնց» բառով.
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 12. Պետական ուսումնական հաստատության տնօրենը, համակարգողը եւ նրանց իրավասությունները
1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը եւ համակարգողը նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (այսուհետ նաեւ՝ հավաստագիր) ստացած անձը:
3. Հավաստագրի համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարվա ընթացքում գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Հավաստագրի համար կարող է դիմել սույն հոդվածի 21-րդ մասով սահմանված սահմանափակումներ չունեցող անձը:
4. Հավաստագրումն անցկացվում է հետեւյալ փուլերով.
1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.
2) մասնակցություն վերապատրաստումներին՝ դիմողի նախաձեռնությամբ.
3) քննություն՝ թեստավորման միջոցով.
4) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում:
5. Քննությունների եւ հավաստագրման ընթացակարգերը, պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաեւ հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
6. Սահմանված կարգով քննություն հանձնած եւ անցողիկ շեմը հաղթահարած անձը համարվում է հավաստագրված:
7. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
8. Հավաստագիր ստացած անձը հավաստագիրն ստանալու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում կարող է մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին:
8.1. Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնավարման ողջ ընթացքում հավաստագիրը շարունակում է գործել, բացառությամբ սույն օրենքով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված՝ հավաստագրի գործողության դադարեցման դեպքերի:
8.2. Պաշտոնավարման ընթացքում հավաստագրի դադարեցման հիմքով աշխատանքից ազատված անձը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին դիմելու համար հավաստագրվում է:
8.3. Հավաստագրի գործողության՝ սահմանված կարգով դադարեցումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:
9. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը հայտարարում է համապատասխան լիազոր մարմինը: Հավակնորդների ընտրության նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմինը ձեւավորում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է լիազոր մարմնի կողմից տնօրենի նշանակման համար:
9.1. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հավակնորդը լիազոր մարմին է ներկայացնում`
1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.
3) ուսումնական հաստատության հինգ տարվա զարգացման՝ իր կազմած ծրագիրը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետում նշանակված տնօրենի համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած դեպքերում եւ կարգով կարող է սահմանվել փորձաշրջան (փորձաշրջանի համար նշանակվում է ղեկավար), որի ավարտին տնօրենն իր կազմած զարգացման ծրագրի կատարողական հաշվետվությունը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին եւ խորհրդին: Մասնագիտական հանձնաժողովի, խորհրդի, ինչպես նաեւ փորձաշրջանի ղեկավարի ներկայացրած դրական եզրակացությունը հիմք է տնօրենի հետագա պաշտոնավարման համար:
11. Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Չատեստավորվելու դեպքում տնօրենի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները:
12. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացության դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:
13. Աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու օրվանից հաշված՝ մեկ ամսվա ընթացքում, տնօրենը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած դեպքերում եւ կարգով, խորհրդին է ներկայացնում ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:
14. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության արդյունքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է, եւ հավաստագրի գործողությունը դադարեցվում է:
15. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության դեպքում տվյալ անձը ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել միայն սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով քննություն հանձնելու եւ հավաստագիր ստանալու դեպքում:
16. Տնօրենը՝
1) խորհրդին է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման՝ իր կազմած ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.
2) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձեւավորվում է տարիֆիկացիան.
3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձեւավորում է հաստատությունում անհրաժեշտ հաստիքների անվանացանկը՝ կառավարության որոշմամբ հաստատված անվանացանկին համապատասխան.
4) ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները տրամադրում է համակարգողին` պահանջվող ծախսերը գնահատելու, նախահաշիվ կազմելու եւ լիազոր մարմին ներկայացնելու համար.
5) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության եւ հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների եւ սովորողների վարքականոնների պահպանման նկատմամբ.
6) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.
7) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը եւ տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժների հաշվետվությունները.
8) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.
9) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
10) նախարարության հաստատած ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում եւ խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների եւ սովորողների վարքագծի կանոնները.
11) համաձայն կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկի եւ նկարագրի` անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական այլ աշխատողների, հոգեբանի, մանկավարժահոգեբանական աշխատողների, դպրոցի Էլեկտրոնային կառավարման եւ դասավանդման ապահովման մասնագետի եւ գործավարի (օգնականի), իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, կնքում եւ լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.
12) ղեկավարում է մանկավարժական խորհրդի եւ առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները.
13) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը եւ ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները.
14) խրախուսում եւ խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.
15) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը հերթական եւ կամավոր ատեստավորումներին, իրականացնում ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, ատեստավորումից հետո դիտարկում է ուսուցչի յուրացրած գիտելիքների եւ կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում.
16) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության մարմիններում.
17) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական եւ արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
18) ապահովում է պարտադիր եւ արտադասարանական խմբակների, ուսումնական լաբորատորիաների բնականոն գործունեությունը.
19) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը եւ կրում է պատասխանատվություն կրթության որակի եւ բովանդակության համար.
20) ապահովում է լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
21) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ.
22) ապահովում է դպրոցում գործածության ենթակա փաստաթղթերի վարումը եւ պահպանումը.
23) սահմանված կարգով ձեւավորում է դպրոցի սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
24) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած եւ կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման եւ դպրոց ուղղորդման կամ վերաուղղորդման աշխատանքները, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում է սովորողի հաշվառման հասցեի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին.
25) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր.
26) օրենքով եւ դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.
27) իրականացնում է օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
17. Պետական ուսումնական հաստատության տնօրենը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 16-րդ մասով, օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի եւ խորհրդի որոշումների եւ կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ մանկավարժական աշխատողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, սովորողների եւ աշխատողների կյանքի, առողջության պահպանման համար:
18. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին հինգ տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ կամ ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
19. Պետական ուսումնական հաստատության համակարգողը՝
1) լիազոր մարմին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, տնօրենի հետ քննարկման արդյունքում կազմված՝ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ բյուջետային ֆինանսավորման մասին հայտը.
2) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձեւավորում է վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը՝ կառավարության սահմանած անվանացանկին համապատասխան.
3) գնահատում է տնօրենի տրամադրած՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը եւ ներկայացնում է լիազոր մարմին.
4) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման եւ իրականացման աշխատանքները, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման դեպքում ապահովում է ընդունման-հանձնման գործընթացը, մատուցվող ծառայությունների որակյալ կազմակերպումը.
5) համաձայն պաշտոնների անվանացանկի եւ պաշտոնի նկարագրի՝ կնքում եւ լուծում է վարչատնտեսական աշխատողների աշխատանքային պայմանագրերը.
6) ապահովում է պարտադիր եւ արտադասարանական խմբակների, ուսումնական լաբորատորիաների բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
7) ապահովում է անհրաժեշտ պայմաններ՝ ուսումնական պլանին համապատասխան կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.
8) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.
9) ապահովում է հաշվապահական հաշվառման իրականացումը եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ, իսկ գործառույթի արտապատվիրակման դեպքում՝ վերահսկում դրա կատարման որակը.
10) ապահովում է դպրոցում գործածության ենթակա վարչատնտեսական գործառույթներին վերաբերող փաստաթղթերի վարումը եւ պահպանումը.
11) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ կազմակերպություններում, բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս է լիազորագրեր.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
13) օրենքով եւ դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.
14) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին, ինչպես նաեւ խորհրդին ներկայացնում ամենամյա հաշվետվություն սույն մասով սահմանված գործառույթների կատարման մասին.
15) աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
16) ապահովում է լիազորված մարմնի՝ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
17) իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցում է վերապատրաստումների Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի եւ ժամանակացույցի համաձայն.
18) իրականացնում է օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
20. Պետական ուսումնական հաստատության համակարգողը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների եւ կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ անվտանգության տեխնիկայի ապահովման, վարչատնտեսական աշխատողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ սովորողների եւ աշխատողների կյանքի, առողջության եւ ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
21. Պետական ուսումնական հաստատության տնօրեն եւ համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը՝
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) որը դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
6) որը քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է:
22. Տնօրենը եւ համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսեւորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար:
23. Նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն եւ համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձինք:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում «Պետական» բառը փոխարինել «Ավարտական, պետական» բառերով:
Հոդված 5. Օրենքի 17.1-րդ հոդվածի՝
1) 12-րդ մասում «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» բառերը փոխարինել «Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները եւ» բառերով.
2) 13-րդ մասում «մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» բառերը փոխարինել «մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների եւ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3.1-ին կետ.
«3.1. Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողների դրույքը սահմանվում է՝
1) պարտադիր կրթության առաջին աստիճանում՝ տասնութ դասաժամ.
2) պարտադիր կրթության երկրորդ եւ երրորդ աստիճաններում՝ քսան դասաժամ:»:
2) 5-րդ մասում «համալրվելը» բառից հետո լրացնել «կամ հիմնական աշխատողի վերադարձը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը եւ տարակարգի շնորհումը
1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) կամ գիտամանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ`
1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող եւ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.
2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելու դեպքում աշխատանքի ընդունվելուց մեկ տարի հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:
3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ.
4) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում միջին մասնագիտական կրթություն ունեցող եւ կամավոր ատեստավորում անցած անձը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով):
4. Ուսուցչի մասնագիտական զարգացման ապահովման նպատակով իրականացվում է վերապատրաստում՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա՝ բարդության յուրաքանչյուր աստիճանի վերապատրաստումն անցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված շրջափուլում:
1) Վերապատրաստման արդյունքում ուսուցիչն ատեստավորվում է: Ուսուցչի վերապատրաստումը եւ հերթական ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքներին համապատասխան:
5. Մասնագիտական զարգացման գնահատված կարիքը վերապատրաստման տարրական մակարդակին համապատասխանելու դեպքում ուսուցիչը նույն ուսումնական տարում պարտադիր մասնակցում է վերապատրաստման եւ ատեստավորման՝ կամավոր ատեստավորման եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Հայաստանի Հանրապետութան կառավարության սահմանած կարգով հերթական ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:
7. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.
2) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
9. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
10. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում՝ պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:
11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել եւ մասնակցել կամավոր ատեստավորմանը:
12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության եւ հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման կամ մեկ տարվա ընթացքում վերաատեստավորման կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
13.Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում ենթակա է պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման՝ կամավոր ատեստավորման եղանակով: Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում եւ կարգով:
14. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից եւ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է դիմել կամավոր ատեստավորման՝ օրենսդրությամբ սահմանված դրական արդյունքի դեպքում:
15. Կամավոր կամ հերթական ատեստավորումների արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչեւ բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:
16. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:
17. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է եւ շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան:
18. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից:
19. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների եւ ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգեւատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները եւ այլն):
20. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.
2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:
21. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
22. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու եւ 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար:
23. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
24. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչեւ վերջնական որոշում կայացնելը:
25. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը եւ կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը եւ հավելավճարը պահպանվում են:
26. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման եւ տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 6-րդ կետում «բողոքարկման» բառից հետո լրացնել «, փորձաշրջանի սահմանման» բառերը.
2) 1-ին մասի 12.5)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12.5) հաստատում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների եւ մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը եւ կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին եւ մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը.».
3) 1-ին մասի 18.1)-րդ կետում «երեխաների բացահայտման» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող» բառերը.
4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 18.2) կետով.
«18.2) սահմանում է բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաեւ ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը.»:
Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 5-րդ կետում «մանկավարժահոգեբանական կենտրոնների» բառերից հետո լրացնել «եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների» բառը.
2) 26.9)-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 26.22)-րդ կետից հետո լրացնել նոր 26.23)-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«26.23) սահմանում է պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը.».
4) 11-րդ կետում «պետական» բառը փոխարինել «ավարտական, պետական» բառերով:
Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «նրանց» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների» բառերով.
2) 6.1) կետում «ատեստավորման» բառը փոխարինել «հերթական եւ կամավոր ատեստավորումների» բառերով:
Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «նրանց» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների» բառերով.».
Հոդված 12. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու եւ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հաստատության տնօրենի հավակնորդին տրվող հավաստագրի գործողության ժամկետի, դրանով պայմանավորված կարգավորումների հստակեցման, ինչպես նաեւ ուսուցչի մասնագիտական զարգացմանն ուղղված՝ հերթական եւ կամավոր ատեստավորումների գործընթացների արդյունքում կառավարության որոշումներով սահմանված դեպքերում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքերի տարանջատման, օրենքում որոշ հասկացություններ, լիազորող նորմերի ձեւակերպումներ ու դրույթներ վերանայելու անհրաժեշտությամբ:
Նախագծին հավանություն տալու անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի 12-րդ եւ 26-րդ հոդվածները նոր խմբագրությամբ շարադրելու հանգամանքով, եւ տնօրենին, վարչատնտեսական մասի համակարգողին եւ ուսուցչին վերաբերող անհրաժեշտ կարգավորումները հնարավորինս շուտ հաստատելու կարեւորությամբ՝ հաշվի առնելով ներկայում նոր մեխանիզմներով ընթացող գործընթացների խնդիրները լուծելու հրատապությունը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Տնօրենների հավաստագրման եւ պաշտոնում նշանակման գործընթացի դիտարկումները ցույց են տալիս հետեւյալը. հավաստագիրը անձին տրվում է «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի եւ Կրթության եւ գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 15-ի N 395-Ն հրամանի կարգավորումներին համապատասխան՝ 5 տարի ժամկետով:
Միաժամանակ, նախարարի վերոնշյալ հրամանով սահմանված են դրույթներ՝ հավաստագրի դադարեցման հիմքերի, դրա արդյունքում տնօրենի հետ կնքած պայմանագիրը լուծելու դեպքերի մասով:
Գործող իրավակարգավորումներով ստացվում է, որ ««Հանրակրթության մասին» օրենքով եւ վերոնշյալ հրամանով հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու եւ մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ նշանակվելուց հետո տնօրենի պաշտոնավարման համար հիմք է կնքված պայմանագիրը ժամկետը:
«Հանրակրթության մասին» օրենքում կա եւս մեկ կարգավորում, համաձայն որի՝ «Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչեւ իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց:»:
Կառավարման նոր համակարգի անցած հաստատության տնօրենի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանալու դեպքում զարգացման ծրագրի կատարողականի դրական արդյունքով տնօրենի հետ կնքվում է պաշտոնավարման հնգամյա նոր պայմանագիր, սակայն հավաստագրման պահանջ սահմանված չէ այն հիմնավորմամբ, որ կատարողական լավ արդյունք ցուցաբերած տնօրենը իր աշխատանքի արդյունավետությունն ապահովում է առավելապես ոլորտի օրենսդրության, հաստատությունում իրավիճակային կարգավորման ենթակա իրավահարաբերությունների լավ իմացության արդյունքում, որն էլ հավաստագրման բովանդակության հիմքում է դրված:
Նկարագրվածից հետեւում է, որ եթե սահմանված պահանջին համապատասխան՝ տնօրենը հավաստագրի առկայությամբ ընտրվել կամ նոր ընթացակարգով նշանակվել է հաստատության տնօրեն, պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել, բայց հավաստագրի ժամկետը լրացել է (հավաստագիր ստանալու օրվանից ավելի ուշ է տնօրենի պաշտոնին նշանակվել կամ պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է), ապա այս դեպքերում նույն հավաստագրի դադարեցման մասին կարգավորումները կիրառելի չեն լինում գործող այդ տնօրենների համար:
Ստացվում է՝ Կրթության եւ գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 15-ի N 395-Ն հրամանի 55-րդ կետի ենթակետերով սահմանված՝ տնօրենների հավաստագրի դադարեցման մասին հիմքերն ունեցող ոչ բոլոր տնօրենների համար կարող են գործել դրույթները, որովհետեւ մեծ թվով տնօրենների դեպքում հնարավոր է՝ հավաստագրի ժամկետի լրանալուց հետո կարող են առաջանալ դադարեցման հիմքեր:
Պաշտոնավարման ընթացքում հավաստագրի դադարեցման հիմքով կամ չատեստավորման հիմքով աշխատանքից ազատված անձը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին դիմելու համար նորից հավաստագրվելու անհրաժեշտություն է ունենալու, հաշվի առնելով, որ ոլորտի օրենսդրության իմացության, դրա կիրառման ուղղությամբ գիտելիքի վերազինման կարիք ունի:
Վերոգրյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում այնպիսի կարգավորում սահմանել, որ հստակեցեցվի եւ՛ հավաստագրի գործողության ժամկետն ու, տրամադրման նպատակը, եւ՛ հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ ազդեցությունը բոլորի վրա՝ կիրառման անհրաժեշտություն առաջանալու դեպքում:
2024 թվականից ծագած իրավահարաբերություններով՝ հաստատություններն անցել են վարչատնտեսական կառավարման, սակայն գործող օրենսդրությամբ կառավարման նոր համակարգի անցնելու հիմք է համարվում տնօրենի նշանակումը: Մեխանիզմի գործարկման ընթացքում դպրոցի բնականոն գործընթացը կազմակերպելու համար այս կարգավորումը խոչընդոտներ է ստեղծում այն առումով, որ երբեմն տարբեր հիմնավորումներով մի քանի անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվում, եւ համակարգողի կամ այս երկու գործադիր տնօրենների պարտականությունները կատարողների համար տարանջատված գործառույթներն իրականացնելը գրեթե անհնարին է դառնում: Մանավանդ որ որեւէ ժամկետային սահման չկա բովանդակային եւ վարչատնտեսական կառավարման անցնելու, եւ ուսումնական տարվա ցանկացած ժամկետում կարող է դպրոցը փաստացի 2 գործադիր տնօրենի մրցույթ հայտարարել, բայց հաստիքները չհամալրվեն:
Այս հիմնավորմամբ նախատեսվում է վերանայել դրույթը՝ կառավարման նոր համակարգի անցնելու սկիզբ է համարվում տնօրենի թափուր տեղ առաջանալու ժամկետը:
Պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական արդյունավետ ղեկավարման նպատակով գործառույթների պատվիրակման դեպքում համակարգողի համար սահմանվում են գործընթացը վերահսկելու մասով կարգավորում:
Տնօրենի գործառույթներում լրացվել է օրենսդրությամբ սահմանված՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած եւ կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման եւ դպրոց ուղղորդման կամ վերաուղղորդման աշխատանքների իրականացման մասին կարգավորում:
Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում նոր մեխանիզմով ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման գործող համակարգերի գործարկումը առաջացրել է հերթական եւ կամավոր ատեստավորումների արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերը առանձին դրույթներով եւ բավարար հստակությամբ սահմանելու անհրաժեշտություն:
2023 թվականին կամավոր ատեստավորման արդյունքում 2-րդ անգամ բավարար արդյունք չցուցաբերած ուսուցիչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ենթակա էր լուծման, սակայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջով միաժամանակ 2 ատեստավորումների արդյունքով միայն հնարավոր կլիներ վերոնշյալ որոշման պահանջը ապահովել: Ուստի անհրաժեշտ է երկու ատեստավորումների համար տարանջատել հնարավոր հետեւանքների մասով կարգավորումները:
Անհրաժեշտություն է առաջացել սահմանելու նաեւ ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի իմացությունը՝ որպես մասնագիտական զարգացման գնահատված կարիք լինելու դեպքին վերաբերող կարգավորում, որի համաձայն՝ ուսուցիչը նույն տարում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պարտադիր մասնակցում է կամավոր ատեստավորման համար իրականացվող վերապատրաստման, որից հետո՝ կամավոր ատեստավորման:
ՀՀ կառավարության լիազորող նորմերում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգի փոխարեն առաջարկվում է սահմանել դպրոցահասակ երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների եւ մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգի հաստատման համար լիազորող նորմ՝ հաշվի առնելով, որ նպատակահարմար է մեկ միասնական կարգով եւ մեխանիզմով սահմանել վերոնշյալ մասնագետների կամավոր ատեստավորման համար ներդրվող միջոցառումը: Նախատեսվում է դպրոցներում աշխատող շահառուների համար եւս հնարավորություն ընձեռել մասնագիտական կարողություններն ստուգելու եւ վարձատրության բարձրացում ունենալու:
30-րդ հոդվածի 1-ին մասի 26.9-րդ կետով սահմանված՝ տնօրենի հավաստագրումից առաջ պարտադիր վերապատրաստման, հետեւաբար նաեւ կարգի գործարկումը այլեւս կիրառելի չէ, ուստի լիազորող նորմի անհրաժեշտությունը բացակայում է:
ԿԳՄՍ նախարարության ենթակայության հաստատությունների շարքում ավելացվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների անվանումը:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ 154-Ն որոշման մեջ Պարտադիր կրթությունից դուրս մնացած եւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման եւ հաստատություն ուղղորդման մասով կարգավորումներ են սահմանված, որոնք անհրաժեշտ է ավելացնել լիազորող նորմում՝ բովանդակության ամբողջականության ու վերնագրի անհամապատասխանության բացը լրացնելու համար:
Պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման եւ հաստատություն ուղղորդման մասով հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի եւ Երեւանի քաղաքապետի իրավասություններում ավելացվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ վերջինների գործառույթներից բխող համապատասխան կարգավորում:
Տնօրենների ընտրությունը եւ նշանակումը նոր ձեւաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հարցազրույցի ժամանակ անցողիկ ձայներ հավաքած հավակնորդները լիարժեք կարողություններ եւ հմտություններ չեն կարողանում դրսեւորել, բայց մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանն է արժանանում՝ հնարավորություն ստանալով տնօրեն նշանակվելու: Երբեմն անցողիկ շեմը հաղթահարած հավակնորդները գյուղական բնակավայրերի ուսումնական հաստատությունների թափուր տեղի համար դիմած անձինք են, որտեղ տնօրենի տեղը տեւական ժամանակ թափուր է մնում՝ այլ հավակնորդ չլինելու կամ բավարար կարողություններ ունեցող անձ չլինելու դեպքում: Այս դեպքում անցողիկ ձայներ հավաքած եւ նշանակված տնօրենի համար անհրաժեշտություն է առաջանում փորձաշրջան սահմանել, որին կցվում է ղեկավար (որը նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցի տնօրեն է)՝ աջակցելու, ինչպես նաեւ փորձաշրջանի ավարտին երակացություն տրամադրելու համար: Մասնագիտական հանձնաժողովի, փորձաշրջանի ղեկավարի եւ խորհրդի ներկայացրած դրական եզրակացությունները հիմք են դառնալու տնօրենի գործունեությունը շարունակելու համար: Ներկայում մենթոր դպրոցների համար նախատեսված է ֆինանսավորում, եւ փորձաշրջանի ղեկավարի վարձատրությունը նախատեսվում է այդ ֆինանսավորման շրջանակում, ուստի լրացուցիչ միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի առաջանում:
Ներկայում հաստատություններում վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման գործընթաց է մեկնարկել, որի արդյունքում գնումների եւ հաշվապահության գործառույթները կիրականացվեն կենտրոնացված եղանակով: Արդյունքում որակավորում եւ լավ կարողություններ ունեցող գլխավոր հաշվապահները կարող են աշխատանքից ազատվելու խնդրի առջեւ կանգնել: Հաշվի առնելով, որ վերջինները հաստատության բյուջեի պլանավորման, տարիֆիկացիայի, ֆինանսական նախահաշիվների եւ հաշվետվությունների կազմման կարողություններ ունեն, հետեւաբար կարող են դիմել համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար՝ ապահովելով առաջարկվող հետեւյալ պահանջները՝ բարձրագույն կրթություն եւ ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերանայվել են մի շարք ձեւակերպումներ:
3. Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ ազդեցության հնարավորությունը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված՝ հերթական եւ կամավոր ատեստավորումների արդյունքում չատեստավորված մասնագետների հետ պայմանագրի լուծման մասով դրույթների հստակ տարանջատման արդյունքում այլեւս այդ երկու ատեստավորումները միաժամանակ չեն դիտարկվի, այլ առանձին կետերով կկարգավորվեն՝ կիրառողների եւ շահառուների համար հստակ եւ հասկանալի դարձնելով հնարավոր հետեւանքների մասին դրույթները:
Ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքը առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցիչը նույն տարում պարդադիր մասնակցելու է պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ կամավոր ատեստավորմանը:
Կսահմանվի ուսումնական հաստատություններում վարչատնտեսական կառավարման անցնելու մեկնարկային ժամկետ, որի արդյունքում տնօրենի թափուր տեղ առաջանալու պահից սկսած՝ նշանակված գործադիր մարմինների կամ ժամանակավոր պաշտոնակատարների համար հետագա անելիքները հստակ պլանավորելու եւ իրականացնելու հնարավորություն կընձեռվի:
Հավաստագրի գործողության ժամկետը կհստակեցվի՝ նշանակված գործող տնօրենների համար դարձնելով այն անժամկետ նաեւ այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքում պայմանագրի ժամկետը երկարաձգվել է, իսկ նոր մրցույթին մասնակցող անձի համար առնվազն 5 տարի առաջ հավաստագրված լինելու մասին կարգավորում կսահմանվի:
Օրենքի լրամշակման արդյունքում հնարավոր կլինի հավաստագրման դիմած անձանց համար կիրառելի դարձնել 12-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված սահմանափակումները՝ գործող պրակտիկայում հանդիպող դեպքերում լրացուցիչ ռեսուրսներ խնայելու տեսանկյունից:
Հանրակրթության բովանդակության փոփոխությունները կլինի առավել արդյունավետ իրականացնել՝ հնարավորինս զերծ մնալով հակասություններից եւ անհամապատասխանու-թյուններից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Սույն նախագծով իրականացվող փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների եւ հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ եւ ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձեւավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին:
Նախագծի անհրաժեշտությունը բխում է «2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն» ծրագրի «Մինչեւ 2030 թվականի մեգանպատակների» գործողությունների «1.Կիրթ եւ կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» համար 01 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական եւ հանրամատչելի զարգացման եւ յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարեւոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության եւ առողջության պատասխանատուն:»:
Սույն նախագծով սահմանված գործընթացի իրականացումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների եւ հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ եւ ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձեւավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին:», 3-րդ՝ ««Հանրակրթության ոլորտի առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հանրակրթության ամբողջական եւ շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարը մինչեւ 2026 թվականը հանրակրթության նոր չափորոշիչների ամբողջական ներդնումն է հանրապետության բոլոր դպրոցների բոլոր դասարաններում՝ ապահովելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքի, ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության, բարձրորակ ուսուցչական համակազմի եւ դպրոցների թափանցիկ ու արդյունավետ կառավարման ամբողջություն: Այս նպատակի իրագործման հիմնական թիրախներն են» պարբերություններով եւ 3-րդ պարբերության 5-րդ կետով՝ «ստեղծել արդյունավետ, բաց, կատարողականի եւ վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման եւ ֆինանսավորման համակարգեր՝ թվայնացնելով գործընթացները, կրճատելով վարչարարությունն ու կոռուպցիոն ռիսկերը, զարգացնելով հաստատությունների կառավարման կարողությունները» սահմանված նպատակներից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1. ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական եւ հանրամատչելի զարգացման եւ յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարեւոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության եւ առողջության պատասխանատուն:»:
ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության եւ գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց գիտելիքների եւ հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ եւ ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձեւավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը եւ գերակայություններին:», 2-րդ՝ «Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության եւ կրթական ծրագրերի արդիականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման եւ կառավարման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրախուսվելու է նաեւ կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում:» պարբերություններից, «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1. ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 01 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից՝ «Գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական եւ հանրամատչելի զարգացման եւ յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարեւոր է, որքան պարտականությունների ու պարտավորությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության եւ առողջության պատասխանատուն:», «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 5-րդ՝ «Ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը եւ գործողությունների շրջանակը» գլխի 80-րդ՝ «Համընդհանուր ներառական, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը ենթադրում է բոլորի համար որակյալ կրթական ծառայությունների մատչելիություն եւ հասանելիություն հանրապետության ողջ տարածքում» կետի 3-րդ՝ «Այս ուղղությամբ քաղաքականությունների ու գործողությունների շրջանակը ներառում է կրթության կազմակերպման սովորողակենտրոն մեխանիզմների ընդլայնում.» բ) ենթակետի՝ «պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելման, դուրս մնացած երեխաների հայտնաբերման եւ նրանց կրթական համակարգ վերաներառման մեխանիզմների գործարկում» եւ 86-րդ կետի՝ «Ծրագրի իրականացումը կապահովի 2030թ. հետեւյալ արդյունքային շրջանակը.» է) ենթակետի՝ «ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից» սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:
««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ կառաջանա բյուջեի ծախսերի ավելացում. այն է՝ մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների համար 2025 թվականի կտրվածքով՝ 96241,2 հազար դրամի չափով (ցուցանիշն առաջարկված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025-2027 թթ. ՄԺԾԾ հայտով՝ հաշվի առնելով, որ միջոցառումն ամրագրված է նաեւ ՀՀ կառավարության 2023 թվականի 16 մարտի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 351-Լ որոշման «Հանրակրթություն» բաժնի 2.2.5 գործողությամբ եւ նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբեր ամսից:):
Միաժամանակ հայտնում եմ, որ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում