Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 14-րդ կետում «գործընթաց» բառից հետո լրացնել «, որը համարժեք է գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատմանը եւ դրա նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները» բառերով.
2) 15-րդ կետից հետո լրացնել նոր 16-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«16) մենթոր դպրոց՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ընտրված ուսումնական հաստատություն, որը վերապատրաստումների եւ խորհրդատվությունների միջոցով նպաստում է հանրակրթական պետական չափորոշչի եւ հանրակրթության հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը:».
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «նրանց» բառը փոխարինել «որոնց» բառով.
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 12. Պետական ուսումնական հաստատության տնօրենը, համակարգողը եւ նրանց իրավասությունները
1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը եւ համակարգողը նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:
2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (այսուհետ նաեւ՝ հավաստագիր) ստացած անձը:
3. Հավաստագրի համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարվա ընթացքում գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Հավաստագրի համար կարող է դիմել սույն հոդվածի 21-րդ մասով սահմանված սահմանափակումներ չունեցող անձը:
4. Հավաստագրումն անցկացվում է հետեւյալ փուլերով.
1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.
2) մասնակցություն վերապատրաստումներին՝ դիմողի նախաձեռնությամբ.
3) քննություն՝ թեստավորման միջոցով.
4) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում:
5. Քննությունների եւ հավաստագրման ընթացակարգերը, պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաեւ հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
6. Սահմանված կարգով քննություն հանձնած եւ անցողիկ շեմը հաղթահարած անձը համարվում է հավաստագրված:
7. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
8. Հավաստագիր ստացած անձը հավաստագիրն ստանալու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում կարող է մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին:
8.1. Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնավարման ողջ ընթացքում հավաստագիրը շարունակում է գործել, բացառությամբ սույն օրենքով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված՝ հավաստագրի գործողության դադարեցման դեպքերի:
8.2. Պաշտոնավարման ընթացքում հավաստագրի դադարեցման հիմքով աշխատանքից ազատված անձը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին դիմելու համար հավաստագրվում է:
8.3. Հավաստագրի գործողության՝ սահմանված կարգով դադարեցումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:
9. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը հայտարարում է համապատասխան լիազոր մարմինը: Հավակնորդների ընտրության նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմինը ձեւավորում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է լիազոր մարմնի կողմից տնօրենի նշանակման համար:
9.1. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հավակնորդը լիազոր մարմին է ներկայացնում՝
1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը.
3) ուսումնական հաստատության հինգ տարվա զարգացման՝ իր կազմած ծրագիրը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետում նշանակված տնօրենի համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած դեպքերում եւ կարգով կարող է սահմանվել փորձաշրջան (փորձաշրջանի համար նշանակվում է ղեկավար), որի ավարտին տնօրենն իր կազմած զարգացման ծրագրի կատարողական հաշվետվությունը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին եւ խորհրդին: Մասնագիտական հանձնաժողովի, խորհրդի, ինչպես նաեւ փորձաշրջանի ղեկավարի ներկայացրած դրական եզրակացությունը հիմք է տնօրենի հետագա պաշտոնավարման համար:
11. Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: Չատեստավորվելու դեպքում տնօրենի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները:
12. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացության դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:
13. Աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու օրվանից հաշված՝ մեկ ամսվա ընթացքում, տնօրենը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած դեպքերում եւ կարգով, խորհրդին է ներկայացնում ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:
14. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության արդյունքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է, եւ հավաստագրի գործողությունը դադարեցվում է:
15. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության դեպքում տվյալ անձը ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել միայն սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով քննություն հանձնելու եւ հավաստագիր ստանալու դեպքում:
16. Տնօրենը՝
1) խորհրդին է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման՝ իր կազմած ծրագիրը եւ դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.
2) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձեւավորվում է տարիֆիկացիան.
3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձեւավորում է հաստատությունում անհրաժեշտ հաստիքների անվանացանկը՝ կառավարության որոշմամբ հաստատված անվանացանկին համապատասխան.
4) ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները տրամադրում է համակարգողին՝ պահանջվող ծախսերը գնահատելու, նախահաշիվ կազմելու եւ լիազոր մարմին ներկայացնելու համար.
5) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության եւ հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների եւ սովորողների վարքականոնների պահպանման նկատմամբ.
6) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.
7) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը եւ տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժների հաշվետվությունները.
8) մասնակցում է խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով.
9) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
10) նախարարության հաստատած ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում եւ խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների եւ սովորողների վարքագծի կանոնները.
11) համաձայն կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկի եւ նկարագրի՝ անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական այլ աշխատողների, հոգեբանի, մանկավարժահոգեբանական աշխատողների, դպրոցի Էլեկտրոնային կառավարման եւ դասավանդման ապահովման մասնագետի եւ գործավարի (օգնականի), իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, կնքում եւ լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.
12) ղեկավարում է մանկավարժական խորհրդի եւ առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները.
13) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը եւ ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները.
14) խրախուսում եւ խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.
15) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը հերթական եւ կամավոր ատեստավորումներին, իրականացնում ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, ատեստավորումից հետո դիտարկում է ուսուցչի յուրացրած գիտելիքների եւ կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում.
16) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության մարմիններում.
17) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական եւ արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
18) ապահովում է պարտադիր եւ արտադասարանական խմբակների, ուսումնական լաբորատորիաների բնականոն գործունեությունը.
19) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը եւ կրում է պատասխանատվություն կրթության որակի եւ բովանդակության համար.
20) ապահովում է լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
21) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ.
22) ապահովում է դպրոցում գործածության ենթակա փաստաթղթերի վարումը եւ պահպանումը.
23) սահմանված կարգով ձեւավորում է դպրոցի սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
24) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած եւ կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման եւ դպրոց ուղղորդման կամ վերաուղղորդման աշխատանքները, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում է սովորողի հաշվառման հասցեի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին.
25) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր.
26) օրենքով եւ դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.
27) իրականացնում է օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
17. Պետական ուսումնական հաստատության տնօրենը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 16-րդ մասով, օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի եւ խորհրդի որոշումների եւ կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ մանկավարժական աշխատողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, սովորողների եւ աշխատողների կյանքի, առողջության պահպանման համար:
18. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին հինգ տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ կամ ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
19. Պետական ուսումնական հաստատության համակարգողը՝
1) լիազոր մարմին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, տնօրենի հետ քննարկման արդյունքում կազմված՝ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ բյուջետային ֆինանսավորման մասին հայտը.
2) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձեւավորում է վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը՝ կառավարության սահմանած անվանացանկին համապատասխան.
3) գնահատում է տնօրենի տրամադրած՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը եւ ներկայացնում է լիազոր մարմին.
4) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման եւ իրականացման աշխատանքները, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման դեպքում ապահովում է ընդունման-հանձնման գործընթացը, մատուցվող ծառայությունների որակյալ կազմակերպումը.
5) համաձայն պաշտոնների անվանացանկի եւ պաշտոնի նկարագրի՝ կնքում եւ լուծում է վարչատնտեսական աշխատողների աշխատանքային պայմանագրերը.
6) ապահովում է պարտադիր եւ արտադասարանական խմբակների, ուսումնական լաբորատորիաների բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները.
7) ապահովում է անհրաժեշտ պայմաններ՝ ուսումնական պլանին համապատասխան կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.
8) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.
9) ապահովում է հաշվապահական հաշվառման իրականացումը եւ օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ, իսկ գործառույթի արտապատվիրակման դեպքում՝ վերահսկում դրա կատարման որակը.
10) ապահովում է դպրոցում գործածության ենթակա վարչատնտեսական գործառույթներին վերաբերող փաստաթղթերի վարումը եւ պահպանումը.
11) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ կազմակերպություններում, բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս է լիազորագրեր.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
13) օրենքով եւ դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.
14) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին, ինչպես նաեւ խորհրդին ներկայացնում ամենամյա հաշվետվություն սույն մասով սահմանված գործառույթների կատարման մասին.
15) աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
16) ապահովում է լիազորված մարմնի՝ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
17) իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցում է վերապատրաստումների Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի եւ ժամանակացույցի համաձայն.
18) իրականացնում է օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
20. Պետական ուսումնական հաստատության համակարգողը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների եւ կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ անվտանգության տեխնիկայի ապահովման, վարչատնտեսական աշխատողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ սովորողների եւ աշխատողների կյանքի, առողջության եւ ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:
21. Պետական ուսումնական հաստատության տնօրեն եւ համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը՝
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) որը դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
6) որը քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է:
22. Տնօրենը եւ համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսեւորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար:
23. Նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն եւ համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձինք:»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում «Պետական» բառը փոխարինել «Ավարտական, պետական» բառերով:
Հոդված 5. Օրենքի 17.1-րդ հոդվածի՝
1) 12-րդ մասում «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» բառերը փոխարինել «Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները եւ» բառերով.
2) 13-րդ մասում «մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի» բառերը փոխարինել «մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների եւ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3.1-ին կետ.
«3.1. Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողների դրույքը սահմանվում է՝
1) պարտադիր կրթության առաջին աստիճանում՝ տասնութ դասաժամ.
2) պարտադիր կրթության երկրորդ եւ երրորդ աստիճաններում՝ քսան դասաժամ:»:
2) 5-րդ մասում «համալրվելը» բառից հետո լրացնել «կամ հիմնական աշխատողի վերադարձը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 26. Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը եւ տարակարգի շնորհումը
1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) կամ գիտամանկավարժական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:
2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ՝
1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող եւ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական եւ ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.
2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով: Անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելու դեպքում աշխատանքի ընդունվելուց մեկ տարի հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:
3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ.
4) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում միջին մասնագիտական կրթություն ունեցող եւ կամավոր ատեստավորում անցած անձը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով):
4. Ուսուցչի մասնագիտական զարգացման ապահովման նպատակով իրականացվում է վերապատրաստում՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա՝ բարդության յուրաքանչյուր աստիճանի վերապատրաստումն անցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված շրջափուլում:
1) Վերապատրաստման արդյունքում ուսուցիչն ատեստավորվում է: Ուսուցչի վերապատրաստումը եւ հերթական ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքներին համապատասխան:
5. Մասնագիտական զարգացման գնահատված կարիքը վերապատրաստման տարրական մակարդակին համապատասխանելու դեպքում ուսուցիչը նույն ուսումնական տարում պարտադիր մասնակցում է վերապատրաստման եւ ատեստավորման՝ կամավոր ատեստավորման եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Հայաստանի Հանրապետութան կառավարության սահմանած կարգով հերթական ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:
7. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
8. Հերթական ատեստավորման ենթակա չէ՝
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.
2) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
9. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
10. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում՝ պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:
11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ կարող են դիմել եւ մասնակցել կամավոր ատեստավորմանը:
12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության եւ հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման կամ մեկ տարվա ընթացքում վերաատեստավորման կամ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
13.Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում ենթակա է պարտադիր վերապատրաստման եւ ատեստավորման՝ կամավոր ատեստավորման եղանակով: Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում եւ կարգով:
14. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից եւ ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է դիմել կամավոր ատեստավորման՝ օրենսդրությամբ սահմանված դրական արդյունքի դեպքում:
15. Կամավոր կամ հերթական ատեստավորումների արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն: Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչեւ բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:
16. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:
17. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է եւ շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան:
18. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով՝ փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանրապետական հանձնաժողով) կողմից:
19. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների եւ ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգեւատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները եւ այլն):
20. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.
2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:
21. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
22. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու եւ 5 տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար:
23. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
24. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչեւ վերջնական որոշում կայացնելը:
25. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի տարակարգը եւ կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը եւ հավելավճարը պահպանվում են:
26. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցել կամավոր ատեստավորման եւ տարակարգի շնորհման գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին:»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 6-րդ կետում «բողոքարկման» բառից հետո լրացնել «, փորձաշրջանի սահմանման» բառերը.
2) 1-ին մասի 12.5)-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12.5) հաստատում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների եւ մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը եւ կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին եւ մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը.».
3) 1-ին մասի 18.1)-րդ կետում «երեխաների բացահայտման» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող» բառերը.
4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 18.2) կետով.
«18.2) սահմանում է բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաեւ ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը.»:
Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 5-րդ կետում «մանկավարժահոգեբանական կենտրոնների» բառերից հետո լրացնել «եւ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների» բառը.
2) 26.9)-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 26.22)-րդ կետից հետո լրացնել նոր 26.23)-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«26.23) սահմանում է պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը.».
4) 11-րդ կետում «պետական» բառը փոխարինել «ավարտական, պետական» բառերով:
Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «նրանց» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների» բառերով.
2) 6.1) կետում «ատեստավորման» բառը փոխարինել «հերթական եւ կամավոր ատեստավորումների» բառերով:
Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «նրանց» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների» բառերով.».
Հոդված 12. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու եւ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: