Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-893-23.07.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 18-րդ հոդվածից հետո լրացնել նոր 18.1-ին հոդված` հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 18.1. Հարկային վարչարարությանն աջակցման ծրագրեր

1.  Հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10.1-ին մասում «10-րդ մասով» բառերը փոխարինել «10-րդ եւ 11-րդ մասերով» բառերով:

Հոդված 3. Oրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասում «0.04» թիվը փոխարինել «0.075» թվով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,  բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: 2025 թվականի հունվարի 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաեւ այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը եւ նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

1) հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է՝  այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ստուգվել է հարկային մարմնի կողմից կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, իսկ տրանսֆերային գնագոյացման հաշվարկի դեպքում՝ հինգ տարի կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել թեմատիկ ուսումնասիրությամբ: Նշված դեպքերից բացառություն են կազմում հարկային պարտավորությունն ավելացնող եւ (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերը: Խնդիրն այն է, որ այդ բացառությունը չի վերաբերում այն հաշվետու ժամանակաշրջանին, որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից, ինչպես նաեւ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով,

2) մինչեւ 01.01.2018թ. հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի կողմից վճարման ենթակա տույժի չափը սահմանված էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքով` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով: 01.01.2018թ.-14.05.2020թ. ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի խմբագրության համաձայն՝  հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում էր տույժ` 0.075 տոկոսի չափով:

Նպատակ ունենալով մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքները, կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը, նվազեցնել հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու արդյունքում տույժերի տեսքով գոյացող հարկային բեռը՝ 22.04.2020թ. ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքով (ուժի մեջ է 14.05.2020թ.) տույժի չափը սահմանվել է 0.04 տոկոս: Միաժամանակ, ապառքների գանձելիության ապահովման տեսանկյունից ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ առեւտրային բանկերի կողմից վարկային պարտավորությունների չկատարման դեպքում սահմանված տույժերն (բանկերի մեծամասնության դեպքում՝ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով) ավելի քան 3 անգամ գերազանցում են հարկային պարտավորությունները չկատարելու համար սահմանված տույժի չափը: Նշված հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ հարկ վճարողները կգերադասեն առաջնային կարգով մարել բանկի հանդեպ ունեցած իրենց վարկային պարտավորությունները, այնուհետեւ միայն՝ պետության հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է՝

- սահմանել, որ hարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները,

- սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող եւ (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաեւ այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաեւ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով,

- հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու տույժի դրույքաչափը վերականգնել նախկին՝ 0.075 տոկոս դրույքաչափը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը եւ նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է հետեւյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.

- ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառուման հետ,

- ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի «2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» նպատակի «1. Հարկային եւ մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի իրականացման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն