Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-895-29.07.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք)  22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «2) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա հիմնական կրթությունը ավարտելու տարում՝ առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունված եւ սովորող քաղաքացուն: Սույն կետի համաձայն՝ հանրակրթական կամ արհեստագործական ծրագրերով սովորելու դեպքում տարկետում տրվում ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին՝  ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը:»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 22-րդ հոդվածի 5.1-ին մասը:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում «5.1-ին» թիվը փոխարինել «7-րդ» թվով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու գործընթացների կատարելագործմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենք 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ մասի, 5-րդ եւ 5.1 մասերի կարգավորումներով: Նշված կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է մինչեւ 19 տարեկանը՝ պաշտպանության նախարարության, իսկ 19 տարեկանից հետո՝ ՀՀ կառավարության որոշումներով: Նման կարգավորման արդյունքում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ պաշտպանության նախարարության կողմից իրականացվում է կրկնակի վարչարարություն, քանի որ գործող կարգավորումների համատեքստում եթե քաղաքացին սովորում է հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով, ապա նրան պետք է տրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նման վարչարարությունը խնդիրներ է ստեղծում ինչպես քաղաքացիների այնպես էլ համապատասխան պետական մարմինների համար:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Նախագծով հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը, որի արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերի համար պարզ կլինի տարկետման գործընթացը:

Ներկայացված կարգավորման արդյունքում ամբողջապես կկրճատվի փաստաթղթաշրջանառության բարդ եւ ծավալուն ընթացակարգը, կբացառվեն տեխնիկական եւ վարչատնտեսական հնարավոր բացթողումները եւ վրիպակները: Էապես կբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

4. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն