Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-896-07.08.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 3.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1 Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով սահմանված ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման եւ զարգացման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ժ. «ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձեւավորման, ֆինանսավորման եւ կատարման կարգը»,

2) 2-րդ կետը լրացնել նոր՝ «ժե», «ժզ» եւ «ժէ» ենթակետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ժե. «ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի եւ բաղադրիչների ֆինանսավորման կարգը»,

«ժզ. «ռազմական ապրանքի լրամասերի եւ բաղադրիչների ձեռքբերման ու պահուստավորման կարգը»,

«ժէ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը.»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 3-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել՝ հետեւյալ խմբագրությամբ.

«ժա. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը»:

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր՝ «5.1»-րդ գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 5.1

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 14.1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ աշխատանքների կատարումը, դրանց արդյունքների փորձարկումները

1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներն (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) իրականացվում են համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգի հիման վրա:

2. Պետական (միջգերատեսչական) փորձարկումներ անցկացնող միջգերատեսչական փորձարկումների հանձնաժողովն իրականացնում է պայմանագրի փուլի աշխատանքների եւ փորձարկումների արդյունքների ընդունում: Հանձնաժողովը ձեւավորվում է պաշտպանության եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ընդունված համատեղ հրամանով:

Հոդված 14.2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների, փորձանմուշների հանձնման-ընդունման աշխատանքները

1. Ավարտված ԳՀՓԿԱ արդյունքներն ընդունվում են գնումների մասին օրենսդրության եւ համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգի հիման վրա:

2. Պետական պատվիրատուն ԳՀՓԿԱ արդյունքների իրագործումն ապահովելու նպատակով իր կողմից ընդունված պայմանագրի արդյունքները հանձնում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին՝ ԳՀՓԿԱ նպատակներին համապատասխան օգտագործելու համար:

3.ԳՀՓԿԱ արդյունքների հանձնում-ընդունումն իրականացվում է որպես պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի եւ արդյունքն ընդունող պետական շահագրգիռ մարմնի ղեկավարների համատեղ հրամաններով:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին սահմանելու, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության առանձին ծրագրերի հաստատման համար Հայաստանի Հանրապետության կառավարության համար լիազորող նորմ ամրագրելու, ինչպես նաեւ ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների եւ ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման համար, կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման եւ հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների եւ դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Հարկ է նկատել, որ ներկայումս ԳՀՓԿԱ արդյունքների հանձնումն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որը շրջանառելու եւ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու գործընթացը հիմնականում ձգձգում է ԳՀՓԿԱ արդյունքները պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնին հանձնելու գործընթացը: Մինչդեռ նշված գործընթացն առավել արդյունավետ եւ արագ կազմակերպելու եւ ստեղծված արդյունքները պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի կարիքների համար օգտագործելու նպատակով Նախագծով առաջարկվում է հանձնումն իրականացնել պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի ղեկավարի եւ արդյունքն ընդունող պետական մարմինների ղեկավարների համատեղ հրամաններով, ինչի կանոնակարգման համար եւս անհրաժեշտ է Օրենքով համապատասխան իրավական հիմքեր ստեղծել:

Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ: Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի եւ բաղադրիչների ձեռքբերում եւ պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը եւ ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: Նշված գործառույթները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով:

Տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում իրականության մեջ ռազմարդյունաբերական սուբյեկտ չհանդիսացող բազմաթիվ սուբյեկտներ սեփական նախաձեռնությամբ եւ սեփական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքում ստանում են տարբեր խնդիրներ լուծող ռազմական նշանակության որոշակի տեխնիկական բնութագրերով արտադրանք կամ լրամասեր: Այս արտադրանքների, լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, դրանց տեխնիկական բնութագրերի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման համար լիազոր մարմնին տրվում է համապատասխան գործընթացների կազմակերպման լիազորություն՝ դրանք հետագայում ռազմարդյունաբերական ոլորտում կիրառելու համար:

3. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխությամբ եւ լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների եւ դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ եւ դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության նպատակով օգտագործելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն