Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 5-րդ հոդված 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները, ինչպես նաեւ այն պետական մարմինները, որոնց զինծառայողները կարող են օգտվել այդ հատուցումներից:
«Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 7-րդ կետի համաձայն՝ Ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «(...) Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաեւ այլ զորքերը: (...)»:
«Զինվորական ծառայության եւ զիծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով՝ զինծառայողներ են համարվում պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության եւ պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:»
Մինչեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի եւ ՀՀ վարչապետի 2023թ. մարտի 29-ի N 354-Լ որոշման ընդունումն ու ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ նաեւ Ծառայություն) ընդգրկված է եղել ՀՀ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում՝ գրասենյակի կարգավիճակով, ուստի քննարկվող Օրենքի դրույթները հավասարապես տարածվել են նաեւ Ծառայության զինծառայողների վրա:
Ծառայությունը ստեղծվել է ՀՀ ազգգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, Ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023թ. մարտի 29-ի N 354-Լ որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. մարտի 30-ից:
Վերոգրյալի արդյունքում Ծառայության զինծառայողները դուրս են մնացել քննարկվող Օրենքի կարգավորման շրջանակներից, եւ հաշվի առնելով, որ Ծառայության զինծառայողները պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ կարող են ոչ միայն ընդգրկվել զինված ուժերի կազմում, այլ նաեւ մասնակցեն ՀՀ պաշտպանությանը («Պաշտպանություն» հասկացությունը սահմանված է «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով), իրականացնելով ինչպես մարտական հերթապահություն, այնպես էլ առաջնագծում կատարեն ծառայողական պարտականություններ, անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծով առաջարկվող լրացումը:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Օրենքի մեջ կատարել համապատասխան լրացումը, որպեսզի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաեւ Ծառայության զինծառայողների վրա:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի դրույթները կտարածվեն նաեւ Ծառայության զինծառայողների վրա:
5.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացումներ եւ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ:
6.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից «Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» եւ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ մինչեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով Ծառայության ստեղծումը Օրենքի դրույթները հավասարապես տարածվել են նաեւ Ծառայության զինծառայողների վրա, ուստի Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում