Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-901-16.08.2024-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 8-րդ կետից հանել «եւ կենդանիների» բառերը.

2) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«25) պեստիցիդ՝ բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է բույսերի հիվանդությունների, որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց եւ կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացները խոչընդոտող վնասատուների) եւ բույսերի անցանկալի տեսակների տարածման ու զարգացման կանխարգելման կամ ոչնչացման համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), տզասպանները (ակարիցիդներ), կրծողասպանները (ռոտենդիցիդներ), սնկասպանները (ֆունգիցիդներ), մանրէասպանները (բակտերիոցիդներ), նեմատոդասպանները (նեմատոցիդներ), մոլախոտասպանները (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, բույսերի պատվաստանյութերը, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները, ֆումիգանտները եւ այլն.».

3) 28-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ եւ 37-րդ կետերը.

«29) ազդող նյութ՝ պեստիցիդի պատրաստուկային ձեւի մեջ առկա կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը.

30) ֆերոմոն՝ կենդանի օրգանիզմների ներզատիչ եւ արտազատիչ գեղձերի գործունեության արգասիք հանդիսացող բուրավետ նյութերի անալոգ սինթետիկ քիմիական պատրաստուկ, որը հանդիսանում է պեստիցիդ եւ կիրառվում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, դրանց տարածումը, զարգացումը կանխարգելելու, նվազեցնելու, ինչպես նաեւ վնասակար օրգանիզմների զարգացմանը, թռիչքի շարժին հետեւելու եւ դրանց դեմ միջատասպանների կիրառման ժամկետները որոշելու համար: Ֆերոմոնները վնասակար օրգանիզմների կենսաքիմիական պրոցեսների վրա ազդելու փոխարեն խաթարում են վերջիններիս զուգավորման բնական ցիկլը.

31) դեֆոլիանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որը բույսերի մոտ առաջացնում է արհեստական տերեւաթափ: Որոշակի չափաքանակով կիրառման դեպքում բույսերի կենսունակությունը դրանից չի նվազում եւ գյուղատնտեսության մեջ օգտագործվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.

32) դեսիկանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որն արագացնում է մշակաբույսերի հասունացումը, չորացումը, կիրառվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.

33) ֆումիգանտ՝ պեստիցիդ հանդիսացող գազային վիճակով քիմիական նյութ, որը կիրառվում է վնասակար օրգանիզմների (միջատների) դեմ պայքար իրականացնելու համար, որը վերջիններիս օրգանիզմ է թափանցում է շնչուղիների միջոցով.

34) արտադրող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրություն եւ համարվում է տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի արտադրության իրավատերը.

35) արտադրական տարածք՝ արտադրամաս, որտեղ անմիջապես արտադրողի կողմից կամ արտադրողի պատվերով եւ վերջինիս կողմից սահմանված համապատասխան բաղադրությամբ իրականացվում է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն.

36) առեւտրային անվանում՝ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանում, որի ներքո պեստիցիդը կամ ագրոքիմիկատը մակնշվում է, գրանցվում, գովազդվում եւ օգտագործվում է տվյալ արտադրանքը նույնատիպ ազդող նյութ կամ սննդատարր պարունակող այլ պեստիցիդներից կամ ագրոքիմիկատներից տարբերվող դարձնելու նպատակով.

37) քաղաքականություն մշակող լիազոր մարմին՝ բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականություն մշակող պետական կառավարման համակարգի մարմին:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետից, 6-րդ հոդվածի 1-ին մասից, 7-րդ հոդվածի 2-րդ մասից, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետից, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «կամ հատուկ» բառերը:

Հոդված 3. Օրենքի՝

1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 13-րդ հոդվածի 3-րդ մասում, 14-րդ հոդվածի 1-ին մասում, 16-րդ հոդվածի 6-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ պարբերություններում, 6-րդ գլխի վերնագրում, 18-րդ հոդվածի վերնագրում եւ 2-րդ, 3-րդ մասերում՝ «կարգավորվող այլ առարկաների» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաների» բառերով.

2) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 9-րդ կետերում, 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերում եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «կարգավորվող առարկաների» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաների» բառերով.

3) 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում՝ «, կարգավորվող առարկաներն» եւ 23-րդ կետում՝ «, կարգավորվող առարկա» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «եւ այլ կարգավորվող առարկաներն» եւ «եւ այլ կարգավորվող առարկա» բառերով.

4) 13-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «, կարգավորվող առարկաներ» բառերը փոխարինել «եւ այլ կարգավորվող առարկաներ» բառերով,

5) 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «կարգավորվող այլ առարկաներն» բառերը փոխարինել «եւ այլ կարգավորվող առարկաներն» բառերով.

6) 18-րդ հոդվածի 1-ին մասում «կարգավորվող այլ առարկաները» բառերը փոխարինել «այլ կարգավորվող առարկաները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում

1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով՝

«8.2) բուսաբուծության ոլորտում աշխատանքի անվտանգության կանոնների հաստատումը.»:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 6. Պեստիցիդների պետական գրանցումը եւ վերագրանցումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ շրջանառվող պեստիցիդները պարտադիր ենթակա են պետական գրանցման (այսուհետ՝ գրանցում), բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների:

2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով: Պարզեցված ընթացակարգով գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում:

3. Պեստիցիդների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:

4. Լիազոր մարմինը պեստիցիդների ընդհանուր ընթացակարգով գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում Լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները երկարաձգում են 5 աշխատանքային օրով:

6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների գրանցումն իրականացվում է ընդհանուր ընթացակարգով: Պեստիցիդների գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են հետեւյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝

1) պեստիցիդի առեւտրային անվանումը, ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում եւ թույլատրելի շեղումները, համագործիչ եւ օժանդակ նյութերը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, պատրաստուկային ձեւը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն եւ արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեն եւ արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը գտնվելու երկիրը).

2) պեստիցիդի ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը եւ առանձնահատկությունները, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.

3) պեստիցիդի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը եւ թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում).

4) պեստիցիդի քիմիական փորձաքննության, ազդող նյութի մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, պեստիցիդների՝ ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը), եթե տվյալ նյութի փորձաքննության մեթոդիկաներով բյուրեղային տիպօրինակն անհրաժեշտ է.

5) պեստիցիդի թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի միկրոօրգանիզմներ եւ այլն).

6) պեստիցիդի ազդեցությունը վերարտադրողականության վրա.

7) պեստիցիդի մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին եւ մաշկագրգիռ, տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները.

8) պեստիցիդի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը.

9) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ պեստիցիդի պիտակի նկարագիրը.

10) տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում դրանց երկու տարվա անընդմեջ դաշտային եւ լաբորատոր փորձարկման արդյունքների մասին, որը տրամադրվում է քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից հաստատված ցանկում նշված գիտական եւ կրթական կազմակերպությունների կողմից՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից հաստատված ձեւին համապատասխան:

7. Օտարերկրյա պետություններում արտադրված պեստիցիդները գրանցվում են ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով.

1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝

ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը.

բ. գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը եւ համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում .

2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝

ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-4-րդ եւ 9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը.

բ. գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը եւ համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

8. Լիազոր մարմինը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կայացնում է տվյալ պեստիցիդը գրանցելու եւ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում եւ թղթային կամ էլեկտրոնային տարբերակներով երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է հայտատուին:

9. Լիազոր մարմնի կողմից պեստիցիդների գրանցումը մերժվում է, եթե՝

1) պեստիցիդի ազդող նյութը կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում.

2) հայտատուն սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները.

3) պեստիցիդը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ պարզեցված ընթացակարգով Կառավարության սահմանած դեպքի հիման վրա գրանցված պեստիցիդի:

10. Պեստիցիդի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

11. Պեստիցիդները ենթակա են վերագրանցման, եթե՝

1) մինչեւ գրանցման ժամկետի լրանալն առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել եւ պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունը չի փոփոխվել .

2) մինչեւ գրանցման ժամկետի լրանալը տեղի է ունեցել պեստիցիդների ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխություն:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված վերագրանցումը կատարվում է այն դեպքում, եթե վերագրանցման պահին պեստիցիդը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ պարզեցված ընթացակարգով Կառավարության սահմանած դեպքի հիման վրա գրանցված պեստիցիդի:

13. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում վերագրանցումն իրականացվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտի համաձայն, որին կից ներկայացվում է տեղեկատվություն՝ պեստիցիդների առեւտրային անվանման, ազդող նյութի, դրանց տոկոսային հարաբերության կամ միավոր ծավալում պարունակության եւ թույլատրելի շեղումների, համագործիչ եւ օժանդակ նյութերի, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերության կամ միավոր ծավալում պարունակության, պատրաստուկային ձեւի, արտադրողի անվանման, հասցեի (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեի եւ արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը գտնվելու երկրի, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեի եւ արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը գտնվելու երկրի) վերաբերյալ:

14. Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված գրանցման դրույթներին համապատասխան:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ հոդվածներով.

«Հոդված 6.1. Ագրոքիմիկատների պետական գրանցումը եւ վերագրանցումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ շրջանառվող ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման (այսուհետ՝ գրանցում), բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված ագրոքիմիկատների:

2. Հայաստանի Հանրապետությունում ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով: Պարզեցված ընթացակարգով գրանցումն իրականացվում է Կառավարության սահմանած դեպքերում:

3. Ագրոքիմիկատների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:

4. Լիազոր մարմինը ագրոքիմիկատների ընդհանուր ընթացակարգով գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները երկարաձգվում են 5 աշխատանքային օրով:

6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ագրոքիմիկատների գրանցումն իրականացվում է ընդհանուր ընթացակարգով: Գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են հետեւյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.

1) ագրոքիմիկատի՝ առեւտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում եւ թույլատրելի շեղումները, պատրաստուկային ձեւը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն եւ արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեն եւ արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը գտնվելու երկիրը).

2) ագրոքիմիկատի կիրառման եղանակները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.

3) աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային քանակը.

4) ագրոքիմիկատի սննդատարրերի քիմիական փորձաքննության մեթոդիկան.

5) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի.

6) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ագրոքիմիկատի պիտակի նկարագիրը:

7. Օտարերկրյա պետություններում արտադրված, փորձարկված եւ գործածության մեջ գտնվող ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր եւ պարզեցված ընթացակարգերով.

1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝

ա. սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը.

բ. գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը եւ համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում.

2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝

ա) սույն հոդվածի 6-րդ մասի 1-3-րդ եւ 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը.

բ) գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը եւ համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

8. Լիազոր մարմինն իրականացված ուսումնասիրության արդյունքով կայացնում է տվյալ ագրոքիմիկատը գրանցելու եւ Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում եւ թղթային կամ էլեկտրոնային տարբերակներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պատշաճ կերպով տեղեկացվում է հայտատուին:

9. Լիազոր մարմինը մերժում է ագրոքիմիկատների գրանցումը եթե՝

1) ագրոքիմիկատի սննդատարրերից որեւէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում.

2) հայտատուն սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները:

10. Ագրոքիմիկատի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

11. Ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե՝

1) մինչեւ գրանցման ժամկետի լրանալն առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել եւ ագրոքիմիկատի բաղադրությունը՝ սննդատարրերի կազմը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը չի փոփոխվել.

2) մինչեւ գրանցման ժամկետի լրանալը տեղի է ունեցել ագրոքիմիկատների սննդատարրերի կազմի կամ դրանց տոկոսային հարաբերությունների փոփոխություն:

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված վերագրանցումը կատարվում է այն դեպքում, եթե վերագրանցման պահին ագրոքիմիկատը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ պարզեցված ընթացակարգով Կառավարության սահմանած դեպքի հիման վրա գրանցված ագրոքիմիկատի:

13. Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում վերագրանցումն իրականացվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտի համաձայն, որին կից ներկայացվում է տեղեկատվություն՝ ագրոքիմիկատների առեւտրային անվանման, սննդատարրերի, դրանց տոկոսային հարաբերության կամ միավոր ծավալում պարունակության եւ թույլատրելի շեղումների, պատրաստուկային ձեւի, արտադրողի անվանման, հասցեի (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեի եւ արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը գտնվելու երկրի, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն, հաշվառման հասցեի եւ արտադրողի կողմից ներկայացված արտադրական տարածքը գտնվելու երկրի) վերաբերյալ:

14. Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում ագրոքիմիկատի վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված գրանցման դրույթներին համապատասխան:

Հոդված 6.2. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, պետական գրանցման ժամկետը եւ պետական գրանցումից հանելը

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ եւ 6.1-ին հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով պահանջվող փաստաթղթերը պետք է տրամադրված լինեն արտադրողի կողմից:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների փորձարկումն իրականացվում է դրանք պետական գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են հինգ տարի ժամկետով, իսկ ագրոքիմիկատները գրանցվում են տասը տարի ժամկետով, եւ գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջը տրվում է գրանցման վկայական:

4. Պեստիցիդները եւ ագրոքիմիկատները պետական գրանցումից հանվում են, եթե՝

1) լրացել է պետական գրանցման ժամկետը, սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը.

2) պետական գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ.

3) պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ազդող կամ համագործիչ, կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի եւ թունաքիմիկատների ցանկում.

4) գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ օրենսդրությամբ սահմանված պահանջներին կամ կեղծ տեղեկություններ.

5) առկա են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցումը անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ հիմքեր:»:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 8. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը

1. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ներկայացված պեստիցիդները եւ ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր թունաբանահիգիենիկ գնահատման, բացառությամբ սույն օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգով պեստիցիդների եւ ագրոքիմիկատների գրանցման եւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունները:

3. Գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների եւ օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցումը կարող է կատարվել առանց թունաբանահիգիենիկ գնահատման:

4. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացվում է փաստաթղթային եւ լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա: Ընդ որում, կարող են նաեւ հիմք ընդունվել այլ երկրներում իրականացված փորձարկման արդյունքները: Երկրների ցանկը հաստատում է Կառավարությունը:

5. Պեստիցիդների եւ ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների եւ ագրոքիմիկատների արտադրությունը եւ վաճառքը օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության տեսակներ են:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով լրացվող 6.2-րդ հոդվածի 3-րդ մասը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով շարադրվող 6-րդ հոդվածի 11-14-րդ եւ 6-րդ հոդվածով լրացվող 6.1-ին հոդվածի 11-14-րդ մասերը տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ?ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում, ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն