Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-885-16.07.2024,30.08.2024-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են սոցիալական աջակցությունը, սոցիալական աջակցության իրավունքը, հիմնական նպատակները, սկզբունքները, ոլորտի կառավարումը, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, համայնքային սոցիալական ծրագրերը, ընտանիքի սոցիալական գնահատման տեսակներն ու հիմնական պայմանները, սոցիալական ծառայությունների տեսակները, դրանք տրամադրող սուբյեկտները, նրանց լիազորությունները եւ համագործակցությունը, սոցիալական աջակցություն տրամադրելու, դադարեցնելու, մերժելու հիմքերը, սոցիալական աջակցության համար դիմողի եւ ստացողի իրավունքները եւ պարտականությունները, սոցիալական աշխատանքը, սոցիալական աշխատողների իրավունքները եւ պարտականությունները, սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները, պետական վերահսկողությունը, մշտադիտարկումը եւ կարգավորվում են սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Սոցիալական աջակցության մասին օրենսդրությունը

1. Սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, ինչպես նաեւ իրավական այլ ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագիր (այսուհետեւ՝ միջամտության ծրագիր)՝ սոցիալական աշխատանքի գործունեության շրջանակներում կազմված ծրագիր, որում ներկայացվում են անձի կամ ընտանիքի գնահատված սոցիալական կարիքները, կարիքների բավարարմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները, դրանց իրականացման համար նախատեսված ժամկետները, պատասխանատուների կամ հիմնական դերակատարների տվյալները, ակնկալվող արդյունքները կամ նպատակները, ինչպես նաեւ շարունակական կապի պահպանման (մշտադիտարկման) ժամանակացույցը.

2) անօթեւան՝ ժամանակավոր օթեւանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում բնակվող, սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն չունեցող եւ կացարանով ապահովելու համար դիմելու ու այն տրամադրելու պահին նախորդող 3 տարիների ընթացքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը չօտարած անձ կամ ընտանիք, ով իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի.

3) աջակցող ցանց՝ սոցիալական դեպքի վարման շրջանակներում ռեսուրսների արդյունավետ ներգրավման եւ օգտագործման նպատակով՝ միջամտության ծրագրերի մշակմանը եւ դրանց իրականացմանն ուղղված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ֆիզիկական անձանց համատեղ գործունեության ցանց.

4) աջակցության քարտ՝ քարտ, որի միջոցով անձին կամ ընտանիքին մատուցվում է օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություն՝ հատկացված դրամական միջոցների շրջանակներում.

5) բռնություն՝ այլ անձի նկատմամբ դիտավորյալ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնությունը, ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, ինչպես նաեւ անտեսումը, որն արտահայտվում է տվյալ անձի հիմնական պահանջմունքների անտեսմամբ, անհրաժեշտ խնամքի ու հոգածության բացակայությամբ, եթե անձն ուներ դրանք տրամադրելու կամ ապահովելու պարտականություն եւ հնարավորություն.

6) ընտանիք՝ միեւնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց ամուսնական, ազգակցական կամ խնամիական կապերի վրա հիմնված փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն եւ կենցաղ, իրենց ծախսերը հոգում են համատեղ, կապված են փոխօգնության կամ փոխադարձ պատասխանատվության հարաբերություններով: Սոցիալական աջակցության ոլորտում ընտանիքին վերաբերող դրույթները (իրավունք, պարտականություն, պատասխանատվություն եւ այլն) տարածվում են նաեւ տնային տնտեսությունների վրա.

7) ընտանիքի սոցիալական գնահատում՝ ընտանիքի կամ նրա առանձին անդամների տնտեսական, հոգեբանական, կրթական, առողջական, աշխատանքային, իրավական եւ սոցիալական այլ հարաբերություններում առկա հիմնախնդիրների, գույքային եւ ոչ գույքային ռեսուրսների բազմակողմանի հետազոտման գործընթաց, որն ուղղված է հայտնաբերելու, գնահատելու ընտանիքում ստեղծված իրավիճակը, ընտանիքի հիմնախնդիրները եւ կարիքները, դրանց միջեւ առկա պատճառահետեւանքային կապերը կամ ընտանիքի կամ նրա առանձին անդամների հիմնախնդիրների կարգավորման եւ կարիքների բավարարման համար առկա, հնարավոր եւ անհրաժեշտ ռեսուրսները.

8) կյանքի դժվարին իրավիճակ՝ անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեությանը խոչընդոտող օբյեկտիվ իրավիճակ, որն անձը կամ ընտանիքն ինքնուրույն հաղթահարել չի կարող կամ հաղթահարում է մասնակի եւ որը կարող է պայմանավորված լինել՝

ա. հաշմանդամության կամ տարիքի կամ հիվանդության կամ ինքնասպասարկման ունակությունների կորստով կամ սեփական վարքը հսկելու կարողության կամ տեղաշարժվելու կարողության կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության հետ կապված խնդիրներով, կամ

բ. անօգնականության կամ սոցիալական մեկուսացման կամ վնասակար սովորույթների կամ ճնշող հոգեվիճակների պատճառով առօրյա կյանքի կազմակերպման դժվարություններով, կամ

գ. փաստացի առանց ծնողական խնամքի մնալու, պարտադիր կրթությունից դուրս մնալու հանգամանքով, երեխայի վարքային խնդիրների դրսեւորմամբ կամ դրա առաջացման վտանգով կամ կերակրողին կորցնելու հանգամանքով, կամ

դ. անօթեւանության կամ որոշակի բնակության վայր չունենալու պատճառով, կամ

ե. աղքատության, անապահովության կամ

զ. գործազրկությամբ, կամ

է. բռնության կամ ընտանեկան եւ կենցաղային բռնության կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու կամ հանցագործությունից տուժելու հանգամանքով, կամ

ը. անձի կամ ընտանիքի հարկադիր վերադարձով, տեղահանմամբ, ապաստան հայցելով կամ նրան փախստական ճանաչելով, կամ

թ. պրոբացիայի շահառու հանդիսանալու կամ ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու փաստով, կամ

ժ. երկարաժամկետ միգրանտ հանդիսանալու փաստով, կամ

ժա. հրատապ արձագանք պահանջող իրավիճակով, կամ

ժբ. ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով ընտանիքի անդամի անհայտ կորելու կամ գերեվարված լինելու կամ զոհվելու (մահանալու) հանգամանքով.

9) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկ՝ սոցիալական, տնտեսական կամ այլ գործոնների ազդեցությամբ պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ, որի հետեւանքով անձը կամ ընտանիքը կարող է հայտնվել կյանքի դժվարին իրավիճակում.

10) համայնքային սոցիալական ծրագիր՝ համայնքի կամ համայնքի մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքային առանձնահատկությունների եւ առկա հիմնախնդիրների հաշվառմամբ՝ համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագիր, որը հաշվի է առնում բնակչության գնահատված սոցիալական կարիքներն ու համայնքի ռեսուրսները եւ ներառում է նաեւ այդ կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների ու հաջորդական քայլերի ամբողջությունը, համապատասխանում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրին, չի հակասում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին.

11) համագործակցության ցանց՝ սոցիալական աջակցության ծրագրերի, սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության բարձրացմանը եւ հասցեականության մեծացմանը, դրանց ընդլայնմանը եւ նորերի ներդրմանն օժանդակելուն ուղղված պետական կառավարման մարմինների եւ համայնքների ղեկավարների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց համատեղ գործունեության ցանց.

12) հիմնական պահանջմունքներ՝ անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (սնունդ, հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ, բնակության վայր, բժշկական օգնություն եւ սպասարկում, միջնակարգ կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.

13) հրատապ արձագանք պահանջող իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական (համաճարակ, անասնահամաճարակ, բույսերի վարակիչ հիվանդություններ) վտանգավոր երեւույթների, զենքի տեսակների կիրառման հետեւանքով, այլ պետության զինված ուժերի Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմամբ, նման ներխուժման հետեւանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթմամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբահարմամբ, այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակմամբ կամ անձի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող, ինչպես նաեւ համանման այլ հանգամանքներով պայմանավորված հրատապ իրավիճակ.

14) որոշակի բնակության վայր չունեցող՝ իր կամքից անկախ հանգամանքներում որոշակի բնակության վայր չունեցող անձ կամ ընտանիք, որն իր կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու հնարավորություն չունի՝ անկախ սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու հանգամանքից.

15) վկայագիր՝ անհատույց պետական կամ համայնքային ֆինանսական աջակցություն տրամադրելու համար որոշակի վավերապայմաններով եւ ձեւով անվանական ֆինանսական փաստաթուղթ, որը հիմք է օրենսդրությամբ սահմանված դեպքերում վկայագիրը ստացած անձին որոշակի գույք ձեռքբերելու համար.

16) սոցիալական աշխատանք՝ սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, անձի նկատմամբ հարգանքի եւ սույն օրենքով սահմանված այլ սկզբունքների հիման վրա անձի կամ ընտանիքի կամ համայնքի սոցիալական կարիքների բավարարման, ինչպես նաեւ անձի կամ ընտանիքի ինքնուրույնաբար խնդիրները հաղթահարելու կարողության զարգացման նպատակով իրականացվող մասնագիտական գործունեություն, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը, հաղթահարմանը, ինքնաբավ կենսագործունեության ապահովմանը կամ սոցիալական համախմբվածության խթանմանը՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով.

17) սոցիալական աշխատանքի սուպերվիզիա՝ համագործակցային գործընթաց, որի ընթացքում սոցիալական աշխատանքի սուպերվիզորը վարչական, կրթական եւ աջակցային մեթոդների կիրառմամբ նպաստում է սոցիալական աշխատողի մասնագիտական աճին եւ նրա կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացմանը.

18) սոցիալապես անապահով ընտանիք՝ ընտանիք, որի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի եւ ընտանիքի այլ պայմանների հիման վրա գնահատման արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով.

19) սոցիալական աջակցություն՝ կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկի տակ գտնվող անձի կամ ընտանիքի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունները զարգացնելու միջոցով անձին կամ ընտանիքին՝ գնահատված սոցիալական կարիքների կամ խոցելիության հիման վրա տրամադրվող մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություններ.

20) սոցիալական աջակցության ծրագիր՝ սույն օրենքի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան, կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ դրա վատթարացումը կանխելուն կամ նման իրավիճակում հայտնվելը կանխարգելելուն ուղղված քաղաքականության իրագործման մեկ կամ մի քանի միջոցառումների նկարագրություն.

21) սոցիալական բնակարանային ֆոնդ՝ պետական, համայնքային բյուջեների կամ օրենքով չարգելված այլ միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակներում ձեւավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն, որն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի կացարանով ապահովմանը.

22) սոցիալական դեպքի վարում՝ տարբեր սոցիալական կարիքներ ունեցող անձի կամ ընտանիքի հետ սոցիալական աշխատանքի գործընթաց, որը հիմնված է սոցիալական կարիքների գնահատման վրա եւ ենթադրում է սոցիալական աշխատողի կողմից անձին կամ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու համակարգում եւ մշտադիտարկում՝ միջամտության ծրագրի համաձայն՝ ստեղծելով արդյունավետ համագործակցություն աջակցող ցանցի մասնակիցների միջեւ.

23) սոցիալական ծառայություններ՝ օրենսդրությանը համապատասխան իրականացվող գործողություններ կամ միջոցառումներ, որոնք ուղղված են անձի սոցիալական կարիքների բավարարմանը կամ բնականոն կենսագործունեության ապահովմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքների առաջացման կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքն այդ վիճակից դուրս բերելուն.

24) սոցիալական կարիք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ իրավիճակում հայտնվելու ռիսկ ունեցող անձի կամ ընտանիքի՝ իր տնտեսական, բնակարանային, հոգեբանական, կրթական, բժշկական, աշխատանքային, իրավական, խնամքի հետ կապված հիմնախնդիրների լուծման, պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների, կարողությունների բացակայություն կամ ապագայում դրանց առաջացման հիմքերի առկայության հավանականություն.

25) սոցիալական հմտություն՝ շփման կանոններին տիրապետելու, արդյունավետորեն կիրառելու հնարավորություն, որն անձն օգտագործում է առօրյա կյանքում այլ անձանց եւ կազմակերպությունների հետ հաղորդակցվելու եւ հարաբերություններ կառուցելու համար.

26) սոցիալական պաշտպանություն՝ ապահովագրական, աջակցող, ակտիվացնող կամ զբաղվածությունը խթանող քաղաքականությունների եւ ծրագրերի համախումբ, որի նպատակն է անձանց կյանքի ողջ ընթացքում կանխարգելել եւ պաշտպանել աղքատությունից, գործազրկությունից, խոցելիությունից, սոցիալական մեկուսացվածությունից եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու այլ ռիսկերից.

27) տարեց՝ 65 տարին լրացած անձ.

28) տնային տնտեսություն՝ միեւնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն եւ կենցաղ, իրենց ծախսերը հոգում են համատեղ, կապված են փոխօգնության կամ փոխադարձ պատասխանատվության հարաբերություններով, ինչպես նաեւ միայնակ բնակվող անձ:

Հոդված 4. Սոցիալական աջակցության իրավունքը

1. Սոցիալական աջակցության իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին եւ քաղաքացիություն չունեցող անձը, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, ապաստան հայցողը՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2. Ապաստան հայցողին եւ փախստականին սոցիալական աջակցությունը տրամադրվում է հաշվի առնելով «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:

Հոդված 5. Սոցիալական աջակցության հիմնական նպատակները

1. Սոցիալական աջակցության հիմնական նպատակներն են՝

1) կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը.

2) նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, անձի կամ ընտանիքի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու հմտությունների զարգացմանը, ինքնաբավ կենսագործունեության ապահովմանը, կենսամակարդակի բարձրացմանը.

3) նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնարար իրավունքների եւ ազատությունների իրացմանը:

Հոդված 6. Սոցիալական աջակցության սկզբունքները

1. Սոցիալական աջակցության հիմնական սկզբունքներն են՝

1) անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, անձի պատիվն ու արժանապատվությունը հարգելը.

2) երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը՝ սոցիալական աջակցություն տրամադրելու ժամանակ երեխայի իրավունքների ու շահերի, դրանց պաշտպանության առաջնային եւ գերակա լինելը.

3) հասցեականությունը՝ սոցիալական աջակցություն տրամադրելը դրա կարիքն ունեցող անձին կամ ընտանիքին.

4) փոխգործակցությունը՝ համագործակցության կամ աջակցող ցանցի մասնակիցների կամ այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց համագործակցության եւ համատեղ գործունեության հիման վրա սոցիալական աջակցություն տրամադրելը.

5) համարժեքությունը եւ շարունակականության ապահովումը՝ սոցիալական կարիքներին եւ սահմանված նպատակներին համապատասխան սոցիալական աջակցություն տրամադրելը եւ դրա, ըստ անհրաժեշտության, շարունակականության ապահովումը.

6) մատչելիությունը՝ սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը ստանալու, հասկանալու, օգտագործելու եւ սոցիալական ծառայությունից օգտվելու հնարավորությունը եւ հասանելիությունը.

7) ներառականությունը՝ յուրաքանչյուր անձի արդյունավետ սոցիալական կենսագործունեության հավասար հնարավորությունների ապահովումը կրթության, զբաղվածության, առողջապահության, համայնքային կյանքին մասնակցության եւ այլ ոլորտներում՝ խտրական վերաբերմունքի, ֆիզիկական եւ այլ խոչընդոտների վերացման միջոցով.

8) սոցիալական խնամառության բացառումը՝ անձի ակտիվության եւ ինքնօգնության ունակությունների զարգացումը սոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար.

9) նախաձեռնողականությունը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանման, այդ գործոնների կանխմանն ու հակազդմանը, ինչպես նաեւ այդ իրավիճակում հայտնված կամ նման ռիսկի ներքո գտնվող անձի կամ ընտանիքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումների իրականացման շարունակական գործունեության նախաձեռնումը.

10) խտրականության արգելքը՝ սոցիալական աջակցություն տրամադրելիս հավասար հնարավորությունների ապահովումը եւ սոցիալական աջակցություն տրամադրելիս կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից խտրականության բացառումը.

11) սոցիալական համերաշխության ապահովումը՝ սոցիալական տարբեր խմբերի միջեւ լարումների առաջացման կանխարգելմանը կամ դրանց մեղմացմանը նպաստելը.

12) մասնակցությունը՝ իր սոցիալական խնդիրների լուծմանը եւ որոշումների կայացմանն անձին կամ ընտանիքին մասնակից դարձնելը՝ իր կարողությունների եւ ռեսուրսների սահմաններում.

13) անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը՝ սոցիալական աջակցություն տրամադրելիս անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող հայտնի դարձած տվյալները չփոխանցելը, ներառյալ՝ չհրապարակելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքներով ուղղակիորեն նախատեսված է անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող հայտնի դարձած տվյալների փոխանցումը, ներառյալ՝ հրապարակումը.

14) կամայականության արգելքը՝ սոցիալական աջակցություն տրամադրելիս միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելու անթույլատրելիությունը, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք.

15) գենդերազգայունությունը՝ կանանց եւ տղամարդկանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքը, կարիքների տարբերությունները եւ առանձնահատկությունները ճանաչելը սոցիալական աջակցության ծրագրերը մշակելիս եւ տրամադրելիս.

16) անհատական մոտեցումը՝ սոցիալական աջակցություն ստացող անձի կամ ընտանիքի անհատական նյութական կամ ոչ նյութական ռեսուրսների գնահատմամբ՝ նրա սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված անհրաժեշտ միջամտությունների ընտրություն.

17) սոցիալական արդարությունը՝ սոցիալական աջակցության արդարացի եւ հավասար հնարավորությունների ապահովմամբ տրամադրելը:

ԳԼՈՒԽ 2

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 7. Սոցիալական աջակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Սոցիալական աջակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) հաստատում է սոցիալական աջակցության ծրագրեր կամ այլ սոցիալական ծառայություններ, ներառյալ դրանց տրամադրման կարգերը ու պայմանները՝ հրատապ արձագանք պահանջող իրավիճակի արդյունքում ծագած հետեւանքները վերացնելու կամ մեղմացնելու նպատակով.

2) հաստատում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների տնային կամ գտնվելու վայրի այցելությունների համար վճարման չափն ու կարգը.

3) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 8. Սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի լիազորությունները

1. Սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմինը (այսուհետեւ՝ պետական լիազոր մարմին)՝

1) մշակում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների եւ հետեւանքների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրեր եւ ծառայություններ.

2) հաստատում է սոցիալական պաշտպանության եւ ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգերը.

3) հաստատում է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններին վերաբերող դասընթացների մոդուլները եւ դրանց բովանդակությունը.

4) իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության կառավարումը.

5) հաստատում է՝

ա. սոցիալական աշխատողների, սոցիալական սատարողների եւ սոցիալական պատրոնի տվյալ պաշտոնները զբաղեցնողի մասնագիտական գործունեությունից բխող գործառույթները, իրավունքները, պարտականությունները, կարողություններին եւ հմտություններին ներկայացվող պահանջները, որոնք պարտադիր պետք է ընդգրկվեն պաշտոնների անձնագրերում կամ աշխատանքի բնութագրերում կամ աշխատանքային պայմանագրում.

բ. «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպման եւ իրականացման կարգը, նշված դասընթացի արդյունքում տրվող վկայականի ձեւերը եւ վկայականի գործողության ժամկետը.

գ. սոցիալական աշխատողների եւ սոցիալական սատարողների հավաստագրման կազմակերպման եւ իրականացման կարգը, հավաստագրման յուրաքանչյուր եղանակի նկատմամբ պահանջները եւ շնորհվող կրեդիտների քանակը, հավաստագրերի ձեւերը.

6) մասնակցում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի մշակմանը.

7) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.

8) հաստատում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող տեղեկատվական համակարգերի ուսուցման դասընթացների անցկացման կարգը եւ այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի գործողության ժամկետը, ինչպես նաեւ կազմակերպում է նշված դասընթացները.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ իր, իր կողմից ընտրված կամ լիազորված կազմակերպության եզրակացության հիման վրա.

10) հաստատում է տնային կամ գտնվելու վայրի այցելություն կատարելու, ընտանիքի սոցիալական գնահատման, սոցիալական դեպքի վարման, սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները պարզաբանող, համայնքային սոցիալական ծրագրերի մշակման, սոցիալական պատրոնաժի իրականացման մեթոդական ուղեցույցերը.

11) հաստատում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգերից եւ պայմաններից բխող ընթացակարգերը եւ օրինակելի ձեւաթղթերը, ինչպես նաեւ սոցիալական աջակցության ոլորտի քաղաքականության շրջանակում սույն օրենքից բխող ընթացակարգեր, ծրագրեր, ուղեցույցներ, մեթոդաբանություններ եւ ձեւաթղթեր .

12) ուսումնասիրում է Միասնական սոցիալական ծառայության կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, նշված բողոքների, ինչպես նաեւ մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ներկայացնում է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ՝ վարչական ակտի կամ որոշման ընդունման, վերանայման, իր լիազորությունների շրջանակում այլ գործողություններ կատարելու կամ դրանցից ձեռնպահ մնալու վերաբերյալ.

13) ստեղծում եւ կառավարում է սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը.

14) հաստատում է խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին ճաշարանի կողմից սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով, ժամանակավոր օթեւանում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչներ` անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձեւից, կազմակերպաիրավական տեսակից եւ ֆինանսվորման աղբյուրից.

15) իր կողմից սահմանած կարգով՝ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող ու համագործակցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրում կամ նրանցից ստանում է սոցիալական ծառայություն ստացող անձանց այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են սոցիալական աջակցության տրամադրման համար, ինչպես նաեւ ընտանիքների նույնականացման կամ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալներ: Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր է նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների կիրառումն ու ապահովումը.

16) կազմակերպում է հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետեւանքով տուժած եւ այլ անձանց սոցիալական աջակցություն տրամադրելը, այդ նպատակով համագործակցում է պետական կառավարաման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ.

17) օրենսդրությամբ սահմանված կարգով, ներառյալ՝ հրատապ արձագանք պահանջող իրավիճակով պայմանավորված, հաստատում է սոցիալական ծառայությունների տրամադրման եւ կազմակերպման ընթացակարգեր, կազմակերպում համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցումը կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով.

18) սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով կազմակերպում է փորձնական (պիլոտային) ծրագրեր եւ ապահովում է նշված ծրագրերի իրականացումը.

19) կնքում է պայմանագրեր կամ հուշագրեր կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հետ՝ սոցիալական աջակցության ծրագրեր կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով.

20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 9. Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները

1. Միասնական սոցիալական ծառայությունը՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում իրականացնում է դիմումների ընդունում եւ հաշվառում, ներառյալ՝ առցանց, խորհրդատվության տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկի տակ գտնվող անձի կամ ընտանիքի սոցիալական աջակցության պետական, ինչպես նաեւ փորձնական (պիլոտային) ծրագրեր, սոցիալական ծառայությունների տրամադրում կամ դրանց կազմակերպում.

2) իրականացնում է ընտանիքի սոցիալական գնահատում, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անապահովության գնահատում.

3) իր լիազորությունների իրականացման ընթացքում հայտնաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկի տակ գտնվող անձին կամ ընտանիքին.

4) որոշում է կայացնում դիմողին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին.

5) պետական լիազոր մարմնի պահանջով՝ պետական լիազոր մարմնին է տրամադրում սոցիալական աջակցություն ստացողի կամ հայցողի դիմումի, սոցիալական աջակցությունը տրամադրելու հետ կապված հավաքագրված եւ Միասնական սոցիալական ծառայությունում ստեղծված անձնական կամ ընտանեկան տվյալները.

6) իրականացնում է սոցիալական դեպքի վարում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

7) տալիս է եզրակացություն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում եւ կարգով ընդունում է որոշում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամք տրամադրելու կամ մերժելու մասին.

9) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակում կամ վերահաշվարկում է սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված նպաստները կամ այլ դրամական օգնությունները, դադարեցնում է դրանց ստանալու իրավունքը, ապահովում է նշված նպաստների եւ այլ դրամական օգնությունների վճարումը կամ մերժում նպաստներ եւ այլ դրամական օգնություններ նշանակելու, նշանակված նպաստները կամ այլ դրամական օգնությունները վերահաշվարկելու դիմումները.

10) վերադասության կարգով քննում է սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի որոշման կապակցությամբ ներկայացված բողոքարկման դիմումները, ընդունում համապատասխան վարչական ակտ.

11) տրամադրում է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացությունը, կազմում եւ տրամադրում է աջակցող միջոցներ ձեռք բերելու համար հիմք հանդիսացող պետական հավաստագիրը.

12) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունումը տարածքային մակարդակում.

13) կազմակերպում եւ տրամադրում է ինտեգրված սոցիալական ծառայություններ.

14) մասնակցում է համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.

15) իր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կազմակերպության միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով մշակում է այն անձի կամ ընտանիքի անձնական տվյալները, ով դիմում է ներկայացրել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով.

16) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է սոցիալական ծառայությունների տրամադրումը, ներառյալ՝ դրանց մատուցումը կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով.

17) հանդես է գալիս սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

18) պետական լիազոր մարմնի սահմանած կարգով սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող ու համագործակցող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին փոխանցում կամ նրանցից ստանում է սոցիալական ծառայություն ստացող անձանց այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են սոցիալական աջակցության տրամադրման համար, ինչպես նաեւ ընտանիքների նույնականացման կամ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ այլ տվյալները: Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր է նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջների կիրառումն ու ապահովումը.

19) կազմում եւ ամփոփում է իր գործառույթներին առնչվող վիճակագրական ու ֆինանսական հաշվետվություններ, դրանք սահմանված կարգով ներկայացնում է պետական լիազոր մարմին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ մարմիններ կամ կազմակերպություններ.

20) համագործակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց, միջազգային եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների, համագործակցության եւ աջակցող ցանցերի հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

21) իրականացնում է կամավորների հավաքագրում, օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկում նրանց համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում եւ վերահսկում նրանց աշխատանքը.

22) իր իրավասությունների շրջանակում շահագործում է տեղեկատվական համակարգերը.

23) իրականացնում է օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Միասնական սոցիալական ծառայությունն օրենսդրությամբ սահմանված դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններն իրականացնում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ տարածքային կենտրոնների միջոցով:

Հոդված 10. Մարզպետի լիազորությունները

1. Մարզպետն իր իրավասությունների շրջանակում՝

1) մասնակցում է մարզի սոցիալական աջակցության պետական եւ համայնքային ծրագրերի իրականացմանը.

2) տրամադրում է աջակցություն սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս.

3) մասնակցում է համայնքային սոցիալական ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին.

4) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ, ներառյալ՝ կազմակերպում կամ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած անձանց անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրումը, համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ.

5) իրականացնում է կամավորների հավաքագրում, օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկում նրանց համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովելու եւ կազմակերպելու գործընթացներում եւ վերահսկում նրանց աշխատանքը:

Հոդված 11. Տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները

1. Համայնքի ղեկավարը սոցիալական աջակցությունը տրամադրում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, իսկ Երեւան քաղաքում՝ նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքի ղեկավարին սոցիալական պաշտպանության ոլորտում վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Համայնքի ղեկավարի կողմից սոցիալական աջակցության տրամադրումն իրականացվում է պետական լիազոր մարմնի սահմանած սոցիալական ծառայություններին ներկայացվող նվազագույն չափորոշիչներով:

3. Պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները ու ֆիզիկական անձինք պարտավոր են սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «բ», «գ», «դ» ենթակետերում նշված հանգամանքներով պայմանավորված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի մասին տեղեկություն ունենալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմին:

Հոդված 12. Համայնքային սոցիալական ծրագիրը

1. Համայնքային սոցիալական ծրագիրը մշակում է համայնքի ղեկավարը, իսկ հաստատում է համայնքի ավագանին:

2. Համայնքային սոցիալական ծրագիրը մշակվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի (այսուհետեւ՝ տարածքային կենտրոն) մասնակցությամբ՝ գործընթացին մասնակից դարձնելով համայնքի տարածքում գործող համագործակցության ցանցի մասնակիցներին եւ համայնքի բնակչության ներկայացուցիչներին եւ շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

3. Համայնքային սոցիալական ծրագիրն իրականացվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի միջոցով կամ պայմանագրային հիմունքներով՝ համայնքում գործող համագործակցության ցանցի մասնակցի կամ շահագրգիռ այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից:

4. Համայնքային սոցիալական ծրագիրը ֆինանսավորում է՝

1) համայնքի բյուջեի միջոցներից, կամ

2) կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից, կամ

3) վճարովի սոցիալական ծառայություններ ստանալու դիմաց վճարներից, կամ

4) պետական բյուջեի միջոցներից՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում.

5) օրենքով չարգելված այլ միջոցներից:

5. Համայնքային սոցիալական ծրագրի շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրումը պարտադիր է: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում:

ԳԼՈՒԽ 3

ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 13. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը

1. Ինտեգրված սոցիալական ծառայությունները մեկից ավելի աջակցող, ակտիվացնող, զբաղվածությունը խթանող եւ այլ սոցիալական ծառայությունների տրամադրումը համակարգված եւ համագործակցության միջոցով կազմակերպելը եւ տրամադրելն է:

2. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց, սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում նրանց կողմից փոխհամաձայնեցված, համակարգված եւ համագործակցությամբ կազմակերպվող եւ իրականացվող լիազորությունների, գործառույթների եւ միջոցառումների ամբողջությունն է:

3. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն է կանխարգելել անձի կամ ընտանիքի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, վերացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառները եւ հետեւանքները, զարգացնել անձի կամ ընտանիքի՝ իր խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը:

4. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի հիմնական բաղադրիչներն են՝

1) պետական լիազոր մարմինը.

2) համագործակցության ցանցը.

3) Միասնական սոցիալական ծառայությունը.

4) ընտանիքի սոցիալական գնահատումը եւ սոցիալական ծառայությունների տրամադրումը, այդ թվում՝ սոցիալական դեպքի վարման միջոցով.

5) սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը:

Հոդված 14. Պետական լիազոր մարմնի, Միասնական սոցիալական ծառայության, մարզպետի, համայնքի ղեկավարի, կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համագործակցությունը

1. Սոցիալական աջակցության քաղաքականությունն իրականացնելիս պետական լիազոր մարմինը, Միասնական սոցիալական ծառայությունը, մարզպետը, համայնքի ղեկավարը համագործակցում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի հետ:

2. Պետական լիազոր մարմինը, Միասնական սոցիալական ծառայությունը, մարզպետը, համայնքի ղեկավարը, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում տեղեկություններ են փոխանակում սոցիալական աջակցություն ստացողների եւ նրանց տրամադրած սոցիալական ծառայությունների մասին:

3. Ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում ընդգրկված անձանց, սոցիալական աջակցություն ստացողների եւ նրանց տրամադրված սոցիալական ծառայությունների մասին տեղեկությունները կարող են փոխանցվել սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունքներն ուսումնասիրելու, այդ ծառայությունները կամ դրանց տրամադրման կարգը կամ քաղաքականությունը վերանայելու, սոցիալական ծառայությունների մշտադիտարկման, գնահատման եւ դրանց որակը բարելավելու, սոցիալական աջակցություն ստացողների կարիքների բավարարման նոր մոտեցումներ առաջարկելու նպատակով՝ համապատասխան ուսումնասիրություններ եւ առաջարկություններ իրականացնող ու համագործակցող կազմակերպություններին կամ մարմիններին: Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր հաշվի է առնվում նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները: Սոցիալական աջակցություն ստացողների տվյալները եւ նրանց տրամադրված սոցիալական ծառայությունների մասին տեղեկությունները տրամադրելու եւ ստանալու կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը:

Հոդված 15. Համագործակցության եւ աջակցող ցանցեր

1. Համագործակցության ցանցի մասնակիցների համագործակցությունն իրականացվում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի կամ միջգերատեսչական սոցիալական համագործակցության շրջանակներում, իսկ աջակցող ցանցի մասնակիցների համագործակցությունն իրականացվում է յուրաքանչյուր սոցիալական դեպքի վարման շրջանակներում:

2. Համագործակցության ցանցում (սոցիալական համագործակցության համաձայնագրերի շրջանակում) ընդգրկվող մարմինների (ներառյալ ներկայացուցիչների) ցանկը հաստատում է պետական լիազոր մարմինը, իսկ կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք համագործակցության ցանցին միանում են կամավոր հիմունքներով:

Հոդված 16. Սոցիալական համագործակցության համաձայնագիրը

1. Սոցիալական համագործակցության համաձայնագիրն ընդունվում է ազգային եւ տարածքային մակարդակներում:

2. Սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունումն ազգային մակարդակում կազմակերպում է պետական լիազոր մարմինը, իսկ տարածքային մակարդակում՝ Միասնական սոցիալական ծառայությունը՝ իր տարածքային կենտրոնի միջոցով:

3. Սոցիալական համագործակցության համաձայնագիրը համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, իրավունքները, տարածքային մակարդակում համակարգող խորհրդի ձեւավորման, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման հսկողության եւ դրանց չկատարման դեպքում՝ համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները կանոնակարգող փաստաթուղթ է:

4. Համագործակցության հիմնական նպատակներն են՝

1) սոցիալական աջակցության համալիր եւ ամբողջական տրամադրման ապահովումը.

2) կյանքի դժվարին իրավիճակ առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության եւ պատճառահետեւանքային կապերի բացահայտումը, բացասական ազդեցության չեզոքացումը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի օրինական շահերի պաշտպանությունը եւ այդ իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.

4) սոցիալական դեպքի շրջանակներում փոխգործակցության ապահովումը, սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության մեծացումը.

5) սոցիալական աջակցության տրամադրումը՝ ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ եւ օգտագործմամբ.

6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում անձի կամ ընտանիքի խնդիրներին արագ արձագանքման, ինչպես նաեւ սոցիալական աջակցության անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծումը.

7) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի տնտեսական եւ սոցիալական խոցելիության նվազեցումը, կյանքի դժվարին իրավիճակի ռիսկի տակ գտնվող անձանց տնտեսական եւ սոցիալական խոցելիության կանխարգելումը.

8) սոցիալական պաշտպանության ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.

9) սոցիալական աջակցություն տրամադրելու ծածկույթի ընդլայնումը.

10) նույն ժամանակահատվածում եւ նույն ընտանիքին կամ անձին նույնաբովանդակ սոցիալական աջակցությունը տարբեր մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրամադրումից խուսափումը:

5. Համագործակցության հիմնական սկզբունքներն են հավասար պատասխանատվությունը եւ թափանցիկության ապահովումը:

6. Սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերի հիմնական իրավունքներն են՝

1) ստանալ տեղեկություն համագործակցության ցանցի մյուս մասնակիցներից՝ իրենց կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների եւ առկա ռեսուրսների մասին.

2) ակնկալել անհապաղ աջակցություն համագործակցության ցանցի մասնակիցներից իրենց հնարավորությունների շրջանակում հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում.

3) առաջարկություններ ներկայացնել սոցիալական աջակցության, այդ թվում առանձին սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով:

7. Սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերի հիմնական պարտականություններն են՝

1) իրազեկել համագործակցության ցանցի մյուս մասնակիցներին իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կամ տրամադրվող սոցիալական ծառայությունների եւ առկա ռեսուրսների մասին.

2) արագ արձագանքել հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում՝ իրենց հնարավորությունների շրջանակներում.

3) մասնակցել համայնքների բնակչության սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաեւ դրանց համարժեք՝ համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.

4) համագործակցել սոցիալական դեպքի շրջանակներում.

5) առաջարկություններ ներկայացնել համագործակցության ցանցի մասնակիցներին՝ սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի շրջանակներում որոշումների կայացման համար:

8. Սոցիալական համագործակցության համաձայնագրով կարող են նախատեսվել համաձայնագրի կողմերի սույն օրենքով սահմանված նպատակներին եւ սկզբունքներին չհակասող այլ իրավունքներ եւ պարտականություններ:

9. Սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձեւը, համաձայնագրին միանալու կարգը, տարածքային մակարդակում համակարգող խորհրդի ձեւավորման կարգն ու լիազորությունները հաստատվում են պետական լիազոր մարմնի կողմից:

Հոդված 17. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունը

1. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով:

2. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնակարգով:

3. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով սահմանվում են՝

1) համագործակցող կողմերի ցանկը.

2) միջգերատեսչական համագործակցության առարկան, ձեւերն ու կարգը.

3) խնդրահարույց այն դեպքերը, որոնք կարող են նախանշել անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել տարածքային կենտրոնին.

4) համագործակցող կողմերի միջեւ տրամադրվող տեղեկության ծավալի, ձեւի, տրամադրման ժամկետի մասին պահանջները.

5) մշտադիտարկման եւ գնահատման ընթացակարգը.

6) հրատապ արձագանք պահանջող իրավիճակի առկայության դեպքում՝ ձեռնարկվելիք հիմնական գործողությունների շարքը:

ԳԼՈՒԽ 4

ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 18. Ընտանիքի սոցիալական գնահատման տեսակներն ու հիմնական պայմանները

1. Ընտանիքի սոցիալական գնահատման տեսակներն են՝

1) անապահովության գնահատում.

2) նախնական գնահատում.

3) համալիր գնահատում.

4) հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ գնահատում.

5) առանձնահատուկ կարիքների գնահատում՝ շահառուների խմբով կամ իրավիճակով պայմանավորված:

2. Անապահովության գնահատումն ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որն ուղղված է անձի կամ ընտանիքի ակտիվների, եկամուտների, կեցության պայմանների եւ դրանց վերաբերյալ տեղեկություն տրամադրող այլ տվյալների վերլուծության միջոցով ընտանիքի անապահովության աստիճանի որոշմանը:

3. Նախնական գնահատումն ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որի դեպքում հավաքագրվում եւ վերլուծվում են անձի կամ ընտանիքի սոցիալական հիմնախնդիրներին եւ կարիքներին վերաբերող առաջնային տվյալները, եւ որի արդյունքները հիմք են հանդիսանում անձի կամ ընտանիքի հետ սոցիալական աշխատանքի մեթոդի ընտրության կամ սոցիալական ծառայությունների առաջարկման, այդ թվում՝ ուղղորդման համար:

4. Համալիր գնահատումն ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որի դեպքում ուսումնասիրվում են անձի կամ ընտանիքի այն հիմնական հիմնախնդիրներն ու կարիքները, որոնք խոչընդոտում են անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեությանը, վեր են հանվում ընտանիքի ռեսուրսներն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են այդ հիմնախնդիրների լուծման կամ կարիքների բավարարման համար, եւ որի արդյունքների հիման վրա մշակվում է միջամտության ծրագիրը:

5. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ գնահատումն ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որն ուղղված է հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի՝ այդ իրավիճակով պայմանավորված առաջնային կարիքների վերահանմանը եւ որի արդյունքները հիմք են հանդիսանում համապատասխան սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու համար:

6. Առանձնահատուկ կարիքների գնահատումը շահառուների խմբով կամ իրավիճակով պայմանավորված ընտանիքի սոցիալական գնահատման այն տեսակն է, որն ուղղված է շահառուների խմբին բնորոշ կամ որոշակի իրավիճակում գտնվելով պայմանավորված կարիքների գնահատմանը եւ որի արդյունքներից ելնելով՝ որոշվում է տվյալ խմբին կամ տվյալ իրավիճակի հաղթահարմանն ուղղված սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տեսակները:

7. Ընտանիքի սոցիալական գնահատման ժամանակ ընտանիքի հետ անմիջական աշխատանքն իրականացվում է տնային կամ գտնվելու վայրի այցելությունների, անմիջական հանդիպումների միջոցով, որոնց ընթացքում գնահատվում են ընտանիքի նյութական եւ ոչ նյութական ռեսուրսները, իրականացվում է ընտանիքի հետ աշխատանքը՝ կիրառելով սոցիալական աշխատանքի մեթոդները:

8. Ընտանիքի սոցիալական գնահատման նպատակով՝ քրեակատարողական հիմնարկում կամ հետախուզման մեջ գտնվող կամ անհայտ կորած կամ գերեվարված համարվող ընտանիքի անդամի անձնական տվյալները ստացվում եւ մշակվում են օրենքով սահմանված կարգով՝ առանց նրանց համաձայնության:

9. Ընտանիքի անապահովության գնահատման նպատակով՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը՝ մյուս չափահաս անդամների գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ, ներկայացնում է առցանց դիմում: Դիմողը դիմումը ներկայացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անհատական օգտահաշվի միջոցով, լրացնելով անհրաժեշտ բոլոր տվյալները եւ կցելով (ներբեռնելով) սահմանված փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները, որոնք հավաքվում են ընտանիքի սոցիալական էլեկտրոնային գործում:

10.Անհատական օգտահաշիվը, օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում, սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր ֆիզիկական անձի անձնական տվյալներով բացված էլեկտրոնային էջն է, որի միջոցով անձը կարող է ներկայացնել սոցիալական ծառայություն ստանալու դիմումներ եւ ստանալ ծանուցումներ, ներառյալ՝ իր վերաբերյալ կայացված վարչական ակտերը:

11. Ընտանիքի սոցիալական էլեկտրոնային գործը՝ ընտանիքին վերաբերող տվյալների, փաստաթղթերի եւ վարչական ակտերի ամբողջությունն է, որոնք հավաքագրվում ու պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:

12. Ընտանիքի անապահովությունը գնահատվում է ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում ինքնաշխատ եղանակով:

13. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի կազմում չեն դիտարկվում հետեւյալ անդամները՝

1) կալանավորված կամ հետախուզման մեջ գտնվող կամ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձինք.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3) ռազմաուսումնական հաստատություններում զորանոցային պայմաններում սովորող կուրսանտները.

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ համայնքային փոքր տանը կամ այլ հաստատություններում շուրջօրյա խնամք ստացող շահառուները.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձինք:

14. Ընտանիքի անապահովության գնահատման համար ներկայացված դիմումը մերժվում է, եթե դիմումը, դիմումում ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հավաստի չեն կամ կեղծ են:

15. Ընտանիքի անապահովության գնահատումն իրականացվում է դիմումի ներկայացումից հետո 12 ամսվա համար: Նշված ժամկետից հետո ընտանիքի անապահովության գնահատումն իրականացվում է, եթե ներկայացվում է նոր դիմում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

16. Ընտանիքի բնակության վայրի փոփոխության կամ ընտանիքում չափահաս անձանց թվի ավելացման դեպքում, պետք է ներկայացվի ընտանիքի անապահովության գնահատման նոր դիմում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

17. Ընտանիքի անապահովության գնահատման համար ներկայացված տեղեկության փոփոխության դեպքում դիմողը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում տեղեկացնել համապատասխան մարմնին:

18. Սույն հոդվածի 16-17-րդ մասերով նախատեսված պարտականությունը չկատարելու դեպքում կամ եթե պարզվում է, որ ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը հավաստի չեն կամ կեղծ են, ընտանիքի անապահովության գնահատումը դադարեցվում է սույն մասով նախատեսված հանգամանքի բացահայտման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

19. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ նախնական, համալիր, հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ, առանձնահատուկ կարիքների գնահատման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը:

Հոդված 19. Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը

1. Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգն ընդգրկում է սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում համապատասխան սոցիալական իրավունքների՝ կենսաթոշակ, անձի ֆունկցիոնալության գնահատման, զբաղվածության, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով կարգավորվող սոցիալական ծառայությունների տրամադրման համար ստեղծված տեղեկատվական ենթահամակարգերը: Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգը ներառում է նաեւ ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգը:

2. Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումը կազմակերպում եւ այն կառավարում է պետական լիազոր մարմինը, սպասարկում եւ վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած կազմակերպությունը, իսկ տվյալները մուտքագրում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պետական լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպությունները՝ իրենց լիազորությունների սահմաններում, եթե տվյալները չեն ստացվում փոխգործելիության հարթակի միջոցով: Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգն ամբողջությամբ հասանելի է պետական լիազոր մարմնին, իսկ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով՝ նաեւ սույն մասով սահմանված մարմիններին եւ կազմակերպություններին:

3. Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները պարտավոր են պահպանել սույն օրենքի շրջանակում ձեռքբերված կամ ստացված տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով ուղղակիորեն նախատեսված է դրանց փոխանցումը, ներառյալ՝ հրապարակումը:

4. Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի կառուցվածքը, ներառվող տվյալների ցանկը, շահագործման եւ վարման, անհրաժեշտ տվյալների ստացման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը:

5. Ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի տեղեկատվական շտեմարանը ձեւավորվում է հարկային մարմնից, այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից տրամադրված տվյալներից եւ անձանց կողմից ներկայացված տվյալներից: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացվող եւ տրամադրվող տվյալների ցանկը, դրանք ստանալու եւ տրամադրելու կարգը, տրամադրող մարմինների ու կազմակերպությունների ցանկը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով՝ ըստ սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տեսակների: Ընտանիքի անապահովության գնահատման կամ սոցիալական աջակցության համար դիմողի գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ՝ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը եւ վարկային կազմակերպություններից ստացվող տեղեկատվությունը՝ օգտագործվում է միայն ընտանիքի անապահովության գնահատման կամ սոցիալական աջակցության տրամադրման, մերժման կամ դադարեցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով, իսկ երրորդ անձանց այն կարող է տրամադրվել միայն «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում:

6. Ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգը նախատեսված է՝

1) սոցիալական աջակցության չափերի, դրանց ֆինանսավորման հնարավոր միջոցների կանխատեսման կամ պլանավորման համար.

2) սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացը համակարգելու, արդյունավետությունը որոշելու եւ բարձրացնելու համար.

3) տրամադրվող աջակցության կրկնությունները բացառելու, հասցեականությունը բարձրացնելու համար.

4) սոցիալական աջակցության ոլորտում հեռանկարային զարգացման ուղղությունների կանխատեսման եւ պլանավորման համար:

7. Ընտանիքի սոցիալական գնահատման եւ սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգն ընդգրկում է անձնական տվյալները, ներառյալ՝ անձի սոցիալական վիճակը նկարագրող տվյալները, նրա ընտանիքի անդամների անձնական տվյալները, սոցիալական ծառայությունը ստանալու հիմքը կամ մերժելու պատճառը, տրամադրվող սոցիալական ծառայությունները, սոցիալական ծառայության ստացման ժամկետները, դրա պարբերականությունը, սոցիալական ծառայության ծավալը (չափը), տրամադրման եւ դադարեցման ժամկետները, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

ԳԼՈՒԽ 5

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայությունները

1. Սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայություններն են՝

1) խորհրդատվական օգնությունը.

2) սոցիալ-վերականգնողական օգնությունը.

3) բնաիրային օգնությունը.

4) կենցաղային օգնությունը.

5) կացարանով ապահովելը.

6) խնամքը.

7) իրավաբանական օգնությունը.

8) օրենսդրությամբ սահմանված նպաստներ կամ այլ դրամական օգնություն նշանակելը եւ վճարելը.

9) զբաղվածության ծառայությունները.

10) ընտանիքի կենսապահովման կայունացման օգնությունը.

11) բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցումը.

12) սոցիալ-հոգեբանական օգնությունը.

13) սոցիալական պատրոնաժը.

14) սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը.

15) օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայություններ:

2. Անձին կամ ընտանիքին միաժամանակ կարող է տրամադրվել մեկից ավելի սոցիալական ծառայություններ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-7-րդ, 9-10-րդ, 12-րդ եւ 14-15-րդ կետերով նախատեսված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրել նաեւ դրամական հատուցմամբ, ներառյալ՝ աջակցության քարտի կամ վկայագրի միջոցով:

Հոդված 21. Խորհրդատվական օգնությունը

1. Խորհրդատվական օգնությունն անձի հիմնական պահանջմունքները եւ սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ եւ եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք այլ սոցիալական ծառայություններ ստանալու, համապատասխան պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց ուղղորդելու վերաբերյալ անձին տրվող տեղեկությունները, մեկնաբանություններն ու առաջարկություններն են, սոցիալական պաշտպանության ոլորտում անձի իրավունքների, դրանց իրականացման, պարտականությունների, սոցիալ-տնտեսապես ակտիվացման եւ սոցիալական ինտեգրման հնարավորությունների վերաբերյալ տեղեկության տրամադրումը:

2. Անձին խորհրդատվական օգնություն տրամադրվում է առանց դիմումի՝ դրա լիազորությունն ունեցող անձի կողմից:

Հոդված 22. Սոցիալ-վերականգնողական օգնությունը

1. Սոցիալ-վերականգնողական օգնության նպատակներն են անձի կամ ընտանիքի համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում հավասար հնարավորությունների ստեղծումը, նրանց սոցիալական հմտությունների զարգացումը եւ սոցիալական ներառմանը նպաստելը:

2. Սոցիալ-վերականգնողական օգնությունն ուղղված է՝

1) հիվանդության կամ վնասվածքների հետեւանքով անձի առողջական վիճակի վատթարացման կանխմանը, օրգանիզմի սահմանափակված կամ կառուցվածքային խախտումների կամ ֆունկցիաների վերականգնմանը, անկախ կյանքի ձեռք բերմանը կամ պահպանմանը.

2) հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ստեղծմանը, անձի կարողությունները եւ ինքնուրույնությունը զարգացնելու միջոցով նրա ֆունկցիոնալության մեծացմանը, անկախ կյանքի ապահովմանը եւ սոցիալական ներառմանը.

3) հոգեհուզական կամ վարքային վերականգնմանը.

4) անձի կորցրած կամ նվազած ունակությունները լրիվ կամ մասնակի վերականգնելուն, անձի հմտություններն ամբողջությամբ օգտագործելու կամ նոր հմտություններ ձեռք բերելու կարողությունները զարգացնելուն կամ ինքնազբաղվածության ապահովմանը:

3. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 23. Բնաիրային օգնությունը

1. Բնաիրային օգնությունն անձի հիմնական պահանջմունքները բավարարելու նպատակով նրան կամ նրա ընտանիքին տրամադրվող օգնությունն է: Բնաիրային օգնությունը կարող է տրամադրվել հետեւյալ ձեւերով՝

1) շրջիկ խոհանոցի կամ ճաշարանի կողմից սննդի կազմակերպում, կամ

2) մթերքի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, առաջին անհրաժեշտության կենցաղային այլ ապրանքների, դեղերի տրամադրում, կամ

3) վառելանյութի տրամադրում, կամ

4) օրենսդրությամբ նախատեսված այլ ձեւերով:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնաիրային օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 24. Կենցաղային օգնությունը

1. Կենցաղային օգնությունն անձի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով նրան կամ նրա ընտանիքին տրամադրվող օգնությունն է: Կենցաղային օգնությունը կարող է տրամադրվել հետեւյալ ձեւերով՝

1) հատուկ տրանսպորտային միջոցների տրամադրում, կամ

2) բաղնիքի, լվացքատան, անձի տեղափոխման կազմակերպում կամ տեղափոխման հետ կապված ծախսերի հատուցում, կամ

3) օրենսդրությամբ նախատեսված այլ ձեւերով:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կենցաղային օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25. Կացարանով ապահովելը

1. Կացարանով ապահովումն անձին կամ ընտանիքին որոշակի ժամկետով կամ անժամկետ բնակության վայրով ապահովմանն ուղղված սոցիալական ծառայություն է:

2. Կացարանով ապահովելն անօթեւան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձին կամ ընտանիքին սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայությունն է:

3. Կացարանով ապահովում է համարվում՝

1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցումը, կամ

2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը՝ պայմանագրային հիմունքներով՝

ա. անհատույց որոշակի ժամկետով.

բ. անհատույց անժամկետ.

գ. վարձակալությամբ, կամ

3) կացարանի ընթացիկ վերանորոգման կամ հարմարեցման աշխատանքների կատարումը կամ ծախսերի ամբողջական կամ մասնակի հատուցումը, կամ

4) ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով, կամ

5) հիփոթեքային վարկի տրամադրումն արտոնյալ պայմաններով՝

ա. հիփոթեքային վարկի կանխավճարի ամբողջական կամ մասնակի մարում, կամ

բ. հիփոթեքային վարկերի գծով վարկի մայր գումարի կամ տոկոսագումարի ամբողջական կամ մասնակի մարում, կամ

6) կացարան՝ ժամանակավոր օթեւանում, կամ

7) նվիրաբերությունը, կամ

8) գիշերակացի հատուցումը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանած դեպքերում կարող է տրամադրվել սույն օրենքով սահմանված այլ սոցիալական ծառայություններից մեկը կամ դրանցից մի քանիսը միաժամանակ՝ ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքներով վերհանված սոցիալական կարիքներին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է անձին կամ ընտանիքին կացարանով ապահովել արտահերթ կարգով:

6. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված կացարանով ապահովելու կարգերը եւ պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սույն հոդվածի 3-րդ մասի 3-5-րդ, 7-րդ կետերով նախատեսված կացարանով ապահովելու կարգերը եւ պայմանները, շահառուների խմբերը յուրաքանչյուր դեպքում կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով:

Հոդված 26. Խնամքը

1. Խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:

2. Խնամքը տրամադրվում է՝

1) տնային պայմաններում, կամ

2) ցերեկային կենտրոններում, կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, կամ

4) աջակցության կենտրոններում, կամ

5) համայնքային փոքր տներում, կամ

6) խնամատար ընտանիքներում, կամ

7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում, կամ

8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:

3. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող եւ չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաեւ աշխատող տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց՝ նրանց միջամտության ծրագրի համաձայն:

4. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, տրամադրում են շուրջօրյա լրիվ խնամք երեխաներին կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները լինում են՝

1) ընդհանուր տիպի՝

ա. տարեց կամ հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված թեթեւ կամ միջին աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց համար.

բ. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար.

2) մասնագիտացված՝

ա. տարեց կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթեւ կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաեւ հոգեկան եւ վարքային այլ խանգարումներ) ունեցող անձանց համար.

բ. կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար.

3) ապաստարան՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց համար «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված հաստատություն, ինչպես նաեւ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին եւ նրանց խնամքի տակ գտնվող երեխաների, հատուկ կատեգորիայի զոհերի եւ նրանց օրինական ներկայացուցիչների համար «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքով նախատեսված հաստատություն.

4) երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն, որը ներառում է ցերեկային խնամքի բաղադրիչ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների եւ նրանց ընտանիքների համար եւ շուրջօրյա խնամքի բաղադրիչ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների եւ նրանց օրինական ներկայացուցիչների համար.

5) օրենսդրությամբ նախատեսված՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների այլ տեսակներ:

5. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաեւ նրանց ընտանիքի անդամներին:

6. Համայնքային փոքր տունն ապահովում է երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջօրյա խնամք տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց:

7. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձեւերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 27. Իրավաբանական օգնությունը

1. Իրավաբանական օգնությունն անձի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով անձին՝ սոցիալական ծառայություններ տրամադրողի կողմից իր իրավասությունների շրջանակում օրենքով սահմանված իրավաբանական օգնության տրամադրումն է կամ «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված դեպքերում հանրային պաշտպանի գրասենյակ ուղղորդումն է՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու նպատակով:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում իրավաբանական օգնության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Օրենսդրությամբ սահմանված նպաստներ եւ այլ դրամական օգնություններ նշանակելն ու վճարելը

1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկի տակ գտնվող անձին կամ ընտանիքին վճարվող նպաստները (անապահովության նպաստ, հրատապ օգնություն, թաղման նպաստ) կամ այլ դրամական օգնություններ նշանակելու եւ վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում են «Պետական նպաստների մասին» օրենքով, այլ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով:

Հոդված 29. Զբաղվածության ծառայությունները

1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկի տակ գտնվող գործազուրկին, այդ թվում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձին տրամադրվող զբաղվածության ծառայությունները եւ դրանց տրամադրման պայմաններն ու կարգը սահմանվում են «Զբաղվածության մասին» օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 30. Ընտանիքի կենսապահովման կայունացման օգնությունը

1. Ընտանիքի կենսապահովման կայունացման օգնությունը սոցիալապես անապահով ընտանիքի մեկ կամ մի քանի անդամներին տնտեսական կարողությունների հզորացման համար՝ համապատասխան հմտություններ ձեւավորելու, եկամտի կայուն աղբյուր ստեղծելու կամ ընտանիքի կենսապայմանները բարելավելու նպատակով տրամադրվող օգնությունն է:

2. Ընտանիքի կենսապահովման կայունացման օգնությունը տրամադրվում է՝ սոցիալական ծառայությունների փաթեթի ձեւով, որի մեջ ներառվում են՝

1) խորհրդատվական՝ մասնագիտական կամ բիզնեսի ուղղվածության կողմնորոշման ծառայություններ,

2) ֆինանսատնտեսական գրագիտության, ծնողավարման, կենցաղավարման եւ այլ սոցիալական հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում,

3) դրամական միջոցներ՝ աշխատանքային գործիքների կամ սարքավորումների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար կամ աշխատանքային գործիքների կամ սարքավորումների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ անհրաժեշտ գույքի տրամադրում,

4) ձեռնարկատիրական գործունեության ծավալման հետ կապված ծախսերի մասնակի հատուցում,

5) ընտանիքի սոցիալական կարիքներին համարժեք օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ:

3. Ընտանիքի կենսապահովման կայունացման օգնության տրամադրման համար կնքվում է պայմանագիր:

4. Ընտանիքի կենսապահովման կայունացման օգնության տրամադրման պայմանագրում պարտադիր նշվում են՝

1) ընտանիքի կենսապահովման կայունացման օգնության դրամական միջոցների ծախսման հնարավոր ուղղությունները, վճարման կարգը, փուլերը եւ դրանց ժամկետները.

2) սույն հոդվածով սահմանված հիմնական սոցիալական ծառայությունների փաթեթի կազմը, անձի կամ ընտանիքի սոցիալ-տնտեսական, աշխատանքային կարիքների բավարարմանն ուղղված համապատասխան միջոցառումները.

3) սույն մասի 2-րդ կետում նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետները, դրանց չմասնակցելու իրավական հետեւանքներն, անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ինչպես նաեւ յուրաքանչյուր միջոցառման համար վճարվող գումարի չափը, դրանց ոչ նպատակային օգտագործման իրավական հետեւանքները.

4) պայմանագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկման եւ հսկողության կարգը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ պայմաններ:

5. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ընտանիքի կենսապահովման կայունացման օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը եւ պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 31. Բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցումը

1. Ընտանիքի բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումն ընտանիքի կողմից սպառվող կոմունալ ծառայությունների համար հնարավոր նվազ սակագների սահմանումն է, իսկ բնակարանային կոմունալ ծառայությունների կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցումը՝ դրանց մասնակի կամ ամբողջական հատուցման նպատակով դրամական միջոցների տրամադրումն է կամ դրանց անմիջական հատուցումը:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնակարանային կոմունալ ծառայությունների խոցելի ընտանիք ճանաչելու կամ կոմունալ ծառայությունների հատուցման կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցման տրամադրման կարգը եւ պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 32. Սոցիալ-հոգեբանական օգնությունը

1. Սոցիալ-հոգեբանական օգնությունն անձի կենսագործունեությանը եւ սոցիալական ներառմանը խոչընդոտող ներանձնային կամ միջանձնային խնդիրների լուծմանը կամ մեղմացմանը, ինչպես նաեւ անձի՝ սոցիալական հարաբերությունների կառուցման կամ վերականգնման համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանն ուղղված սոցիալական ծառայությունն է:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման կարգը եւ պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 33. Սոցիալական պատրոնաժը

1. Սոցիալական պատրոնաժն անձի կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող կամ երեխայի պաշտպանության դեպքերում սոցիալական պատրոնի կողմից տրամադրվող օգնությունն է, որն իրականցվում է պարբերաբար տնայցի կամ գտնվելու վայրի, իրավիճակի ծանոթացման, խորհրդատվության, անհրաժեշտ գործողությունների ձեռնարկման, ներառյալ այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպման եւ պարբերաբար հսկողության իրականացման միջոցով:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական պատրոնաժի տրամադրման կարգը եւ պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 34. Սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը

1. Սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձանց հասարակության մեջ ինտեգրվելու կամ վերաինտեգրվելու նպատակով օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայությունների (հայոց լեզվի, քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ եւ այլ ծառայություններ) տրամադրումն է:

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնության տրամադրման կարգն ու պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 35. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրողներին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Պետական լիազոր մարմնի կողմից հաստատած՝ սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայության նվազագույն չափորոշիչները պարտադիր են նշված սոցիալական ծառայությունը տրամադրողների համար:

2. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը պետական լիազոր մարմնում հավաստագրելու դեպքում: Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման կարգը, պայմանները, հավաստագրի կասեցման, ինչպես նաեւ հավաստագրված անձանց ռեեստրի վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցության քարտ կամ վկայագիր ստացած անձին կամ ընտանիքին:

4. Կազմակերպությունները սոցիալական դեպքի վարում իրականացնում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

5. Համայնքներում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է համայնքի ավագանին:

6. Միեւնույն ժամանակահատվածում նույն ընտանիքին կամ անձին պետական ու համայնքային սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում նույնաբովանդակ սոցիալական ծառայություն տրամադրելն արգելվում է:

7. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մշակում եւ հաստատում են իրենց կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը:

8. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը սոցիալական աջակցության ոլորտի ծառայություններին վերաբերող դասընթացների անցկացման կամ կազմակերպման դեպքում պարտավոր են ղեկավարվել պետական լիազոր մարմնի կողմից հաստատված դասընթացի բովանդակությամբ եւ մոդուլներով:

ԳԼՈՒԽ 6

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36. Սոցիալական աջակցության համար դիմող անձի իրավունքները

1. Սոցիալական աջակցության համար դիմող անձն իրավունք ունի՝

1) մատչելի եղանակով ստանալ տեղեկություններ իր սոցիալական իրավունքների, դրանց իրացման պայմանների, կարգի եւ տվյալ սոցիալական խնդիրը լուծելու եղանակների մասին.

2) ստանալ սոցիալական աջակցություն՝ բավարար հիմքերի առկայության դեպքում.

3) իրազեկվել սոցիալական աջակցություն տրամադրելու մերժման մասին՝ օրենսդրությամբ սահմանված եղանակներով.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաեւ սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

5) օրենսդրությամբ սահմանված կարգով՝ սոցիալական աջակցություն ստանալու համար տրամադրված անձնական տվյալների պաշտպանության.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում ստանալ անվճար իրավաբանական օգնություն.

7) օրենքով սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 37. Սոցիալական աջակցություն ստացող անձի իրավունքները

1. Սոցիալական աջակցություն ստացողը, ի լրումն սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված իր նկատմամբ կիրառելի իրավունքների, ունի հետեւյալ իրավունքները՝

1) ստանալ իր կյանքի եւ առողջության համար անվտանգ սոցիալական ծառայություններ.

2) մասնակցել սոցիալական աջակցություն տրամադրելու շրջանակներում իր սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող որոշումների կայացման, միջամտության ծրագրի կազմման գործընթացին.

3) ծանոթանալ սոցիալական աջակցության տրամադրման պայմաններին.

4) հրաժարվել սոցիալական աջակցություն ստանալուց:

Հոդված 38. Սոցիալական աջակցության համար դիմողի պարտականությունները

1. Սոցիալական աջակցության համար դիմողը պարտավոր է՝

1) ներկայացնել սոցիալական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ ու հավաստի տվյալներ կամ փաստաթղթեր.

2) չխոչընդոտել սոցիալական աշխատողի կողմից իրականացվող տնային կամ գտնվելու վայրի այցելություններին.

3) կատարել օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 39. Սոցիալական աջակցություն ստացողի պարտականությունները

1. Սոցիալական աջակցություն ստացողը, ի լրումն սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված իրեն վերաբերելի պարտականությունների, պարտավոր է՝

1) սոցիալական աջակցություն տրամադրելու համար ներկայացված տեղեկության փոփոխության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում տեղեկացնել համապատասխան մարմնին կամ կազմակերպությանը.

2) մասնակցել իր սոցիալական խնդիրների լուծմանը՝ իր կարողությունների եւ հնարավորությունների սահմաններում, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել միջամտության ծրագրի պահանջները.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ իր կամ ընտանիքի սոցիալական կարիքները բավարարելու համար.

4) սոցիալական աջակցությունն օգտագործել նպատակային.

5) սոցիալական ծառայություն ստանալու համար պայմանագրի կնքման դեպքում կատարել իր պայմանագրային պարտավորությունները, իսկ խնամք կամ կացարան ստանալու դեպքում՝ պահպանել նաեւ այդ ծառայությունները մատուցող կազամակերպությունների ներքին իրավական ակտերի պահանջները.

6) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով հետ վերադարձնել օրենսդրության խախտմամբ ստացված գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները եւ հատուցել պատճառված վնասները.

7) աջակցել կամ չխոչընդոտել սոցիալական աշխատողի իրավունքների, պարտականությունների եւ գործառույթների իրականացմանը, իր կամ իր ընտանիքին տրամադրված սոցիալական ծառայությունների մշտադիտարկման, գնահատման աշխատանքներին կամ սույն օրենքի 56-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողությանը:

Հոդված 40. Սոցիալական աջակցության համար դիմող եւ ստացող անձի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հետեւանքները եւ պատասխանատվությունը

1. Սոցիալական աջակցության համար դիմողի կողմից սույն օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սոցիալական աջակցություն տրամադրելը մերժվում է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով՝ սոցիալական աջակցություն ստացող անձի կամ ընտանիքի կողմից սույն օրենքով սահմանված պարտականություններ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, սոցիալական աջակցություն տրամադրելը դադարեցվում է եւ օրենսդրության խախտմամբ ստացված գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները վերադարձվում է, վնասը փոխհատուցվում է: Անձը կամ ընտանիքը պարտավոր է վճարել օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայությունների շրջանակներում պետական կամ համայնքային բյուջեի միջոցներից անձին կամ ընտանիքին հատկացված եւ իր մեղքով օրենսդրության խախտմամբ ստացված դրամական միջոցները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Սոցիալական աջակցության համար դիմողը եւ ստացող անձը սույն օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրում են նաեւ այլ օրենքներով նախատեսված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 7

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 41. Սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշումը

1. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետեւ՝ սոցիալական աջակցություն տրամադրող) կողմից օրենսդրությամբ սահմանված դեպքերում: Սոցիալական աջակցություն տրամադրելը՝

1) չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ.

2) չի կարող վնաս պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին եւ գույքին:

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է սոցիալական աջակցության համար դիմողի, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով՝ նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ նրա դիմելու, այդ թվում՝ առցանց, ահազանգի կամ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումների հիմքով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Սոցիալական աջակցություն տրամադրելու համար (բացառությամբ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի) սոցիալական աջակցության համար դիմողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումը պարտադիր չէ, եթե չեն բավարարվում անձի սույն օրենքով սահմանված հիմնական պահանջմունքները եւ նա՝

1) երեխա է, ում կարծիքը հաշվի է առնվում իր տարիքին եւ հասունությանը համապատասխան.

2) անգործունակ է:

4. Հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցություն կարող է տրամադրվել առանց սոցիալական աջակցություն ստացողի կամ օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումի (բացառությամբ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի)՝ օրենդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:

5. Սոցիալական աջակցություն տրամադրելու համար սոցիալական աջակցություն ստացողի կամ օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումը պարտադիր չեն (բացառությամբ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի) նաեւ այն դեպքերում, երբ սոցիալական աջակցության չտրամադրումը կհանգեցնի սոցիալական աջակցության կարիք ունեցող անձի կամ նրա ընտանիքի կամ այլ անձանց հիմնարար իրավունքների, ազատությունների սահմանափակմանը, նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելուն կամ այլ ծանր հետեւանքների:

6. Սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողը կամ նրա օրինական ներկայացուցչը կամ ներկայացուցիչն օրենսդրությամբ սահմանված դեպքերում դիմումին կից ներկայացնում է օրենսդրությամբ սահմանած՝ սոցիալական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ տվյալները կամ փաստաթղթերը:

7. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն ընդունում է Միասնական սոցիալական ծառայության օրենսդրությամբ սահմանված ստորաբաժանումը կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց ենթակա կազմակերպությունները կամ այլ կազմակերպությունները:

8. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշումն ընդունում են դիմումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

9. Սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու համար դիմումին կից ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում նույն օրը պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը դիմողին կամ օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին սահմանված կարգով տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի եւ դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին: Սույն հոդվածի 3-5-րդ մասում նախատեսված դեպքերում՝ անհրաժեշտ փաստաթղթերը սոցիալական աջակցություն տրամադրողը ձեռք է բերում նաեւ հարցումների միջոցով:

10. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ մերժելու մասին պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնում է դիմողին ոչ ուշ, քան այդ որոշման ընդունումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սոցիալական աջակցություն տրամադրողի որոշումները, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

12. Համապատասխան տեղեկատվական ենթահամակարգերի առկայության դեպքում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություն տրամադրելու կամ մերժելու կամ այն ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ որոշումն (վարչական ակտը) ընդունվում է ինքնաշխատ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

13. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության դրամական միջոցները կամ նշված կազմակերպությունների կամ մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ոլորտի զբաղվածության ծրագրերի գործողության ժամկետի ընթացքում ստացված եկամուտները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել անձի պարտավորությունների դիմաց:

14. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական աջակցության դրամական միջոցները փոխանցելու կամ նշված կազմակերպությունների կամ մարմինների կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերի ընթացքում ստացված եկամուտները ստանալու համար բացվում է հատուկ բանկային հաշիվ, որին կարող են փոխանցվել միայն սույն մասով նախատեսված դրամական միջոցները (ներառյալ՝ եկամուտները): Հատուկ բանկային հաշվի բացման կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 42. Սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելը

1. Սոցիալական աջակցություն տրամադրելը մերժվում է՝

1) սոցիալական աջակցության տրամադրման համար օրենսդրությամբ սահմանված շահառուների խմբերի չափորոշիչների կամ պայմանների բացակայության դեպքում.

2) օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ ժամկետում դիմողի կողմից անհրաժեշտ տվյալները կամ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի կամ կեղծ տվյալներ կամ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում.

4) սոցիալական աջակցություն ստացողի դիմումի բացակայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

2. Սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության տրամադրումը կարող է մերժվել, եթե համապատասխան բժշկական հաստատության եզրակացությամբ անձի մոտ ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն համապատասխան բժշկական հաստատություններում: Խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության դեպքերում սոցիալական ծառայություն տրամադրողն անձին կամ նրա ընտանիքի անդամին կամ օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, անհրաժեշտության դեպքում՝ իրականացնում է նաեւ ուղղորդում անձի բուժումը համապատասխան բժշկական հաստատությունում իրականացնելու համար:

3.Սոցիալական աջակցություն տրամադրողը սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու մասին որոշման մեջ նշում է մերժման հիմքը, մերժման որոշումը բողոքարկելու ժամկետը եւ մարմինը, որին կարող է այդ որոշումը բողոքարկվել:

Հոդված 43. Սոցիալական աջակցություն տրամադրելը դադարեցնելը

1. Սոցիալական աջակցություն տրամադրելը դադարեցվում է՝

1) սոցիալական աջակցություն ստանալու հիմքերի վերացման դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում.

2) եթե պարզվում է, որ սոցիալական աջակցություն ստացողի կողմից ներկայացված՝ սոցիալական աջակցությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները կամ փաստաթղթերը կեղծ են կամ ոչ հավաստի.

3) սոցիալական աջակցություն ստացողի կողմից սոցիալական աջակցություն ստանալու պայմաններն ու կարգը խախտելու դեպքում.

4) օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով՝ սոցիալական աջակցություն ստացող անձի կամ ընտանիքի կողմից սույն օրենքով սահմանված պարտականություններ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում.

5) սոցիալական աջակցություն ստացողի՝ սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու դեպքում.

6) սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված խնամք ստացողի մոտ ախտորոշված այնպիսի հիվանդության պատճառով, որի բուժումը հնարավոր է միայն համապատասխան բժշկական հաստատություններում.

7) սոցիալական աջակցություն ստացողի մահվան, ինչպես նաեւ նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում:

ԳԼՈՒԽ 8

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱՆ

Հոդված 44. Սոցիալական աշխատանքի իրականացումը

1. Սոցիալական աշխատանքն իրականացվում է սոցիալական աշխատողների կողմից՝ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում եւ սույն օրենքով սահմանված կարգով՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում կամ ինքնուրույն գործունեություն ծավալելու միջոցով:

Հոդված 45. Սոցիալական աշխատողին ներկայացվող պահանջները

1. Սոցիալական աշխատողն օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական աշխատանքի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական աշխատողը սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է:

3. Որպես սոցիալական աշխատող կարող է մասնագիտական գործունեություն իրականացնել նաեւ՝

1) այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող եւ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց ավարտած, համապատասխան վկայական ստացած եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձը կամ

2) հոգեբանություն, սոցիալական մանկավարժություն, հատուկ մանկավարժություն, սոցիոլոգիա, մարդկային ռեսուրսների կառավարման բարձրագույն կրթություն ունեցող եւ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց ավարտած, համապատասխան վկայական ստացած եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձը:

4. Սոցիալական աշխատողը համարվում է նաեւ հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բարձրագույն կրթությունը կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց ավարտելու մասին վկայականը ստանալուց հետո չի անցել երեք տարի:

5. Սոցիալական աշխատող չի կարող հանդիսանալ նա, ով՝

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կատարման համար, եւ նրա դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

3) դատապարտվել է մարդու, հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, կաշառք ստանալու, ինչպես նաեւ պետական իշխանության, ընտանիքի եւ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:

6. Սոցիալական աշխատողները, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու մարմնի կամ կազմակերպության, լինում են՝

1) քաղաքացիական ծառայող սոցիալական աշխատող.

2) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական աշխատող.

3) համայնքային ծառայող սոցիալական աշխատող.

4) այլ կազմակերպությունների սոցիալական աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող (այսուհետեւ՝ մասնավոր ոլորտ) սոցիալական աշխատող.

5) քաղաքացիական աշխատանք կատարող սոցիալական աշխատող:

7. Քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողի համար պարտադիր չէ սույն օրենքում նախատեսված հավաստագրման պահանջը:

8. Բացառությամբ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողի, սոցիալական աշխատողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է: Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն ենթակա է լուծման:

Հոդված 46. Սոցիալական սատարողին ներկայացվող պահանջները

1. Սոցիալական սատարողն օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական սատարողն առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է: «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած լինելու մասին համապատասխան վկայականի առկայությունը պարտադիր չէ, եթե անձն ունի սոցիալական աշխատանքի նախնական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական որակավորում:

3. Սոցիալական սատարողը համարվում է հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մասնագիտական որակավորումը կամ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց ավարտելու մասին վկայականը ստանալուց հետո չի անցել երեք տարի:

4. Սոցիալական սատարողները, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու մարմնի կամ կազմակերպության, լինում են՝

1) քաղաքացիական ծառայող սոցիալական սատարող.

2) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական սատարող.

3) համայնքային ծառայող սոցիալական սատարող.

4) այլ կազմակերպությունների սոցիալական սատարող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող (այսուհետեւ՝ մասնավոր ոլորտ) սոցիալական սատարող.

5) քաղաքացիական աշխատանք կատարող սոցիալական սատարող:

5. Քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական սատարողի համար պարտադիր չէ սույն օրենքում նախատեսված հավաստագրման պահանջը:

6. Բացառությամբ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական սատարողի, սոցիալական սատարողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է: Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական սատարողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն ենթակա է լուծման:

Հոդված 47. Սոցիալական աշխատողի կողմից իրականացվող հիմնական գործառույթները

1. Սոցիալական աշխատողի կողմից իրականացվում են հետեւյալ հիմնական գործառույթները՝

1) միջոցների ձեռնարկում՝ հայտնաբերելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ ռիսկում գտնվող անձին կամ ընտանիքին.

2) անձի կամ ընտանիքի սոցիալական գնահատում՝ օրենքով չարգելված միջոցներով անձին կամ ընտանիքին վերաբերող տվյալների հավաքագրման եւ վերլուծման միջոցով.

3) պլանավորում՝ ձեռք բերված տվյալների հիման վրա համապատասխան միջոցառումների եւ գործողությունների պլանավորման ու համապատասխան ծրագրերի, այդ թվում՝ միջամտության ծրագրի մշակման միջոցով.

4) սոցիալական ծառայությունների տրամադրում կամ տրամադրման կազմակերպում՝ համաձայն սույն մասի 3-րդ կետում մշակված ծրագրի.

5) շահապաշտպանություն (ադվոկացիա)՝ անձի կամ ընտանիքի իրավունքների եւ շահերի պաշտպանությանն ուղղված գործունեություն, որի նպատակն է ապահովել անձի կամ ընտանիքի իրավունքների արդյունավետ իրականացումը եւ նրանց համար նախատեսված սոցիալական ծառայությունների մատչելիությունը.

6) ճգնաժամային միջամտություն՝ մասնագիտական մեթոդների եւ հմտությունների կիրառմամբ իրականացվող միջամտություն հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում, ինչպես նաեւ միջամտության կազմակերպում.

7) մշտադիտարկում եւ ընթացիկ գնահատում՝ անձի կամ ընտանիքի հետ աշխատանքում իրականացվող գործողությունների եւ դրանց ընթացիկ արդյունքների վերաբերյալ տարբեր մեթոդներով տեղեկատվության շարունակական ստացման եւ վերլուծման միջոցով.

8) համագործակցության կազմակերպում եւ համատեղ աշխատանք աջակցող կամ համագործակցության ցանցերի մասնակիցների հետ.

9) մասնագիտական կարծիքի տրամադրում՝ սոցիալական քաղաքականության բարեփոխումների, սոցիալական աջակցության եւ համայնքային սոցիալական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկությունների եւ եզրակացությունների տրամադրում անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների մասին.

10) թերապեւտիկ աշխատանք անձի կամ ընտանիքի հետ՝ բարելավվելու անձի կամ ընտանիքի կենսագործունեության պայմանները, նպաստելու անձի կամ ընտանիքի ինքնաբավ կենսագործունեությանը.

11) որոշումների կայացում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Հոդված 48. Սոցիալական աշխատողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները

1. Սոցիալական աշխատողի հիմնական իրավունքներն են՝

1) ընտրել եւ կիրառել սոցիալական աշխատանքում ընդունված, սոցիալական աշխատանքի ոլորտի օրենսդրությանը եւ սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագրքին համապատասխանող մոտեցումները, մեթոդները, տեխնիկաները եւ մոդելները, որոնք իր գնահատմամբ առավել արդյունավետ են ակնկալվող արդյունքի եւ իրականացման ժամկետների տեսանկյունից.

2) դիմելու պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ կազմակերպություններին՝ յուրաքանչյուրի լիազորությունների շրջանակներում անձին կամ ընտանիքին սոցիալական ծառայություն կամ սոցիալան ծառայությունից օգտվելու վերաբերյալ տեղեկություն տրամադրելու նպատակով.

3) սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում՝ առանձին, առանց տեւողության սահմանափակման, անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքին հետեւելով՝ անարգել հանդիպել անձի կամ ընտանիքի հետ, եթե դա բխում է անձի կամ ընտանիքի շահերից կամ օրենսդրությամբ սահմանված իր պարտականություններից.

4) ըստ անհրաժեշտության՝ անձին ուղեկցել այլ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ այլ կազմակերպություն.

5) իրականացնել անձի կամ ընտանիքի շահերից բխող այլ գործողություններ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ դա չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

6) դիմել եւ օգտվել սուպերվիզիա իրականացնող մասնագետի ծառայություններից.

7) մասնակցել համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին:

2. Սոցիալական աշխատողի հիմնական պարտականություններն են՝

1) տիրապետել սոցիալական աջակցության համար դիմողի եւ սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը, նրա սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված միջամտության ծրագրերի կազմման, իրականացման, մշտադիտարկման մեթոդներին ու տեխնիկային, այդ նպատակի համար անհրաժեշտ առկա ռեսուրսների եւ հնարավորությունների մասին տեղեկությանը.

2) համագործակցել աջակցող եւ համագործակցության ցանցերի մասնակիցների հետ.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կատարել տնայցեր՝ անձի կամ ընտանիքի սոցիալական կարիքները գնահատելու, նրա սոցիալական, այդ թվում՝ ընտանեկան պայմաններն ուսումնասիրելու, ինչպես նաեւ սոցիալական ծառայություններ տրամադրելու համար.

4) պահպանել սույն օրենքի, այլ օրենքների, իրավական ակտերի եւ սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագրքի պահանջները.

5) պաշտպանել անձի կամ ընտանիքի հիմնարար իրավունքներն ու օրինական շահերը, չկատարել անձի կամ ընտանիքի իրավունքներին եւ օրինական շահերին հակասող որեւէ գործողություն.

6) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդ ռիսկում գտնվող անձին կամ ընտանիքին.

7) պահանջել անձից կամ ընտանիքից միայն սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանք առկա չեն տեղեկատվական շտեմարաններում, աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ձեռքբերմանը եւ ճիշտ ներկայացմանը.

8) մշտապես կատարելագործել իր գիտելիքները, պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով եւ ժամաքանակով, սույն օրենքով սահմանված դեպքերում մասնակցել սոցիալական աշխատողների համար նախատեսված հավաստագրմանը.

9) այլ անձանց չփոխանցել, ներառյալ՝ չհրապարակել, սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով ուղղակիորեն նախատեսված է անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունների փոխանցումը, ներառյալ՝ հրապարակումը.

10) ունենալ սոցիալական աշխատողի վկայական, որի օրինակելի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը.

11) ներկայացնել սոցիալական աշխատողի վկայականը տնային կամ գտնվելու վայրի այցելության ժամանակ:

3. Սույն հոդվածով սահմանվում են սոցիալական աշխատողի հիմնական իրավունքների եւ պարտականությունների ծավալը, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնող սոցիալական աշխատողի իրավունքների եւ պարտականությունների շրջանակը սահմանվում է նրա պաշտոնի անձնագրով (աշխատանքային պայմանագրով) կամ տրամադրվող ծառայության նկարագրով՝ գործատուի կողմից եւ սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագրքով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված իրավունքները եւ պարտականությունները եւ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները:

4. Սոցիալական աշխատողին եւ նրա վերադասին սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում հայտնի դարձած անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունները համարվում են գաղտնիք, եւ այն այլ անձանց անօրինական փոխանցող, ներառյալ՝ հրապարակող, սոցիալական աշխատողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

5. Սոցիալական աշխատողը կարող է ունենալ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 49. Սոցիալական աշխատողի եւ սոցիալական սատարողի գործունեության երաշխիքները

1. Սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի դիմումի հիման վրա պետական իրավասու մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր են ձեռնարկել սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի եւ նրա ընտանիքի պաշտպանության համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական գործունեության կատարման հետ կապված՝ սոցիալական աշխատողին կամ սոցիալական սատարողին կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով: Սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն իր կյանքին կամ առողջությանը վտանգ պատճառող հավանական իրավիճակներում կամ դրանց սպառնալիքի առկայությամբ շահառուի հետ հանդիպելուց կամ տնայցից առաջ՝ հանցագործությունները եւ այլ իրավախախտումները կանխելու նպատակով, կարող է դիմել իր գործունեությունն իրականացնելու վայրի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ ոստիկանի ուղեկցությամբ հանդիպումը կամ տնայցը կազմակերպելու համար:

2. Սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողը մասնագիտական ռիսկերից պաշտպանվածության համար պետք է ունենա ապահով եւ անվտանգ աշխատանքային միջավայր: Եթե սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողը հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել կենսագործունեության այնպիսի սահմանափակումների պատճառով, որոնք առաջացել են սոցիալական աշխատանքի իրականացման ընթացքում ձեռք բերված մասնագիտական հիվանդության կամ վնասվածքի հետեւանքով, ապա սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում են համապատասխան վճարով: Մասնագիտական գործունեություն իրականացնելիս մահանալու դեպքում, սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի ընտանիքի անդամներն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում են համապատասխան վճարով: Սոցիալական աշխատողի եւ սոցիալական սատարողի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ մահանալու դեպքում տրամադրվող վճարի չափը, դրա վճարման կարգն ու պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն օգտվում են նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ երաշխիքներից:

4. Քաղաքացիական կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողներն ու սոցիալական սատարողներն ունեն քաղաքացիական կամ համայնքային ծառայությունը կարգավորող օրենքներով նախատեսված այլ երաշխիքներ:

Հոդված 50. Սոցիալական պատրոնին ներկայացվող պահանջները եւ սոցիալական պատրոնի գործունեության երաշխիքները

1. Սոցիալական պատրոնը պետք է առնվազն ունենա միջնակարգ կրթություն եւ «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին համապատասխան վկայական:

2. Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվում են նաեւ սոցիալական պատրոնները:

Հոդված 51. Սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը

1. Սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը սահմանում է սոցիալական աշխատողի վարքագծի միասնական կանոնները, սոցիալական աշխատանքի չափորոշիչները եւ էթիկայի սկզբունքները: Սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը սահմանվում է պետական լիազոր մարմնի կողմից եւ պարտադիր է յուրաքանչյուր սոցիալական աշխատողի համար:

2. Քաղաքացիական կամ համայնքային ծառայող համարվող սոցիալական աշխատողները պարտավոր են պահպանել նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները եւ դրանցից բխող վարքագծի կանոնները:

Հոդված 52. Սոցիալական աշխատողի եւ սոցիալական սատարողի հավաստագրումը

1. Սոցիալական աշխատողները եւ սոցիալական սատարողները (բացառությամբ քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների եւ սոցիալական սատարողների) պարտավոր են մասնակցել հավաստագրմանը՝ մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների պարբերական ձեռքբերման եւ կատարելագործման նպատակով:

2. Հավաստագիրը տրվում է երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողն օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հերթական հավաստագիր ստանալու նպատակով:

4. Հավաստագիրը սոցիալական աշխատողին կամ սոցիալական սատարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման դեպքում:

5. Հավաստագիրը տրամադրվում է, եթե սոցիալական աշխատողը կամ սոցիալական սատարողը լրացրել է սույն օրենքով սահմանված կրեդիտների նվազագույն քանակը:

6. Հավաստագրման կրեդիտները լրացվում են հետեւյալ եղանակներով՝

1) տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում սոցիալական աշխատանքի կամ հարակից այլ մասնագիտությունների (հոգեբանություն, հոգեբուժություն, մանկավարժություն, իրավագիտություն, առաջին բուժօգնություն) դասընթացներին, վերապատրաստումներին, սեմինարներին, գիտաժողովներին, համաժողովներին կամ գիտական, գիտագործնական այլ միջոցառումների մասնակցության կամ իրականացման միջոցով.

2) գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման կամ գիտագործնական ուսումնասիրությունների իրականացման կամ մասնակցության արդյունքները ներկայացնելու, աշխատանքի վայրում ուսանողների մասնագիտական պրակտիկան ղեկավարելու միջոցով.

3) պետական լիազոր մարմնի կողմից նախատեսված այլ եղանակներով:

7. Հավաստագրման համար կրեդիտները յուրաքանչյուր եռամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված եղանակներով եւ կազմեն՝

1) սոցիալական աշխատողի համար՝ առնվազն 45 կրեդիտ.

2) սոցիալական սատարողի համար՝ առնվազն 25 կրեդիտ:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կրեդիտները չլրացվելու դեպքում սահմանված կարգով անց են կացվում դասընթացներ եւ թեստավորումներ:

9. Սոցիալական աշխատողների եւ սոցիալական սատարողների հավաստագրումը կազմակերպում է պետական լիազոր մարմինը՝ իր կողմից լիազորված կազմակերպության միջոցով:

10. Հավաստագրման ընթացքում պահպանվում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող սոցիալական աշխատողի եւ սոցիալական սատարողի՝ պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաեւ յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար՝ 12 օրվա հիմնական աշխատավարձը, իսկ նշված ժամկետը գերազանցող օրերի համար աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի եւ սոցիալական աշխատողի կամ սոցիալական սատարողի փոխադարձ համաձայնությամբ:

Հոդված 53. Սոցիալական սատարողի իրավունքներն ու պարտականությունները

1. Սոցիալական սատարողը պարտավոր է աջակցել սոցիալական աշխատողներին իրականացնել սույն օրենքի 47-րդ հոդվածում նախատեսված գործառույթները, այդ թվում` իրականացնել տնայց:

2. Սոցիալական սատարողն ունի սոցիալական աշխատողի իրավունքներն այնքանով, որքանով նրանք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով պարտականությունները կատարելու համար:

3. Սոցիալական սատարողն ունի վկայական, որի օրինակելի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը:

4. Սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված սոցիալական աշխատողի մասնագիտական կանոնագիրքը վերաբերելի է նաեւ սոցիալական սատարողին:

Հոդված 54. Սուպերվիզիայի իրականացումը

1. Սուպերվիզիան համագործակցային գործընթաց է, որի նպատակներն են.

1) նպաստել սոցիալական աշխատողի գործունեության արդյունավետության բարձրացմանը.

2) աջակցել սոցիալական աշխատողի մասնագիտական կարողությունների զարգացմանը եւ խթանել վերջինիս կողմից էթիկական նորմերի եւ սկզբունքների պահպանումը՝ նպաստելով իր մասնագիտական գործունեության հանդեպ բարձր պատասխանատվության դրսեւորմանը.

3) աջակցել սոցիալական աշխատողին մասնագիտական եւ աշխատանքային դժվարությունների հաղթահարման հարցում:

2. Միասնական սոցիալական ծառայությունը կամ պետական լիազոր մարմնի համաձայնությամբ՝ համապատասխան կազմակերպությունն իրականացնում է արտաքին սուպերվիզիա՝ սույն օրենքով սահմանված սոցիալական աշխատողների համար՝ համապատասխան գործատուի հայտի հիման վրա՝ իր աշխատակազմի կամ հրավիրված սոցիալական աշխատողների միջոցով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հայտը կարող է լինել՝

1) նպատակային՝ նեղ մասնագետ գործուղելու պահանջով, կամ ընդհանուր.

2) կարճաժամկետ՝ մեկօրյա (մեկանգամյա հանդիպում) կամ երկարաժամկետ՝ ոչ ավելի 5 աշխատանքային օր տեւողությամբ:

4. Ներքին սուպերվիզիա իրականացնում է կազմակերպության կամ մարմնի՝ նման լիազորություն ունեցող աշխատողը:

5. Սուպերվիզիայի իրականացման կարգը, պայմանները, սուպերվիզորներին ներկայացվող պահանջները եւ սուպերվիզորների հավաստագրման կարգը հաստատում է պետական լիազոր մարմինը:

ԳԼՈՒԽ 9

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 55. Սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները

1. Սոցիալական աջակցության ֆինանսավորումն իրականացվում է՝

1) պետական բյուջեի միջոցներից՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեված ֆինանսական միջոցների շրջանակներում.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

4) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով՝ պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում անձին կամ ընտանիքին նշանակված աջակցության գումարները կարող են վճարվել նաեւ տեղական կամ միջազգային կազմակերպությունների կողմից կամ նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին՝ պետական լիազոր մարմնի կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնության առկայության դեպքում: Համագործակցության պայմանագիրը կամ հուշագիրը կնքելիս պարտադիր հաշվի են առնվում նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:

ԳԼՈՒԽ 10

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 56. Պետական վերահսկողությունը

1. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման նկատմամբ իրականացվում է պետական վերահսկողություն:

2. Պետական վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:

3. Պետական վերահսկողությունն իրականացվում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված սոցիալական ծառայությունները մատուցող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որի նպատակն է ապահովել սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում պետական լիազոր մարմնի կողմից սահմանած նվազագույն չափորոշիչների պահպանումը, անձի կյանքին ու առողջության համար անվտանգ, սոցիալական ծառայությունների արժանապատիվ տրամադրման ապահովումը:

Հոդված 57. Մշտադիտարկումը եւ գնահատումը

1. Մշտադիտարկումը պարբերաբար իրականացվող դիտարկումն է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման նկատմամբ, իրականացվող ծրագրերի ու տրամադրվող ծառայությունների առաջընթացը եւ ռեսուրսների օգտագործման մակարդակը սահմանող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, դրանց ելակետային, փաստացի եւ թիրախային արժեքների համեմատության եւ հաշվետվություններ ներկայացնելու միջոցով:

2. Գնահատումը մշտադիտարկման արդյունքում ստացված եւ անհրաժեշտ այլ տեղեկության հիման վրա սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների պլանավորման, իրականացման ընթացքի, վերջնարդյունքի եւ ազդեցության համակարգային, խորքային եւ անկողմնակալ վերլուծությունն է, որն ուղղված է որոշելու սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման եւ սոցիալական աշխատանքի արդյունավետությունը, ծախսարդյունավետությունը, ինչպես նաեւ այդ ծառայությունների եւ սոցիալական աշխատանքի ազդեցությունը եւ դրա կայունությունը շահառուների կենսագործունեության բարելավման վրա:

3. Մշտադիտարկման եւ գնահատման անցկացման սկզբունքներն են՝

1) համակարգվածությունը, այսինքն՝ մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվում են նախապես պլանավորված եւ համակարգված եղանակներով.

2) շարունակականությունը, այսինքն՝ մշտադիտարկումն ու գնահատումն իրականացվում են շարունակաբար՝ սոցիալական աջակցության տրամադրման եւ սոցիալական աշխատանքի բոլոր փուլերում.

3) համեմատելիությունը, այսինքն՝ տարբեր փուլերում մշտադիտարկման եւ գնահատման ընթացքում արձանագրված տվյալները պետք է համադրվեն՝ տեղի ունեցող փոփոխություններն արձանագրելու նպատակով.

4) օբյեկտիվությունը, այսինքն՝ մշտադիտարկման եւ գնահատման ընթացքում տեղեկությունը հավաքագրվում է անկողմնակալ կերպով՝ բացառելով շահերի բախումները:

4. Մշտադիտարկման եւ գնահատման նպատակներն են՝

1) նպաստել սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման եւ սոցիալական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.

2) օժանդակել սոցիալական աջակցության եւ սոցիալական աշխատանքի ոլորտներում փաստահենք քաղաքականությունների մշակմանը եւ դրանց առաջնահերթությունների սահմանմանը.

3) օժանդակել ռիսկերի կառավարմանը.

4) նպաստել հաշվետվողականության ու թափանցիկության ապահովմանը.

5) բացահայտել սոցիալական աշխատանքի, այդ թվում՝ սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման կարիքները.

6) օժանդակել սոցիալական աջակցության նոր ծրագրերի, նոր սոցիալական ծառայությունների ներդրման հիմքերի ուսումնասիրությանը եւ նախագծմանը:

5. Մշտադիտարկման եւ գնահատման անցկացման կարգը, պայմաններն ու մեթոդաբանությունը հաստատվում են պետական լիազոր մարմնի կողմից:

Հոդված 58. Հասարակական կազմակերպությունների մշտադիտարկումը շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում

1. Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական մշտադիտարկում շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների գործունեության նկատմամբ: Սույն հոդվածի իմաստով՝ հասարակական մշտադիտարկումը ներառում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների կողմից խնամքի տրամադրման համար սահմանված նվազագույն չափորոշիչների պահպանման եւ խնամք ստացող անձանց օրենսդրությամբ սահմանված իրավունքների ապահովման նկատմամբ մշտադիտարկման գործառույթները:

2. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների հասարակական մշտադիտարկումն իրականացվում է պետական լիազոր մարմնի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով:

3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:

4. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը:

ԳԼՈՒԽ 11

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 59. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում, որոնց ուժի մեջ մտնելուց հետո կգործեն սույն օրենքի համապատասխան նորմերը:

3. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը գործում է մինչեւ 2029 թվականի հունվարի 1-ը: 2029 թվականի հունվարի 1-ից հետո որպես սոցիալական աշխատող կարող է հանդես գալ միայն սույն օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասին կամ 3-րդ մասի 2-րդ կետին բավարարող անձը, եթե աշխատանքի է ընդունվել կամ համապատասխան մրցույթը հայտարարվել է 2029 թվականի հունվարի 1-ից հետո:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքը, բացառությամբ 39-րդ հոդվածի:

5. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի 39-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ սույն օրենքի 45-րդ եւ 46-րդ հոդվածները մտնում են ուժի մեջ՝ պետական լիազոր մարմնի կողմից սոցիալական աշխատողների եւ սոցիալական սատարողների հավաստագրման կարգն ուժի մեջ մտնելուց տասնութ ամիս հետո: Այն սոցիալական աշխատողները եւ սոցիալական սատարողները, ովքեր աշխատանքի են ընդունվել մինչեւ սույն օրենքի 45-րդ եւ 46-րդ հոդվածների ուժի մեջ մտնելը, շարունակում են իրենց աշխատանքային հարաբերությունները, եթե ունեն գործող հավաստագիր:

6. Պետական լիազոր մարմնի կողմից սոցիալական աշխատողների եւ սոցիալական սատարողների հավաստագրման կարգը հաստատվելուց հետո՝ գործող աշխատանքային պայմանագրով աշխատող սոցիալական աշխատողները եւ սոցիալական սատարողները (բացառությամբ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական աշխատողների եւ սոցիալական սատարողների) պարտավոր են հավաստագրվել տասնութ ամսվա ընթացքում:

7. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված յուրաքանչյուր սոցիալական ծառայության նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո տասնութ ամսվա ընթացքում համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, ներառյալ՝ այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն գործող հավաստագիր, ենթակա են հավաստագրման: Նշված ժամկետից հետո իրականացվում է պետական վերահսկողություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ