Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «ոստիկանական պաշտոններ զբաղեցնող ծառայողները,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «իգական սեռի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «՝ ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք ոստիկանության միջին կամ ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել վերապատրաստում անցնելուց հետո: Համապատասխան մասնագիտությունների եւ պաշտոների ցանկը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».
2) 10-րդ մասի առաջին պարբերությունում «նշանակումից հետո ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում» բառերը փոխարինել «համապատասխան ծառայողը կամ ոստիկանության նախկին ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում է պաշտոնի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից «առնվազն 5» բառը եւ թիվը հանել.
2) 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողներն ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:»:
Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «ծառայողին եւ» բառերից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերը:
Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «ծառայողը եւ» բառերից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերը.
2) 1-ին մասում լրացնել 1.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.»
3) 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետում «ոստիկանությունում» բառը փոխարինել «Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում» բառերով.
4) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է՝ բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, միջին մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երեք տարի, նախնական մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից ավելի տեւողությամբ վերապատրաստման դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամիս.».
5) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2.1-ին, 4-րդ, 10-րդ, 12-րդ կետերով սահմանված դեպքերում, կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով.»
6) 2-րդ մասը լրացնել 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետի ավարտը առանց ընդհատման կամ առավելագույնը մեկ ամիս ընդհատումով շարունակել է ծառայել Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում:».
7) լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ մեկից ավելի ժամկետների միաժամանակյա առկայության դեպքում նվազ ժամկետները հաշվակցվում են առավելագույն ժամկետի մեջ՝ մինչեւ վերջինիս ավարտը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ընդհատման ժամկետը չի հաշվարկվում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետում:»:
Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասում եւ 42-րդ հոդվածի 2-րդ մասում «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերը:
Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «շարունակել» բառից հետո լրացնել «ոստիկանական կրթական ծրագրով» բառերը:
Հոդված 11. Օրենքի 54-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքը լրացնել 55.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 55.1. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում
1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցումն իրականացվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի կարգավիճակը եւ կառավարումը սահմանվում են օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն իրականացնում է իր կանոնադրությամբ նախատեսված նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական եւ լրացուցիչ կրթական ծրագրեր:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ նշանակվում է ոստիկանությունում գլխավոր խմբի պաշտոնում առնվազն 5 տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի), դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի, ծառայության բաժնի պետի պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, դեպարտամենտների պետերի տեղակալների, վերապատրաստման կենտրոնի պետի տեղակալի, ծառայության բաժնի պետի տեղակալի պաշտոնները` ավագ խմբի պաշտոններին, ավագ տեսուչների, տեսուչների եւ կուրսի պետերի պաշտոնները՝ միջին խմբի պաշտոններին, իսկ կրտսեր տեսուչների պաշտոնները՝ կրտսեր խմբի պաշտոններին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում եւ պաշտոններից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական պաշտոնները հավասարեցվում են ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք:
5. Ոստիկանական նախնական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր բավարարում են սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:
6. Ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական նախնական մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
7. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները: Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
8. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք` Կառավարության սահմանած կարգով:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:
10. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին եւ տեղերին համապատասխան:
11. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում:
12. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության եւ ընդունելության ստուգումների եւ քննությունների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային եւ ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը եւ կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
13. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաեւ վճարովի կրթական ծառայություններ:
14. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին Լիազոր մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:»:
Հոդված 14.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությունն ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատվում են ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Սույն օրենքից բխող մյուս ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատելուց հետո հինգ օրվա ընթացքում Լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է համապատասխանի օրենքով եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությամբ ռեկտորին ներկայացվող պահանջներին: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնավարում է մինչեւ օրենքով եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված կարգով ձեւավորված կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կողմից ընտրված ռեկտորի կողմից լիազորությունները ստանձնելու օրը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո մեկ ամսվա ընթացքում ձեւավորվում է ուսումնական հաստատության խորհուրդը: Ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում հայտարարվում է ռեկտորի ընտրության բաց մրցույթ:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատելուց հետո ոստիկանական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոններում՝ մինչեւ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից նոր հաստիքներում նշանակվելը՝ իրենց կողմից Լիազոր մարմնի ղեկավարին ուղղված զեկուցագրի համաձայն, հարցազրույցի հիման վրա, իսկ այդ հաստիքներում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում չնշանակվելու կամ հարցազրույցին մասնակցելու զեկուցագիր չներայացնելու դեպքում նրանք սահմանված կարգով գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում: Հարցազրույցի անցկացման կարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատելուց հետո ոստիկանական պաշտոններ զբաղեցնող անձինք եւ ոստիկանության ծառայող չհանդիսացող աշխատողները շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոններում՝ մինչեւ ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ոստիկանական պաշտոններ չհամարվող նոր պաշտոններում նշանակվելը՝ իրենց կողմից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին ուղղված զեկուցագրի (դիմումի) համաձայն, հարցազրույցի հիման վրա, որի անցկացման կարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Այդ պաշտոններում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում նշանակվելու դեպքում նրանք ազատվում են ոստիկանությունում ծառայությունից: Այդ պաշտոններում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում չնշանակվելու կամ հարցազրույցին մասնակցելու զեկուցագիր (դիմում) չներկայացնելու դեպքում ոստիկանության ծառայողները սահմանված կարգով գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում, իսկ ոստիկանության ծառայող չհանդիսացող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով եւ կարգով:
6. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը պարեկային ծառայության եւ քրեական ոստիկանության ծառայողների համար ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ ոստիկանության մյուս ծառայողների համար՝ 2026 թվականի հունվարի 1-ից:
7. Սույն օրենքի 12-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվող յուրաքանչյուր կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելու օրը:
8. Սույն օրենքի 11-րդ եւ 13-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրության ուժի մեջ մտնելու օրը:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի խորհուրդը շարունակում է գործել մինչեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ սույն օրենքի հիման վրա խորհրդի ձեւավորումը:
10. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով ոստիկանական պաշտոններ չհամարվող նոր պաշտոններում նշանակված անձինք նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, բայց ոչ ավելի, քան իրենց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռք բերման տարիքի հասնելը: Այս դեպքում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատելուց հետո համապատասխան պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Նշված անձանց ոստիկանությունում ծառայության վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) պահպանվում է որպես հիմնական աշխատավարձ մինչեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռք բերման տարիքի հասնելը, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից սահմանված աշխատավարձի չափից: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ աշխատողի աշխատավարձի չափը որոշվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից տվյալ պաշտոնի համար սահմանված չափով:
11. Ռեկտորը (ռեկտորի ժամականավոր պաշտոնակատարը) եւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով նշանակված այն անձինք, ովքեր նշանակվելու պահին հասել են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի տարիքին, Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանական չհանդիսացող հաստիքներում նշանակվելու դեպքում պահպանում են իրենց աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) որպես հիմնական աշխատավարձ, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից սահմանված աշխատավարձի չափից մինչեւ այն պահը, երբ այդ աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը:
12. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի գործողությունը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության՝ ոստիկանությունում ծառայության գրավչությանը, կադրերի պատրաստմանը եւ մասնագիտական զարգացմանը վերաբերվող հատվածում շեշտադրում է կատարվել այն հանգամանքին, որ պետք է լրջորեն վերանայել ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը՝ նպատակ ունենալով ոստիկանությունում ներգրավել հասարակության անվտանգության հարցերով մտահոգ, բարեվարք ու հարգարժան հանրային ծառայող ոստիկաններ: Միաժամանակ, ոստիկանի նոր կերպարի կերտման համար առանձնահատուկ նշանակություն է ունենալու պրոֆեսիոնալ ոստիկանների պատրաստման, ինչպես նաեւ փորձառու ծառայողների արժեւորումն ու նրանց կողմից նորեկների համար առաջնորդության ինստիտուցիոնալ ընթացակարգի ներդրումը: Այս առումով կարեւոր է լինելու Ոստիկանության կրթահամալիրի կրթական ծրագրերի կազմակերպման ու բովանդակային վերանայման հարցերին լրջագույն անդրադարձը՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցում ու միջազգային չափանիշներ: Ծառայությունը պետք է առավել բաց, հասանելի ու գրավիչ դառնա պոտենցիալ կադրերի համար՝ խրախուսելով կիրթ, պատրաստված, օտար լեզուների տիրապետող ու ժամանակակից ոստիկան ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացումը: Նոր իմիջով ու վարվելակերպով կադրերի եւ բարելավված հաղորդակցության կարողությունների միջոցով հնարավոր է կարճ ժամանակահատվածում փոխել ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքը:
Այս տեսանկյունից նույն տրամաբանությամբ՝ կարեւորվում են նաեւ փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման ոլորտի աշխատակիցների պատրաստման, վերապատրաստման որակի բարելավման եւ կատարելագործման հարցերը:
Մինչեւ ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) ձեւավորումը, ՀՀ ոստիկանության ենթակայությամբ գործել է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը:
ՆԳՆ ձեւավորումից հետո վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ները Կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել են ՆԳՆ ենթակայությանը:
«ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ին վերաբերող օրենսդրական դրույթները նախատեսված են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով, իսկ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին վերաբերող օրենսդրական դրույթները՝ «Փրկրարար ծառայության մասին» օրենքով:
Հաջորդիվ նախատեսվում է նշված երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա ձեւավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:
Կրթական գործընթացների բարելավմանն ուղղված իրավաստեղծ աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլերով: Հաշվի առնելով վերոշարադրվածը՝ առաջին փուլում լուծվելու են.
1. միասնական ուսումնական հաստատության ձեւավորման ինստիտուցիոնալ չափանիշները,
2. ՆԳՆ համակարգում անկախ, ՆԳՆ համակարգի բոլոր ստորաբաժանումների եւ միավորների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ կադրերի պատրաստման, վերապատրաստման նպատակով ուսումնական միավորի ձեւավորման հարցը,
3. ուսումնական հաստատության մենեջմենտի եւ արդյունավետ կառավարման հետ կապված հարցերը,
4. ուսուցման գործընթացում գերատեսչական նպատակների շեշտադրման հարցերը,
5. ավանդաբար կրթական գործընթացների համար պատասխանատու ուսումնական միավորներին բնութագրական, բուհի կառավարման մարմինների ձեւավորման հարցերը՝ միաժամանակ պահպանելով առանձին ուսումնական ստորաբաժանումներում համապատասխանաբար ոստիկանական եւ փրկրարար ծառայության ու ճգնաժամային կառավարման կադրերի պատրաստման համար ներգրավված ոստիկանական եւ փրկարարական պաշտոնների սահմանումը: Մասնավորապես, բուհի կառավարման մարմինները ձեւավորվելու են քաղաքացիական բուհերին բնութագրական սխեմայով եւ իրավակարգավորումների հիման վրա՝ պահպանելով կանոնադրական որոշ առանձնահատկություններ: Զուգահեռ, հաշվի առնելով բուհի գերատեսչական նպատակներից բխող՝ շարային կարգապահության հարցերը՝ կրթահամալիրի ուսումնական ստորաբաժանումների վարչական անձնակազմերը ունենալու են համապատասխանաբար ոստիկանական եւ փրկրարար ծառայության պաշտոններ, իսկ ամբիոնների ղեկավարները եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները չեն հանդիսանալու ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող:
Այդ նպատակներով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկրարար ծառայության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների այն հոդվածներում, որոնք վերաբերում են ուսումնական հաստատությունների գործունեությանը, կառավարմանը, իրականացվող կրթական ծրագրերին, աշխատողների եւ սովորողների իրավական կարգավիճակին:
Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո հաջորդ փուլերում շեշտադրումը կատարվելու է կրթության բովանդակության վրա, եւ դրա հետ կապված հարցերը կարգավորվելու են ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ ենթաօրենսդրական մակարդակում:
Ինչպես նշվել է, էապես կարեւորվում են նորաստեղծ կրթահամալիրում անկախ կառավարման մարմինների ձեւավորման հարցերը: Խոսքը վերաբերում է ընթացիկ կառավարումն իրականացնող ռեկտորի եւ կոլեգիալ կառավարման պատասխանատու՝ խորհրդի ձեւավորմանը: Հատկանշական է, որ կոլեգիալ կառավարման մարմնում ուսումնական նպատակների եւ գերատեսչական շահերի միջեւ սիներգիան ապահովելու համար ներգրավվելու են ոլորտը համակարգող փոխնախարարը, ոստիկանության պետը, փրկարար ծառայության պետը, կրթահամալիրի կողմից ներկայացվող պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները: Կառավարման գործընթացում ռեկտորի եւ խորհրդի համադրումը հնարավորություն կտա ապահովել ոստիկանական եւ փրկարար ու ճգնաժամային կառավարման ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացի բարելավման հարցում իրական շահառուների կարիքները:
Անկախ այն հանգամանքից, որ ոստիկանության եւ փրկարար ծառայողների պատրաստման գործընթացում շեշտադրումը կատարվելու է բազային կուրսի վրա հիմնված շարունակական կրթական մոդելի վրա, այնուամենայնիվ, ոստիկանական եւ փրկարար ծառայության որոշ պաշտոններում, դրանց առանձնահատկություններից ելնելով (տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական, տնտեսագիտական, սոցիոլոգիական եւ այլն), հնարավոր է լինելու ապահովել բարձրագույն կրթություն ունեցող անձանց մուտքը ոստիկանության կամ փրկարար ծառայության համակարգ համապատասխան վերապատրաստման ծրագրերի միջոցով:
Բացի այդ, զուգահեռ անհրաժեշտ է վերանայել ուսման ծախսերի հատուցման վերաբերյալ գործող կարգավորումները, քանի որ առանձին դեպքերում կային բացեր, օրինակ, երբ անձը ցանկանալով խուսափել ուսման ծախսերի փոխհատուցումից, ոչ թե ծառայությունից ազատվում էր սեփական նաձաձեռնությամբ, այլ՝ դիտավորյալ ստանում էր անբավարար գնահատականներ՝ այդ հիմքով ծառայությունից ազատվելու համար, ինչը ըստ գործող կարգավորումների, չի ենթադրում պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցում: Այդ համատեսքտում կարիք կա վերանայելու նաեւ ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության ժամկետները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ ենթակայութամբ գործող նոր ուսումնական հաստատության կարգավիճակը եւ ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր պայմանները սահմանել «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Փրկրարար ծառայության մասին» օրենքներով, իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում սահմանել բլանկետային նորմեր, որոնք թույլ կտան ենթաօրենսդրական մակարդակում կարգավորել ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության կոլեգիալ եւ միանձնյա կառավարում իրականացնող սուբյեկտների ձեւավորման եւ գործունեության առանձնահատկությունները:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Փրկրարար ծառայության մասին» օրենքներով նախատեսվում է սահմանել, որ ՆԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունն ունենալու է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական ձեւ: Օրենսդրական փոփոխությունների այս փուլից հետո, ուսումնական հաստատության կանոնադրությամբ կսահմանվի, որ կառավարման գործադիր մարմինը լինելու է ռեկտորը: Վերջինս ընտրվելու է կառավարման խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկվելու են ինչպես ՆԳՆ, այնպես էլ՝ ուսումնական հաստատության ներկայացուցիչներ: Նոր ուսումնական հաստատության ռեկտորի ընտրության նման ընթացակարգը համահունչ է բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում գործադրի կողմից ընդունելի քաղաքականությանը: Բացի այդ, ռեկտորը եւ ուսումնական հաստատության ընդհանուր վարչակազմը չեն հանդիսանալու ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող, ինչն ապահովելու է կառավարման անկախությունն ու արդյունավետությունը:
Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանումներ, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական եւ փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով:
Ըստ այդմ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է սահմանել ոստիկանական կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ սովորողների կարգավիճակը, իսկ «Փրկարար ծառայության մասին» օրենքում նախատեսվում է սահմանել փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ սովորողների կարգավիճակը:
Բացի այդ, նախագծերով առաջարկվում է ուսման ծախսերի հատուցման վերաբերյալ գործող կարգավորումները եւ սահմանել ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության տարբերակված ժամկետներ:
Նախագծերով նախատեսվել են նաեւ եզրափակիչ դրույթներ, որոնք միտված են նրան, որ նախագծերի ընդունումից հետո հնարավոր լինի ապահովել նոր ուսումնական հաստատության ձեւավորման աստիճանական ընթացքը, ինչպես նաեւ՝ չվտանգել «ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից արդեն իսկ ընթացող կրթական ծրագրերի իրականացումը՝ կրթության որակի եւ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական պատրաստվածության հետագա լավարկման նպատակով:
Միաժամանակ, «Ոստիկանության մասին» օրենքում նախատեսվում է կատարել լրացում, որի արդյունքում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանության ծառայողները եւս կներգրավվեն հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար, ինչը թույլ կտա ձեւավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես՝ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:
Անդրադառնալով նորաստեղծ ուսումնական հաստատության նախատեսվող կառուցվածքին՝ հարկ է նշել, որ ուսումնական հաստատության ընթացիկ ղեկավարումն իրականացնելու է կրթահամալիրի պետը՝ ռեկտորը, իսկ կոլեգիալ կառավարումը՝ խորհուրդը: Բացի վերոնշյալ մարմիններից, ուսումնագիտական հարցերի կանոնակարգման նպատակով գործելու է նաեւ գիտական խորհուրդը:
Ուսումնական հաստատության առջեւ դրված խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով նախատեսվում է ունենալ երեք պրոռեկտորի հաստիք, որոնք համակարգելու են՝
1. Կրթական քաղաքականությունը եւ կրթության որակի մշտադիտարկումը,
2. Հետազոտությունները եւ զարգացումը,
3. Մարդկային ռեսուրսների կառավարումն ու վարչական աշխատանքները:
Նախատեսվում է ձեւավորել հետեւյալ համակրթահամալիրային ստորաբաժանումները՝
1. Կրթական ծրագրերի մշակման եւ շարունակական կրթության ապահովման,
2. Ոստիկանական եւ փրկարարական ոլորտում պրակտիկայի վերլուծության եւ կրթության զարգացման,
3. Կրթության որակի ապահովման,
4. Միջազգային համագործակցության եւ հանրային կապերի,
5. Տեղեկատվական տեխնոլոգիաների,
6. Իրավական ապահովման,
7. Տնտեսական եւ լոգիստիկայի, գնումների եւ ֆինանսական համակարգման,
8. Կարիերայի,
9. Քարտուղարություն,
10. Ծառայության:
Ինչ վերաբերում է ոլորտային ուսումնական ստորաբաժանումներին, ապա կարեւորելով բազային կուրսի վրա հիմնված շարունակական կրթության մոդելը եւ կրթական ծրագրերի էական առանձնահատկությունները՝ յուրաքանչյուր ուսումնական ստորաբաժանման (ոստիկանական եւ փրկարարական) կառուցվածքում ձեւավորվելու են բազային եւ սպայական կրթության դեպարտամենտները, ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտները եւ վերապատրաստման կենտրոնները: Ոստիկանական եւ փրկարարական ուսումնական ստորաբաժանումների կազմում ստեղծվելու են նաեւ համապատասխան պրոֆիլի ամբիոններ (կրթաճյուղեր), որոնց միջոցով էլ իրականացվելու են հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը:
Պետական բյուջեի մասով ծախսերի տեսանկյունից որպես նախնական կողմնորոշիչ տեղեկատվություն կարելի է նշել, որ երկու բուհերի միավորման արդյունքում հաստիքների օպտիմալացման հաշվին տեղի է ունենալու հաստիքների թվի 8-10 տոկոսի չափով կրճատում, ինչի արդյունքում հնարավոր կլինի այդ միջոցներն ուղղորդել կրթական կարիքների բարելավմանն ու կատարելագործմանը:
Նախագծերի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի ընդունել նաեւ դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշումները ներկայումս գործող երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման, նոր ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատելու մասին, ՆԳ նախարարի հրամանները ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին, ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը սահմանելու մասին, կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին, ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին, դիմորդների ընտրության մանդատային եւ ընդունող հանձնաժողովների գործունեության կարգը սահմանելու մասին:
Նոր ուսումնական հաստատության ստեղծումից հետո այն կշարունակի իրականացնել արդեն սկսված կրթական ծրագրերով սովորողների ուսուցումը՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի լիարժեք իրականացումը: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է մշակել նոր ուսումնական հաստատության խնդիրներից բխող՝ ՆԳՆ ոստիկանության եւ փրկրարար ծառայության ու ճգնաժամային կառավարման ոլորտի կադրային պահանջարկի բավարարմանը միտված նոր կրթական ծրագրերով պետական կրթական չափորոշիչներ, որոնց ընդունումից հետո կներդրվի շարունակական կրթության համակարգը, որի պայմաններում ՆԳՆ ուսումնական հաստատությունում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար (որոշակի վերապահումներով) անհրաժեշտ պայմաններ են լինելու միջին մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը, իսկ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ են լինելու նախնական մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում