Armenian ARMSCII Armenian
Կ-913-13.09.2024-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «ոստիկանական պաշտոններ զբաղեցնող ծառայողները,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «իգական սեռի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը «ուսումնական հաստատության» բառերից հետո լրացնել «՝ ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք ոստիկանության միջին կամ ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել վերապատրաստում անցնելուց հետո: Համապատասխան մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».

2) 10-րդ մասի առաջին պարբերության «նշանակումից հետո ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում» բառերը փոխարինել «համապատասխան ծառայողը կամ ոստիկանության նախկին ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում է պաշտոնի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «առնվազն 5» բառերը հանել.

2) 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացող սովորողներն ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:»:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը «ծառայողին եւ» բառերից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ծառայողը եւ» բառերից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.».

3) 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի «ոստիկանությունում» բառը փոխարինել «Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում» բառերով.

4) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է՝ բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, միջին մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երեք տարի, նախնական մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից ավելի տեւողությամբ վերապատրաստման դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամիս.».

5) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 4-րդ, 10-րդ, 12-րդ կետերով սահմանված դեպքերում կամ անձնական նախաձեռնությամբ՝ պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով.».

6) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետի ավարտն առանց ընդհատման կամ առավելագույնը մեկ ամիս ընդհատումով շարունակել է ծառայել Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում:».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մեկից ավելի ժամկետների միաժամանակյա առկայության դեպքում նվազ ժամկետները հաշվակցվում են առավելագույն ժամկետի մեջ՝ մինչեւ վերջինիս ավարտը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ընդհատման ժամկետը չի հաշվարկվում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետում:»:

Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասը եւ 42-րդ հոդվածի 2-րդ մասը «ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը «շարունակել» բառից հետո լրացնել «ոստիկանական կրթական ծրագրով» բառերով:

Հոդված 11. Օրենքի 54-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55.1-ին հոդվածով.

«Հոդված 55.1. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում

1. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցումն իրականացվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որի կարգավիճակը եւ կառավարումը սահմանվում են օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն իրականացնում է իր կանոնադրությամբ նախատեսված նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական եւ լրացուցիչ կրթական ծրագրեր:

2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ նշանակվում է ոստիկանությունում գլխավոր խմբի պաշտոնում առնվազն հինգ տարվա ծառայության ստաժ ունեցող անձը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետի (տեղակալի), դեպարտամենտների պետերի, վերապատրաստման կենտրոնի պետի, ծառայության բաժնի պետի պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, դեպարտամենտների պետերի տեղակալների, վերապատրաստման կենտրոնի պետի տեղակալի, ծառայության բաժնի պետի տեղակալի պաշտոնները՝ ավագ խմբի պաշտոններին, ավագ տեսուչների, տեսուչների եւ կուրսի պետերի պաշտոնները՝ միջին խմբի պաշտոններին, իսկ կրտսեր տեսուչների պաշտոնները՝ կրտսեր խմբի պաշտոններին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում եւ պաշտոններից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանական պաշտոնները հավասարեցվում են ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Ուսումնական գործընթացում պայմանագրային հիմունքներով կարող են ներգրավվել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքային պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհանդիսացող անձինք:

5. Ոստիկանական նախնական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բավարարում են սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

6. Ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական նախնական մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:

7. Բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները: Մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:

8. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք՝ Կառավարության սահմանած կարգով:

9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:

10. Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին եւ տեղերին համապատասխան:

11. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում:

12. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության եւ ընդունելության ստուգումների եւ քննությունների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային եւ ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը եւ կազմերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

13. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաեւ վճարովի կրթական ծառայություններ:

14. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին Լիազոր մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:»:

Հոդված 14.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությունն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատվում են ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Սույն օրենքից բխող մյուս ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատվելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, Լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է համապատասխանի օրենքով եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությամբ ռեկտորին ներկայացվող պահանջներին: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնավարում է մինչեւ օրենքով եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված կարգով ձեւավորված կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ընտրած ռեկտորի կողմից լիազորություններն ստանձնելու օրը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ձեւավորվում է ուսումնական հաստատության խորհուրդը: Ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարվում է ռեկտորի ընտրության բաց մրցույթ:

4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատվելուց հետո ոստիկանական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոններում մինչեւ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից նոր հաստիքներում նշանակվելը՝ Լիազոր մարմնի ղեկավարին ուղղված իրենց զեկուցագրի համաձայն, հարցազրույցի հիման վրա, իսկ այդ հաստիքներում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում չնշանակվելու կամ հարցազրույցին մասնակցելու զեկուցագիր չներկայացնելու դեպքում նրանք սահմանված կարգով գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում: Հարցազրույցի անցկացման կարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատվելուց հետո ոստիկանական պաշտոններ զբաղեցնող անձինք եւ ոստիկանության ծառայող չհանդիսացող աշխատողները շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոններում մինչեւ ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ոստիկանական պաշտոններ չհամարվող նոր պաշտոններում նշանակվելը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին ուղղված իրենց զեկուցագրի (դիմումի) համաձայն, հարցազրույցի հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Այդ պաշտոններում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում նշանակվելու դեպքում նրանք ազատվում են ոստիկանությունում ծառայությունից: Այդ պաշտոններում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում չնշանակվելու կամ հարցազրույցին մասնակցելու զեկուցագիր (դիմում) չներկայացնելու դեպքում ոստիկանության ծառայողները սահմանված կարգով գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում, իսկ ոստիկանության ծառայող չհանդիսացող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով եւ կարգով:

6. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը պարեկային ծառայության եւ քրեական ոստիկանության ծառայողների համար ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ ոստիկանության մյուս ծառայողների համար՝ 2026 թվականի հունվարի 1-ից:

7. Սույն օրենքի 12-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվող յուրաքանչյուր կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելու օրը:

8. Սույն օրենքի 11-րդ եւ 13-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրի խորհուրդը շարունակում է գործել մինչեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ սույն օրենքի հիման վրա խորհրդի ձեւավորումը:

10. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով ոստիկանական պաշտոններ չհամարվող նոր պաշտոններում նշանակված անձինք նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, բայց ոչ ավելի, քան իրենց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման տարիքի հասնելը: Այս դեպքում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը հաստատվելուց հետո համապատասխան պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Նշված անձանց ոստիկանությունում ծառայության վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) պահպանվում է որպես հիմնական աշխատավարձ մինչեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման տարիքի հասնելը, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի սահմանած աշխատավարձի չափից: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ աշխատողի աշխատավարձի չափը որոշվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից տվյալ պաշտոնի համար սահմանված չափով:

11. Ռեկտորը (ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը) եւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով նշանակված այն անձինք, որոնք նշանակվելու պահին հասել են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի տարիքին, Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ ոստիկանական չհանդիսացող հաստիքներում նշանակվելու դեպքում պահպանում են իրենց աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) որպես հիմնական աշխատավարձ, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի սահմանած աշխատավարձի չափից մինչեւ այն պահը, երբ այդ աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը:

12. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի գործողությունները տարածվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: