Հոդված 1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «տարի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության համապատասխան ծրագրերի, որոնց տեւողությունը սահմանվում է Կառավարության որոշմամբ» բառերը:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երկամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության՝ ոստիկանությունում ծառայության գրավչությանը, կադրերի պատրաստմանը եւ մասնագիտական զարգացմանը վերաբերվող հատվածում շեշտադրում է կատարվել այն հանգամանքին, որ պետք է լրջորեն վերանայել ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը՝ նպատակ ունենալով ոստիկանությունում ներգրավել հասարակության անվտանգության հարցերով մտահոգ, բարեվարք ու հարգարժան հանրային ծառայող ոստիկաններ: Միաժամանակ, ոստիկանի նոր կերպարի կերտման համար առանձնահատուկ նշանակություն է ունենալու պրոֆեսիոնալ ոստիկանների պատրաստման, ինչպես նաեւ փորձառու ծառայողների արժեւորումն ու նրանց կողմից նորեկների համար առաջնորդության ինստիտուցիոնալ ընթացակարգի ներդրումը: Այս առումով կարեւոր է լինելու Ոստիկանության կրթահամալիրի կրթական ծրագրերի կազմակերպման ու բովանդակային վերանայման հարցերին լրջագույն անդրադարձը՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցում ու միջազգային չափանիշներ: Ծառայությունը պետք է առավել բաց, հասանելի ու գրավիչ դառնա պոտենցիալ կադրերի համար՝ խրախուսելով կիրթ, պատրաստված, օտար լեզուների տիրապետող ու ժամանակակից ոստիկան ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացումը: Նոր իմիջով ու վարվելակերպով կադրերի եւ բարելավված հաղորդակցության կարողությունների միջոցով հնարավոր է կարճ ժամանակահատվածում փոխել ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքը:
Այս տեսանկյունից նույն տրամաբանությամբ՝ կարեւորվում են նաեւ փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման ոլորտի աշխատակիցների պատրաստման, վերապատրաստման որակի բարելավման եւ կատարելագործման հարցերը:
Մինչեւ ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) ձեւավորումը, ՀՀ ոստիկանության ենթակայությամբ գործել է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ՝ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը:
ՆԳՆ ձեւավորումից հետո վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ները Կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել են ՆԳՆ ենթակայությանը:
«ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ին վերաբերող օրենսդրական դրույթները նախատեսված են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով, իսկ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ին վերաբերող օրենսդրական դրույթները՝ «Փրկրարար ծառայության մասին» օրենքով:
Հաջորդիվ նախատեսվում է նշված երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա ձեւավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:
Կրթական գործընթացների բարելավմանն ուղղված իրավաստեղծ աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլերով: Հաշվի առնելով վերոշարադրվածը՝ առաջին փուլում լուծվելու են.
1. միասնական ուսումնական հաստատության ձեւավորման ինստիտուցիոնալ չափանիշները,
2. ՆԳՆ համակարգում անկախ, ՆԳՆ համակարգի բոլոր ստորաբաժանումների եւ միավորների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ կադրերի պատրաստման, վերապատրաստման նպատակով ուսումնական միավորի ձեւավորման հարցը,
3. ուսումնական հաստատության մենեջմենտի եւ արդյունավետ կառավարման հետ կապված հարցերը,
4. ուսուցման գործընթացում գերատեսչական նպատակների շեշտադրման հարցերը,
5. ավանդաբար կրթական գործընթացների համար պատասխանատու ուսումնական միավորներին բնութագրական, բուհի կառավարման մարմինների ձեւավորման հարցերը՝ միաժամանակ պահպանելով առանձին ուսումնական ստորաբաժանումներում համապատասխանաբար ոստիկանական եւ փրկրարար ծառայության ու ճգնաժամային կառավարման կադրերի պատրաստման համար ներգրավված ոստիկանական եւ փրկարարական պաշտոնների սահմանումը: Մասնավորապես, բուհի կառավարման մարմինները ձեւավորվելու են քաղաքացիական բուհերին բնութագրական սխեմայով եւ իրավակարգավորումների հիման վրա՝ պահպանելով կանոնադրական որոշ առանձնահատկություններ: Զուգահեռ, հաշվի առնելով բուհի գերատեսչական նպատակներից բխող՝ շարային կարգապահության հարցերը՝ կրթահամալիրի ուսումնական ստորաբաժանումների վարչական անձնակազմերը ունենալու են համապատասխանաբար ոստիկանական եւ փրկրարար ծառայության պաշտոններ, իսկ ամբիոնների ղեկավարները եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները չեն հանդիսանալու ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող:
Այդ նպատակներով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկրարար ծառայության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների այն հոդվածներում, որոնք վերաբերում են ուսումնական հաստատությունների գործունեությանը, կառավարմանը, իրականացվող կրթական ծրագրերին, աշխատողների եւ սովորողների իրավական կարգավիճակին:
Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո հաջորդ փուլերում շեշտադրումը կատարվելու է կրթության բովանդակության վրա, եւ դրա հետ կապված հարցերը կարգավորվելու են ինչպես օրենսդրական, այնպես էլ՝ ենթաօրենսդրական մակարդակում:
Ինչպես նշվել է, էապես կարեւորվում են նորաստեղծ կրթահամալիրում անկախ կառավարման մարմինների ձեւավորման հարցերը: Խոսքը վերաբերում է ընթացիկ կառավարումն իրականացնող ռեկտորի եւ կոլեգիալ կառավարման պատասխանատու՝ խորհրդի ձեւավորմանը: Հատկանշական է, որ կոլեգիալ կառավարման մարմնում ուսումնական նպատակների եւ գերատեսչական շահերի միջեւ սիներգիան ապահովելու համար ներգրավվելու են ոլորտը համակարգող փոխնախարարը, ոստիկանության պետը, փրկարար ծառայության պետը, կրթահամալիրի կողմից ներկայացվող պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները: Կառավարման գործընթացում ռեկտորի եւ խորհրդի համադրումը հնարավորություն կտա ապահովել ոստիկանական եւ փրկարար ու ճգնաժամային կառավարման ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացի բարելավման հարցում իրական շահառուների կարիքները:
Անկախ այն հանգամանքից, որ ոստիկանության եւ փրկարար ծառայողների պատրաստման գործընթացում շեշտադրումը կատարվելու է բազային կուրսի վրա հիմնված շարունակական կրթական մոդելի վրա, այնուամենայնիվ, ոստիկանական եւ փրկարար ծառայության որոշ պաշտոններում, դրանց առանձնահատկություններից ելնելով (տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական, տնտեսագիտական, սոցիոլոգիական եւ այլն), հնարավոր է լինելու ապահովել բարձրագույն կրթություն ունեցող անձանց մուտքը ոստիկանության կամ փրկարար ծառայության համակարգ համապատասխան վերապատրաստման ծրագրերի միջոցով:
Բացի այդ, զուգահեռ անհրաժեշտ է վերանայել ուսման ծախսերի հատուցման վերաբերյալ գործող կարգավորումները, քանի որ առանձին դեպքերում կային բացեր, օրինակ, երբ անձը ցանկանալով խուսափել ուսման ծախսերի փոխհատուցումից, ոչ թե ծառայությունից ազատվում էր սեփական նաձաձեռնությամբ, այլ՝ դիտավորյալ ստանում էր անբավարար գնահատականներ՝ այդ հիմքով ծառայությունից ազատվելու համար, ինչը ըստ գործող կարգավորումների, չի ենթադրում պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցում: Այդ համատեսքտում կարիք կա վերանայելու նաեւ ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության ժամկետները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ ենթակայութամբ գործող նոր ուսումնական հաստատության կարգավիճակը եւ ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր պայմանները սահմանել «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Փրկրարար ծառայության մասին» օրենքներով, իսկ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում սահմանել բլանկետային նորմեր, որոնք թույլ կտան ենթաօրենսդրական մակարդակում կարգավորել ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության կոլեգիալ եւ միանձնյա կառավարում իրականացնող սուբյեկտների ձեւավորման եւ գործունեության առանձնահատկությունները:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Փրկրարար ծառայության մասին» օրենքներով նախատեսվում է սահմանել, որ ՆԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունն ունենալու է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական ձեւ: Օրենսդրական փոփոխությունների այս փուլից հետո, ուսումնական հաստատության կանոնադրությամբ կսահմանվի, որ կառավարման գործադիր մարմինը լինելու է ռեկտորը: Վերջինս ընտրվելու է կառավարման խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկվելու են ինչպես ՆԳՆ, այնպես էլ՝ ուսումնական հաստատության ներկայացուցիչներ: Նոր ուսումնական հաստատության ռեկտորի ընտրության նման ընթացակարգը համահունչ է բարձրագույն կրթության կազմակերպման ոլորտում գործադրի կողմից ընդունելի քաղաքականությանը: Բացի այդ, ռեկտորը եւ ուսումնական հաստատության ընդհանուր վարչակազմը չեն հանդիսանալու ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող, ինչն ապահովելու է կառավարման անկախությունն ու արդյունավետությունը:
Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանումներ, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական եւ փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով:
Ըստ այդմ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է սահմանել ոստիկանական կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ սովորողների կարգավիճակը, իսկ «Փրկարար ծառայության մասին» օրենքում նախատեսվում է սահմանել փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների եւ սովորողների կարգավիճակը:
Բացի այդ, նախագծերով առաջարկվում է ուսման ծախսերի հատուցման վերաբերյալ գործող կարգավորումները եւ սահմանել ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության տարբերակված ժամկետներ:
Նախագծերով նախատեսվել են նաեւ եզրափակիչ դրույթներ, որոնք միտված են նրան, որ նախագծերի ընդունումից հետո հնարավոր լինի ապահովել նոր ուսումնական հաստատության ձեւավորման աստիճանական ընթացքը, ինչպես նաեւ՝ չվտանգել «ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից արդեն իսկ ընթացող կրթական ծրագրերի իրականացումը՝ կրթության որակի եւ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական պատրաստվածության հետագա լավարկման նպատակով:
Միաժամանակ, «Ոստիկանության մասին» օրենքում նախատեսվում է կատարել լրացում, որի արդյունքում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ոստիկանության ծառայողները եւս կներգրավվեն հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար, ինչը թույլ կտա ձեւավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանություն եւ դրա շնորհիվ նորաստեղծ գերատեսչական ուսումնական հաստատության խնդիրներն ու գործունեությունը ներդաշնակեցնել ներքին գործերի նախարարության կողմից վարվող քաղաքականությանը, մասնավորապես՝ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելուն:
Անդրադառնալով նորաստեղծ ուսումնական հաստատության նախատեսվող կառուցվածքին՝ հարկ է նշել, որ ուսումնական հաստատության ընթացիկ ղեկավարումն իրականացնելու է կրթահամալիրի պետը՝ ռեկտորը, իսկ կոլեգիալ կառավարումը՝ խորհուրդը: Բացի վերոնշյալ մարմիններից, ուսումնագիտական հարցերի կանոնակարգման նպատակով գործելու է նաեւ գիտական խորհուրդը:
Ուսումնական հաստատության առջեւ դրված խնդիրներն արդյունավետ լուծելու նպատակով նախատեսվում է ունենալ երեք պրոռեկտորի հաստիք, որոնք համակարգելու են՝
1. Կրթական քաղաքականությունը եւ կրթության որակի մշտադիտարկումը,
2. Հետազոտությունները եւ զարգացումը,
3. Մարդկային ռեսուրսների կառավարումն ու վարչական աշխատանքները:
Նախատեսվում է ձեւավորել հետեւյալ համակրթահամալիրային ստորաբաժանումները՝
1. Կրթական ծրագրերի մշակման եւ շարունակական կրթության ապահովման,
2. Ոստիկանական եւ փրկարարական ոլորտում պրակտիկայի վերլուծության եւ կրթության զարգացման,
3. Կրթության որակի ապահովման,
4. Միջազգային համագործակցության եւ հանրային կապերի,
5. Տեղեկատվական տեխնոլոգիաների,
6. Իրավական ապահովման,
7. Տնտեսական եւ լոգիստիկայի, գնումների եւ ֆինանսական համակարգման,
8. Կարիերայի,
9. Քարտուղարություն,
10. Ծառայության:
Ինչ վերաբերում է ոլորտային ուսումնական ստորաբաժանումներին, ապա կարեւորելով բազային կուրսի վրա հիմնված շարունակական կրթության մոդելը եւ կրթական ծրագրերի էական առանձնահատկությունները՝ յուրաքանչյուր ուսումնական ստորաբաժանման (ոստիկանական եւ փրկարարական) կառուցվածքում ձեւավորվելու են բազային եւ սպայական կրթության դեպարտամենտները, ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտները եւ վերապատրաստման կենտրոնները: Ոստիկանական եւ փրկարարական ուսումնական ստորաբաժանումների կազմում ստեղծվելու են նաեւ համապատասխան պրոֆիլի ամբիոններ (կրթաճյուղեր), որոնց միջոցով էլ իրականացվելու են հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը:
Պետական բյուջեի մասով ծախսերի տեսանկյունից որպես նախնական կողմնորոշիչ տեղեկատվություն կարելի է նշել, որ երկու բուհերի միավորման արդյունքում հաստիքների օպտիմալացման հաշվին տեղի է ունենալու հաստիքների թվի 8-10 տոկոսի չափով կրճատում, ինչի արդյունքում հնարավոր կլինի այդ միջոցներն ուղղորդել կրթական կարիքների բարելավմանն ու կատարելագործմանը:
Նախագծերի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի ընդունել նաեւ դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշումները ներկայումս գործող երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման, նոր ուսումնական հաստատության կանոնադրությունը հաստատելու մասին, ՆԳ նախարարի հրամանները ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու մասին, ուսումնական հաստատության հաստիքացուցակը եւ կառուցվածքը սահմանելու մասին, կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին, ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին, դիմորդների ընտրության մանդատային եւ ընդունող հանձնաժողովների գործունեության կարգը սահմանելու մասին:
Նոր ուսումնական հաստատության ստեղծումից հետո այն կշարունակի իրականացնել արդեն սկսված կրթական ծրագրերով սովորողների ուսուցումը՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի լիարժեք իրականացումը: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է մշակել նոր ուսումնական հաստատության խնդիրներից բխող՝ ՆԳՆ ոստիկանության եւ փրկրարար ծառայության ու ճգնաժամային կառավարման ոլորտի կադրային պահանջարկի բավարարմանը միտված նոր կրթական ծրագրերով պետական կրթական չափորոշիչներ, որոնց ընդունումից հետո կներդրվի շարունակական կրթության համակարգը, որի պայմաններում ՆԳՆ ուսումնական հաստատությունում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար (որոշակի վերապահումներով) անհրաժեշտ պայմաններ են լինելու միջին մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը, իսկ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ են լինելու նախնական մասնագիտական կրթություն սատացած լինելն ու ծառայության որոշակի ստաժը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում