Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-798-08.02.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլուխ 1

Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի նպատակներն ու խնդիրները

Սույն օրենքը նպատակ ունի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների իրավունքներն ու շահերը, որոնք տուժել են` մասնակցելով Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից միջուկային աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին:

Սույն օրենքով նշված անձանց տրվող արտոնություններն ու փոխհատուցումները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, վթարի վերացման աշխատանքներին մասնակցած այլ հանրապետությունների քաղաքացիների վրա:

Հոդված 2. ՉԱԷԿ-ի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը

ՉԱԷԿ-ի վթարից եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանությունն ապահովվում է սույն օրենքով եւ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով:

Հոդված 3. ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիների բժշկական օգնության եւ ճառագայթային ազդեցությունից պաշտպանվածության իրավունքը

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիները իրավունք ունեն բժշկական օգնության եւ դիսպանսերիզացիայի առողջապահականկազմակերպություններում ըստ բնակության վայրի: Այդ անձնաց մասնագիտացված բուժօգնությունը ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիցենզավորված համապատասխան կազմակերպությունները: Նրանց հիվանդության եւ հաշմանդամության պատճառական կապը որոշում են բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինները` ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եւ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի կողմից տրված եզրակացությունների հիման վրա:

Հոդված 4. ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիների վնասի փոխհատուցում ստանալու եւ արտոնություններից օգտվելու իրավունքը

ՀՀ քաղաքացիները, որոնց առողջությունը վնասվել է ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու հետեւանքով, իրավունք ունեն`

գ առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման ՀՀ կառավարության սահմանված կարգով,

գ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության

գ օգտվելու այն բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են ռադիոակտիվ ճառագայթումից առաջացած անբարենպաստ ազդակների միջավայրում աշխատողներին:

Հոդված 5. Քաղաքացիների տեղեկատվության իրավունքը

Քաղաքացիներն իրավունք ունեն ժամանակին ստանալու լրիվ եւ ճշգրիտ տեղեկություններ` կապված չեռնոբիլյան վթարի ազդեցության եւ հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հետ: Այդ տեղեկությունները հաղորդվում են կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից: Լիազորված պաշտոնատար անձինք, ըստ գործող օրենսդրության, պատասխանատվություն են կրում տեղեկությունների սխալ եւ կանխամտածված խեղաթյուրման համար:

Հոդված 6. ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիների խմբերը

Սույն օրենքի դրույթները տարածվում են Չեռնոբիլյան վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիների հետեւյալ խմբերի վրա

1. Անձինք, որոնք հիվանդացել են ճառագայթային հիվանդությամբ` կապված ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետ, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնք ճանաչվել են հաշմանդամ եւ հաշմանդամությունը կապվել է անմիջականորեն Չեռնոբիլյան վթարի ազդեցության հետ, այդ թվում`

ա) անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք մասնակցել են Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին,

բ) զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատակիցներ, զինապարտներ, որոնք կանչված են եղել հատուկ հավաքների` աշխատելու այդ ժամանակաշրջանում ախտահարված գոտում, Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման նպատակով

2. Անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք 1986-1987թթ. մասնակցել են ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարված գոտում, զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատողներ եւ զինապարտներ, որոնք կանչվել են հատուկ հավաքների` այդ ժամանակաշրջանում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու համար:

3. Անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք 1988-1989թթ. մասնակցել են Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարված գոտում, զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատողներ եւ զինապարտներ, որոնք կանչվել են հատուկ հավաքների` այդ ժամանակաշրջանում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու համար:

Գլուխ 2

Փոխհատուցում եւ արտոնություններ ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած անձանց

Հոդված 7. Ճառագայթային հիվանդությամբ հիվանդացած եւ հաշմանդամ դարձած անձանց արտոնությունները

Գլուխ 1-ի 6-րդ հոդվածում նշված անձինք իրավունք ունեն`

1. անվճար դեղորայքի ձեռքբերման /բժշկի դեղատոմսով/

2. անվճար ատամնապրոթեզավորման /բացառությամբ պրոթեզի թանկարժեք մետաղից/

3. բուժկանխարգելիչ հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ սպասարկման

4. ԲՍՓՀ-ի եզրակացությամբ` անվճար առողջարանային ուղեգրերի ապահովման, իսկ ուղեգրի տրման անհնարինության դեպքում փոխհատուցում ուղեգրի արժեքի չափով

5. ամենամյա բժշկական հետազոտման, անհրաժեշտ մասնագետների ներառմամբ

Նշված բոլոր արտոնությունները վերաբերում են ՉԱԷԿ-ի վթարից զոհված եւ ճառագայթային հիվանդությունից մահացածների ընտանիքների անդամների վրա:

Հոդված 8. ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու ախտահարման գոտում մասնակցած անձանց արտոնությունները

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարման գոտում մասնակցած անձինք իրավունք ունեն օգտվելու սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված բոլոր արտոնություններից:

Հոդված 9. Հաշմանդամների եւ կերակրողին կորցրած ընտանիքների փոխհատուցում ստանալու կարգը

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած եւ զոհվածների/մահացածների/ ընտանիքները ստանում են ամենամյա դրամական փախհատուցում ՀՀ կառավարության սահմանած կարգող եւ չափով:

Հոդված 10. Փոխհատուցում ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցներին

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձինք ստանում են ամենամյա դրամական փախհատուցում ՀՀ կառավարության սահմանած կարգող եւ չափով:


Գլուխ 3

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման մասնակիցների կենսաթոշակային ապահովումը

Հոդված 14. Կենսաթաշակն ըստ տարիքի

1. Քաղաքացիները (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք 1988-1989թթ. մասնակցել են Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարված գոտում, նաեւ զինծառայողները, ներքին գործերի մարմինների աշխատողները եւ զինապարտները, որոնք կանչվել են հատուկ հավաքների, այդ ժամանակաշրջանում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու, իրավունք ունեն կենսաթոշակի անցնելու

տղամարդիկ-60 տարին լրանալու,
կանայք-55 տարին լրանալու դեպքում:

2. Քաղաքացիները (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք ստացել են պրոֆեսիոնալ հիվանդություն կապված ճառագայթային ազդեցության հետ` ախտահարման գոտում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելիս, ունեն կենսաթոշակի իրավունք.

տղամարդիկ-55 տարին լրանալու,
կանայք-50 տարին լրանալու դեպքում:

Հոդված 15. ՉԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների երեխաների բժշկականսպասարկման կազմակերպումը.

1. Երախաներին, որոնք ծնվել են ծնեղներից նրանց որեւիցե մեկի ճառագայթումից հետո.
երաշխավորվում է

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այն միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1986թ. ապրիլի 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը մարդկության խոշորագույն տեխնոգեն աղետներից մեկն էր: Շուրջ 3000 հայորդիներ մեր հանրապետությունից մասնակցեցին այդ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին:

Աղետի հետեւանքների վերացման աշխատանքների 3000 մասնակիցներից 200-ը մահացել են, 900-ից ավելին` հաշմանդամներ են, ծնվել են տարբեր արատներով բազմաթիվ երեխաներ` ճառագայթված ծնողներից:

Աղետի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների սոցիալական իրավունքի իրացման օրինական հիմքի ստեղծման անհրաժեշտությամբ է հիմնավորվում նշված օրենքի ընդունումը: Օրենքի նախագծով կարգավորվում է Չեռնոբիլի էլեկտրակայանի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած անձնաց տրվող արտոնությունների եւ փոխհատուցումների խնդիրը:

Օրենքի ընդունումը բխում է նաեւ ԱՊՀ երկրների շրջանակներում ընդունված «Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետների եւ վթարների հետեւանքով ճառագայթահարման ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթներից, որը դեռեւս 1994թ. վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից: