Հոդված 1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը պարտավոր են կազմել եւ Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն ստացված տեղեկատվության հիման վրա վարում եւ իր պաշտոնական կայքում մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, տրվել է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ դրանք չեն հանդիսանում հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում ներառված ապրանքներ: Հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից Կոմիտեն ապահովում է սույն մասում նշված ցանկից այն ապրանքների հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից վեցամսյա ժամկետում: