Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9345-03.10.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է նախորդ տարվա ընթացքում Հանձնաժողովի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածը սահմանում է պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ներկայացնելու, շրջանառության մեջ դնելու եւ քննարկելու ընդհանուր կարգը, համաձայն որի սահմանադրությամբ նախատեսված մի շարք պետական մարմինների ղեկավարներ Ազգային ժողով են ներկայացնում իրենց ղեկավարած կառույցների գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները նշյալ կառույցների ղեկավարներին հարցեր ուղղելու հնարավորություն են ունենում:

Օրենքի 26-րդ գլխում 127-133-րդ հոդվածներով սահմանվում են այն պետական մարմինները, որոնց ղեկավարները Ազգային ժողով են ներկայացնում տարեկան հաղորդումներ, սակայն վերոնշյալ կարգավորումներից դուրս են մնում մի շարք սահմանադրական մարմիններ, ինչպիսիք են Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով :

Բացի այդ կան պետական մարմիններ, որոնք նախատեսված չեն սահմանադրությամբ, սակայն գործ են ունենում հասարակության լայն շերտերի հետ, ուստի անհրաժեշտ է Ազգային ժողովին տարեկան հաղորդում ներկայացնելու պահանջ սահմանել ոչ միայն սահմանադրությամբ նախատեսված մարմինների համար:

Առաջարկվող կարգավորման նպատակը եւ խնդիրները

Առաջարկվող կարգավորման նպատակը խորհրդարանական կառավարման համակարգին համահունչ Ազգային ժողովի դերի բարձրացմանը միտված համակարգային գործիքակազմ սահմանելն է:

Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումների ընդունմամբ ակնկալվում է նպաստել Խորհրդարանական կառավարման մոդելի կայացմանը եւ զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, հիշյալ կարգավորումներով նախատեսվում է սահմանել ինստիտուցիոնալ կառուցակարգեր որոշ սահմանադրական ինքնավար եւ պետական մարմինների կողմից Ազգային ժողով տարեկան զեկույցներ, հաղորդումներ ներկայացնելու եւ քննարկումներ կազմակերպելու համար:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն