Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-948-21.10.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործերն ընդունվում եւ դրանց ընթացք է տրվում քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով:»:

3) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձին Համակարգի միջոցով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:»:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ կետում «5» թիվը փոխարինել «10» թվով.

2) լրացնել 3-րդ եւ 4-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով նախատեսված դեպքերում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը չի կարող դադարեցվել, եթե քաղաքացիության դադարեցման արդյունքում վերջինս կդառնա քաղաքացիություն չունեցող անձ:».

Քաղաքացիության դադարեցման գործերն ընդունվում եւ վարույթներն իրականացվում են Համակարգի միջոցով:»:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի առաջին նախադասությունում «գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա» բառերից հետո լրացնել «, որը քաղաքացին ներկայացնում է Համակարգի միջոցով» բառերը, իսկ երկրորդ նախադասությունում «դիմելու օրվանից սկսած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձամբ ներկայացնելու օրվանից սկսած» բառերով,

2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում՝ խնամակալը,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ 18 տարին չլրացած քաղաքացու դեպքում՝ ծնողը, ներկայացնում է անձամբ: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում սույն մասով սահմանված դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:».

2) 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Նախքան սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի ներկայացումը քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով անձը Համակարգի միջոցով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններին ներկայացնում է էլեկտրոնային հայտ, որից հետո Համակարգի միջոցով հերթագրվում է դիմումն անձամբ ներկայացնելու նպատակով, եթե հիշյալ մարմինների կողմից կատարված նախնական ուսումնասիրությամբ հաստատվել է, որ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական են եւ համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական չլինելու կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում անձը Համակարգի միջոցով ծանուցվում է դրանք ներկայացնելու եւ հայտը համալրելու անհրաժեշտության մասին:

1.2 Էլեկտրոնային հայտը ներկայացնելիս անձը սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավորություն է ստանում Համակարգի միջոցով վճարելու քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված էլեկտրոնային հայտ ներկայացվելու դեպքում, իսկ հետագայում նաեւ դիմումի քննարկման ընթացքում՝ Համակարգի միջոցով հարցումներ են ուղարկվում քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու գործընթացում ներգրավված պետական մարմիններին, այդ թվում ինքնաշխատ եղանակով՝ նաեւ պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր՝ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով կամ 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները պարզելու նպատակով:»:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածից հետո լրացնել նոր 27.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 27.1. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման գործերի կասեցումը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկումը 60 օրով կարող է կասեցնել, եթե՝

1) առկա են առերեւույթ կեղծ կամ անվավեր կամ սխալ կազմված փաստաթղթեր կամ տվյալներ, որոնց իսկությունը պետք է հավաստվի Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասու մարմիններ կամ այլ կազմակերպություններ հարցումներ կատարելու միջոցով.

2) դիմումի քննարկման ընթացքում փաստաթղթերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, սխալներ կամ գործի քննության համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց արդյունքում անհնարին է տվյալ դիմումի քննարկումը առանց լրացուցիչ կամ նոր փաստաթղթեր պահանջելու կամ ներկայացված փաստաթղթերում անհրաժեշտ ուղղում կատարելու.

3) «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Կասեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը ընդունում է պատճառաբանված որոշում, որը Համակարգի միջոցով եռօրյա ժամկետում ուղարկվում է քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով դիմած անձին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկումը վերսկսվում է կասեցման հիմքերը վերանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերում դիմումի քննարկման կասեցման հիմքերը չեն վերացել մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կասեցման առավելագույն ժամկետի լրանալը, ապա՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը վերսկսվում է եւ լիազոր մարմինը գործի ընթացքը շարունակում է առկա փաստական հանգամանքների հիման վրա՝ կիրառելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածը.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը կարճվում է:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը վերսկսվում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված  դեպքերում եւ կարգով:

6. Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով դիմած անձը Համակարգի միջոցով ծանուցվում է իր դիմումի քննարկման կասեցման, վերսկսելու կամ վարույթը կարճելու մասին:»:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Քաղաքացիության գործերի կառավարման Համակարգի նկարագիրը եւ աշխատակարգը, հասանելիություն ունեցող մարմինները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում՝ Համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ (այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր) հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ եւ եզրակացություններ, Համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը»:

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից սկսած՝ իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Ներկայացված դիմումը մուտքագրվում եւ դրան ընթացք է տրվում, եթե կից փաստաթղթերն ամբողջական են եւ համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դիմումատուին տեղում՝ բանավոր, ինչպես նաեւ Համակարգի միջոցով պարզաբանվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում  փաստաթղթերը համալրելու մասին: Նշված ժամկետում փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում, որի մասին դիմումատուն ավտոմատ կերպով ծանուցվում է Համակարգի միջոցով: Այս դեպքում դիմումատուն սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար:

Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված էլեկտրոնային հայտերը սույն օրենքի իմաստով չեն հանդիսանում քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու մասին դիմումներ:

Դիմումը մերժելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել դիմումը մերժելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու օրվանից մեկ տարի հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածից հետո լրացնել նոր 31-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 31. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերով արխիվացումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերն արխիվացվում են էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մինչեւ սույն Օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումներով կազմված գործերը պահպանվում են թղթային եղանակով՝ մինչեւ դրանց հետագա թվայնացումը: Թվայնացումից հետո թղթային եղանակով պահպանվող գործերը սահմանված կարգով  ոչնչացվում են:»:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ տասնամսյա ժամկետում:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկումը իրականացվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող իրավական նորմերով սահմանված կարգով: