Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-954-29.10.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «արտաքին հետախուզության ծառայության,» բառերից հետո լրացնել «դիվանագիտական ծառայության,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից «ամենացածր դասային» եւ «բարձր դասային» բառերից հետո հանել «կամ դիվանագիտական»  բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ մաս.

«3.3. Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:».

3) 7-րդ մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «դիվանագետներին,» բառերով:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել 17-րդ հոդվածի 3-րդ մասը:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել N 9 հավելվածի «Դիվանագիտական ծառայություն» սյունակի «Գլխավոր քարտուղար» պարբերությունը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ? ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակներն, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին «ճակատի»:

Միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը հավուր պատշաճի ներկայացնելու եւ լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց՝ ավելի լավ աշխատելու եւ կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաեւ ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար՝ բարելավելով դիվանագետների ծառայության վարձրատրության պայմանները եւ բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը:

Ըստ այդմ, սույն նախագծի ընդունումը պայմանավորված է առկա գործիքակազմի լավարկման՝ դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ:

2. Ներկայիս իրավիճակը եւ խնդիրները

Դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները եւ առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք): Օրենսդիրը պետական ծառայության պաշտոնների համար նախատեսել է հավելավճար՝ հստակ սահմանելով այդ հավելավճարի դեպքերը եւ չափը: Նախատեսվել է նաեւ բացառություն՝ մի շարք պաշտոնների վրա չտարածելով հավելավճարի՝ 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը, օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ եւ դատավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ եւ այլն:

Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվում են հավելավճարներ, որոնք սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է 1 տոկոսով:

Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերը նշված բացառության մաս չեն կազմում:

Դիվանագիտական աստիճանները դիվանգետներին շնորհվում են արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա եւ հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը:

Ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում եւ բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում՝ ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից (բենեֆիտներից):

3. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվում է դիվանագետի՝ յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս:

Դիվանագետի՝ յուրաքանչյուր հերթական աստիճանի համար նոր հավելավճարի չափ սահմանելու համար անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն՝ բացառությունների շարքում նախատեսելով նաեւ դիվանագիտական ծառայությունը:

Նախագծի ընդունման արդյունքում արտաքին գործերի նախարարության համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու եւ կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան:

Նախագծով առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել օրենքի N 9 հավելվածի «Դիվանագիտական ծառայություն» սյունակի գլխավոր քարտուղարին վերաբերող պարբերությունը, քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի փոփոխություններով՝ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի դիվանագիտական ծառայության պաշտոնը դարձել է քաղաքացիական ծառայության պաշտոն:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի ակնկալվում, իսկ պետական բյուջեի ծախսը տարեկան կազմելու է 1,017,028,037 դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն