Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-957-05.11.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետում «աշխարհազորի,» բառը հանել.

2) ուժը կորցրած ճանաչել 9.1-ին կետը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «աշխարհազորի համակարգի ստեղծումը,» բառերը հանել.

2) 2-րդ մասի 9-րդ եւ 3-րդ մասի 3-րդ կետերում «աշխարհազորի» բառը փոխարինել «տեղական պաշտպանության ուժերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 2-րդ մասը լրացնել 7-րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7) Հայաստանի Հանրապետության տարածքային պաշտպանության պլանը:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում հանել «Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործում է աշխարհազորը:» նախադասությունը:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում «, աշխարհազորի պատրաստության եւ կիրառման» բառերը հանել:

Հոդված 6. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «աշխարհազորը» բառը փոխարինել «տեղական պաշտպանության ուժերը» բառերով:

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29.1-ին հոդվածը:

Հոդված 8. Օրենքը լրացնել 29.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 29.2. Տեղական պաշտպանության ուժերը

1. Տեղական պաշտպանության ուժերը կազմավորվում են որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ:

2. Տեղական պաշտպանության ուժերի խնդիրներն են՝

1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությանն ու պաշտպանությանը.

2) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման հետմղման ժամանակ առանձին մարտական խնդիրների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների եւ զորամասերի հետ համատեղ.

3) մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի եւ այլ գործողությունների դեմ պայքարին.

4) ռազմական, հատուկ եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների, բնակչության պաշտպանությանն աջակցությունը:

3. Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է տվյալ համայնքի վարչական տարածքի պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համապատասխան զորամիավորումը: Տեղական պաշտպանության ուժերը ներառվում են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:

4. Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները (այսուհետ՝ ստորաբաժանումներ) համալրվում են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված եւ պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր: Պայմանագիր չի կարող կնքվել այն անձի հետ՝

1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության,

2) ով հանդիսանում է զինծառայող կամ ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,

3) ով պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձեւով, կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

5. Ստորաբաժանումների համալրումը եւ պայմանագրերի կնքումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատները՝ համագործակցելով սույն հոդվածի 3-րդ մասում նշված զորամասերի հետ:

6. Ստորաբաժանումները խաղաղ ժամանակ անցնում են պատրաստություն՝ համայնքի տարածքի պաշտպանության խնդիրների ապահովման ուղղությամբ, որն իրականացվում է համապատասխան զորամասի պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների եւ վարժանքների միջոցով: Ստորաբաժանումների կիրառումը, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության եւ պաշտպանության նպատակով, իրականացվում է զորամիավորման հրամանատարի հրամանով՝ ըստ այն զորամասի մարտական խնդիրների, որի կազմում ներառված է ստորաբաժանումը:

7. Ստորաբաժանումներում ներգրավված անձին հատկացվում է զինվորական համազգեստ, պատրաստության եւ կիրառման ժամանակահատվածում նրան ամրակցվում է զենք, ապահովվում է անվճար սննդով եւ բժշկական սպասարկմամբ՝ զինծառայողների համար սահմանված կարգով, նրա համար հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ըստ նշանակված (զբաղեցրած) զինվորական պաշտոնի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով: Ստորաբաժանումներում ներգրավված անձի վրա, կնքված պայմանագրի շրջանակներում պատրաստության եւ կիրառման ժամանակահատվածում, տարածվում են զինվորական կանոնագրքերի պահանջները եւ զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվությունը: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ստորաբաժանումների կիրառման ժամանակահատվածում ստորաբաժանումներում ներգրավված աշխատող անձանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները: Ստորաբաժանումների կազմում ներգրավված անձանց զենքի ամրակցման եւ պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա, իսկ սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Օրենքի 29.2-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում: