Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-966-25.11.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության (նախադպրոցական, տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթության), մասնագիտական կրթության, արտադպրոցական եւ բարձրագույն կրթության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության կազմակերպման եւ իրականացման հիմքերը, առանձնահատկությունները, տեսչական վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

Հոդված 2. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենսդրությունը

1. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

1) կրթության բնագավառ՝ հանրակրթության (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության), մասնագիտական եւ արտադպրոցական կրթության, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ՝ բարձրագույն կրթության ոլորտներ.

2) տեսչական մարմին՝ կրթության բնագավառում տեսչական վերահսկողություն իրականացնող՝ Կրթության տեսչական մարմին.

3) լիազոր մարմին՝ կրթության բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.

4) կրթության բնագավառի տեսչական վերահսկողություն՝ կրթության բնագավառի օրենսդրության պահանջների կատարման ապահովման, կրթության որակի բարձրացման, պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման ու կրթական ծրագրերի յուրացման, կրթության իրավունքի, ինչպես նաեւ լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների կատարման ապահովման նպատակով իրականացվող գործընթաց (այդ թվում՝ թվային հարթակների, գործիքների, տեխնոլոգիաների կիրառմամբ).

5) տեսչավորում՝ կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ, որն ուղղված է կրթության բնագավառում պետական քաղաքականության ապահովմանը, առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը կամ կրթության կազմակերպման առկա խնդիրների բացահայտմանը.

6) դիտարկում՝ սույն օրենքով սահմանված կարգով տեսչական մարմնի՝ ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների պարզաբանման նպատակով իրականացվող վերահսկողական գործառույթ՝ ուղղված սովորողների (սաների) կրթական իրավունքների պաշտպանությանը.

7) վերահսկվող սուբյեկտ՝ նախադպրոցական, հանրակրթական, (տարրական, հիմնական, միջնակարգ), արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող կամ արտադպրոցական ուսումնական հաստատություն (այսուհետ նաեւ՝ ուսումնական հաստատություն), բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների արտաքին գնահատում, մանկավարժական աշխատողների վերապատրաստում, դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձեւավորում, դասագրքերի բաշխում կամ շրջանառություն իրականացնող կազմակերպություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված եւ սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ այլ օրենքներով սահմանված իմաստներով:

Հոդված 4. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները

1. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն են՝

1) կրթության բնագավառի սկզբունքների առավելագույն իրացման ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետությունում կրթության որակի բարձրացմանն աջակցումը.

3) կրթության բնագավառում առկա խնդիրների բացահայտումը եւ դրանց հնարավոր լուծումներին ուղղված առաջարկների ներկայացումը.

4) կրթական ծրագրերի յուրացման ապահովմանն աջակցումը.

5) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը.

6) ուսումնական հաստատություններում սովորողների, ուսանողների, սաների եւ ունկնդիրների (ուսումնառող անձանց) համար հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցումը:

2. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության խնդիրներն են՝

1) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների կատարումը եւ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով կանխարգելիչ գործառույթների իրականացումը.

2) կրթության բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը, կրթության զարգացման պետական ծրագրի կատարմանը եւ պետական կրթական չափորոշիչների, համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրերի կիրառմանն աջակցումը վերահսկողության միջոցով.

3) կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը.

4) կրթության բնագավառում ռիսկերի գնահատումը եւ կառավարումը:

ԳԼՈՒԽ 2

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 5. Տեսչական մարմնի լիազորությունները

1. Տեսչական մարմինն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է հետեւյալ լիազորությունները՝

1) կրթության բնագավառի օրենսդրության եւ կրթական չափորոշիչների, համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրերի պահանջների կատարման, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, կրթության իրավունքի իրացման ապահովման, կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպման նկատմամբ վերահսկողության իրականացումը հետեւյալ ուղղություններով՝

ա. կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպում, ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի կատարում, տարեկան ուսումնական ժամանակացույցների, դասացուցակների համապատասխանություն.

բ. սովորողների եւ շրջանավարտների (անկախ կրթության ձեւից) կարողունակությունների ապահովում, ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման քննակարգերի, աշխատակարգերի պահպանում.

գ. սովորողների (սաների) ընդունելության, ազատման, հեռացման, փոխադրման, տեղափոխման, փոխատեղման, վերականգնման, ավարտման, ակադեմիական արձակուրդ տալու եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանում՝ ըստ ուսուցման ձեւերի.

դ. պետական ավարտական փաստաթղթերի բաշխման, փաստաթղթաշրջանառության կարգերի պահպանում, հաշվետվությունների իսկություն.

ե. պետական կրթական չափորոշիչներին, համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրերին համապատասխան՝ անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, տեսաֆիլմերով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով (այդ թվում՝ էլեկտրոնային) եւ նյութերով ապահովվածություն.

զ. լիազոր մարմնի, մարզպետի, համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների, հրամանների, հրահանգների, հանձնարարականների, շրջաբերականների կատարում.

է. ղեկավար եւ մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, վերապատրաստման, ատեստավորման (այդ թվում՝ կամավոր), տարակարգի ներկայացման եւ շնորհման գործընթացների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանություն.

ը. կրթության որակի ապահովմանն ուղղված ուսումնական հաստատությունների կանոնադրական պահանջների կատարում, ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացում.

թ. ուսումնական հաստատության կամ մանկավարժական աշխատողի կողմից դասապրոցեսի ապահովում.

ժ. hաշմանդամություն ունեցող սովորողների (սաների, ուսանողների) կրթության մատչելիությունը խթանող միջոցառումների եւ խելամիտ հարմարեցումների ապահովում.

ժա. պարտադիր կրթությունից դուրս մանացած սովորողներին կրթության մեջ ներգրավում.

ժբ. տնային եւ հեռավար ուսուցում, ինչպես նաեւ առաջադիմության բարձրացման նպատակով կազմակերպվող երկարօրյա ուսուցում ապահովում.

ժգ. ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի լիազորությունների կատարում.

ժդ. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած կամ դրանց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությանկանոնադրությամբ սահմանված պարտականությունների կատարում.

ժե. նախադպրոցական ծառայության, համապատասխան մակարդակի, այդ թվում՝ բարձրագույն մասնագիտական, կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի առկայության, լիցենզիայի պայմանների եւ պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը, լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը.

2) ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրություն եւ վերլուծություն.

3) կրթության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման վերաբերյալ առաջարկությունների, միջնորդագրերի ներկայացումը կամ եզրակացություններ տալը.

4) կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, ուսումնական հաստատություններին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին իրազեկումը, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության ապահովումը եւ կանխարգելիչ գործունեությունը.

5) վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների եւ դրանց հետեւանքների վերացման աշխատանքներում վերահսկվող սուբյեկտներին մեթոդական աջակցության տրամադրումը.

6) կրթության որակի եւ չափորոշիչների, համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրերի, կրթական գործընթացի արդյունավետության, բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը լիազոր մարմնին.

7) ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետության (այդ թվում՝ սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացում) գնահատումը, գործունեության վերլուծությունը, զարգացմանը նպաստող առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաեւ դրանց իրականացման վերահսկումը.

8) վերահսկողության արդյունքների հիման վրա հաշվետվությունների, միջնորդագրերի, հանձնարարականների, ակտերի, եզրակացությունների, տեղեկանքների, արձանագրությունների, վերլուծությունների եւ օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի կազմումը.

9) օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 6. Կրթության բնագավառի վերահսկողության ձեւերը

1. Կրթության բնագավառում վերահսկողությունն իրականացվում է ստուգման, տեսչավորման, դիտարկման եւ օրենքով սահմանված այլ ձեւերի միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողության ձեւերի հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

Հոդված 7. Ստուգման իրականացումը

1. Ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Ստուգման ընթացքում ստուգաթերթով նախատեսված հարցերը պարզաբանելիս տեսչական մարմնի ծառայողը օգտագործում է սյունակաշարեր, որոնցով գնահատվում է նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջի կատարման աստիճանը: Սյունակաշարերը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:

3. Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում վերահսկվող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշելիս վերահսկվող սուբյեկտի անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում նաեւ սույն օրենքով սահմանված տեսչավորման արդյունքները:

Հոդված 8. Տեսչավորման իրականացումը

1. Տեսչավորումն իրականացվում է տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրի մաս կազմող տեսչավորման տարեկան ծրագրին (այսուհետեւ՝ Ծրագիր) համապատասխան:

2. Ծրագիրը կազմվում է՝ հիմք ընդունելով տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրում նախատեսված առաջնահերթությունները եւ կրթության բնագավառում առկա ռիսկերը:

3. Ծրագիրը ներառում է տեսչավորման ենթակա ուսումնական հաստատության լրիվ անվանումը, մասնագիտական կրթության իրականացման դեպքում՝ կրթական ծրագրի անվանումը, հասցեն եւ յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում անցկացված վերջին տեսչավորման ավարտի ամսաթիվը:

4. Ծրագրում փոփոխությունները կատարվում են տեսչական մարմնի կառավարման խորհրդի համաձայնությամբ:

5. Ծրագիրը եւ դրանում կատարված փոփոխությունները տեղադրվում են տեսչական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հաստատումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը տեսչական մարմնի ինտերնետային կայքում տեղադրվում, ինչպես նաեւ լիազոր մարմնին եւ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին (այսուհետեւ՝ Գրասենյակ) է տրամադրվում տեսչական մարմնի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված տեսչավորումների վերաբերյալ հաշվետվությունը, որի ձեւը հաստատում է Գրասենյակի ղեկավարը:

7. Տեսչավորման ընթացքում կարող են կիրառվել ձեւաթղթեր, որոնք հաստատվում են Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ հաշվի առնելով տվյալ կրթական ծրագրի առանձնահատկությունները:

8. Ձեւաթղթերը պարունակում են ուսումնական հաստատության կրթական գործընթացի գնահատման համար անհրաժեշտ հարցեր:

9. Տեսչավորումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են տեսչական մարմնի անվանումը, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, տեսչավորում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տեսչավորմանը ներգրավված մասնագետների անունը, ազգանունը, տեսչավորման ձեւաթղթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեսչավորման ընթացքում, տեսչավորման ժամկետը, տեսչավորմամբ ընդգրկվող ժամանակահատվածը իրավական հիմքերը:

10. Տեսչավորման իրականացմանը կարող են ներգրավվել նաեւ մասնագետներ: Մասնագետների վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տարեկան բյուջեի միջոցների հաշվին՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափով: Մասնագետներին ներկայացվող պահանջները եւ ներգրավման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

11. Տեսչավորման իրականացման հանձնարարագիրը նախքան տեսչավորում սկսելը ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տեսչավորման ենթակա ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ տեսչավորման վայրում չգտնվելու կամ տեսչավորում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը ստորագրությամբ ստանալու փաստը չհավաստելու դեպքում տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձն այդ մասին նշում է կատարում հանձնարարագրում:

12. Տեսչավորման առավելագույն ժամկետը 15 աշխատանքային օր է: Տեսչավորումը սկսված է համարվում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու պահից:

13. Տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ տեսչավորում իրականացնելու մասին հանձնարարագիր տված պաշտոնատար անձի որոշմամբ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 աշխատանքային օրով:

14. Տեսչավորման ընթացքում կարող են իրականացվել հետեւյալ գործողությունները՝

1) գրավոր առաջադրանքների, թեստերի կամ այլ միջոցներով սովորողների գիտելիքների գնահատում.

2) ուսումնական պարապմունքների (դասերի) լսումներ.

3) ուսումնական հաստատությունում բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծության կամ կրթական գործընթացի կազմակերպման առանձին խնդիրների պարզաբանման նպատակով տեսչավորման ընթացքում սովորողների, նրանց ծնողների, կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատության աշխատողների հետ հանդիպումների կամ վերջիններիս շրջանում հարցումների իրականացում.

4) սույն մասի 1-3-րդ կետերով կատարված գործողությունների արդյունքների հիման վրա ուսուցչի, դասախոսի եւ վարպետի (մանկավարժական աշխատողի)՝ տվյալ առարկայի (առարկայական կամ մոդուլային ծրագրի) դասավանդման բնութագրի կազմում՝ ըստ ձեւաթղթերի:

15. Տեսչավորման ընթացքը կասեցվում է, եթե՝

1) տեսչավորման իրականացումն անհնար է առանց այնպիսի տեղեկության ճշտման կամ ձեռքբերման, որն անհրաժեշտ է տեսչավորման հետագա ընթացքի համար.

2) գործում է անհաղթահարելի ուժ կամ առկա է տեսչավորման իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է տեսչավորման ընթացքին.

3) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

16. Տեսչավորման ընթացքը կասեցվում է տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) հիմնավորված զեկուցագրի հիման վրա տեսչավորում իրականացնելու մասին հանձնարարագիր տված պաշտոնատար անձի որոշմամբ մինչեւ այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքները վերանալը: Դրանք վերանալուց հետո տեսչավորում իրականացնելու մասին հանձնարարագիր տված պաշտոնատար անձի որոշմամբ տեսչավորումը վերսկսվում է:

17. Տեսչավորման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն, որը ստորագրում են տեսչավորումն իրականացրած տեսչական մարմնի ծառայողները եւ տեսչավորմանը մասնակցած մասնագետները: Եզրակացությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում մասնագետը ներկայացնում է հատուկ կարծիք: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այդ մասին մասնագետը ստորագրությամբ նշում է կատարում տեսչավորման եզրակացության մեջ, եւ հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է եզրակացությանը՝ որպես եզրակացության անբաժանելի մաս:

18. Տեսչավորման եզրակացությունում նշվում է՝

1) կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը եւ համարը.

2) տեսչական մարմնի անվանումը, տեսչավորման ժամկետը, տեսչավորմամբ ընդգրկվող ժամանակահատվածը.

3) տեսչավորում իրականացնելու մասին հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

4) տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

5) տեսչավորմանը մասնագետների մասնակցության դեպքում՝ նրանց անունը, ազգանունը (հատուկ կարծիքը՝ առկայության դեպքում).

6) ուսումնական հաստատության անվանումը եւ մասնագիտական կրթության դեպքում՝ նաեւ կրթական ծրագրի մակարդակը.

7) ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը.

8) տեսչավորման ձեւաթղթի անվանումը, հերթական համարը:

19. Տեսչավորման եզրակացությունը պարունակում է նաեւ ուսումնական հաստատության ուժեղ եւ զարգացման ենթակա կողմերի, հայտնաբերված խնդիրների եւ ռիսկային գործոնների, ուսումնական հաստատությանը ներկայացված առաջարկությունների, ուսումնական հաստատության կրթության որակի ընդհանուր եւ ըստ բաղադրիչների գնահատականների, ինչպես նաեւ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկություններ:

20. Տեսչավորման եզրակացությունը կարող է պարունակել նաեւ այլ տեղեկություններ, որոնք տեսչական մարմնի գնահատմամբ կարող են նշանակություն ունենալ ուսումնական հաստատությունում կրթության որակի բարձրացման համար:

21. Տեսչավորման եզրակացությունը ստորագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստային առաքմամբ) ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ուսումնական հաստատության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը եզրակացությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում եզրակացության վերաբերյալ կարող է ներկայացնել առարկություններ կամ դիտարկումներ, որոնք նույնպես կցվում են եզրակացությանը եւ կազմում դրա անբաժանելի մասը:

22. Տեսչավորման եզրակացությունը տրամադրվում է նաեւ լիազոր մարմնին եւ հրապարակվում է Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում:

Հոդված 9. Կրթության բնագավառում դիտարկման իրականացումը

1. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են տեսչական մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ժամկետը, դիտարկման հիմքերը եւ ուսումնական հաստատության անունը (անվանումը), մասնագիտական կրթության դեպքում՝ նաեւ կրթական ծրագրի մակարդակը, հասցեն (գտնվելու վայրը): Դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է տեսչական մարմնի ծառայողի՝ տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրած հիմնավորված զեկուցագրի հիման վրա: Զեկուցագիր ներկայացվում է այն դեպքում, երբ տեսչական մարմնի՝ ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների վերլուծության արդյունքում սովորողների կրթական իրավունքների խախտման վտանգը բարձր է գնահատվում, կամ երբ նույն խնդրի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ գրավոր տեղեկություններ, դիմումներ կամ բողոքներ:

2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը, նախքան դիտարկում սկսելը՝ ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

3. Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երեք անընդմեջ աշխատանքային օր:

4. Դիտարկման հրամանում նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիտարկում իրականացնող անձը կազմում է տեղեկանք, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող ուսումնական հաստատության անունը (անվանումը), մասնագիտական կրթության դեպքում՝ նաեւ կրթական ծրագրի մակարդակը, հասցեն (գտնվելու վայրը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաեւ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Տեղեկանքը երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է դիտարկվող ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Դիտարկվող ուսումնական հաստատության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ եւ առարկություններ կազմված տեղեկանքի վերաբերյալ:

5. Դիտարկման արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի կողմից ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կարող են ներկայացվել առաջարկություններ, ինչպես նաեւ տրվում են հանձնարարականներ (կարգադրագրեր)՝ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ՝ դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ: Դիտարկման ընթացքում կարող են կիրառվել ձեւաթղթեր:

6. Դիտարկման ձեւաթղթերը հաստատվում են Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով: Ձեւաթղթերը պարունակում են սովորողների կրթական իրավունքների ապահովման աստիճանը գնահատելու համար անհրաժեշտ հարցերը, որոնք պարզաբանվում են տվյալ դիտարկման ընթացքում:

7. Դիտարկման արդյունքում սահմանաված կարգով կազմված տեղեկանքը երկօրյա ժամկետում տրամադրվում են Գրասենյակին, ինչպես նաեւ շահագրգիռ պետական կառավարման, մարզպետին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

8. Դիտարկվող ուսումնական հաստատությունը տրված հանձնարարականի (կարգադրագրի) կատարման մասին պարտավոր է հանձնարարականի (կարգադրագրի) կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին:

9. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում պարտադիր տեղադրում է իրականացված դիտարկումների մասին տեղեկատվություն, որը ներառում է դիտարկված ուսումնական հաստատության անունը (անվանումը), մասնագիտական կրթության դեպքում՝ նաեւ կրթական ծրագրի մակարդակը, հասցեն (գտնվելու վայրը), ինչպես նաեւ դիտարկման արդյունքները:

10. Դիտարկման արդյունքները հիմք են ընդունվում ուսումնական հաստատության անհատական ռիսկը հաշվարկելիս:

Հոդված 10. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագրի ներկայացումը

1. Տեսչական մարմնի ղեկավարը ուսումնական հաստատության կողմից «Լիցենզավորման մասին» օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները կամ պայմանները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին՝ տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

2. Լիազոր մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:

3. Լիազոր մարմինը միջորդագրի քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան վարչական ակտն ընդունելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, տեղեկացնում է տեսչական մարմնին:

Հոդված 11. Տեսչական մարմնի որոշումների ծանուցման կարգը

1. Տեսչական մարմնի հաշվետվությունները, միջնորդագրերը, հանձնարարականները, ակտերը, եզրակացությունները, տեղեկանքները, արձանագրություններ եւ վերլուծությունները (այսուհետ՝ թղթակցությունը) ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

2. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվում են վարույթի մասնակիցներին՝ նրանց կողմից վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով: Թղթակցությունն ուղարկվում են պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով:

3. Թղթակցությունն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին թղթակցությունը ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա բացակայություն դեպքում՝ նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Պետական մարմին, իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող հասցեատիրոջը թղթակցությունը ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է հասցեատերը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով թղթակցությունը ուղարկվելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

6. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկվելու մասին ապացույցը, ինչպես նաեւ հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

7. Թղթակցությունն առձեռն հանձնելու դեպքում վարչական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

8. Թղթակցությունը պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում է ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում են ծանուցումն ուղարկվելու (հաղորդվելու) փաստը հաստատող ապացույցները (արձանագրությունը, հեռախոսագիրը, ձայնագրությունը եւ այլն):

9. Թղթակցությունը էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

10. Տեսչական մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի մասնակիցները պարտավոր են տեսչական մարմնին անհապաղ հայտնել վարչական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունը ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով վարչական վարույթի շրջանակում կատարվել է ծանուցումը, եւ հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

11. Այն դեպքում, եթե հասեցատերը հրաժարվել է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունը ստանալուց կամ թղթակցությանն ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ նրա նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով ուղարկվելու դեպքում ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, տեսչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված՝ տեսչական մարմնի կողմից http://www.azdarar.am հասցեում եւ իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության եւ դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:

ԳԼՈՒԽ 3

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 12. Տեսչական մարմնի ծառայողների իրավունքները

1. Տեսչական մարմնի ծառայողն իրավունք ունի՝

1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով իրականացնել կրթության բնագավառի տեսչական վերահսկողություն.

2) ծառայողական պարտականությունների կատարման նպատակով անարգել մուտք գործել վերահսկվող սուբյեկտի համապատասխան շենք (տարածք, գրասենյակ, ստորաբաժանումներ եւ այլ շինություններ).

3) իր իրավասության շրջանակներում ստանալ վերահսկողության նպատակներին առնչվող փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ եւ այլ տեղեկություններ.

4) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ, իրեր, եւ այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողության նպատակներին եւ չեն խոչընդոտում վերահսկվող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերի կրկնօրինակներ, պատճեններ, քաղվածքներ կամ տեղեկանքներ վերցնելու անհրաժեշտության դեպքում տեսչական մարմնի ծառայողը դրանց կրկնօրինակները եւ պատճենները ներկայացնում է վերահսկվող սուբյեկտի ղեկավարի կամ փոխարինող պաշտոնատար անձի հաստատմանը: Իրեր եւ այլ նյութեր վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է վերահսկվող սուբյեկտի ներկայացուցիչներին: Իրեր եւ այլ նյութեր վերցնելու դեպքում՝ դրանք վերադարձվում են վերահսկվող սուբյեկտին անհրաժեշտությունը վերանալուց հետո յոթ օրվա ընթացքում.

5) հանձնարարականներ, կարգադրագրեր, կարգադրություններ եւ ցուցումներ տալու վերհսկվող սուբյեկտներին՝ տեսչական վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների եւ անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ, դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ.

6) վերահսկողության ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնելու կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող անձին, որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկացնում է տեսչական մարմնին:

2. Տեսչական մարմնի ծառայողների համար նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ այլ իրավունքներ:

Հոդված 13. Տեսչական մարմնի ծառայողների պարտականությունները

1. Տեսչական մարմնի ծառայողն օրենքով սահմանված դեպքում եւ կարգով իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է՝

1) ապահովել կրթության բնագավառի օրենսդրության պահանջների կատարումը.

2) ապահովել սովորողների (սաների) կրթական իրավունքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

3) կրթության բնագավառի օրենսդրության եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.

4) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

5) ծառայողական պարտականությունները կատարելիս չխոչընդոտել վերահսկվող սուբյեկտի բնականոն գործունեությանը:

2. Տեսչական մարմնի ծառայողները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների եւ այլ անհրաժեշտ նյութերի որակական եւ քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար:

Հոդված 14. Վերահսկվող սուբյկետի պաշտոնատար անձանց իրավունքները

1. Վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝

1) ծանոթանալ վերահսկողության իրականացման ընթացքում կազմված ակտերին, տեղեկանքներին, եզրակացություններին եւ այլ փաստաթղթերին.

2) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել տեսչական մարմնի ծառայողների գործողությունները.

3) չկատարել տեսչական մարմնի ծառայողների իրավասություններից, ինչպես նաեւ վերահսկողության նպատակներից չբխող պահանջները.

4) վերահսկվող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով՝ վերահսկողության ցանկացած փուլում մասնակից դարձնել մասնագետների կամ փաստաբանների:

Հոդված 15. Վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները

1. Վերահսկվող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) պահպանել կրթության բնագավառի օրենսդրության, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների, համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրերի պահանջները, ապահովել կրթության իրավունքի իրացումը եւ կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպումը.

2) չխոչընդոտել վերահսկողության իրականացման ընթացքին, կատարել տեսչական մարմնի ծառայողի օրինական պահանջները.

3) տեսչական մարմնի ծառայողի պահանջով ներկայացնել փաստաթղթեր, տվյալներ, բանավոր եւ գրավոր բացատություններ, տեղեկանքներ, տրամադրել դրանց պատճենները, կրկնօրինակները եւ այլ տեղեկություններ.

4) անհրաժեշտ պայմաններ ստեղծել տեսչական մարմնի ծառայողների գործունեության համար.

5) սահմանված ժամկետում կատարել տեսչական վերահսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների եւ անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տրված հանձնարարականները (կարգադրագրերը) եւ ցուցումները՝ այդ մասին դրանց կատարման համար սահմանված ժամկետում գրավոր տեղեկացնելով տեսչական մարմնին:

Հոդված 16. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

1. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Կրթության պետական տեսչության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն օրենքը:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին», «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն